Գրքեր

Սուրբ և փառավորված վկայուհի Պարասկևի վկայաբանությունը

Օրհնյալ է Աստված, որ արարեց երկիրը, ծովերի ջրերը հավաքեց և հաստատեց մի տեղում, արեգակին փայլ տվեց ցերեկվա համար, իսկ լուսնին` գիշերվա: Եվ ամենն ստեղծեց իմաստությամբ: Եվ [շաբաթվա] օրերի թիվը յոթը սահմանեց, որքանում որ հրաշագործել էր ամբողջը: Եվ նախ սկսեց տեսանելի աշխարհի զարդարանքներից, որովհետև առաջին սուրբ օրը ստեղծեց երկինքն ու երկիրը, [բաժանեց] լույսն ու խավարը, գիշերն ու ցերեկը, իսկ երկրորդ օրը հաստատեց և ջրերը մեկտեղեց: Եվ երրորդ օրը զարդարեց բուսականությամբ` ամենայն ծաղիկներով և տունկերով: Չորրորդ օրը լուսատուները հաստատեց` արեգակն ու լուսինը, և արարելով հորինեց երկնքի բոլոր զարդերը: Հինգերորդ օրն ստեղծեց բոլոր ջրայիններին, ինչպես և թռչուններին, որ ճախրում են երկրի վրա, նաև մեծամեծ կետերին և ջրերի բոլոր լողացողներին, նաև բոլոր կենդանիներին` սողուններին, գազաններին և չորքոտանի անասուններին` երկրի վրայի շնչավորներին: Իսկ վեցերորդ օրը, որ սուրբ ուրբաթն է, Տեր Աստված Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց մարդուն: Հող վերցրեց երկրից, ստեղծեց արուին, [ապա] նաև էգին և օրհնեց նրանց ասելով` «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը» (Ծննդ. Ա. 28): Եվ Տեր Աստված Իր բոլոր գործերն ավարտեց վեցերորդ օրը, այսինքն սուրբ ուրբաթին: Այս նույն օրը ավարտեց նաև Իր մարմնավոր ընթացքը, երբ խաչի վրա տարածեց Իր անարատ ձեռքերը, որի համար քավություն է թարգմանվում սուրբ ուրբաթի զորավոր անունը, ինչպես և թարգմանվում է պատերազմի պատրաստություն և հաղթանակ ընդդեմ բանսարկուի և չար դևերի: [Այսպես է], որովհետև Տերն սպառազինվեց և ընկճեց պատերազմողին և հակառակորդ անթիվ զորքերը, միայն Ինքը ճակատ դուրս գալով, հարվածեց Իր մարմնով և խաչով. լարեց խաչն իբրև աղեղ և որպես նետ` ձեռքերի և ոտքերի բևեռներն արձակեց պատերազմող և նախաչար թշնամի սատանայի և ամեն բան կործանող դժոխքի վրա: Աջ ձեռքի բևեռով խփեց բանսարկուի սրտին և սպանեց նրան, իսկ երկրորդ բևեռով խփեց դժոխքի որովայնին և կործանեց այն: Երրորդ բևեռով խփեց մահվանն ու սպանեց նրան: Իսկ երբ տեսան չորրորդ նետի սավառնումը, դևերի զորքերը փախան և կործանվեցին:

Եվ նույն ուրբաթ կոչվող օրն էր, որ մեր Ստեղծչին տեսնելով խաչին բևեռված, թշնամու դեմ մարտնչելիս, բոլոր ստեղծվածները ցնցվեցին և տարերքները սասանվեցին. արեգակը խավարեց, և լուսինն արնաներկ եղավ, և աստղերն ահով երերացին: Այդ օրը տաճարի վարագույրը պատռվեց, վեմերը ճեղքվեցին, և գերեզմանները բացվեցին: Եվ այդ նույն օրը խաչ հանողների [ձեռքով] Տերը քացախ և լեղի խմեց` Ադա մի դառնագույն կերակուրը քաղցրության փոխարկելով: Այդ օրը, երկրի հիմքերը ցնցելով, Տերն իր անբիծ հոգին ավանդեց Իր Հորը: Այդ նույն սուրբ օրը գեղարդը Նրա սուրբ կողը բացեց և երկու աղբյուր հոսեցրեց` արյան և ջրի և մկրտեց Ադամին Եվայի հետ: Նույն սուրբ օրը ամեն բան ավարտեց և պատերազմելով` հաղթեց, վայր տապալեց թշնամուն և մեր Հոր էությունը շնորհեց [մեզ]: Այս սուրբ օրը պետք է պատվեն և պաշտեն բոլոր քրիստոնյաները: Ինչպես խաչի վրա Տերը չարչարվեց, ինչպես խաչի վրա զոհվեց և Իր անարատ արյունը հեղեց և լեղի ու քացախ ըմպեց և կամավոր մահվանը դիմացավ, նույն կերպ այդ սուրբ օրը բոլոր քրիստոնյաները պետք է խորշեն մսեղենից ու գինուց և այդպես պատվեն ու պաշտեն այս օրը:

Օրն այս պատվում և պաշտում էր նաև երանուհի Պոլիտան, որ և հասավ իր ցանկացածին:

Այս երանուհին Հռոմ քաղաքից էր: Եվ հավատարիմ և քրիստոնյա ամուսին ուներ, որի անունն էր Աղղաթանոս: Նա սպարապետ էր և բավականին հարուստ: Ամուսինները հետևում էին Աստծու պատվիրաններին, պահքով և տքնությամբ և անդադար աղոթքներով պատվում էին այս սուրբ օրը և աղաչում էին Աստծուն իրենց զավակ ընծայել, որովհետև ամուլ էին համարվում: Եվ Տերը լսեց նրանց աղոթքները, որպես Սամուել մարգարեի մայր Աննայինը, և նրանց որովայնի պտուղ տվեց: Եվ [երանուհի Պոլիտան] հղանալով էգ երեխա ծնեց` գովական Պարասկևին, առաքինության պատկերին, մեր Փրկիչ Հիսուսին նմանվողին, հրեշտակների խոսակցին: Եվ նրան ունեցան Քրիստոսի օրերին, այսինքն Տիրոջ չարչարանքների և խաչելության Ավագ Ուրբաթ օրը, և մեծ ուրախությամբ լցված` Աստծուն փառք տվեցին:

Եվ երբ մանուկն ութօրական դարձավ, մայրը մտածում էր, թե ինչ դնի նրա անունը: Եվ գիշերային տեսիլքի մեջ նրա մոտ եկավ Տիրոջ հրեշտակն ու կանչեց. «Պոլիտիա՛»: Եվ նա ասաց. «Ի՜նչ, Տե՛ր»: Եվ հրեշտակն ասաց. «[…] նրան Պարասկևի կկոչես, որ ուրբաթ է թարգմանվում, որովհետև նա մերձ կլինի Տիրոջը, և նրա շնորհիվ շատերը դարձի կգան»: Եվ երանուհի Պոլիտիան զարթնեց քնից և հասկացավ, որ հայտնությունն Աստծուց է և ցնծությամբ լցվեց: Եվ դստերը քահանայի մոտ տանելով` մկրտեց և Պարասկևի անվանեց` ինչպես լսել էր հրեշտակի հատնության ժամանակ: Եվ այն օրվանից մանկիկն աճում և զարգանում էր, և Աստծու շնորհն իր վրա էր: Եվ նրա մայրը հրեշտակի խոսքով և երեխայի անվանը համապատասխան, մինչև երեկո պահում էր ուրբաթը` ո՛չ հաց ճաշակում, ո՛չ ջուր, այլ ուրբաթ օրերն անց էր կացնում պահքով և աղոթքներով: Ուրբաթ օրերը նաև մանկանը կուրծք չէր տալիս, այլ բավականանում էր աղքատների կարիքները հոգալով` կերակրում էր քաղցյալներին, ըմպեցնում ծարավներին, զգեստավորում մերկերին. և Քրիստոսի բոլոր պատվիրանները կատարում էր ուրբաթ օրերը: Եվ նույնիսկ երեխայի անվամբ տաճար կառուցեց ի փառս Աստծու:

Իսկ երբ երեխան տասը տարեկան դարձավ, ուղղում էր դեպի բոլոր բարի առաքինությունները` պահք, տքնություն և անդադար աղոթք, սիրով և ողորմությամբ էր մոտենում բոլորին, մշտապես փութում էր դեպի սուրբ […]1 ընդհանրապես պարարտ կերակուրներից: Եվ ինքը դեռ տասներկու տարեկան չկար, ծնողներն այս առժամանակյա կյանքից փոխադրվեցին` իրենք ևս արժանանալով Աստծու փառքերին: Իսկ ծնողներից որբացած երեխան նրանց ամբողջ ինչքը բաշխեց կարոտյալներին և նվիրվեց պահքի, հսկման, աղոթքով ժուժկալելու ճգնությանը, իր բարի գործերով զարմացնելով բոլորին, որովհետև Սուրբ Հոգին էր վարժել նրան, որի շնորհիվ գնաց Երուսաղեմ, երկրպագեց բոլոր սուրբ տեղերը և վերադարձավ իր հայրենիքը` անպակաս մնալով ճգնությունից: Դրանից հետո Աստված նրան նաև շնորհ տվեց, որ բժշկի բոլոր ցավերն ու հիվանդությունները, որ և իր աղոթքներով բազում խուլերի լսելու կարողություն տվեց, կույրերին` տեսնելու, կաղերին` գնալու, համրերին` խոսելու: Եվ շատ դիվահարների բժշկեց, բազում անդամալույծների առողջացրեց և մեռյալների կենդանացրեց: Եվ թագավորական քաղաքում մեկը կար, որ մոր որովայնից աջ ոտքը չորացած էր. նաև նրան առողջացրեց և քայլելու կարողություն տվեց: Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ գավառով մեկ: Եվ բոլոր ցավով բռնվածները գալիս էին նրա մոտ, և ինչ հիվանդությամբ էլ տառապեին եկողները, նա իր աղոթքներով և Քրիստոսի անվամբ բժշկում էր: Եվ Հռոմը լցվեց նրա հրաշագործությունների և բժշկությունների մասին [շշուկներով], և բոլորը փառավորում էին Աստծուն, իսկ հելլենացիներից շատերը, որ տեսնում էին նրա սքանչելիքները, դարձի էին գալիս և մկրտվում Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:

Եվ [անգամ] այս ամենից հետո ինքն իրեն ասում էր. «Եթե մարմինս չարչարանքի չմատնեմ և չմարտիրոսվեմ Քրիստոսի համար, իմ Քրիստոսից պսակ չեմ ստանա»: Եվ սա Անտոնինոս արքայի ժամանակներում էր: Եվ սուրբը գնաց հրեաների գյուղերը և բարձրաձայն քարոզում էր ճշմարիտ Աստված Քրիստոսին, և գոչում էր. «Քրիստոնյա՛ եմ, քրիստոնյա՛»: Իսկ հրեաների և հեթանոսների ամբոխը դուրս եկավ, բռնեցին նրան և կանգնեցրին դատավորի առաջ և ասացին. «Մոգ է և կամենում է մեր աստվածների պաշտամունքից ետ դարձնել»: Եվ այդ օրերում Հռոմում թագավորեց ամբարիշտ Անտոնինոսը` չարաչար և սատանայական խորամանկությամբ բռնված. զոհ էր մատուցում և պաշտում էր կուռքերին և մեծ հալածանքներ սկսեց քրիստոնյաների դեմ և նրանց դեմ գազազելով` ատամներն էր կրճտացնում: Լսեց նաև երանուհի Պարասկևիի բարի համբավի և սքանչելիքների մասին, թե Քրիստոսի անվամբ բժշկություն է կատարում: Եվ ցասմամբ լեցուն` սպասավորներին ուղարկեց, հրամայելով. «Գնացե՛ք, մոտս բերե՛ք այն մոգին, մեր աստվածներին անարգողին»: Եվ նրանք գնացին, բռնեցին նրան և բերեցին թագավորի մոտ: Եվ նրան տեսնելով` թագավորն ասաց. «Ո՞րտեղից ես և ի՞նչ է քո անունը և ի՞նչ կրոնի ես»: Իսկ սրբուհին ասաց. «Եթե կամենում ես իմանալ, լսի՛ր, թագավո՛ր. այս Հռոմ քաղաքից եմ, և անունս Պարասկևի է, մեծատուն և քրիստոնյա ծնողների զավակ եմ, և նրանց նույն պաշտամունքն ունեմ»: Թագավորը հարցրեց. «Ո՞ր աստծուն ես պաշտում»: Սրբուհին պատասխանեց. «Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. մանուկ հասակից սովորեցի երկրպագել և հավատալ երեքի միասնական աստվածությանը, որի շնորհիվ եղան բոլոր երևացողներն ու աներևույթները, և որն ուղղորդելով առաջնորդում է ամենը»: Թագավորն ասաց. «Դադարեցրո՛ւ այդ բարբաջանքդ, զոհ մատուցի՛ր աստվածներին, որոնց ես եմ պաշտում, որովհետև տեսնում եմ` գեղեցիկ և վայելուչ ես, և, ինչպես իմացանք, ազնվական ես ծագմամբ: Եթե ինձ լսես, [երդվում եմ] մշտահաղթ աստվածներով, քեզ պալատ կտանեմ, և կպսակվես որդուս հետ»: Եվ սրբուհին հարցրեց. «Ո՞ր աստվածներին ես պահանջում զոհ մատուցել. քարեղեն և փայտեղեն անշունչ կուռքերի՞ն, որոնց մասին մարգարեն ասում է. «Բերան ունեն, բայց չեն խոսում, աչք ունեն, բայց չեն տեսնում, ականջ ունեն, բայց չեն լսում, քիթ ունեն, բայց չեն հոտոտում, ձեռք ունեն, բայց չեն շոշափում, ոտքեր ունեն, սակայն չեն գնում. դրանց նման կլինեն դրանց ստեղծողները և բոլոր նրանք, որ դրանց են հուսացել» (Սաղմ. ՃԺԳ. 5-8),-որովհետև, ո՛վ թագավոր, աստվածներ չեն, ինչպես ասում ես, այլ մարդկանց ձեռքերի գործեր և դևերի բնակարաններ: Իսկ ես սպասավորն եմ կենդանի և ճշմարիտ Աստծու, ամենայնի Արարչի, և հարսնացել եմ Նրա Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որին չճանաչելով` դու դևերին ես զոհ մատուցում»: Թագավորն ասաց. «Խնայի՛ր մարմինդ, զո՛հ մատուցիր աստվածներին` Ապոլոնին և Հերակլեսին և Արտեմիս մեծ աստծուն, և կպսակվես որդուս հետ: Իսկ եթե մնաս նույն համառությանը, դառն տանջանքների կմատնեմ քեզ և կստիպեմ ուրանալ Աստծուն, որի մասին խոսում ես»: Իսկ սրբուհին պատասխանեց. «Բարի՛ն ատող շուն, քո տանջանքների համար իմ Քրիստոսին ուրանա՞մ: Նզովյալ ես դու քո աստվածների հետ, նաև քո որդին ու [քո խոստացած] պսակը»:

Այս լսելով` թագավորը խիստ բարկացավ և երեսը թեքելով` ասաց սպասավորին. «Սաղավարտ ջեռուցեք և դրեք նրա գլխին, որ անմիջապես սատկի»: Վկայուհին ասաց. «Ո՛չ քեզնից եմ վախենում, և ո՛չ չարչարանքի քո գործիքները կարող են վնասել ինձ»: Եվ սպասավորները կատարեցին հրամայվածը և [սաղավարտը] դրեցին նրա գլխին: Սակայն սրբուհին անվնաս մնաց, բոլորովին անվնաս: Եվ թագավորը հրամայեց կտրել նրա ստինքներն ու այդպես բանտ նետել, և բանտում նրան [հորիզոնական] պարզել և տարածել չորս վերջույթները և տախտակին մեխել ձեռքերն ու ոտքերը և լանջերին դնել ամենամեծ վեմը, որ քառասուն հոգի է բարձրացնում, և այդ պես թողնել երկու օր, որպեսզի այդպես կտոր-կտոր լինի: Եվ սպասավորներն արեցին այնպես, ինչպես հրամայել էր թագավորը, իսկ սրբուհին վեմի տակից աղոթում և ասում էր. «Տե՛ր, դատի՛ր ինձ դատողներին, մարտնչի՛ր իմ դեմ մարտնչողների հետ, զե՛նք և ասպար վերցրու, արի՛ ինձ օգնության, որպեսզի հպարտանամ, որ Քեզնից ընդունեցի հաղթանակն ու Քո հավիտենական Թագավորությունը, զորությունը և փառքը»: Եվ երբ սրբուհին սա ասաց, իսկույն ուժգին հողմ և մրրիկ փչեց, և նրա վրայի վեմը քշեց, և Աստծու վկան ելավ անվնաս, առանց մի սպիի մարմնի վրա, և բարձրանալով` ինքնուրույն կանգնեց: Իսկ զինվորները, որ նրա մոտ էին, կատարվածը տեսնելով, սկսեցին բարձրաձայն գոչել. «Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, որ սքանչելիքներ ես կատարում»: Եվ դիմելով սրբուհուն` ասացին. «Քո Աստված մեծ է: Մենք նույնպես հավատում ենք Նրան և աղաչում ենք քեզ, Քրիստոսի աղախին, անհիշաչա՛ր եղիր մեր նկատմամբ, մի՛ հիշիր չարչարանքները, որոնց ենթարկեցինք, այլ մեզ մատուցի՛ր Քրիստոսին»: Եվ սրբուհին նրանց վրա Խաչի նշանն արեց և ասաց. «Սրանք օծվեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ահա Քրիստոս ընդունեց ձեզ»: Եվ իմանալով կատարվածը` թագա վորը [մարդիկ] ուղարկեց, բերեց կանգնեցրեց նրան իր առջև և ասաց. «Քեզ չասացի՞, որ ծանր տանջանքների կենթարկեմ, որոնց չես դիմանա»: Եվ սրբուհին պատասխանեց. «Իսկ ես չասացի՞, որ իմ Աստծուն եմ հուսացել և չեմ երկնչում քո սպառնալիքներից, անմաքո՛ւր շուն»: Եվ թագավորը, ցասումով լի, հրամայեց ձեթով լեցուն մի կաթսա բերել և մեջը կապար լցնել ու եռացնել, մինչև կապարը հալչի: Եվ երբ կաթսան դարձավ հրաշեկ, և կապարը հալվեց, հրամայեց սրբուհուն կաթսայի մեջ գցել: Եվ բորբոք բոցից կաթսան եռում և աղմկում էր, իսկ կապարի ցնդելու պատճառով զինվորները չէին կարողանում մոտենալ, այլ հեռվում կանգնած էին նայում: Եվ սրբուհուն գցեցին կաթսայի մեջ, և վկան, աղոթելով, այնտեղ մնաց գիշեր և ցերեկ, որովհետև կամենում էին, որ նրանից անգամ ոսկոր չմնա և ավելի ու ավելի էին բորբոքում հուրը: Եվ վեց օր անց թագավորը զինվորներին հրամայեց գնալ-տեսնել, թե մարել է հուրը, և եթե մնացած լինեն, հավաքել ոսկորները և բերել իր մոտ, որպեսզի քրիստոնյաները չվերցնեն և պահեն իբրև նշխար: Երբ զինվորները գնացին այնտեղ և բացում էին կաթսան, սաստիկ որոտում եղավ, որից սարսափելով` ամբոխը մի մղոն հեռու փախավ: Եվ տեսան սրբուհուն, որ կաթսայում նստել էր` ասես բուրաստանում լիներ և փայլում էր որպես աստղ և ինչպես արեգակի շող: Եվ ձեռքին բռնել էր մի ոսկյա բաժակ` լի կաթով և մեղրով, նաև հաց և կերակուր: Եվ ասացին նրան. «Իսկապես մեծ է քո Աստված: Ահա մենք ևս հավատում ենք, որ միայն Նա է Աստված, և նրանից բացի ուրիշը չկա»: Վկայուհին ասաց. «Գնացե՛ք, պատմեցե՛ք թագավորին, ինչ որ տեսաք»: Եվ նրանք գնալով` պատմեցին: Այս լսելով` թագավորը ելավ-գնաց տեսնելու` արդյոք ինչ ասում են` ճշմարիտ է: Եվ երբ գնաց և տեսավ նրան կաթսայի մեջ փայլելիս, բարկացավ սպասավորների վրա և ասաց. «Ո՜վ չար ծառաներ, երբեք չհանգստացրեցիք անձն իմ, չարեցիք այնպես, ինչպես հրամայել էի. կապարը պետք է հալված լիներ»: Ապա ասաց սրբուհուն. «Մի քիչ շա՛ղ տուր, որ իմանամ թե կապարը տաք է»: Իսկ սուրբ կույսը պատասխանեց. «Մոտեցի՛ր ինձ և կիմանաս»: Եվ երբ մոտեցավ, սուրբը ձեռքով վերցրեց եռացած կապարից և շաղ տվեց թագավորի դեմքին: Եվ անմիջապես աչքը կուրացավ, և դեմքը փոս ընկավ, և ցավագին գոչում և ասում էր. «Ողորմի՛ր ինձ, ճշմարիտ Աստված Քրիստոսի աղախին, անսպառ լույսի ճշմարտության ճրագ. մի՛ հիշիր քեզ հասած տանջանքները, չարիքները, որ գործեցի քո հանդեպ, այլ անհիշաչար եղիր իմ նկատմամբ. վերականգնի՛ր տեսողությունս և կհավատամ քո Աստծուն»: Եվ սրբուհին պատասխանեց. «Եղկելի՛, ո՛չ թե քո հավատալու համար, այլ որպեսզի հավատան շրջակայքում կանգնածները. կաղոթեմ Աստծուն, և Նա կարող է անել այդ»: Եվ սկսեց աղոթել այսպես. «Աստվա՛ծ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, որ արարողն ու պարգևողն ես աներևույթ և երևացող լույսի, որ կամենում ես, որ ամեն մարդ ապրի և ճշմարտության գիտությանը գա: Մի՛ անտեսիր աղաչանքները Քո աղախնի, այլ լսի՛ր ինձ և թագավորին լույսը տեսնելու կարողություն շնորհի՛ր, որպես նախկինում էր, և [ապաքինի՛ր] դեմքը, որպեսզի նա ևս հավատա, որ Դու ես ամենազոր Աստվածը»: Այս աղոթքն ասաց և արցունքները հողին խառնելով` ձեռքում կավ սարքեց և ցողեց թագավորի վրա: Եվ նրա դեմքն անմիջապես ուղղվեց, և աչքերի լույսն ավելի էր, քան առաջ: Եվ Աստծու մարդասիրությունն իր վրա հեղված տեսնելով` թագավորը գոչեց և ասաց. «Մեծ է քրիստոնյաների Աստված, որին քարոզում ես»,- և անմիջապես դիմեց կրակի կողմը, ուր սրբուհին էր: Եվ վկայուհին պարզեց ձեռքերն ու բռնվեց, և հուրը բնավ չմոտեցավ թագավորին: Եվ սրբուհու ձեռքից բռնելով` հանեց նրան կաթսայից: Եվ թագավորն ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Ողորմի՛ր ինձ, Քրիստոսի՛ աղախին, և վրաս դրոշմի՛ր Քրիստոսի կնիքը»:

Եվ ամբողջ քաղաքը, որ եկել էր սքանչելիքները տեսնելու, բարձրաձայն գոչում և ասում էր. «Մեծ է քրիստոնյաների Աստված, որ սքանչելիքներ է գործում, և որ մոտենալով հեռացրեց թագավորին կուռքերի պաշտամունքից: Եվ մենք բոլորս հավատում ենք ճշմարիտ Աստծուն»: Եվ սրբուհին, տեսնելով թագավորի դարձը, կանչեց քաղաքի եպիսկոպոսին և մկրտեց թագավորին և շատ քաղաքաբնակների, և այն օրը բազում մարդիկ ավելացան Աստծու մոտ:

Եվ տեսնելով, որ Աստծուն հաճո է, սրբուհին դուրս եկավ քաղաքից և գնաց մի ուրիշ քաղաք, ուր թագավորում էր ոմն Անթիմոս` խիստ դաժան և տմարդի: Եվ երբ այն քաղաքում տարածվեց սրբուհու կատարած բարի գործերի համբավը և հասավ Անթիմոս թագավորի ականջին, նա [մարդիկ] ուղարկեց և սրբին բերեց, կանգնեցրեց իր առջև: Եվ երբ տեսավ նրա գեղեցկությունը, հարցրեց սրբի անունը և ճիշտն իմանալով` ասաց նրան. «Ո՞ր աստծուն ես պաշտում. լսել եմ` նշաններ և սքանչելիքներ ես գործում»: Սրբուհին ասաց նրան. «Մեծ, ճշմարիտ և հզոր Աստծուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին եմ պաշտում, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և նրա միջի բոլոր արարածներին»: Թագավորն ասաց. «Տեսնում եմ քեզ գեղեցկությամբ և վայելչությամբ զարդարուն, և գութս շարժվում է: Սակայն մեծ Աստծու մասին քո օտարոտի և ըմբոստ խոսքերը լսելով` բարկանում եմ: Բայց եթե լսես ինձ և զոհ մատուցես աստվածներին, որոնց պաշտում եմ, [կարժանանաս] նրանց փրկությանը, որովհետև կհարսնացնեմ որդուս հետ և բազում ոսկի և արծաթ կտամ»: Սրբուհին ասաց. «Անշունչ կուռքերին և դևերի բագիններին զոհ մատուցել չեմ սովորել: Ինչո՞ւ ես կամենում, որ թողնեմ հրաշագործողին և մոտենամ բոլորին կործանող Ապոլոնին, կամ թողնեմ Տիրոջ անբիծ մորը` Մարիամ Աստվածածնին, և երկրպագեմ դևերի տիրուհի Արտեմիսին. նրանց պաշտողները` նրանց հետ կկորչեն, իսկ ես նզովք եմ համարում և՛ քեզ, և՛ դրանց, և՛ քո որդու պսակը»: Եվ ցասմամբ լցվելով` թագավորն ասաց. «Քեզ տանջանքների չեմ ենթարկի, ինչպես քեզ թվում է, որովհետև չարչարանքդ տեսնելով` կխղճամ, այլ քեզ օձերի և վիշապների կերակուր կդարձնեմ, որ քո պաշտած Աստված ևս չազատի քեզ»:

Եվ հրամայեց նրան նետել մի վիհի մեջ, ուր չար գազաններ էին բնակվում, նաև օձեր ու մի ահավոր վիշապ, որ վերջ էին տալիս [իրենց մոտ ընկնողների] կյանքին: Եվ այնտեղ էին գցում բոլոր նրանց, ում վրա բարկանում էր թագավորը, մանավանդ քրիստոնյաներին, որոնց ուզում էր կործանել: Եվ կապկպված սրբուհուն սպասավորները տարան և վիհը նետեցին, իսկ իրենք դրսում կանգնած նայում էին, թե ինչպես է կործանվելու: Եվ չար վիշապը, որ այնտեղ բույն էր դրել, ըստ իր սովորության, ինչպես որ կործանում էր բոլորին, ուղղվելով գալիս էր դեպի սրբուհին: Եվ դժնի և ահավոր տեսքով այդ պիղծն անասելի մեծ էր, բոլոր մասերով ամեհի, և նրա բերանն ասես մի խորին ջրհոր լիներ, իսկ ժանիքները թզաչափ էին: Սակայն սուրբ վկայուհին խաչակնքեց, [օգնության] կանչեց Քրիստոսին և անմիջապես չորացրեց վիշապին: Եվ բարձրանալով նրա վրա` ոտքերով կոխկրտում էր, իսկ վիշապը կափկափում էր ատամներն ու ցնցվում: Եվ չար ոգին, որ բույն էր դրել վիշապի մեջ, մարդկային ձայնով գոչեց և ասաց. «Վ՜այ ինձ, նվաստիս, որ երեսուն տարեկան և ութ ամսական մի նուրբ աղջկանից հաղթվեցի և հիմա հալածվում եմ այստեղից. ես, որ հաղթում էի բյուրավոր տղամարդկանց»: Իսկ զինվորները, տեսնելով սքանչելիքը, որ վիշապը ծառայի պես դողում էր և ոչինչ չէր կարողանում անել, գնացին-պատմեցին թագավորին: Այդ լսելով` թագավորը դուրս եկավ քաղաքից, որ տեսնի կատարվածը: Եվ երբ թագավորն ու ամբողջ քաղաքը վիշապին սատկած տեսան, իսկ աղջկան նրա վրա քայլելիս, զարմացան: Եվ երկու հարյուր վաթսունչորս հոգի` տղամարդ, կին և երեխա, հավատքի եկան և բարձրաձայն գոչում էին. «Ճշմարիտ […]2 սուրբ կույս Պարասկևի, աղաչում ենք քեզ. մենք ևս հավատում ենք Նրան»: Եվ թագավորն ընկավ սրբուհու ոտքերն ու խնդրում էր, որ Քրիստոսի կնիքը դրոշմի իր վրա:

Եվ սրբուհին Հռոմ քաղաքից կանչեց երկյուղած քահանաներին ու սարկավագներին և մկրտեց թագավորին ու քաղաքի ողջ բնակչությանը և նրանց մոտ մնալով մեկ տարի` սովորեցրեց նրանց ճշմարիտ խոսքը և բազում սքանչելիքներ կատարեց այնտեղ: Եվ Քրիստոսի աղախին սուրբ Պարասկևին, տեսնելով, որ հաճո է Տիրոջը, գնաց մի այլ քաղաք, որ Երմուպոլիս էր կոչվում: Եվ երրորդ անգամ [չար] թագավորի հանդիպեց, որի անունն էր Ասկլեպիոս: Եվ մինչ քարոզում էր, [թագավորը] հրամայեց փնտրել և բռնել նրան: [Եվ երբ բերեցին], հարցրեց. «Ո՞րտեղից ես, կամ ո՞ր գավառից և ո՞ւր ես գնում»: Սրբուհին ասաց նրան. «Ո՛վ բռնակալ, խավարյա՛լդ սատանայի, ո՞վ է քեզ Աստծու ծառային հարցաքննելու իշխանություն տվել»: Երբ բռնակալն այս լսեց, խիստ զայրացավ և երեսը գունափոխվեց, և կրճտացնում էր ատամները և սպառնալով Աստծու աղախնին` ասաց ամբոխին. «Մի մեծ կաթսա կանգնեցրեք և բերեք նավթ, ձյութ, մանր ճյուղեր և կապար: [Ամբողջն] իրար խառնելով` նրան մեջը գցեք և վառեցեք յոթ օր. չարժե նրան թեթև տանջանքներով սպանել»: Եվ երբ սրբուհին ընկավ […]3 «…Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև Քեզ հուսաց անձն իմ»: Եվ աղոթքից հետո կաթսան ճեղքվեց և չորս մասի բաժանվեց: Եվ հրկեզ սպանվեցին կաթսայի շուրջը կանգնածները, բացի Ասկլեպիոսից և երկու դահիճներից: Եվ նստած [թագավորը] դառնապես լալիս էր և ասում. «Վա՜յ ինձ, ի՞նչ արեցի, պարտվեցի մի կնոջից, որ կախարդ է, և որին չվնասեցին իմ բոլոր տանջանքները»: Եվ հրամայեց դահիճներին կույսին բաց թողնել:

Իսկ սրբուհին որոշեց վերադառնալ իր հայրենի Հռոմը, որովհետև ինքն իրեն մտածում էր. «Եթե սրով չսպանվեմ, նահատակության կատարյալ պսակ չեմ հյուսի»: Եվ սուրբ վկայուհին վերադարձավ Հռոմ:

Վախճանվել էր Անթիմոս թագավորը, որ լուսավորվել էր սրբի կողմից և հավատացել Քրիստոսին: Եվ իշխում էր Տարասիոս անվամբ մի ուրիշ թագավոր, որ ամբարիշտ էր, ատելի և կռապաշտ: Եվ մեծ հալածանքներ էր սկսել քրիստոնյաների դեմ: Եվ լսեց Պարասկևի սրբուհու մասին, թե սքանչելիքներ է գործում, և [մարդիկ] ուղարկելով` բերեց-կանգնեցրեց իր և իր մեծամեծների առջև: Եվ երբ սրբուհին եկավ, թագավորն ասաց իր մեծամեծներին. «Ճանաչե՛ք այս կախարդին, որ շատերին ապստամբեցրեց աստվածների դեմ: Շատ բաներ եմ լսել սրա մասին, և բարկանալով` աստվածները դրան իմ ձեռքը մատնեցին»:

Եվ դառնալով վկայուհուն` ասաց. «Լսել եմ քո մասին, որ բազում սքանչելիքներ ես կատարել: Այժմ պատմի՛ր մեզ` ի՞նչ պաշտամունքի ես, կամ ո՞վ է քեզ սովորեցրել այդ կախարդությունը»: Սրբուհին պատասխանեց. «Քրիստոնեական պաշտամունքին եմ: Կախարդություն, ինչպես դու ես ասում, չեմ սովորել: Ես աղոթում եմ կենդանի Աստծու Որդուն` իմ Տեր Հիսուս Քրիստոսին, և Նա շնորհում է ինձ, ինչ որ խնդրեմ Նրանից: Եվ դու, թագավո՛ր, լսի՛ր ինձ, հավատա՛ Նրան և կստանաս հավիտենական թագավորությունը, որովհետև թագավորները Նրա միջոցով են թագավորում»: Թագավորն ասաց. «Պարասկևի՛, դու Աստված ես խոստովանում [Նրան], որ հրեաները խաչեցին և քացախ ու լեղի խմեցրին: [Նրան], երգիծելով պսակեցին փշով և եղեգն դրեցին ձեռքին, ներկայացնում ես իբրև Աստված: [Նրան], որ մեռավ խաչի վրա, և Իրեն մեռած տեսան, և գեղարդով կողը բացեցին. Նրան դու Աստված ես տեսնում և զոհ չես մատուցում կենդանի աստվածներին` Ապոլոնին և Հերակլեսին և Արտեմիս մեծ աստվածուհուն»: Սրբուհին պատասխանեց. «Խաբում ես, թագավո՛ր, որովհետև քո աստվածները մարդկանց ձեռքերի գործեր են և դևերի բնակարաններ` կանգնեցված մարդկանց մոլորեցնելու համար: Իսկ Նա, ում խաչյալ և մեռյալ ես անվանում, կենդանի Աստծու Որդին է և ճշմարիտ Աստված: Եվ Իր մարդասիրությամբ կամավոր համբերեց չարչարանքին և գամվեց խաչին և մահը ճաշակեց, որպեսզի մեզ անմահացնի: Եվ [չարչարանքները] կրեց որպես մարդ, իսկ Իր զորությամբ և կարողությամբ մահը խափանեց, և որպես Աստված` դժոխքն ավերեց, ընկածներին բարձրացրեց և շավիղ բացեց դեպի երկնքի արքայություն»: Թագավորն ասաց նրան. «Ափսոսում եմ արեգակնակերպ գեղեցկությունդ մատնել այն տանջանքներին, որ մտածել եմ, և որոնց չես կարող դիմանալ, եթե չհամաձայնես և զոհ չմատուցես աստվածներին»: Սրբուհին պատասխանեց. «Մի՛ ափսոսա մարմինս, որ ժամանակավոր է և արևագալին թառամելու է. արա՛ ինչ կամենում ես, որովհետև ես մարմինս չեմ խնայում հոգուս համար, ինչպես և չես կարող քո տանջանքներով ինձ բաժանել իմ Քրիստոսից»:

Եվ թագավորը հրամայեց նրան գցել մի չոր փոսի մեջ, ուր բազում սողուններ էին բնակվում, որպեսզի դրանք կործանեն սրբին: Սրբուհին ասաց դահիճներին. «Մի փոքր սպասեցե՛ք, որ աղոթեմ իմ Աստծուն»: Եվ ձեռքերը երկինք պարզելով աղոթեց Աստծուն և ասաց. «Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը, երբ աղոթում եմ առ Քեզ և Քո սուրբ տաճարին եմ հառում ձեռքերս: Մի՛ անտեսիր Քո աղախնի աղաչանքները. այս փոսը հարթ գետնի վերածի՛ր, որ Քեզ հուսացողի մարմինը գազանների կեր չդառնա, և տեսնելով` շատերը հավատան Քո սուրբ անվանը»: Եվ այնտեղ անմիջապես գետինը սաստիկ ցնցվեց և փոսը ծածկվեց, և սողունները, որ բնակություն էին հաստատել այնտեղ, սատկեցին, իսկ դևերի բազմությունը բարձր ոռնոցով փախավ` հալածվելով հրեշտակների զորքերից:

Եվ երբ դահիճներն ու դիտելու եկած ամբոխը տեսան հրաշափառ սքանչելիքը, սկսեցին բարձրաձայն գոչելով ասել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ Իր աղախնի կողմից այսպես քարոզվում է, և չկա ուրիշ Աստված Նրանից բացի»: Իսկ թագավորը, ամբոխին խռովված և երկու մասի բաժանված տեսնելով, երկնչեց, թե միգուցե կամենան վնասել իրեն: Եվ կանչեց իր սինկղիտոսներին և ասաց նրանց. «Ի՞նչ անենք այս կախարդին, որի վրա զորություն չունենք»: Եվ նրանք պատասխանեցին. «Տանջանքներով ի զորու չենք լինի նրան վնասել: Եթե սրով չսպանենք, ամբողջ քաղաքը կմտափոխվի և կհեռանա աստվածներից»: Եվ նրանց հետ համաձայնելով` թագավորը հրամայեց սրով հատել սրբի գլուխը:

Եվ սրբուհուն վերցնելով` դահիճները տարան այն տեղը, ուր պիտի մարտիրոսվեր: Վկայուհին ասաց դահիճներին. «Մի փոքր համբերեցե՛ք, որ աղոթեմ իմ Տիրոջը»: Եվ նրանք ասացին. «Աղոթի՛ր, ինչպես կամենում ես»:

Եվ սրբուհին ծնկի իջավ և սկսեց աղոթել. «Հայրերի՛ Աստված, Հա՛յր ամենակալ, արարի՛չ և հրաշագործող ամենայնի, որ Քո Որդի Հիսուս Քրիստոսի Հայրն ես, լսի՛ր ինձ` Քո անարժան աղախնիս. ով իմ անունը տա` վտանգի մեջ կամ ատյանում, տրտմության մեջ կամ պիղծ դևերից նեղված, թո՛ղ բժշկվի իր ցավերից և [այլևս] խեղ կամ հաշմանդամ չլինի: Եվ թո՛ղ չամաչեն Քո ահազդու բեմի առջև, այլ երկնային արքայության ժառանգորդ լինեն նրանք, ովքեր սրբությամբ և պահքով պատվեն իմ ուրբաթ օրը, ինչը պատվիրեց Քո միածին Որդին` մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ այդ օրը խաչվեց, ինչպես և Նրա կողը գեղարդով բացվեց: Եվ ով սրբությամբ պահի իմ օրը, կամ տաճար գնա, թո՛ղ նրան չմերձենան բանսարկուի փորձությունները, փրկի՛ր բոլորին այդ նեղությունից: Եվ եթե մեկը, նեղվելով դիվական-անմաքուր ոգիներից, հիշի ինձ, ազատի՛ր նրան այդ վտանգից: Եվ ովքեր կատարեն իմ մարտիրոսության հիշատակը և իմ վկայաբանական ճգնությունը գրեն, նրանց շնորհի՛ր իրենց խնդրածները և թո՛ղ դիվական ներգործությունները չմերձենան նրանց բնակարաններին: Լսի՛ր ինձ, ի՛մ Տեր Աստված, առավել [տո՛ւր] նրանց, ովքեր պահում են սուրբ ուրբաթը, երբ խաչվեց Քո Որդին. ազատի՛ր նրանց բոլոր ախտածին ցավերից և չարի ազդեցությունից: Եվ ովքեր հավատով կատարեն իմ հիշատակը, նրանց ցորենի, գինու և ձեթի օրհնություն տո՛ւր և ջնջի՛ր նրանց մեղքերը: Եվ իմ հոգին, Տե՛ր, ընդունի՛ր խաղաղությամբ»:

Եվ երբ այս ասաց, երկնքից ձայն լսվեց, որ ասաց նրան. «Քո աղոթքները լսելի եղան, պատվակա՛ն կույս Պարասկևի: Զորացի՛ր, արի՛ Ինձ մոտ և ընդունի՛ր հավիտենական բարիքները: Ինչ որ խնդրեցիր` կշնորհեմ քեզ: Իսկ ովքեր [օգնության] կանչեն քեզ, նրանց խնդրածի հարյուրապատիկը կտամ»:

Այնժամ [Պարասկևին] ասաց դահիճներին. «Եկե՛ք, ի կատար ածեցե՛ք ձեզ հրամայվածը»: Եվ պարանոցը պարզեց, և հատեցին սրբուհու գլուխը: Եվ նրա ամենամաքուր հոգին վերցնելով` հրեշտակները երկնքում մատուցեցին Աստծուն: Իսկ նրա պատվական նշխարները վերցրեցին Թեոտիմոս և Տիմոթեոս անվանյալ մարդիկ և օծելով մոմեղենով, խնկով և մեռոնով` մաքուր կտավով տապանակի մեջ դրեցին և տեղավորեցին գետնափոր գերեզմանում: Եվ նրա նշխարները բժշկում են նրանց, ովքեր մինչ օրս հավատով հայցում են, որ և այն ժամանակ նրա նշխարներից եղած սքանչելիքներով Քրիստոսին հավատաց ինը հարյուր իննսունինը հոգի, չհաշված կանանց և երեխաներին:

Քրիստոսի սրբուհի վկա Պարսակևին մարտիրոսվեց երեք թագավորների` Անտոնիոսի, Անթիմոսի և Տարասիոսի [ժամանակ], որ և ոմանք ասում են Ասկղեպիոսի [օրերում], հոկտեմբեր ամսի տասնչորսին, իսկ մեզ` քրիստոնյաներիս համար` մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ, որին փառք և կարողություն. հավիտյանս հավիտենից:

 

1 Գրքի ծանոթագրությունը` «Պակասէ տող մի»:

2 Գրքի ծանոթագրությունը` «Պակասէ տող մի»:

3 Գրքի ծանոթագրությամբ երեք տող պակաս է:

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

06.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․