Գրքեր

Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին

«Հավերժական օրհնությամբ միշտ պսակենք քեզ քո նվիրական տաճարի սրբավայրի մեջ, և քո մաղթանքների լայնատարած թևերի պահպանությանն ապավինելով, մեր ձեռքերը կտարածենք դրա մեջ, և աներկբա հույսով կհավատանք՝ թե պիտի փրկվենք» (Սբ. Գ. Նարեկացի):

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր,

Այսօր մեզ եկեղեցի բերողը մի անուշիկ մանկիկ է՝ երեքամյա Սուրբ Մարիամ Աստվածածինը, որ մեզ եկեղեցի է առաջնորդել՝ նշելու իր՝ տաճարին ընծայման տոնը: Սա մի գողտրիկ ու չափազանց խորհրդանշական տոն է բոլոր քրիստոնյաների համար, այն բոլոր մարդկանց համար, որոնք ձգտում են՝ արժանանալու Աստծու զավակներ կոչվելու մեծագույն պատվին: Ամենասրբուհի Աստվածածինն այսօր շատ բաներ ունի՝ մեզ սովորեցնելու այս գեղեցիկ տոնի միջոցով, շատ ասելիք ունի՝ փոխանցելու ականջ ունեցողներին: Եվ զուր չէ, որ այս տոնի հիմք հանդիսացող պատմությունը տեղ է գտել քրիստոնեական բոլոր Եկեղեցիների սրբազան ավանդության մեջ, քանի որ դրա խորհուրդը վերաբերում է անձնապես յուրաքանչյուր քրիստոնյայի:

Սիրելի՛ հավատացյալներ, անշուշտ կհամաձայնեք ինձ հետ, որ երեքամյա մանկան համար ամենևին էլ դյուրին չէ ծնողներից բաժանվելը: Բայց արի ու տես, որ ինչպես սրբազան ավանդության մեջ է պատմվում, փոքրիկ Մարիամը դյուրությամբ բաց է թողնում սիրելի ծնողի ձեռքը՝ ասես վերջակետը դնելով նրանց ծնողական սուրբ պարտականության ու առաքելության, և Երկնային Ծնողի սիրով ոգևորված, մուտք է գործում տաճար: Մոտ տասը տարի Սուրբ Կույսն ապրում է տաճարում՝ շրջապատված բարեպաշտ կույսերի և Աննա մարգարեուհու հոգատարությամբ ու աստվածային սիրով: Սուրբ Աստվածածնի հոգևոր դաստիարակությունն ու աշխարհայացքը ձևավորվում են Աստծու Տաճարի սուրբ հարկի ներքո, որտեղ հոգևոր կենդանարար կերակուրը գալիս է՝ փոխարինելու մայրական սննդարար կաթին: Սուրբ գրերի ընթերցանություն և ուսումնասիրություն, աղոթք և խոկում, սաղմոսերգություն և ձեռագործ. օրեր ու տարիներ այս էր դեռատի հոգու զբաղմունքը, և նկատե՛ք, սիրելի՛ հավատացյալներ, որ այդ ամենը ձանձրալի կամ հոգնեցուցիչ չէր Սրբուհի Կույսի համար, ընդհակառակը, քանի որ Աստծու հանդեպ դեռևս մոր արգանդից ներշնչված սերն էր, որ նրան տարել էր Տաճար ու նվիրել Աստծու սպասավորությանը: Այո, սե՛րը, և միմիայն սե՛րն է, որ խավարը լույսի է վերածում, դառնահամը՝ քաղցրի, մռայլը՝ պայծառ դարձնում և անհաղթահարելին՝ հաղթահարելի: Սա շատ նուրբ, բայց ամեն ինչ որոշող նախապայման է, որ անպայման պետք է հաշվի առնենք մեր հոգևոր կյանքում և Աստծու հետ մեր հարաբերություններում:

Մանկիկ Մարիամն այսօր իր առաջին քայլն է անում դեպի տաճար, սիրելինե՛ր, և մեզ էլ հրավիրում է իր օրինակին հետևելու: Մանկիկ Մարիամը, ի դեմս իր ծնողների, տաճարի շեմին է թողնում աշխարհային կապվածություններն ու իրեն Ամենակալի հոգատար ձեռքը հանձնում: Ոչ մի երկմտություն, կասկածի ոչ մի նշույլ չկա նրա գործողություններում: Նա ճանաչում և սիրում է այն տան Տիրոջը, որի սուրբ հարկից ներս է մտնում: Եվ այսպիսի գիտելիք, այսպիսի վստահություն և սեր առ Աստված, միանշանակորեն, նա ստացել է իր առաքինի և բարեպաշտ ծնողներից: Սուրբ Եպիփան Կիպրացին այս առնչությամբ ասում է. «…Հովակիմը, Աննան և Մարիամը, երեքն էլ հայտնապես Երրորդությանը սպասավորեցին: Հովակիմ «Տիրոջ պատրաստություն» է թարգմանվում, որովհետև նրանից Սուրբ Կույսի Տիրոջ տաճարը պատրաստվեց: Իսկ Աննա դարձյալ «Շնորհք» է թարգմանվում, որովհետև Հովակիմն ու Աննան աղոթքների շնորհիվ Շնորհներ ստացան և այնպիսի Սուրբ Կույսին ծնեցին…» Եվ սա այն առաջնահերթ, այն գլխավոր առաքելությունն է, որ յուրաքանչյուր հավատացյալ ծնող պետք է ունենա իր առջև: Մենք պետք է մեր երեխաներին այնպե՛ս պատմենք Աստծու մասին, այնպիսի՛ սեր սերմանենք նրանց հոգում, որպեսզի նրանք եկեղեցի գան ոչ թե հարկադրաբար ու դժկամորեն, այլ սիրով և ուրախությամբ: Իսկ դրա համար հարկ է, որ նախ ինքներս սիրենք Աստծուն: Եվ հարկ է, որ հասկանանք, թե ինչ է մեզ ու մեր զավակներին տալիս Աստծու տանը գտնվելը, և հակառակը՝ ինչից ենք մենք և մեր երեխաները զրկվում, երբ զանց ենք առնում Տիրոջ ներկայության մեջ ապրելու կարևորությունը: Երկար-բարակ չխոսելու և չկրկնվելու համար մեջբերեմ մեկ այլ հոգևորականի խոսքերը. «Եթե դուք այստեղ՝ եկեղեցում եք, ապա բանտում չեք հայտնվի: Եթե դուք այստեղ եք, ապա ՁԻԱՀ-ից չեք մահանա: Եթե այստեղ եք, ապա ութ անգամ չեք ամուսնանա: Կյանքը ճիշտ ապրելու ձեր հնարավորությունը մեծանում է… Եվ երբ դուք այստեղ եք, մեծ հնարավորություն ունեք մինչ ծերություն ապրելու, հարգված մարդ լինելու, զավակներ ու թոռներ ունենալու, և կյանքը հանգիստ ապրելով՝ Երկնքի Արքայություն մտնելու»:

Սակայն, ի՞նչ եք կարծում, սիրելի՛ հավատացյալներ, եկեղեցում միայն ձեր ֆիզիկական ներկայությունը կարո՞ղ է բավարար լինել հոգևոր աճի համար կամ առ Աստված ձեր սիրո ապացույցը կարո՞ղ է համարվել: Ես կարծում եմ, որ ոչ: Ներկայությունն, անշուշտ, կարևոր է, սակայն ոչ բավարար:

Այո՛, եկեղեցին որպես կառույց, շինություն, անփոխարինելի է քրիստոնյայի համար, քանի որ Քրիստոս այն «իմ Հոր տունը» կոչեց, և մենք էլ սուրբ խորանն ընդունում ենք որպես Երկինք, որպես Աստծու գահի ներկայություն: Հավատացյալ, անհավատ, այլադավան, նշանակություն չունի, եթե մարդու սիրտը դեռ չի քարացել և հոգին վերջնականապես չի կորցրել աստվածային պատկերը, ապա եկեղեցու խնկաբույր պատերից ներս զգում է Գերբնականի ներկայությունը: Զգում է, որ նման լռություն, նման խաղաղություն ոչ մի այլ տեղ չկա: Հոգու ունկերով լսում է եկեղեցու օդում առկա հարատև աղոթքն ու սաղմոսերգությունը: Կրկնում եմ, եթե մարդը դեռ լիովին չի կորցրել հոգու նրբազգացությունը, ապա այս ամենն, անշուշտ, զգում է: Այդ է պատճառը, որ չափազանց կարևոր է եկեղեցում ներկա գտնվելն ու Սուրբ Հոգու ներկայությանը, Սուրբ Հոգու շնորհներին առնչվելը: Բայց կարևոր է, որպեսզի մենք եկեղեցում գտնվենք ոչ միայն ֆիզիկապես, այլև մտքով և սրտով: Այսինքն՝ մեր ողջ էությունը բերենք Աստծուն, և ոչ թե միայն մարմինը, իսկ միտքն ու սիրտը մնան եկեղեցու շեմից անդին ու սավառնեն հեռո՜ւ- հեռու անհայտներում:

Ցավոք, մարդը չի սիրում կատարելապես նվիրվել իր գործին, իր առաքելությանը, և հավատը նույնպես զերծ չի մնում այս արատավոր սովորությունից: Մենք մի քիչ հայ ենք, մի քիչ քրիստոնյա, մի քիչ գիտակ, մի քիչ մարդ… Չենք սիրում աշխատել մեզ վրա, շտկել մեր սխալները, կատարելության ու սրբության ձգտել… Ավետարանի ընթերցանությունն այդպես էլ կիսատ ենք թողնում, աղոթքն անում ենք առանց ուշադրության ու խոնարհության, ողորմության գործերի փոխարեն անտարբերություն է, ժլատություն ու մեղադրանք… Ոտքերը մեզ եկեղեցի են բերում, բայց միտքն անհանգիստ է, անդադար շտապում ենք, մենք ամենուր ենք՝ եկեղեցուց բացի: Եվ չենք ուզում հասկանալ, որ Երկնավոր Հոր հետ հանդիպումից, Նրա հետ զրույցից, Նրա շնորհը, Նրա մխիթարությունը ստանալուց ավելի կարևոր ու թանկագին ոչինչ չկա ու չի կարող լինել մարդ-արարածի կյանքում: Հենց սա է իր օրինակով մեզ այսօր ուսուցանում Սուրբ Մարիամ Աստվածածինը: Մենք ակնհայտորեն տեսնում ենք Աստծու տանը նրա գտնվելու պտուղները՝ սերը, հավատը, խոնարհությունը, հեզությունը, սրբությունը… Տեսնում ենք անթիվ ու անհամար առաքինություններ և Սուրբ Հոգու շնորհներ, որոնցով Աստծու Տաճարում զարդարվեց Երկնակալի համեստ աղախինն ու համայն մարդկության Փրկչի մայրը դառնալով՝ արժանացավ Երկնավոր շքեղաշուք թագուհին լինելու պատվին:

Ամենասուրբ Աստվածածինն այսօր իր օրինակով ևս մեկ անգամ խրատում է մեզ, որ հավատը միայն գործերով է կենդանի, որ ինչքան էլ գեղեցիկ լինեն հավատի մասին խոսքերը, գործերն են, որ իսկապես արժեքավոր են դարձնում այն: Եվ այսօր, երբ մեր ժողովուրդն անցնում է իր պատմության անասելի դառն ու չափազանց վշտալի էջերով, մենք Սրբուհի Կույսի օգնության ու բարեխոսության կարիքն ունենք: Նրա օգնության կարիքն ունենք, որովհետև ուրացել ենք մեր հավատն ու եկեղեցին, որովհետև աստվածահաճո խոնարհության փոխարեն որդեգրել ենք բանսարկուի հատկանիշ հպարտությունը, որովհետև քաղցր սուտը նախընտրել ենք դառը ճշմարտությունից, որովհետև կուռքեր ենք ստեղծել մեզ համար ու նրանց ենք պաշտում… «Որովհետև»-ները շատ են, լուծումը միակը՝ զղջում և ապաշխարություն: Իսկ նախքան այդ, այս պահին միասին աղաչենք Ամենասուրբ Կույս Մորը, որպեսզի իր մայրական սիրող գիրկն առնի բոլոր սգակիր ու վշտացյալ հոգիներին, որպեսզի իր ջերմ ափով սրբի նրանց արցունքներն ու իր մեղմանուշ համբույրը դրոշմի նրանց ճակատին որպես ցավամոք բալասան: Թող որ նրա բարեխոսությամբ չքանան չարի մոլորություններն ու որոգայթները, և Քրիստոս Աստծու փրկարար լույսը ծագի հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգում:

«Աստվածածի՛ն, մայր Քրիստոսի և ծնող Միածնի, միջնորդ Աստծու և մարդկանց միջև, համարձակ բարեխոս մեզ՝ մեղավորներիս համար։

Մենք, որ ամեն ինչով մեղավոր ենք, ոտքերիդ առջև ենք ընկնում և աղաչում ենք քեզ, բարեխոսի՛ր մեզ համար քո ծնած ու սնած Բանն Աստծու մոտ». ամեն: 

(Սբ. Հովհաննես Գառնեցի)

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

21.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․