Գրքեր

Սուրբ Աստվածածնի ծնունդը

«Ուրախացիր եկեղեցի դուստր վերինն սիովնի քանզի ծնաւ ի յԱննայէ մաքուր ծնող քոյն փեսայի. բարձր արարէք զնա յաւիտեան»:

«Ուրախացիր Եկեղեցի՝ Վերին Սիոնի դուստր, քանզի Աննայից ծնվեց քո փեսայի անարատ ծնողը. նրան հավիտյանս բարձր պահեք»: (Շարակնոց)

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Մենք էլ անսալով օրվա տոնական շարականի հրավերին՝ հավաքվել ենք մեր Երկնավոր Հոր տանը՝ Երկնային Եկեղեցու հետ միասին ուրախությամբ տոնելու Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ մեր Երկնավոր Մոր ամենաօրհնյալ ծնունդը: Այսօրվա Սուրբ Պատարագի շարականներն օրհնաբանում ու գովաբանում են Անարատ Կույսին, նրա սուրբ ու բարեպաշտ ծնողներին՝ Հովակիմին և Աննային, և իհարկե՝ փառաբանում Բարձրյալն Աստծուն՝ մեր Փրկչի մոր և մեր հավերժ բարեխոսի ծննդյան համար: Այդ շարականների քաղցրահունչ ելևէջներն արձագանքում են ակնածալից հավատացյալների սրտերում և վեր առաքվելով՝ միանում հրեշտակների դասերի և սրբերի ցնծալի օրհնաբանություններին:

Այսօր այստեղ ենք, սիրելինե՛ր, մեր Մոր ծննդյան առթիվ: Այստեղ ենք, որովհետև վստահ եմ, որ անչափ սիրում եք Սուրբ Աստվածածնին: Այստեղ ենք արտահայտելու մեր սերը, հիացմունքն ու երախտագիտությունը մեր Անարատ Ծնողին, որ իր Միածնի խաչելության պահին որդեգրեց համայն մարդկությանը, և իր փխրուն ուսերին վերցրեց մեզանից ուրաքանչյուրի արագահաս մխիթարիչն ու անդուլ բարեխոսը լինելու պարտականությունը: Ի դեմս Հովհաննես առաքյալի՝ Տեր Հիսուս Քրիստոս համայն մարդկությանը որդեգրության տվեց Իր սուրբ մորը, և ի դեմս Սուրբ Աստվածամոր՝ մեզ պարգևեց անչափ հոգատար, մշտարթուն բարեխոս և կարեկից սրտով մայր, որի հրաշալի ծննդյան օրն ենք նշում այսօր:

Սիրելինե՛ր, չգիտեմ, լիովին գիտակցո՞ւմ եք արդյոք, թե ինչ անգին գանձ է պարգևել մեզ Բարեգութ Աստված՝ ի դեմս Սուրբ Մարիամ Աստվածածնի, բայց հուսամ, որ հավարտ Պատարագի ձեր հոգիները լի կլինեն Ամենասուրբ Մոր քաղցրաբույր ներկայության երանությամբ, և նրա անունը կրող այս սուրբ տաճարից դուրս կգաք Երկնային Տիրուհու մայրական քնքուշ ափի ջերմությունը ձեր սրտերում փայփայելով:

Սիրտս անասելի ուրախությամբ է լի այսօր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Շուրթերս այսօր ուզում են անդադար փառաբանել Ամենակալին և օրհնություններ երգել Երկնային Տիրուհուն: Ուզում եմ ասել՝ Տե՛ր, արժանի չեմ այն մեծ խնդությանը, որով ցնծում է հոգիս, բայց հասկանում եմ, որ դա էլ Ամենողորմ Աստծո պարգևն է մեզ՝ մեղավորներիս, որպեսզի երբեք չընկճվենք ու չհուսահատվենք, այլ վստահ լինենք, որ մեզ անչափ սիրող ու մեր մասին մշտապես հոգացող Հայր և Մայր ունենք Երկնքում:

Երբ մտածում էի Սրբուհի Աստվածամոր ծննդյան, դրա խորհրդի ու պարգևած քացրության մասին, հիշեցի այն սքանչելի համեմատությունը, որ Եկեղեցու սուրբ հայրերն են անում այս առիթով: Նրանք Մարիամ Աստվածածնի ծնունդը գեղեցիկ կերպով համեմատում են արշալույսի հետ, երբ վաղորդյան մեղմ զեփյուռն իր թարմությունն է սփռում ամենուր, և գիշերվա խավարը խամրելով՝ հորիզոնն սկսում է աստիճանաբար պայծառ երանգներ ստանալ ու լուսավորվել՝ ազդարարելով մոտալուտ արևածագը: Սա բնության ամենագեղեցիկ ու ամենախորհրդավոր պահերից մեկն է՝ խավարից դեպի լույս անցումը, երբ բնությունն սկսում է արթնանալ՝ դիմավորելու կենսատու Արեգակի նոր օրվա ծնունդը:

Ճիշտ այդպես էլ Լույսի Մոր ծնունդը եղավ, սիրելի՛ հավատացյալներ: Երանելի Կույսի ծնունդն ավետեց մարդկությանը պատած ունայնության խավարի ավարտն ու Աստվածային Լույսի մոտալուտ ծնունդը: Մեր նախահոր և նախամոր պատվիրազանցության պատճառով նրանց հետագա սերունդները զրկվեցին բնատուր անմեղությունից և Անմեղության Աղբյուրից հեռանալով, կռապաշտությանն ու չարի մատուցած գայթակղություններին տրվելով՝ հետզհետե ավելի ու ավելի շատացան մեղքերն ու պղծությունն աշխարհում: Դարերը հաջորդում էին միմյանց, փոխվում էին հինկտակարանյան արդարներն ու մարգարեները, սակայն Արարիչ-արարած խզված կապն այդպես էլ չէր վերականգնվում: Մարդկության պատմության գիշերն անվերջանալի էր թվում, քանի որ չկար այն միջնորդը, որ կյանքի ու ճշմարտության լույսը կբերեր խավարում կորչող մարդուն և ի զորու կլիներ հաշտեցնել Հորն Իր անհնազանդ զավակի հետ: Սակայն, որքան անքննելի են Աստծո գործերը, այնքան էլ ակնառու՝ Նրա անսահման ողորմածությունն ու գթասրտությունը: Ուստի, ի վերջո, եկավ այն ժամանակը, երբ Ամենակալի հրաշքով պտղաբերեց Սուրբ Աննայի ամուլ որովայնը, և մարդկության հորիզոնը լուսավորվեց հավերժ Կույսի անբիծ մաքրության լույսով: Նա էլ իր հերթին, կրկին աստվածային հրաշքով, հղացավ և ծնեց այն Միակին, Ով Միջնորդ եղավ Երկնային Հոր ու մեղավոր զավակի միջև:

Սիրելինե՛ր, խոսքիս սկզբում վստահություն հայտնեցի, որ բոլորդ էլ սիրում եք Սրբուհի Աստվածամորը, եթե ներկա եք այստեղ, և այժմ ուզում եմ հարցնել ձեզ՝ իսկ ի՞նչ նվեր եք բերել նրա համար այսօր: Թող հարցս ամենևին էլ զարմանալի չհնչի, սիրելի՛ հավատացյալներ, և շփոթության չմատնի ձեզ, քանի որ ողջ աշխարհում ընդունված կարգ է նվերներ տանել հոբելյարին, առավել ևս, եթե խոսքը մոր ծննդյան տարեդարձի մասին է: Հիշե՛ք, թե սրտի ինչպիսի՜ թրթիռով եք պատրաստվում ձեր մարմնավոր մայրերի ծննդյան տարեդարձներին: Ինչպիսի՜ խնամքով եք նրանց համար նվեր ընտրում, չէ՞ որ մայրն իսկապես արժանի է լավագույնին: Եվ մենք, որպես բարի զավակներ, մեր մայրերին ենք նվիրում ամենագեղեցիկ ծաղիկները, ամենահամեղ տորթը, ամենաթանկ զարդը: Սրանք անշուշտ շատ կարևոր ու անհրաժեշտ են, քանի որ մեր սիրո, երախտագիտության և ուշադրության դրսևորումն են, բայց հարցրե՛ք մայրերին, թե որն է ամենալավ նվերը նրանց համար:, Եվ բոլորի պատասխանը, վստահ եմ, նույնն է լինելու՝ նրանց զավակները: Եվ հատկապես այն զավակները, որոնք ուրախությամբ են լցնում իրենց ծնողների սրտերը: Իսկ եթե այս ամենին հավելյալ մայրը նաև բարեպաշտ քրիստոնյա է, ապա նրա համար ամենագեղեցիկը իր զավակի առաքինի վարքն է ու բարի գործերը, ամենաախորժելին՝ նրա շուրթերից հնչած բարի խոսքն ու աղոթքը, ամենաթանկը՝ նրա հոգին զարդարող առաքինությունները: Եվ եթե այս վերջին թվարկածներս բացակայում են, ապա դժվար թե նյութական նվերներն ուրախացնեն մոր սիրտը: Ուստի, կրկին հարցնում եմ ձեզ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, ի՞նչ եք բերել Սուրբ Աստվածամորը նվիրելու այսօր: Որովհետև եթե այժմ ձեր շուրթերը գովերգում են Երկնային Թագուհուն, բայց սիրտը անեծքներ ու չարաբանություններ է տեղում եղբոր հասցեին, ապա զուր են ձեր ջանքերը: Եթե ձեր շուրթերն այսօր համբուրել են Աստվածածնի բոլոր պատկերները, սակայն սիրտը սառն ու անտարբեր է մնացել ձեր եղբայրակիցների հանդեպ, ապա այդ համբույրներն ինչո՞վ են տարբերվում Հուդայի համբույրից: Եթե ձեր ձեռքերը աղերսագին շարժումով պարզվում են դեպի Բարեխոս մայրը, բայց մնում են օդում կախված՝ ձեզ օգնության խնդրանքով ձեռք մեկնողի հանդեպ, ապա զուր են ձեր սպասումները: Ուստի, հաջորդ անգամ, երբ չարի դրդմամբ ցանկանաք վիրավորել կամ արհամարհել որևէ մեկին, երբ չարախոսեք որևէ մեկից, երբ զրպարտեք նրան, հիշե՛ք, որ նա ևս Սուրբ Աստվածածնի զավակն է ու Քրիստոսի եղբայրը: Պատմություն կա մի մարդու մասին, ով ամեն օր օրհնություններ էր երգում Սուրբ Աստվածամորը նվիրված, բայց հայհոյում, չարաբանում ու անիծում էր մարդկանց: Եվ ահա՛, օրերից մի օր Աստվածամայրը երևում է նրան տեսիլքով ու մի բաժակ ջուր մեկնելով՝ կարգադրում, որ խմի: Մարդը վերցնում է բաժակն ու սարսափում, քանի որ այն չափազանց կեղտոտ էր ներսից: Նա ասում է Աստվածածնին, որ չի կարող խմել այդ բաժակից, քանի որ այն խիստ կեղտոտ է, ինչին Սրբուհի Մայրն առարկում է, որ ջուրը մաքուր է, ուստի կարող է խմել: Մարդը պատասխանում է, որ դա նշանակություն չունի, քանի որ բաժակն է աղտոտ և այդժամ Աստվածածինն ասում է, որ այդ մարդը ճիշտ այդ բաժակի պես է, ուստի ինքը չի կարող ընդունել այն օրհնությունները, որ կեղտոտ սրտից ու շուրթերից են հնչում: Ուստի, այսօր ցանկանում եմ, որպեսզի միայն մեկ խնդրանք ուղղենք մեր Երկնային մորը, սիրելի՛ հավատացյալներ, որ օգնի մեզ մաքրվելու հոգու աղտերից ու կրքերից, որպեսզի մաքուր անոթներ լինենք ու արժանի՝ օրհնություններ մատուցելու Աստծո անարատ տաճարին ու Մաքուր աղավնուն, Երանելի կույսին ու Հավերժ բարեխոսին: Եվ թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Տերը ների և ողորմի մեզ: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․