Գրքեր

Սուրբ Արիստակես հայրապետ

Արիստակեսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Մարիամի կրտսեր որդին է: Ծնվել է 264թ-ին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում: Մանկությունից իսկ դաստիարակվել է աստվածպաշտական հոգով և ստացել քրիստոնեական կրթություն: Արիստակեսը, իր կենսագրի բառերով «Աստվածապաշտության ծառայության համար էր դաստիարակված...»: Երբ Լուսավորիչն իր կնոջից փոխհամաձայնությամբ բաժանվում է, Մարիամը մտնում է կուսանոց: Եվ քանի որ Արիստակեսը դեռ մեկ տարեկան էր, ըստ մի ավանդության, որոշ տարիներ մնում է մոր հետ՝ վանքում, այնուհետև հանձնվում է մի լեռնաբնակ մենակյացի՝ Նիկոմաքոսին, վերջինիս աշակերտելու և ճգնողական կյանքով ապրելու համար: Այսպիսով, նա փոքր տարիքից անցնում է Աստծուն ծառայության՝ դառնալով լեռնաբնակ ճգնավոր: Իրեն ենթարկում է խստակենցաղ կյանքի և նվիրվում մենակեցությանը: Հետագայում Սբ. Արիստակեսը, չնայած երիտասարդ տարիքին, նույնպես ունենում է աշակերտների իր յուրահատուկ խումբը, որոնց կրթում էր թե՛ կրոնական կատարելության կանոնների մեջ և թե՛ ավետարանական սպասավորության մեջ: Ամեն տեսակի փորձություններն ու ինքնազրկանքները կամայական քաջությամբ է տանում, այսինքն, սիրահոժար արիությամբ հաղթահարելով ու տոկալով փորձություններն ու նեղությունները, լուսավորյալ և պայծառացյալ հոգեվիճակի է հասնում: Նրա սրբակենցաղ և աստվածահաճո կյանքի համբավը տարածվում է քրիստոնյա աշխարհում:

Երբ հայոց Տրդատ արքան տեսնում է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը մերթ առանձնանալով, մերթ քարոզչության նպատակով, երկրի տարբեր մասերը գնալով հաճախ է բացակայում հայրապետանոցից, որոշում է Կեսարիայից Հայաստան բերել Լուսավորչի որդիներին, իրենց ծերացած հորն օգնելու և նրա գործը շարունակելու համար: Երբ Տրդատ Գ Մեծի պատվիրակները` սպարապետ Արտավազդը, Աշոցքի տեր Տաճատը և արքայի սուրհանդակ Դատը ժամանում են Կեսարիա` Արիստակեսին Հայաստան ուղեկցելու համար, նա սկզբում հրաժարվում է «մինչև քրիստոնյաների բազմության ժողով եղավ, որոնք համոզեցին նրան գնալ»: «Ավելի լավ է քեզ ... Աստծո մշակի գործը, քան մենավոր բնակությունը այդ անապատում» (Ագաթանգեղոս):

Այսպես, Արիստակեսն ու Վրթանեսը 310թ-ին գալիս են Հայաստան: Վրթանեսն իր հետ բերում է նաև իր որդիներին: Տրդատ արքայի խնդրանքով Սբ. Գրիգորն իր որդիներին եպիսկոպոս է ձեռնադրում: Առաջինը ձեռնադրվում է Արիստակեսը, իբրև հոգևոր կյանքում առավել բարձր աստիճանի և կատարելության հասած անձնավորություն: Ըստ Ագաթանգեղոսի՝ Արիստակեսը նույնպես լծվում է քարոզչական աշխատանքի և նույնիսկ քարոզելու շնորհով գերազանցում է հորը: Հակոբ Մծբնեցի, Տիզբոնի Հովհաննես, Եդեսիայի Եվթաղ եպիսկոպոսների և Ղևոնդ հայրապետի հետ միասին մասնակցում է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325)՝ իբրև Հայ եկեղեցու ներկայացուցիչը: Ճանապարհին` Կեսարիայում ներկա է գտնվում Ղևոնդ հայրապետի կողմից Գրիգոր Մանուկի (Գրիգոր Նազիանզացի եպիսկոպոսի) մկրտությանը:

Արիստակեսի մասին «Հայսմավուրք»-ը պատմում է հետևյալ զրույցը. «Նիկիայում՝ Բութանիայի ծովածոցում, մի քանի արիոսականներ, տեսնելով նրա ճգնավորական կյանքից մաշված և վտիտ կերպարանքը, նրան ծաղրում են ասելով, թե հայոց եպիսկոպոսն ավելի մշակի է նման, քան եպիսկոպոսի և հեգնաբար առաջարկում, որ արորն առնի և ծովը հերկի: Արիստակեսն առանց վարանելու իսկապես հերկում է ծովը, ինչպես հողը և ապա, ծաղրորեն ասում. «Եթե դուք ճշմարիտ և ուղիղ հավատք ունեք, գնացեք վարածիս մեջ սերմ ցանեք»»:

Նա Հայաստան է բերում Նիկիայի Հավատո հանգանակը և ժողովի 20 կանոնները: Արիստակեսի վերադարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը, լիովին առանձնության տրվելով, ապրում է ճգնակյացի կյանքով: Ուստի Արիստակեսն այս ժամանակից սկսած լիովին փոխարինում է հորը՝ իբրև Հայոց եկեղեցու հովվապետ: Հայրապետության տարիներին հիմնականում զբաղվում է քարոզչական աշխատանքով, պայքարում հեթանոսության բոլոր տեսակի դրսևորումների (նախարարների անառակության և անիրավության) և դրանց գործադրողների դեմ: Այս ժամանակ Արիստակեսն արդեն շուրջ վաթսուն տարեկան էր: Նա պաշտոնավարում է յոթ տարի և իր կյանքը կնքում մարտիրոսական մահով: Ծոփքի Արքեղայոս մեծ իշխանը թշնամանում է Արիստակես հայրապետի հետ, քանի որ վերջինս կշտամբում էր նրան նրա անօրեն վարքի համար՝ խրատելով հրաժարվել դրանից: Ուստի Արքեղայոսը վրեժխնդրության համար հարմար առիթ գտնելով, 333թ-ին սուսերով սպանում է հայոց կաթողիկոսին: Վերջինիս մարմինը թաղվում է Եկեղյաց գավառի Թիլ ավանում, ուր հետագայում թաղվում է նաև Սբ. Ներսես Մեծ կաթողիկոսը: Երզնկայի այն վանքը, ուր գտնվում էին այս երկու գերեզմանները, հետագայում ստանում է «Ջուխտակ-Հայրապետ» անունը: Արիստակես հայրապետին հաջորդում է նրա ավագ եղբայրը՝ Սբ. Վրթանեսը, նմանատիպ իր եղբորը երկնային իմաստությամբ և լի Սուրբ Հոգով։ Մովսես Խորենացին Արիստակես հայրապետին բնորոշել է որպես «հոգևոր սուր»:

Հայ եկեղեցին Արիստակես հայրապետի հիշատակը տոնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հետ՝ Վարդավառի երրորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․