Գրքեր

Սուրբ Բարսեղ Եպիսկոպոսի ճառն արբեցողների մասին, մաս առաջին

Այս հարցի վերաբերյալ ինձ խոսել է տալիս որևէ խնդրի բարձրաձայնման անհրաժեշտության մասին մինչ այս իմ ընդունած տեսակետը, սակայն խոսելու իմ պատրաստակամությանը հակադրվում է ձեզանում իմ նախկին խոսքերի անպտղությունը: Չէ՞ որ երկրագործը, եթե նախկինում որևէ պտղի սերմեր սերմանելով՝ պտուղ չի ստանում, մյուս անգամ զերծ է մնում այդ նույն վայրում սերմանելուց: Եվ չէ՞ որ մինչ այս էլ պահեցողության մասին իմ զրույցներում աննվազ կերպով, օր ու գիշեր ձեզ խրատել եմ ու քարոզել Ավետարանի շնորհի մասին, և մի՞թե այդ ամենից դուք որևէ օգուտ չեք քաղել: Մինչև այսօր քանի՜ անգամ հուսադրական խոսքեր խոսեցի ձեզ հետ, քա՜նի-քանի գիշերներ հսկումներ կատարեցինք և մի՞թե այդքան ժամանակ, այդքան օրեր շարունակ ընդունայն ու սին է եղել մեր ջանքը:

Լա՛վ իմացեք, որ նա, ով իր նախկին մեղքերը մի կողմ թողնելով՝ բարիք գործելուն է միտվում, սակայն հետո վերստին դառնում է իր նախկին չար սովորություններին, ո՛չ միայն ի չիք է դարձնում իր գործած բարիքներին ի տրիտուր եղող վարձատրությունը, այլև առավել ծանր դատապարտության է արժանի դարձնում ինքն իրեն: Այդ էլ այն պատճառով, որ նա, ով ճաշակում է Աստծու բարի խոսքը և հաղորդակից է լինում աստվածային խորհուրդներին, փոքր-ինչ էլ հեշտասիրության մատնվելու պատճառով մոլորության մեջ ընկնելով՝ կորստյան է մատնում ամեն բան, քանի որ եթե փոքրագույն հանցանքները արժանի են ներման ողորմածությանը, մեծագույն հանցանքներն, ինչպես գրված է, ըստ իրենց մեծության էլ պիտի դատապարտվեն (հմմտ. Իմաստ. Զ 6):

Փաստորեն այնպես է ստացվում, որ «թշնամու» մեկ գիշերվա մեկ առաջարկությունը քո բոլոր ջանքերն ի դերև է հանում: Ուրեմն ո՞րն է այս մասին իմ խոսելու դրդապատճառը: Լա՛վ իմացեք, որ ես ևս կլռեի, եթե չերկնչեի Երեմիայի հարացույցից, որը հրաժարվեց խոսել ժողովրդի առաջ, սակայն, ինչպես նա է պատմում, իր սրտում կրակ բորբոքվեց ու ամեն կողմից լքված զգաց իրեն՝ չկարողանալով հանդարտվել (հմմտ. Երեմ. Ի 9):

Ուստի և ինչպե՞ս չխոսեմ ես այն մասին, որ կանայք, մոռացության մատնելով Աստծու երկյուղը, արհամարհանքով վերաբերվեցին հավիտենական հրին և այդ էլ այն դեպքում, երբ պիտի ի պատրաստություն Հարության հիշատակի՝ նստեին տանն ու խորհրդածեին այն մեծ Օրվա մասին, երբ երկինքը պիտի բացվի և մեզ պիտի երևա երկնային Դատավորը: Այդժամ Աստծու հրամանով հնչող փողերգությունները պիտի վկայեն մեռյալների հարության, արդար Դատաստանի և յուրաքանչյուրին ըստ իր գործերի բաժին հասնող հատուցման մասին: Իսկ նրանք, այս ամենի մասին խորհրդածելու և իրենց սիրտն ամենայն չար մտքերից մաքրելու, արտասուքներով իրենց գործած նախկին մեղքերը ջնջելու և Հայտնության մեծ Օրը Քրիստոսի հետ հանդիպմանը պատրաստվելու փոխարեն մի կողմ են նետում Քրիստոսի ծառայության լուծը՝ ընկնելով արտաքին բարեձևության հետևից:

Այսպիսիք, արհամարհելով անգամ սեփական հրեշտակներին, իրենց վարսերի անպարկեշտ գեղգեղանքով ու զարդարուն պատմուճաններով զգեստավորված՝ անամոթաբար գնում-գալիս են այս կամ այն տղամարդու կողքով և «ոտքերով կաքավում նրանց առաջ» (հմմտ. Ես. Գ 16): Նման կանայք պագշոտ աչքերով ընկղմվելով ծաղրանքի արժանի իրենց կաքավումների մեջ՝ դեպի իրենց են գրավում բոլոր անպատիվ երիտասարդներին և քաղաքի մի անկյունում պար գալով՝ իրենց անամոթությամբ պղծում են այդ վայրերը:

Նրանք իրենց պոռնկական երգերով լցնելով մթնոլորտը՝ պղծեցին այն և իրենց անմաքուր ոտքերի կաքավումներով աղտեղի դարձրին հողը՝ դեպի իրենց սևեռելով երիտասարդների բազմության հայացքը: Իսկ այդ երիտասարդներն էլ, արդարև, խելագարվում են կանանց հարուցած այդ մոլության պատճառով և եթե որևէ լավ հատկանիշ էլ ունեին՝ կորստյան են մատնում այն: Հիրավի, այս ամենի մասին ինչպե՞ս լռեմ ես և ինչպե՞ս արժանիորեն չողբամ նրանց համար: Եվ արդ, տեսե՛ք, որ գինին է մեր անձերն այսչափ տույժերի ենթարկում և գինին է, որ Աստծու կողմից տկարներին որպես մխիթարություն տրված շնորհը՝ ողջախոհության զենքը, պագշոտության ու շռայլության է վերածում:

Արբեցությունն ինքնակոչ դև է, որը ցանկասիրության պատճառով սողոսկում է հոգիները: Արբեցությունը չարության մայրն է, առաքինության հակառակորդը, որը քաջին երկչոտ է դարձնում, ողջախոհին՝ պագշոտ: Այն արդարություն չի ճանաչում և իմաստությունն իրենից հեռու է վանում: Այնպես, ինչպես, օրինակ, ջուրն է հակամարտում հրի դեմ, սույնպես և գինու չարաշահումն է մարում մեր մեջ բոցկլտացող աստվածային խորհուրդների կրակը: Այս պատճառով էլ եթե արբեցողության մասին խոսեմ՝ իբրև արհամարհանքի արժանի մի փոքր չարիքի, իմ խոսքը որևէ օգուտ չի ունենա։

Նա, ով արբենում է, խելագարվում է ու ցնորվում, անիմաստ բաներ է երգում՝ դեռ մի բան էլ զայրանալով իրեն չլսողների վրա։ Եվ արդ, հարց է ծագում, թե ո՞ւմ հասցեագրեմ իմ այս խոսքերը, քանի որ նա, ով իրապես իմ խրատների կարիքն ունի, չի լսում ասածներս, դե իսկ ողջախոհն ու զգաստամիտն էլ ի՞նչ պետք ունեն իմ այս խոսքերի օգտակարությունը իրենց մեղքերից մաքրվելուն ծառայեցնելուն։ Ուստի էլ ի՞նչ կերպ օգնենք մեր մերձավորին, երբ մեր խոսքը պիտանի չէ նրանց, բայց այդ դեպքում էլ մեր լռությունն է դառնում տարակուսելի։ Մի՞թե այդժամ պիտի անտեսենք նրանց հանդեպ խնամք տանելու անհրաժեշտությունը։ Այդ էլ մեզ համար վտանգավոր եղող ծուլության կհանգեցնի։

Ուրեմն, պետք չէ մտածել, որ խոսելով արբեցողների մասին՝ կնմանվենք մեռյալների հետ խոսել փորձող մեկին։ Չէ՞ որ ժանտախտի ժամանակ բժիշկը առողջներին նախապահպանությամբ ամրացնելով՝ երբեք մոռացության չի մատնում արդեն իսկ այդ ախտով վարակվածներին։ Նույնպես և այս դեպքում մեր խոսքը մարդկանց մի մասին կծառայի իբրև նախապահպանություն ախտերից, իսկ մյուս մասի՝ արդեն իսկ այդ ախտով վարակվածներին այն կծառայի իբրև հատուցում և բժշկություն։

Ո՛վ մարդ, ինչո՞վ դու զանազանվեցիր անխոս կենդանիներից, ո՞չ արդյոք բանականության շնորհով, որն Արարչից իբրև պարգև ստանալով՝ իշխան ու տեր կարգվեցիր բոլոր արարվածների վրա։ Սակայն այժմ, արբեցության պատճառով անմտանալով՝ վար ընկար, հավասարվեցիր անբան անասուններին ու նմանվեցիր նրանց (հմմտ. Սղմ. ԽԸ 13)։ Եվ դեռ, ավելին ասեմ, նրանք, ովքեր արբեցության ախտի մեջ են, խոտաճարակներից էլ առավել անմիտ են, քանի որ բոլոր չորքոտանիները գոնե հեռու են մնում զանազան խառնակություններից, մինչդեռ նրանք, ովքեր արբեցողության պատճառով մոլորության են մատնում իրենք իրենց և իրենց մարմինը անբնական կրքով են լցնում, մշտապես ու ամեն ժամ անմաքուր ու անամոթ խառնակություններ են գործում։ Եվ դեռ այդպիսինների անմտությունը միայն այսքանով չի սահմանափակվում, այլև արբեցողը, իր զգայությունների փոփոխականության պատճառով բոլոր անասուններից առավել ցածր է դասվում. այդ ո՞ր անասունն է այնքան թերի տեսնում ու թերի լսում, որքան արբեցողը։

Այսքանն էլ դեռ բավական չէ, արբեցողները լքում են այն, ինչ իրենց ընտանի է, և շատ ու շատ անգամներ ընթանում են օտար սովորությունների հետևից։ Նրանք ստվերակերպ ընթացքով բազմիցս դեպի անդունդներն ու ձորերն են ընթանում։ Արբեցողների ականջները ծովի ալեկոծության հնչմամբ ու շառաչյունով են լեցուն, և նրանց աչքերին լեռներն էլ կարծես անդադար պտույտի մեջ են երևում։ Արբեցողները երբեմն անդադար ծիծաղում են, երբեմն սրտնեղած ու անմխիթար լաց են լինում։ Մեկ հանդուգն ու աներկյուղ են նրանք, մեկ էլ՝ զարհուրած ու երկչոտ են դառնում։ Արբեցողները ծանր ու դժվարահաս, հեղձուցիչ ու արդարև մահանման քնով են քնում, իսկ նրանց արթնությունն էլ կարծես նորից անզգայություն է, քանի որ կյանքը նրանց աչքին երազ է թվում։

Եվ արբած լինելով՝ նրանք ո՛չ իրենց հագնելիքի, ո՛չ իրենց ուտելիքի մասին հոգ չեն անում՝ կարծելով, թե քաղաքներին ու զորքերին իշխող թագավորներն ու զորահրամանատարները պիտի իրենց ապրուստի միջոց տրամադրեն։ Ահա այսպիսի ու սրա նման բազում այլ խաբեպատիր և հրաբորբոք երևակայությամբ ու ախտերով է գինին լցնում նրանց սիրտը։ Ուստի արբեցողները դժոխահույս և տրտում են, ցավով ու արտասուքով լեցուն, երկչոտ, զարհուրած և դյուրասարսռելի, քանի որ այդ միևնույն գինին մարմնական զանազան զգայություններով ու տեսակ-տեսակ ախտերով է լցնում արբեցողի հոգին։

Գինու պատճառով ոմանց արյունը սկսում է եռալ երակներում ու այդպիսիք ասես զվարթանում և ուրախանում են ու հեշտասիրության մատնվում, իսկ ոմանց էլ գինին ծանրությամբ է պարուրում ու ասես սառեցնում է զգայությունները և վերջին թվարկյալների տրամադրությանը հակառակ մի տրամադրություն է ստեղծում։ Եվ արդյոք կարիք կա՞ ասելու, որ այս ամենի հետևանքով է, որ ի հայտ է գալիս զանազան այլ մեղքերի բազմությունը. դժվարությունը բարիք գործելու մեջ, դյուրությունը՝ բարկանալիս, շոգմոգությունը, հոգեկան սրտմտությունն ու աղաղակները, մարդկանց խաբեության մեջ գցելու մոլությունը, աղքատների ունեցվածքի վրա հարձակվելը…  

Այսպիսով, գինուց, իբրև մի աղբյուրից, անարգել բխում են զանազան հեշտություններն ու անգամ անապական մարդը արբեցողության պատճառով վավաշոտության ախտի մեջ է ընկնում, և գինին կենդանիներից առավել վատթարագույն ու խղճալի վիճակի է մատնում արբեցողության մոլության մեջ եղողներին։ Չէ՞ որ անբան կենդանիները գոնե ճանաչում են բնության կողմից դրված սահմանազատումը, արբեցողները, սակայն, արուն՝ էգից, և էգն՝ արուից չեն զանազանում։

Արբեցողությունից հետ դառնալն էլ, ցավոք, այնքան հեշտ չէ, որ մեկ խոսքով միայն կատարվի՝ ի հակադրություն արբեցողության մեջ ընկնելու դյուրությանը։ Այնպես, ինչպես ժանտախտի ժամանակ օդի միջոցով հիվանդության ապականությունն անմիջապես անցնում է մի մարմնից մյուսին, նույնպես և գինու ըմպումով դյուրությամբ մարդու մեջ է սողոսկում արբեցության ախտը։ Եվ այդպիսով արբեցողության մատնվածները, ինչպես մնացյալ հիվանդությունների պարագայում է, դառնում են ախտակիր ու կորցնում են իրենց արդեն իսկ ապականված մարմնի զգայությունները կառավարելու հմտությունները՝ ոչ միայն վավաշոտության ու այլ ցավագար հեշտությունների պատճառով հալ ու մաշ և մտակորույս լինելով, այլև իրենց ծանրացած, գետնահակ ու կենդանակերպ մարմիններն ամբողջությամբ կորստյան մատնելով։ Նրանց աչքերի տակը կապտած է լինում, դեմքը՝ դեղնավուն, շունչը մի կերպ է նրանց վրա մնում, լեզուն՝ իրեն լքած և խոսքն էլ՝ դժվար հասկանալի է դառնում։ Արբեցողների դողդոջուն ոտքերը, ինչպես մանուկների դեպքում է, մի կերպ այս ու այն կողմ են ընկնում և նմանեցնում նրանց անշունչ էակների։

Փափկասիրության պատճառով արբեցողները ողորմելի են դառնում, առավել անպիտան, քան հորդառատ ջրերի ալեկռիվ ծփանքներում լողացող նավը, որն այդ ծփանքների պատճառով չի սուզվում, մինչդեռ արբեցողները խորտակվում են գինու մեջ։ Եվ եթե հարկ է լինում՝ հորդառատ ջրերում նավարկող նավը խորտակումից փրկելու համար նավաստիները բեռները դուրս են նետում և այդպիսով թեթևընթաց դարձնում այն։ Այսկերպ էլ արբեցողները, ծանրությունից վերջապես ազատվելու համար փսխում ու դուրս են ժայթքում այն, ինչ կա իրենց մեջ։ Ահա այսչափ դժոխային է արբեցող-ողորմելիների այս նավարկությունը, որին և՛ հողմը, և՛ ծովն ու ամեն կողմնակի բան վնաս են պատճառում։ Նրանք ինքնակամ են իրենք իրենց նետում արբեցողության փոթորկվող ջրերի մեջ։ Եվ քանի որ նա, ով անպաշտպան ու թույլ է, արժանի է ողորմության, իսկ արբեցողը, որ վարակված է այս կամ այն ախտով, արժանի չէ ողորմության, քանի որ նա ինքնակամ է իրեն դևի հետ մարտի դուրս բերել։ 

Եվ եթե կամենում ենք ախտերը հեռու վանել մեզանից, հարկ է, որ հնարավորինս հեռու պահենք մեզ գինուց։ Գինով արբեցածների համար կարճ է և՛ ցերեկը, և՛ գիշերը ու նա մշտապես դժնդակ ժամանակներ է ապրում, քանի որ արբեցողի համար չարը վախճան չունի։ Գինին երբևէ չի մխիթարում, այլ անհրաժարելի արբեցողության է մատնում մարդուն՝ ներսից այրելով նրան ու ցանկասիրության մղելով։ Եվ արբեցողները, առանց լավ ըմբռնելու անգամ, թե ինչ են իրենք տենչում, կամովին հանձնվում են փափկասիրության ախտին, ինչի պատճառով էլ նրանց զգայությունները կարծես թառամում են։ Այնպես, ինչպես ուժգին ճառագայթներն են խավարեցնում տեսողությունը կամ, օրինակ, սաստիկ բարձրահունչ ձայնն է խլացնում լսողությունը, նույնպես և իրենք իրենց հեշտասիրության անբավ տենչանքներին մատնած արբեցողները կորստյան են մատնում իրենց անձերը։

(Շարունակելի)

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

25.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․