Գրքեր

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնի քարոզ

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Սուրբ Աստվածամոր Անվան հետ կապված ևս մեկ տոն, որը մեծագույն բերկրանքով նշում ենք՝ կրկին հիշելով Նրա Անձի կարևորագույն մասնակցությունը Տիրոջ տնօրինական ընթացքի մեջ և Նրա Անձի կարևորությունը մեր և մեր Արարչի հետ հարաբերություններում: Սուրբ Կույսի մեծությունն է երևում նաև նրանով, որ նույնիսկ Նրա տուփի գյուտն է տոնի վերածվել Եկեղեցում: Որքան ցնծություն է այդ երևույթը պատճառել մարդկանց, որ նրանք այն տոն են դարձրել: Եվ դա, սիրելի՛ հավատացյալներ, պատահական չէ: Դա պայմանավորված է Աստվածամոր անձով: Նա մեզ՝ մեղավորներիս համար անդադար բարեխոսում է: Անհնար է, որ մենք դիմենք Նրա բարեխոսությանը և անպատասխան մնանք:

Սիրելինե՛ր, մարդը միշտ իր կյանքում իդեալներ է փնտրում, այնքան որ դարեր շարունակ կուռքեր է կերտել և երկրպագել նրանց՝ նրանց համարելով գերբնական ուժեր: Մարդը միշտ փնտրտուքների և որոնումների մեջ է: Նա ապավինելու և պատսպարվելու հենարաններ է փորձում գտնել և ստեղծել: Այնինչ տասնաբանյա պատվիրաններից առաջինում ասվում է. «Ես եմ քո Տեր Աստվածը... Ինձնից բացի՝ այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Ելք 20:2, 3): Սուրբ Երրորդությունն է տիեզերքի Արարիչը, Ամենակարող և Ճշմարիտ Աստված, և այլ աստվածներ չկան: Ճիշտ ու մաքուր, բարոյական և վեհ նկարագիր ունենալու համար Աստված մեզ տվեց Իր պատվիրաններն ու օրենքները, դրանք կատարելու համար տվեց Իր շնորհներն ու օրհնությունը, մշտապես զորավիգ է լինում մեզ մեր փորձությունների ժամանակ, առաջնորդում մեզ մեր քայլերում: Իր խրատներն ու հորդորներն է տալիս մեզ մարգարեների, առաքյալների միջոցով, իմաստություն սովորեցնում զանազան առակների միջոցով: Աստվածաշունչ մատյանի միջոցով մեզ համար մատնանշվում են նաև Աստծո ընտրյալները, որոնք մեզ նման սովորական մահկանացուներ էին՝ իրենց անկումներով և վերելքներով, իրենց կյանքի յուրօրինակ ընթացքով: Նրանց սխալներն ու մեղքերն էլ մեզ համար ուսուցողական բնույթ ունեն: Դրանք նպատակ ունեն կատարելագործելու մեզ, մեզ խրատելու և հուսադրելու՝ անկումից հետո ոտքի կանգնելու համար: Աստվածաշնչյան սրբուհիներից է նաև Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը շատ քիչ է հանդես գալիս Ավետարանում, բայց մեզ համար եղել և մնում է անվերջ և անխոնջ բարեխոս մեծագույն սուրբը: Նրան կոչում ենք Աստվածամայր, և Նա Իր բարերար ազդեցությունն է ունենում մեր հավատքի կյանքում: Նա յուրատահուկ է Իր առաքելության մեջ, առանձնանում է սուրբերի դասում, և անկրկնելի է իբրև Աստծո ընտրյալ: Մենք պետք է մեծագույն ճիգեր գործադրենք, որպեսզի մեր կյանքի ընթացքում կարողանանք արժանանալ այն առաքինություններին, որոնք հատկորոշում են Սուրբ Աստվածածնին: Ավելի քան երկու հազար տարի մարդկանց հիացրել է Նրա խոնարհությունը, Նրա մաքրամաքուր սիրտը, Նրա զգացական քաջությունը, երբ նա Իր Որդուն խաչի վրա գամված տեսավ և լուռ ընդունեց Նախախնամության կամքը, Նրա համարձակ և վստահ բարեխոսությունը, այն բարեխոսությունը, որը Կանայի հարսանիքում տեսնելով՝ մեզանից յուրաքանչյուրը կյանքի ամեն պահի ցանկանում է ապավինել այդ բարեխոսությանը: Նա սուրբերի թագն ու պսակն է, հիացմունքի արժանի այն Անձը, որի մասին Ավետարանը պերճախոս չէ, սակայն իր քիչ վրձնահարվածներով մեզ համար պատկերում է երանելի Կույսի նկարագիրը: Այդ պատկերն ամբողջանում է Իր Որդու շնորհած լուսապսակով: Այդ պատկերն է, որ հիացրել է բոլոր ժամանակների արվեստաբաններին, բանաստեղծներին, երգահաններին, որոնք ներբողներ և ձոներգեր են նվիրել Նրան՝ զմայլվելով և զմայլվելու առիթ ընձեռելով Նրա էությունը բացահայտել ցանկացողներին: Նա հիացրել է նաև սուրբերին, սովորական մարդկանց, որոնք, իրենց աչքի առաջ ունենալով Աստվածամոր օրինակը, ձգտել են ինչ-որ չափով նմանվել նրան, յուրացնել Նրա վեհագույն հատկանիշները, կյանքը կառուցել Նրա բարեխոսությամբ՝ թե՛ տխրության և թե՛ ուրախության ժամանակ: Հիացմունքի և յուրացնելու արժանի երեք առաջնային գծեր՝ խոնարհություն, հնազանդություն և անվերապահ վստահություն Աստվածային կամքին: Երեք բնութագիծ, որ անջինջ կմնան քրիստոնեական առաքինությունների համայնապատկերում: Քրիստոնյաներիս համար ցայսօր ղողանջի պես հնչում են և իրենց վրա ուշադրություն հրավիրում Աստվածածնի խոնարհությունն ու հնազանդությունը Աստծո բարեսեր կամքին, երբ հրեշտակը նրան ավետեց Բարձրյալի Որդու ծնունդը, որին հետևեց այս պատասխանը. «Ահավասիկ, ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38): Նրա լուռ համակերպվածությունը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելության և մահվան ժամանակ, և Նրա համարձակ բարեխոսությունը Կանայի հարսանիքում. «Գինի չունեն», ասաց Նա, և անկախ այն բանից, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս հայտնեց, որ դեռևս Իր ժամանակը չի եկել, այնուամենայնիվ կատարեց մոր խնդրանքը: Նրա բարեխոսությամբ մենք ևս կկարողանանք չխոտորվել ճշմարիտ ուղուց և աներեր մնալ Երկնային Արքայություն առաջնորդող մեր հավատի ճանապարհին: Մենք պետք է ձգտենք ընդամենը պատվիրանապահ լինել, ինչը մեզանից պահանջում է Տերը. «Ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է, Նա է ինձ եղբայր, և քույր, և մայր» (Մատթեոս 12:50): Մենք միշտ պիտի լինենք Քրիստոսի անփոփոխ հետևորդները, որպեսզի մեր հոգիներում խառնված չլինեն բարի սերմն ու որոմը՝ լինել և՛ Աստվածապաշտ, և՛ անվերջ մեղքեր գործել: Նույնիսկ «մեծամեծ» գործեր կատարելը փրկություն չի ապահովում մարդկանց, դա է վկայում Տիրոջ այն խոսքը, թե. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն Ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք Ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթեոս 7:21-23): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս տեսավ, որ մեծության հարցը հուզում է նաև Իր աշակերտներին և ցուցանշեց այդ ճանապարհը. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի» (Մարկոս 9:34):

Ուստի, սիրելինե՛ր, մեզ մնում է Աստվածամոր նման անցնել մեր կյանքի ուղին, թվում է, թե աննկատ, բայց և Քրիստոսի աննահանջ հետևորդ, անվերապահ կերպով կարողանանք վստահել Աստծուն, չդժգոհել, սիրել ու ու համբերել, չհուսահատվել: Արդի կյանքը մեզ համար բազում հրավերներ և գայթակղություններ ունի, սակայն մենք պետք է կարողանանք ամուր կառչել քրիստոնեական արժեքներից և սուրբերի նման կարևորելով ճշմարիտն ու հավերժականը՝ մինչև վերջին շունչը հավատարիմ մնալ մեր Փրկչի Ավետարանին: Թող Տիրամոր բարեխոսությունը մշտապես մեզ գոտեպնդի և ուղղորդի:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

09.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․