Գրքեր

Սուրբ Աստվածածնի ծննդյան քարոզ

Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան (Ղուկաս 1:48):

Սիրելի՛ ներկակացյալ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի ծնունդը: Սուրբ Աստվածամայրը երկար սպասված ծնունդ էր: Հայտնի է, որ նրա ծնողների երկարատև աղոթքներից հետո նոր հղիացել է նրա մայրը՝ Սուրբ Աննան: Հրեշտակը նրա ծնողներին ավետել է նրա ծնունդը: Թե ինչ նշանակություն ուներ նրա առաքելությունը մեր բոլորի կյանքում, մենք շարունակաբար առիթ ենք ունենում հիշել դրա մասին Սուրբ Աստվածածնին նվիրված տոների ընթացքում: Ոչ միայն երկար սպասված ծնունդ էր իր ծնողների համար, այլ նաև օրհնյալ էր բոլոր ժամանակների մարդկանց և ազգերի համար, քանի որ Նրա միջոցով ծնվեց և մարմնացավ Աստվածորդին՝ Հիսուս Քրիստոս: Նրա միջոցով կատարվեց Աստվածային Նախախնամությունը: Նրա միջոցով օրհնվեց կին արարածը: Նրա ծնունդը շրջադարձ եղավ մարդկության համար: Նա իր ծնունդով մտորելու առիթ դարձավ բազմաթիվ մարդկանց համար՝ կյանքի ուղիղ ընթացք ընտրելու և Աստվածային առաքելությանը մինչև վերջ հավատարիմ լինելու: Սուրբ Կույսն իր առաքելությունն ուներ այս աշխարհում: Մենք բոլորս ունենք մեր առաքելությունն այս կյանքում: Անհրաժեշտ է խորհել յուրաքանչյուր մարդու, իրի, երևույթի ծննդյան կարևորության մասին: Մենք ևս աշխարհ ենք գալիս սահմանափակ ժամանակով և պետք է յուրաքանչյուր օրը, ժամը, րոպեն, վայրկյանը ճիշտ օգտագործենք, ճիշտ ապրենք՝ մարդկությանը պիտանի լինելով, մեր առաքելությունը գիտակցելով, արժևորելով մեր ամեն մի քայլը, ամեն մի միտքը, ամեն գործը: Միայն ժամանցի և հաճույքների մասին մտածելով և անհանգստանալով՝ կարող ենք մեր տարիները վատնել անաշխատ և աննպատակ՝ առանց անհանգստանալու, թե ինչ պատասխան պիտի տանք այս կյանքը մեզ Պարգևողին: Քանի որ ամեն մի պահը թանկ է մեզ համար, կյանքը կարճատև է, ակնթարթի պես է անցնում, անհրաժեշտ է նախապես հոգալ մեր անելիքների, գործերի, մտքերի մասին, որովհետև խորհուրդները ըստ էության ծնունդ են տալիս խոսքերի, որոնք էլ իրենց հերթին ծնունդ են տալիս գործերի: Իսկ մենք պատասխանատվություն ենք կրում դրանց հետևանքների համար ևս: Մենք ինքներս ծնող ենք դառնում և փորձում դաստիարակել մեր զավակներին՝ իբրև արժանավոր, պատասխանատու, բարի մարդիկ: Մեր աշխատանքի ընթացքում նույնպես հղանում ենք տարբեր ծրագրեր, ընթացք ենք տալիս նրանց՝ կրկին փորձելով համոզվել դրանց պիտանիության և կարևորության մեջ: Բարի գործեր ենք կատարում, օգնում մեր կարիքն ունեցող մարդկանց, փորձում ենք ճիշտ կառավարել մեր օրը, որպեսզի դատարկ և ունայն չանցնի այն: Ինչպես միշտ, այսօր էլ յուրաքանչյուր անձ փորձում է գտնել իր տեղն այս կյանքում, հասկանալ իր առաքելությունը, որովհետև Աստված մեզ սիրելով ծնունդ է մեզ պարգևում, և նույն սիրո պտուղները մեզանից է ակնկալում ստանալ: Անչափ կարևոր է ըմբռնել սիրո առաքելությունը այս աշխարհում, քանի որ սերն ամենամեծ պտղատու ծառն է, և քաղցր են նրա պտուղները բոլորիս համար: Անշուշտ, դառը պտուղներ ևս մենք համտեսում ենք բազում անգամ, բայց անհրաժեշտ է, ուղղակի հրամայական, որ մենք ծնունդ տանք ախորժահամ պտուղների, մեր զավակներին ճիշտ դաստիարակենք և ճիշտ կրթություն տանք: Վնասակարը և անօգուտը առմիշտ կան, մենք պետք է ուշադիր լինենք, որ սխալ և հակաաստվածային հետևանքներ ունեցող խորհուրդների և գործերի հիմք չդառնանք: Քանի որ մենք քրիստոնյաներ ենք, Քրիստոսի լույսն ենք մեր մեջ կրում: Ամեն մեր արարքը պետք է աղոթքով ուղեկցվի, որպեսզի Աստված օրհնի մեզ և մեր մտածումները: Գայթակղությունն ու փորձությունները այս փոթորկահույզ աշխարհում ամեն քայլի պատահում են: Միայն հավատն է առ Աստված մեզ տանում անսայթաք և անխոտոր ուղիով, մեզ հույս տալիս բարի ավարտի, մեզ ուժ տալիս անսխալ քայլեր կատարելու և չմոլորվելու: Յուրաքանչյուր երկար սպասված իրողության, նյութեղեն իրի կամ մարդկային ծնունդ պետք է իրեն արդարացնի: Լինի արվեստի գործ, գրական ստեղծագործություն, կերպարվեստի նմուշ, պիտի ծառայի մարդկության մտավոր և հոգևոր աճին, զարգացմանը, հոգեկերտվածքի բարեփոխությանը: Երեխայի կրթությունն ու դաստիարակությունը ևս պետք է այնպես լինեն, որ երեխան Աստծուն ճանաչի, պատվիրանապահ և բարի մարդ դառնա, Աստվածահաստատ օրենքները կիրառի կյանքում, ոչ թե ձգտի միայն կյանքից օգուտներ քաղել, այլ նաև պիտանի լինել մարդկությանը, որպեսզի մարդիկ նրան նայելով փառաբանեն Աստծուն և օրհնեն նրա ծնունդը, սպասեն նրա գործերին: Միգուցե կյանքում մենք չհասկանայինք մեզ շնորհվածի, Աստծո կողմից մեզ տրվածի արժեքը, եթե Տերը մի քիչ չուշացներ մեր խնդրանքների պատասխանները: Եթե մեր ցանկությունները վայրկենապես իրականանային, մենք միգուցե չաղոթեինք Աստծուն և ընդհանրապես միգուցե չհիշեինք Նրան: Իսկ հարատև աղոթքով նախ և առաջ մենք միանում ենք մեր Երկնային Հոր հետ, մենք Նրան ենք վերառաքում մեր սրտի մեծագույն բաղձանքները՝ ակնկալելով, որ մեր Երկնավոր Հայրը կլսի մեզ, Իր օրհնությունը կտա մեր իղձերին, որոնք մենք ցանկանում ենք կյանքի կոչել և իրական կերպարանք ստացած տեսնել: Հետևապես նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք խնդրում Տիրոջից, երբ ստանանք, արդյոք կարդարացնե՞նք մեզ մեր շնորհվածի հետ միասին, արդյոք լավ ծնողներ կդառնա՞նք, արդյոք լավ զավակներ կլինե՞նք, արդյոք լավ զավակներ կդաստիարակե՞նք, արդյոք պարգևներն ու շնորհները կծառայեցնե՞նք միայն մեզ, թե՞ բոլոր ձեռք մեկնողներին կփորձենք օգտակար լինել: Ոչ մի բան այս կյանքում պատահական չի լինում: Հիշենք Իսահակի, Սամուելի, Եղիսաբեթի, Աստվածամոր՝ երկար սպասված ծնունդը: Նրանց ծնողները հարատև աղոթական վիճակի մեջ էին: Նրանք ծնվեցին և արդարացրին իրենց ծնունդը: Նրանք առայսօր մեզ համար աստվածաշնչյան հերոսներ են, որոնք մեզ համար օրինակ են ծառայում: Ուստի, սիրելինե՛ր, եկեք մենք էլ մտորենք մեր իղձերի համար, ի՞նչ ենք անվերջ խնդրում Աստծուց, անցողիկ բանե՞ր, թե՞ մնայուն, հավիտենական բաների համա՞ր ենք խնդրում ու ջանք թափում: Արդյո՞ք հենց այժմ մենք հավատարիմ ենք Աստծուն մեր գործերով, մեր ընտանեկան կյանքում, մեր աշխատանքային պարտականությունների կատարմամբ, իբրև կարեկից բարեկամ և հարևան, իբրև հայրենասեր անձ, հոգատար զավակ ու ծնող, իբրև ընկեր: Քանի որ «քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է» (Ղուկաս 16:10), ուստի Աստված պիտի օրհնի սիրով արված փոքրիկ գործերը և պիտի արժանացնի Իր օրհնաբեր շնորհներին: Թող Սուրբ Մարիամ Աստվածածինը բարեխոս լինի մեզ բոլորիս համար արժանավոր ծնունդ դառնալու և ծնունդ տալու օրհնաբեր գործերի:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

08.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․