Գրքեր

Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրվա քարոզ

«Պատմեցէք ի հեթանոսս զփառս Նորա, զամենայն ժողովուրդս զսքանչելիս Նորա»:

«Հեթանոսների մեջ փա՛ռքը պատմեցեք Նրա, և բոլոր ժողովուրդների մեջ՝ սքանչելագործությունները Նրա» (Սաղմոս 95:3): 

Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրը: Եղիա մարգարեն Սուրբ Գրքում հիշատակվում է իբրև առաքինի, խստահայաց, խստակրոն, արդարամիտ և ճշմարիտ հավատացյալ մարգարե: Եղիա մարգարեն աշխարհի պատմության մեջ Ենովքից հետո երկրորդ անձն է, որ մահ չի տեսել և հրեղեն կառքով բարձրացել է երկինք:

Նրա ապրած ժամանակաշրջանում Իսրայելի Աքաաբ թագավորի և իր օտարերկրացի կնոջ՝ Հեզաբելի ազդեցությամբ հրեաները սկսում են երկրպագություն մատուցել Բահաղ և Աստարտ չաստվածներին: Հրեական կենցաղ է մտնում կռապաշտությունը: Ճշմարիտ Աստծուն թողած՝ նրանք սկսում են պաշտել կուռքերին: Այդ իսկ պատճառով Եղիայի աղոթքով երկինքը երեք տարի անձրև չի տալիս: Երաշտ է սկսվում, սակայն իսրայելացիների սիրտը այդպես էլ չի դառնում դեպի Տերը: Եղիա մարգարեն հավաքում է Բահաղի մարգարեներին, փայտեր շարել տալիս, ողջակիզվող եզը կտրատում ու պահանջում է աղոթել իրենց չաստվածներին, որպեսզի կրակ վառվի: Բնականաբար կրակ վառվել չէր կարող, որովհետև, Սուրբ Երրորդությունից բացի, այլ աստվածներ չկան: Իսկ երբ աղոթելու հերթը հասնում է Եղիային, նա պատվիրում է երեք անգամ իր ողջակեզի վրա ջուր լցնել այնպես, որ ջուրը թափվի զոհասեղանից և լցվի փոսը: Մարգարեի աղոթքով Աստված վառում է այդ փայտերն ու ողջակեզը, և կրակը նույնիսկ կլանում է փոսի հողն ու ջուրը: Մարդիկ ընկնում են երեսնիվայր՝ երկրպագելով Ճշմարիտ Աստծուն: Եղիան Բահաղի մարգարեներին կոտորում է:

Աստված միշտ կարող է նման ձևով Իրեն հայտնել մարդկանց, և մարդիկ կհավատան, որ Աստված կա: Սակայն դա կնշանակի պարտադրել մարդկանց Աստծուն հավատալ: Դրախտում եղած բարու և չարի գիտության ծառը այն բանի ապացույցն էր, որ Աստված մարդկանց ստեղծել է ազատ կամքով: Հավատալու կամ չհավատալու, ընտրելու և չընտրելու, ընդունելու և մերժելու հնարավորությունը մշտապես եղել և մնում է մարդկանց ազատ կամարտահայտության դրսևորումը:

«Աղքատ Ղազարոսի առակում մեծահարուստը Աբրահամին խնդրում է. ««Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես և մարգարեներ, թող նրանց լսեն»: Եվ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ղուկաս 16: 27-31):

Բարձրյալ Աստված, միջամտելով մեր կյանքին, աղոթքներին, բարի և չար գործերին, օրհնում է և պատժում, սակայն երբեք մեզ չի բռնադատում, որ մենք հավատանք Իրեն և Երկնային Արքայությանը՝ նշաններ ցուցադրելով ու հրաշագործություններ կատարելով: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, և սակայն կհավատան» (Հովհաննես 20:29):

Նույն ազատ ընտրությունն է թողած մարդկանց՝ հավատալու կամ չհավատալու Քրիստոսի հարությանը: Հրեաների խստասրտության համար Քրիստոս ասում է. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից. որովհետև, ինչպես Հովնանը նշան եղավ նինվեացիների համար, նույնպես մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար» (Ղուկաս 11:29, 30): Այսինքն՝ Քրիստոսի հարությունը մի անկրկնելի հրաշք է, որը մարդկությանը հերթական անգամ հնարավորություն է տալիս՝ հավատալու կամ չհավատալու Աստծո Միածին Որդու մարդեղությանն ու Աստվածությանը:   

Սիրելինե՛ր, Եղիա մարգարեն նախանձախնդիր էր մաքուր և ճշմարիտ հավատքի, և Նրա խստությունը ինքնանպատակ չէր: Նա չէր ցանկանում հրեա ժողովրդին տեսնել օտարոտի կուռքեր պաշտելիս՝ Ճշմարիտ Աստծուն թողած: Նրա նախատինքներն ու պարսավանքները պարտավորեցնող են, որ մեզանից բոլորից պահանջում են մաքուր պահել մեր հավատքը, քանի որ Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց» (Ա Կորնթ. 6:19): Ինչպես Քրիստոս Երուսաղեմի տաճարից վտարեց աղավնեվաճառներին, լումայափոխներին՝ ասելով. ««Իմ տունը պետք է աղոթքի տուն լինի», իսկ դուք ավազակների որջերի եք վերածել» (Ղուկաս 19: 46), այդպես էլ մեր հոգին, սիրտն ու միտքը պետք է անկեղծ ու անմնացորդ հավատք ունենան առ Աստված՝ տուրք չտալով ոչ մի օտարոտի ու սին գաղափարների ու կուռքերի: Երբ որ մենք հանդուրժող ենք դառնում զանազան ստապատիր ու փուչ երևույթների, մտքերի նկատմամբ, մենք թույլ ենք տալիս, որ դրանք ներխուժեն մեր մեջ և Աստծո ճշմարիտ հավատքին տեղ չտան:

Բոլոր դարերում էլ մարդու ճշմարիտ Աստվածապաշտության հետ մրցակցել են զանազան երևույթներ, ինչպես օրինակ՝ հին դարերում ձուլածո կուռքերը: Այսօր Աստվածապաշտության հակառակ նժարին դրվում են արդեն տարբեր գաղափարախոսություններ, փիլիսոփայական ուղղություններ կամ գիտության նորագույն նվաճումներ, որոնք փորձում են մարդուն համոզել, որ ժամանակավրեպ է այն միտքը, որ Աստված տիեզերքի արարիչն է, և վաղ շրջանի մարդկության՝ անիրազեկ և անգիտակից լինելու պատճառով Աստծուն է վերագրվել տիեզերքի բնականոն ընթացքի ղեկավարումը: 

Եղիա մարգարեի կերպարը ոգեշնչող է թե՛ անհատ հավատացյալի համար և թե՛ քրիստոնեական հանրույթի համար: Ցանկացած հավատացյալ մարդ պետք է իր ներսում ունենա Եղիա մարգարեի հոգին, որպեսզի անհանդուրժող լինի իր սեփական մեղքերի նկատմամբ: Իսկ երկուհազարամյա քրիստոնեական հայ ժողովրդի համար Եղիա մարգարեի խոսքերը մշտապես մնում են խրատական և սթափեցնող: Երբ Աքաաբ թագավորը հարցնում է Եղիա մարգարեին. «Այդ դո՞ւ ես Իսրայելը տակնուվրա անողը»: Եղիան ասում է. «Ես չեմ Իսրայելը տակնուվրա անողը, այլ՝ դու և քո հոր տունը, որ, լքելով ձեր Տեր Աստծուն, գնացել եք Բահաղիմին հարողների հետևից» (Գ Թագավոր. 18:18):

Ուստի՝ եկեք հեռու մնանք քսանմեկերորդ դարի առաջարկած և տարբեր գաղափարների, մեղքերի ու նույնիսկ հաճույքների կերպարանքով ներկայացող կուռքերից, աներկբա հավատանք Աստծո և Երկնային Արքայության գոյությանը և հավատարիմ լինենք քրիստոնեական արժեհամակարգին:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

16.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․