Գրքեր

Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին

Ձեր՝ ունկնդրելու հոժարամտությանը և մարմնով տկար լինելուս հակառակ՝ ձեզ հաղորդվող իմ խոսքի զորությանը նայելով՝ մտքիս գալիս է կաթնակեր մանկան պատկերը, որը ոչ մի կերպ չի ուզում բաժանվել մայրական կաթից: Եվ իսկապես որ, եթե մենք էլ, այդ մանկան նման, խանդաղատանքով փափագենք մեր մայրը եղող Եկեղեցու ստինքներից կաթ ըմպել, ստուգապես կձերբազատվենք մեր տկարություններից:

Ու ինչպես որ յուրաքանչյուր մայր, եթե անգամ իր կաթի աղբյուրը ցամաքում էլ է, եթե ոչ՝ մանկանը կերակրելու, ապա գոնե նրա լացը «կտրելու» նպատակով քամում է իր ստինքներն ու կրկին մի քանի կաթիլ կաթ է բխեցնում մանկան համար, այդպես էլ այժմ, ծերությունից ու մարմնի զանազան հիվանդություններից ասես ցամաքած լինի նաև ի՛մ խոսքի «աղբյուրը»: Սակայն ձեր ունեցած արժանիքներն ու ձեր սիրո գերազանցությունը հարկադրում են ինձ մոռանալ ամեն տեսակի հիվանդություն ու շարունակել խոսել ձեզ հետ:

Արդ, մենք, իբրև Աստծու եկեղեցի, վարդապետում ենք ձեզ՝ քարոզելով այս խոսքն ասել. «Տե՛ր, քո օգնությո՛ւնը շնորհիր մեզ մեր նեղությունների ժամանակ, քանի որ ունայն է փրկությունը մարդու» (հմմտ. Սղմ. ԾԹ 13): Ուստի և, ինչ նեղության մեջ էլ որ լինենք, պետք է շարունակենք Սաղմոսների ուսուցումը, քանի որ ամեն նեղություն առիթ է այլոց համար՝ օգնության ձեռք մեկնելու տկարին, և ոչ թե տկարի համար անգործունյա դառնալու պատճառ:

Իսկ ահա մարդկանցից յուրաքանչյուրին էլ հարկավոր է ուղղակիորեն դիմել Աստծուն և մեր մեղքերի թողության ու Նրա մարդասիրության պաղատանքով ասել. «Աստվա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ» (Սղմ. ԾԹ 3):

Այժմ հանգամանորեն ուսումնասիրենք այս սաղմոսի պատմությունն ու նույն կերպ էլ փորձենք մեկնել այն: Սաղմոսի վերնագրից արդեն՝ «փրկության աղոթք հաղթությունից հետո», ջանասեր ուսումնասիրողների համար ակնհայտ է դառնում, որ սաղմոսի այս խոսքը հաջորդում է Երկրորդ Թագավորություններ գրքում նկարագրված այն դեպքին, որի մասին գրված է. «Երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը Եփրատի վրա հաստատելու, հարձակվեց Սուբայի արքայի՝ Ռովամի որդի Ադրաազարի վրա» (Բ Թագ. Ը 3):

Այնուհետ Դավիթը նրանից հազար մարտակառք, յոթը հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց: Նա բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար թողնելով միայն հարյուր մարտակառք (հմմտ. Բ Թագ. Ը 4): Քիչ հետո էլ ասվում է, որ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, և նա էր, որ իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ (հմմտ. Բ Թագ. Ը 15): Իսկ Շարուհիի որդի Հովաբի մասին էլ ասվում է, որ նա էր զորքի հրամանատարը (հմմտ. Բ Թագ. Ը 16):

Որոշ ժամանակ հետո ամոնացիները մարդ ուղարկեցին և Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետևակ (հմմտ. Բ Թագ. Ժ 6): Այնուհետ էլ Հովաբը, տեսնելով, որ իր վրա հարձակվում են, բոլոր իսրայելացիների զավակներից զորք ընտրեց և ասորիների դեմ ճակատ կազմեց (հմմտ. Բ Թագ. Ժ 9): Ադրաազարին հպատակ բոլոր թագավորներն էլ, երբ տեսան, որ իրենք Իսրայելից պարտություն են կրել, անձնատուր եղան Իսրայելին ու նրա հպատակները դարձան (հմմտ. Բ Թագ. Ժ 19):

Ահա այս է Դավթի վերոնշյալ սաղմոսի նախապատմությունը: Իսկ այժմ ժամանակն է բուն իսկ Սաղմոսի խոսքերն ուսումնասիրելու: Այս խոսքերի հեղինակը՝ Դավիթը, առավել քան պայծառամիտ ու պատերազմում էլ՝ իր քաջությամբ երևելի մեկն էր: Սակայն հարկ է քննել, թե ինչո՞ւ է նա իր այս սաղմոսը ողբով ու սգով սկսում, այն դեպքում, երբ թվում է՝ հարկ էր հրճվել ու երախտապարտության խոսքով սկսել սաղմոսերգությունը:

Չէ՞ որ նա հաղթել էր պատերազմում, իսկ հաղթողների «ձայնը» տարբեր է լինում պարտվողների աղաղակից: Հաղթանակը ցնծություն է պարգևում ոչ միայն հաղթանակած զորքի զինվորներին, այլ նաև հողագործներին, վաճառականներին, արհեստավորներին ու մնացյալ բոլորին, քանի որ ամենքին բարի խաղաղություն է պարգևում այն:

Արդ, ինչո՞ւ է, ուրեմն, Դավիթն ասում՝ «Աստվա՛ծ, ինչո՞ւ մեզ լքեցիր ու քարուքանդ արիր»: Այդ ինչպե՞ս կարող էր Աստված քարուքանդ արած լինել հաղթողների տունը, այն դեպքում, որ, ինչպես տեսնում ենք, Տերը դեռ մի բան էլ այդքա՜ն հարստացնում է Դավթին և՛ զենքով, և՛ կառքերով, և՛ ձիերով, և՛ հպատակներով, և՛ հարկատու նահանգներով, ներառյալ՝ ամբողջ Արաբիան, Փյունիկիան ու Միջագետքը:

Այս ամենից հետո անհրաժեշտ էր միայն սքանչանալ, և ոչ թե՝ երախտամոռության խոսքեր բարբառել: Չէ՞ որ հենց Ի՛նքը՝ Տերն էր, որ սպանեց Ադրաազար թագավորին՝ խլելով նրանից հազար մարտակառք, յոթը հազար հեծյալ ու քսան հազար հետևակ (հմմտ. Բ Թագ. Ը 4):

Եվ դարձյալ, Ի՛նքը՝ Տերն էր, որ Ադրաազարին օգնության եկած ասորիների արքային ևս հաղթեց ու ծառայությամբ և հարկերով նրան հպատակ դարձրեց Դավթին՝ մեկ վայրկյանում ոչնչացնելով ասորիների քսաներկու հազար զինվորի (հմմտ. Բ Թագ. Ը 5-6): Եվ երրորդ, Ի՛նքը՝ Տերն էր, որ քաղաքի դարպասների մատույցներում հաղթություն պարգևեց իսրայելացիներին ամոնացիների դեմ մարտում Հովաբ զորագլխի ձեռքով, որը առջևից ու թիկունքից գրոհող թշնամու դեմ մարտնչելու համար երկու մասի բաժանեց իր երկու հազարանոց զորքը (հմմտ. Բ Թագ. Ժ 8-9):

Ինչպե՞ս կարող էր Դավիթը Տիրոջ պարգևած այսքան քաջահաղթություններից հետո տրտմել ու տխրությամբ լի ձայնով ասել. «Աստվա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ»: Պատճառն այն է, որ թեպետ Դավիթը իր այս խոսքերը ժամանակագրական առումով գրում էր հաղթությունից հետո, սակայն նա այդ խոսքերի զորությամբ վկայակոչում է գալիքը, այսինքն՝ հավիտենական վախճանը, որ մեզ է սպասում ժամանակների ավարտին:

Ահա ա՛յս է պատճառը, որ սաղմոսերգուն նման հնչեղություն է տալիս իր խոսքին: Անհրաժեշտ է, որ այս բոլոր ազգերն իմանան, որպեսզի ամենքը կարողանան օգտակարություն քաղել սաղմոսից, քանի որ ամենքն էլ մարմնական բնությամբ տկարություններ ունեն, ուստի և հարկ է մշտապես վախճանի մասին հիշել ու բարիք գործել, չէ՞ որ մարմինը հասակ է առնում ու մեծանում, մինչդեռ Տիրոջ խորհուրդները մնում են անփոփոխելի:

Մանուկ տարիքում մենք ասես այլ մարդ լինենք, պատանի հասակում՝ լրիվ ուրիշ, չափահաս դառնալով՝ այլ կերպարանք ենք առնում, ծերանալով էլ՝ ամենևին ուրիշ: Մեր կյանքի որոշ տարիներ ուրախությամբ ենք անցկացնում, երբեմն կարևորագույն դեպքեր են տեղի ունենում մեր կյանքում, մեր ապրելու ժամանակից որոշ պահեր էլ անցկացնում ենք հիվանդության մեջ, որոշ պահեր՝ բարեկեցության, երբեմն՝ հարսանիքի ուրախության, և երբեմն էլ սգի մեջ ենք լինում մենք:

Մեր կյանքն անցնում է, ուստի այս մարգարեությունը նպատակ ունի մեզ հիշեցնելու ժամանակի գալիք վախճանի մասին, որպեսզի մի կողմ թողնենք կենցաղային սնոտի հոգսերն ու սկսենք ապրել Ավետարանի նախանշած կենցաղավարությամբ:

Ուրեմն, այս սաղմոսը, այն ժամանակ գրված լինելով, ոչ թե հրեաներին էր ուղղված, այլ մեզ, որպեսզի մենք բազմաստվածության ճանապարհներով ընթանալու փոխարեն բարեպաշտությա՛մբ ընթանանք, կուռքերին պաշտելու փոխարեն մտերմանանք մեր Արարչի՛ հետ ու անօրեն հեշտասիրությունն էլ փոխարինենք օրինավոր ողջախոհությամբ:

Փող հնչեցնելու, երգել-պարելու և արբեցությամբ տարվելու փոխարեն սաղմո՛ս ասենք, պա՛հք պահենք ու աղո՛թք անենք: Ուրեմն և այս սաղմոսն ասելով՝ մենք ճշմարտությունը բարբառած կլինենք, քանի որ նաև մե՛զ են պատկանում աստվածային խոսքերն ու մե՛րն է Աստծու Եկեղեցին՝ իբրև աստվածառաք պարգևներ ու իբրև «կերակուր»` մեզ բաշխված Սուրբ Հոգու կողմից, որպեսզի դրանց միջոցով հաշտություն հաստատենք Աստծու հետ:

Այս սաղմոսը, փաստորեն, իբրև արձանագրություն է գրվել մեզ համար, ուստի միայն անտարբերությամբ լսողը չլինե՛նք այս խոսքերի, ու ոչ էլ նմանվենք նրանց, ովքեր սխալ ըմբռնելով այս սաղմոսի խոսքերի իմաստը՝ իսկույն շեղվում են ճիշտ ընթացքից: Այդկերպ էլ նաև քեզ հետ կպատահի և դու նրանց նման կցնդես ու կխանգարվես, եթե համակ ուշադրությամբ չփորձես ուսանել այս սաղմոսի իմաստը:

Ուստի այս սաղմոսը դրոշմի՛ր քո հոգում՝ իբրև անշարժ ու հաստատուն հիշատակ, որը թող հանապազ քեզ հիշեցնի գալիք վախճանի մասին: Իսկ եթե հրեաները մեզ օտար էլ համարեն «իրենց» Սուրբ Գրքից՝ այն միայն յուրապատկան համարելով, ապա մենք հենց նույն Սուրբ Գրքով էլ կարող ենք հակադարձել ու ասել, որ Քրիստոսի միջոցով ամենքը մեկ են դառնում ու բաժանվածները միավորվում են Տիրոջ պատգամի խորհրդով: «Իմն է,- ասում է Տերը,- Գաղաադն ու Իմն է Մանասեն» (Սղմ. ԾԹ 9): Այս նույնը Տերը նաև Եփրեմի, Հուդայի ու Մովաբի համար ասաց (հմմտ. Սղմ. ԾԹ 10): Նաև Տերը՝ սպառնալով Եդոմին, ամենքին հնազանդությամբ ի մի ժողովելու մասին է ավետարանում, ասելով՝ «Ինձ հնազանդվեցին այլազգիները» (Սղմ. ԾԹ 10):

Արդ, ուրեմն, Սաղմոսի «Աստվա՛ծ, Դու մեզ լքեցիր» խոսքը նշանակում է հետևյալը. Աստված մերժեց նրանց, ովքեր մեղքի պատճառով իրենք իրենց հեռացրել էին Աստծուց: Նաև՝ Տերը մեր չարության հավաքատեղի՛ն էր, որ կործանեց ու «քարուքանդ արեց», այդպիսով բարիք գործելով ու ազատելով մեզ մեր տկարություններից: Իսկ ահա Աստված «բարկացավ» այնժամ, երբ մենք մեր բնությամբ բարկության որդիներ դարձանք (հմմտ. Եփս. Բ 3)՝ ոչ մի հույս չունենալով ու աշխարհում առանց Աստծոu մնալով (հմմտ. Եփս. Բ 12):

«Բայց պիտի գթաս մեզ» խոսքն էլ ասես կանխասացությունն էր աստվածային այն տնօրինության, համաձայն որի՝ Միածինը քավարան դարձավ մեր մեղքերի համար, որպեսզի Նրա արյամբ փրկություն գտնենք: Սակայն Տիրոջ այդ բարեգթությունը մեզ համար անճանաչելի կմնար, եթե չըմպեինք զղջման գինին (հմմտ. Սղմ. ԾԹ 5): Այդ գինին Աստծու խոսքն է, որը մեր քարացած սրտերին կենդանություն է տալիս:

Այնուհետ էլ սաղմոսերգուն ասում է՝ «երկյուղածներիդ նշան Դու տվիր, որ փրկություն գտնեն աղեղից» (Սղմ. ԾԹ 6): Մովսեսը իսրայելացիների դռների վրա ոչխարի արյամբ նշան արեց, իսկ Տերը անարատ Գառի արյո՛ւնը զոհաբերեց աշխարհի փրկության համար:

Նշանի մասին է խոսում նաև Եզեկիելը, երբ ասում է. «Նրա հետևից քաղա՛ք գնացեք ու կոտորեցե՛ք (Եզկ. Թ 5): Մի՛ խնայեք ու մի՛ ողորմացեք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին: Կանանց էլ կոտորեցե՛ք-ջնջեցե՛ք: Բայց ում վրա որ նշան կա՝ չմոտենա՛ք» (հմմտ. Եզկ. Թ 6):

Այնուհետ Աստված խոսեց Իր սրբարանից և ասաց. «Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սիկիմը» (Սղմ. ԾԹ 8): Հակոբը դեռ շատ վաղուց Սիկիմը, իբրև սեփականություն, հանձնել էր Հովսեփին (հմմտ. Ծննդ. ԽԸ 22)՝ որպես օրինակ այն բանի, որ Աստծու կտակը միայն Իսրայելին է վերապահված: Մինչդեռ այժմ Աստված հրեա ժողովրդի այդ ժառանգությունը բաժանում է ամենքին: Իսկ կտակի՝ ամենքին հասու դառնալով նաև Աստծու բարեգթությո՛ւնն է ամենքին ժառանգվում:

Այդպիսով նաև «վրանների հովիտը» (հմմտ. Սղմ. ԾԹ 8), այսինքն՝ ողջ աշխարհը բաժանվեց մարդկության միջև ու յուրաքանչյուր ազգ ժառանգեց իր երկիրը՝ իբրև այս աշխարհում պանդխտելու վայր: Իսկ Քրիստոս էլ ամբողջ աշխարհում սփռված այդ մարդկությանը միավորում է՝ խաղաղություն հաստատելով Խաչի վրա թափած Իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար (հմմտ. Կողոս. Ա 20): Նույն Ինքը՝ Քրիստոս, քանդեց նաև Իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, որպեսզի Իրենով ամենքին մեկ դարձնի (հմմտ. Եփս. Բ 14):

«Իմն է Գաղաադն ու Իմն է Մանասեն» (Սղմ. ԾԹ 9): Գաղաադը Մանասեի թոռն է, ուստի Տերը այսկերպ կամենում է ասել, որ սերնդեսերունդ Ինքը պատրաստում է մարդկանց որդիներին Քրիստոսի՝ մարմնով գալստյանը: Եփրեմին անվանում է «Իր գլխի սաղավարտը» (հմմտ. Սղմ. ԾԹ 9):

«Հուդան,- ասում է,- թագավորն է Իմ» (հմմտ. Սղմ. ԾԹ 10), և կամենալով միավորել բաժանված մասերը, շարունակում է՝ «Մովաբը Իմ հույսի ավազանն է» (հմմտ. Սղմ. ԾԹ 10): Թարգմանիչներից մեկն այստեղ կիրառում է «լվացման ավազան», մեկ ուրիշը՝ «անհոգության ավազան» արտահայտությունը: Այստեղից էլ եզրակացնում ենք, որ մեղքի մեջ ընկած, անմաքուր մարդը Տիրոջ եկեղեցի մտնելու արգելքի սպառնալիքի տակ, ճիշտ այնպես, ինչպես որ Մովաբացիների ու Ամոնացիների մասին էր երբեմն ասվում, թե նրանք Աստծու տաճար մտնելու անկարող են մինչև իրենց երրորդ, մինչև տասներորդ սերունդն ու գուցե և մինչև ժամանակների վախճանը:

Սակայն քանի որ մկրտությունը թողություն է տալիս մեղքերին ու ախտերի հոգնությունից ազատում է մեղավորներին, որոնք մկրտության միջոցով փրկության են արժանանում ու մտերմանում են Աստծուն, ուստի և ասում է՝ «Մովաբը ավազանն է լվացումի, ավազանն է անհոգության»: Ըստ այսմ էլ, բոլոր այլազգիները հնազանդվեցին Քրիստոսին՝ Աստծու տաճարից ներս մտնելով: Այդ պատճառով էլ նաև Եդոմը հանում է իր կոշիկները: Կոշիկը խորհրդանշում է Քրիստոսի Աստվածությունը զգեստավորող մարմինը, որով Նա հայտնվեց մարդկանց մեջ:

Այսպիսով, հույսով սպասելով ու երանի տալով Տիրոջ գալստյան ժամանակին, Դավիթ մարգարեն ասում է՝ «Ո՞վ ինձ կտանի ամրացված քաղաք» (հմմտ. Սղմ. ԾԹ 11): Ինձ թվում է, որ այստեղ, «ամրացված քաղաք» ասելով՝ սաղմոսերգուն ակնարկում է եկեղեցին, քանի որ այն, իսկապես, հավատի պարիսպներով ամրացված շինվածք է, որը բարեմիտ թարգմանիչները հետևյալ կերպ են թարգմանել. «Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք» (Սղմ. ԾԹ 11):

Արդ, ի՞նչ է նշանակում այս խոսքը. իր այս խոսքով մարգարեն ասել է ուզում, թե՝ «Ո՞վ ինձ կարժանացնի այն մեծ տեսությանը՝ մարդկանց մեջ իջած Աստծուն տեսնելուն»: Սաղմոսերգուի այս խոսքը ապացույցն է Տիրոջ ա՛յն խոսքի, թե՝ «շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան» (Մտթ. ԺԳ 17):

Այնուհետ էլ Դավիթն ասում է. «Նեղության մեջ օգնությո՛ւն ցույց տուր մեզ, Տե՛ր» (Սղմ. ԾԹ 13): Սակայն այս ասելով՝ մենք տեսանելի զորության օգնականությունը չէ, որ խնդրում ենք մեզ համար, և ոչ էլ մարմնական բարեկեցություն ենք աղերսում, ու ոչ՝ մարդկային պատկերացմամբ երևակայվող որևէ այլ օժանդակություն ենք ակնկալում Տիրոջից:

Ո՛չ ունեցվածքի հարստություն, ո՛չ զորություն, ո՛չ մեծապատիվ փառք, որից իշխանությունն է ծնվում, ու ո՛չ նման որևէ բան մենք չենք խնդրում այս սաղմոսերգությամբ, այլ գեթ օգնություն՝ նեղության միջից դուրս գալու համար, որը Տերը շնորհում է նրանց, ովքեր խնդրում են Իրենից: Այսպիսին էր նաև Պողոսը, որը պարծենում էր նաև իր նեղությունների մեջ (հմմտ. Հռոմ. Ե 3):  Այդ պատճառով էլ նա կարողանում էր ասել. «Երբ տկարանում եմ, այն ժամանա՛կ է, որ զորանում եմ» (հմմտ. Կրնթ. ԺԲ 10):

Արդ, սաղմոսերգուն ասում է՝ «նեղութեան մեջ օգնությո՛ւն ցույց տուր մեզ, Տե՛ր», քանի որ նեղությունը համբերություն է առաջ բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում (հմմտ. Հռոմ. Ե 3-5): Տեսնո՞ւմ ես, թե ո՛ւր է քեզ բարձրացնում նեղությունը. դեպի անամաչելի հույսը:

Հիվանդանո՞ւմ ես. բարեմի՛տ եղիր ու հիշի՛ր այն խոսքը, որ «Տերը ում սիրում, նրա՛ն է խրատում» (Եբր. ԺԲ 6): Աղքատանո՞ւմ ես. ուրա՛խ եղիր, որպեսզի Ղազարոսին բաժին հասած բարիքներն ընդունող լինես (հմմտ. Ղուկ. ԺԶ 22): Անպատվվո՞ւմ ես Քրիստոսի անվան համար. ուրեմն երանելի ես դու, քանի որ քեզ վրա հասած նախատինքը փոփոխվելու է հրեշտակային փառքի:

Նաև մենք, եղբայրնե՛ր, գիտենա՛նք փորձության ժամանակ մարդկային հույսին չապավինել ու մարդկանցից օգնություն չսպասել մեզ համար, այլ արտասուքներով, հառաչանքներով ու ջանասեր աղոթքներով, հարատև պահքով ու արթնությամբ պաղատանքներ մատուցենք Աստծուն:

Աստված կօգնի մեզ՝ նեղության մեջ գտնվողներիս, եթե արհամարհենք մարդկային ունայն օգնությունն ու Իրե՛ն ապավինենք, քանի որ Նա է միայն կարող փրկելու մեզ ու հաստատելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հույսով, ում վայելում է փառք և զորություն հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

 

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս Էջմիածին, 2008թ,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

24.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․