Գրքեր

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

«Հովիւ քաջ բանաւոր հոտի Տէր Ս. Գրիգոր, հաստատեցեր

զհիմունս Եկեղեցւոյ ի Հայաստան երկրի ի վերայ հիման  

սուրբ առաքելոց... հաստատեա զանձինս մեր հաւատով 

ճշմարտութեան ի վերայ հիման Ս. Եկեղեցւոյ»,

«Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր Ս. Գրիգոր, որ Հայաստան

աշխարհում Եկեղեցու հիմքերը հասատեցիր առաքելական

ավանդության վրա, այսօր մեր անձերը հաստատիր

ճշմարտության հավատով Ս. Եկեղեցու հիմքերի վրա»

(Շարական, էջ 320):

 

Ահավասիկ, սիրելիներ, սրբազան շարականագիրն այսպես է բնորոշում մեր հավատո Հորը, ում ձոնվել են բազմաթիվ ստեղծագործություններ և բարեխոսական աղոթքներ, ում անվանել են արդարության և սրբության անոթ, ուր խտացված է ճգնության առաքինությունը, խոստովանող, բազմաչարչար և բազմերախտ հովվապետ, երկնային զորքի հետ բնակվող, մարտիրոսների պարծանք, առաքյալների լրում, մարմնավոր հրեշտակ երկրի վրա և այլն:

Աստվածաշունչ Մատյանի առաջին իսկ էջերից տեսնում ենք Տիրոջ բարի հայեցողությունը հանդեպ այս հողի, ուր ստեղծվեց առաջին մարդը, ուր իջավ փրկության տապանը Նոյի, որտեղից գոհաբանական առաջին աղոթքը բարձրացվեց, և դարձյալ այս ազգն էր, որ Քրիստոս չտեսավ, բայց հավատաց և Տիրոջն ընդունելու ցանկություն հայտնեց` Աբգար թագավորի անձով, արժանացավ Տիրոջ առաքյալներից Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի օրհնությանը, ովքեր էլ առաջինը սերմանեցին բանական Լույսի ճշմարիտ գիտությունը, և ի վերջո՝ մեր ազգն էր, որ արժանացավ հոգևոր մի առաջնորդի, ով հանուն իր ժողովրդի նախ 14 տարիներ Վիրապի խորը գուբի մեջ մաքրագործվեց և հետո կարողացավ Աստուծո հայացքը վերստին դարձնել մեր ազգի վրա:

Արարատյան դաշտի այս շաբաթվա տոները վերոնշյալի ամենապերճաշուք ապացույցն են: Այս շաբաթը շատ հագեցած է իր տոնակատարություններով..., Հայ Եկեղեցու տոնացույցի երկրորդ շաբաթն է, Ավագ Շաբաթից հետո, երբ մեկը մյուսին հաջորդող դեպքերի շղթան ի վերջո պսակվում է հաղթանակով, եթե Ավագ Շաբաթի դեպքերն իրենց պսակը գտնում են Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսով, ապա այս շաբաթվա դեպքերի թագն ու պսակն էլ Էջմիածնի Տաճարի հիմնադրումն է, որ տոնելու ենք վաղն ազգովի:

Իսկ այսօր, սիրելի ուխտավոր հավատացյալներ, նորից ու նորից, դարձյալ ու կրկին տոն է մեզանում, Ս. Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնը, որ դարձյալ ամենքիս ի մի է բերել պատմական այս վանքի խնկաբույր ու աղոթարար հարկից ներս:

Յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ քրիստոնյա այսօր իր հոգում ուրախության ու բերկրանքի հուզում է ապրում, քանի որ հայի քրիստոնյա կյանքի վավերացումն սկսվում է այս դեպքից և հենց այս վայրից:

Սուրբ Խոր Վիրապ...

Ինչպիսի հրաշալի պատկեր...: Արարատյան դաշտի եզրին, Մայր Արաքսի հարևանությամբ, ուր Մասիս սարի բարձունքը որպես երկինք ունեցող այս բլրի վրա քարերն անգամ ուրիշ իմաստ ունեն: Դրանք պատմություն տեսած և աղոթքով սրբված քարեր են, որոնք մեր քրիստոնյա պատմության ամենահավատարիմ և անդավաճան վկաներն են:

Տաճարի ու մատուռի այս քարերը կարծեք աչքեր լինեն բացված Արարատյան դաշտի վրա, աչքեր, որոնցով Աստծո լույսը երկնքից իջնելով` լայնածիր հորիզոնով սփռվում է Արարատյան կանաչազգեստ դաշտի ողջ տարածության վրա: Այստեղ մարդը չէ, որ իր մարմնական աչքերով նայում է այս հողի տարածքին և լեռան բարձունքին, Աստված է, որ մարդու միջից նայում ու ժպտում է հայոց աշխարհին:

Սա դիտարան է, որտեղից նայում ես հազար յոթը հարյուր տարիների վրա անծայրածիր պարագրումով և բազմագունակ այլազանությամբ սփռված հայության քրիստոնեացած պատմությանը:

Բայց սա այսպես չէր, երբ մեր ազգը Քրիստոսի փոխարեն ճանաչում էր չաստվածներին: Եվ այս վայրն էլ ուխտատեղի կամ սրբավայր չէր, այլ ուղղակի բերդ, մահապարտների գուբ, ուր նետվում է նաև Ս. Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ Գ թագավորի հրամանով, քանի որ հրաժարվում է Անահիտ չաստվածուհուն երկրպագել:

Համաձայն հայոց ավանդության` Լուսավորչի վիրապն այնտեղ էր, ուր հազարամյակներ առաջ Արարատից իջնելով` Նոյը զոհասեղան կանգնեցրեց, Աստծուն փառաբանելով իր և իր ընտանիքի փրկության համար:

14 տարի Ս. Լուսավորչի անչար հոգուց և անքեն շուրթերից առ Աստված բարձրացող աղոթքով մահվան գուբը հայոց համար դարձավ դեպի փրկություն առաջնորդող Աստվածգիտության Լույսի ճառագման ակունք:

Այո սիրելիներ, եթե Քրիստոսի ժամանակ խաչը համարվում էր մահվան անարգագույն գործիք, իսկ հետ Քրիստոսով դարձավ փրկության խորհրդանիշ, այնպես էլ այս վայրը, որ համարվում էր մահապատների գուբ, Լուսավորիչից հետո այն դարձավ սրբավայր և ուխտատեղի...

Սակայն Լուսավորչի վիրապից ելնելը լոկ պատմական եղելություն չպետք է դիտել, անցյալին հանձնված և այսօր լոկ հիշատակության արժանի դեպք և կամ ուրախության ու զվարճանքի իբրև առիթ: Տոնախմբության շքեղությունը ոչինչ չարժի, եթե անտարբեր ու անհաղորդ մնանք տոնի ներքին, հեղափոխիչ իմաստին, եթե երբեք այն չի տալու մեր հոգուն որևէ նոր նկարագիր, ընթացք, ձգտում ու թափ:

Այսօր մենք պետք է ներքին հոգեկան անդրադարձ ունենանք մեր անցյալի և ներկայի վրա, այսօր և հենց այսօր պիտի բաղդատենք հեթանոսությունն ու քրիստոնեությունը, և փառք տանք Աստծուն, որ «...ի պարթևական մեղապարտ ազգէն լուսավորիչ մեզ շնորհեց...» (Շրկ. էջ 319):

Ես վստահ եմ, որ դուք էլ ինձ նման նույն զգացողությունն եք ապրում, որ այսօր մեզ համար պարզ օր չէ, պատմական մի օր է, որ մենք այսօր տոնում ենք մեր հարազատ հողի վրա, այն ամենևին նման չէ մյուս օրերին, որովհետև տոնի ընդմեջեն այս պահին հոգեկան հաղորդակցության ու ժամադրության ենք եկել Աստծո հետ: Աստված այցելում է մեզ: Այս անգամ այցելում է Ս. Գ. Լուսավորչի մշտահունչ բարեխոսությամբ: Ամենքիս աղոթքներով այս քարերը դադարում են նյութ լինելուց: Աղոթքով օծված քարեր են, հոգիացյալ քարեր են, որոնք խոսում են մեզ հետ, եթե հոգևոր ականջ ունենք լսելու: Եվ կարևորն այն է, որ այսօր մենք հոգեպես փոխվենք: Փոխվելու համար նախ պետք է լսենք, թե ինչ են ասում այս հազարամյա քարերը: Իսկ այս քարերը հակառակ դարերի հոլովման ու ժամանակի հեռավորության՝ բայց և այնպես նույն թարմությամբ և ուժականությամբ այսօր յուրաքանչյուր հայորդուս ականջին իբրև անցյալի կենսաթով մի արձագանք, հնչեցնում են Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելաշնորհ պատգամն ու հորդորը, որ մեզ առաջնորդում է հոգևոր կեցության հավիտենական բարձունքները:

Ս. Գրիգոր Լուսավորիչն ամենքից շատ չարչարանք կրողն է, ամենքից սրբակյաց անձն է, բոլորից մեծ ու մնայուն արդյունք թողածը Հայ Եկեղեցու համար: Մեկ խոսքով` Հայ Եկեղեցու մեծագույն գործիչն ու ավետարանիչն է, այն աստիճան, որ հետևողությամբ «Երեքտասաներորդ» Պողոս Առաքյալի` ինքն էլ կոչվեց «Չորեքտասաներորդ Առաքյալ»` արժանանալով առաքելահավասարապատվությանը:

Ս. Գրիգոր Լուսավորչի աղոթքների շնորհիվ համայն մարդկության համար մարմնացած ու մարդացած Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ երկնքից երկիր իջավ, այս անգամ, սակայն, միմիայն մեր ազգի համար և ոսկե ուռի բախումով մեզ ցույց տվեց Մայր Տաճարի կառուցման տեղը:

Լուսավորչով քրիստոնեությունն իր դռները բացեց ու ճանաչում գտավ Հայոց մեջ: Դարձավ Հայոց պետական կրոն: Որով էլ հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Իր սկզբնական օրերից ի վեր մինչև մեր օրերը Հայ Եկեղեցին անխախտ մնաց Ավետարանի կոչմանն ու ոգուն: Առանց որի այն կնմանվեր շատ ու շատ հաստատությունների՝ կորցնելով իր բուն կոչումը: Կոչում, որով ապրեց ամբողջ մի ժողովուրդ՝ ծնունդ տալով անանց արժեքների ի վայելումն հայ ազգի:

Սակայն այդ կոչումը, կարծես, դժբախտաբար խախտվում է, քանի որ ներկա դարի աշխարհայնապաշտ մթնոլորտը միտված է դեպի հեթանոսության, դեպի անքրիստոնեության:

Եվ իրոք, երբ հացի կարոտությունը վերածվում է որկրամոլության, երբ հացի արդար սեղանը վերածվում է պերճանքի ցուցադրության, բնակարանի տաք ու քաղցր օջախի կարիքը, երբ վերածվում է շռայլության ցուցահանդեսի և մրցադաշտի, երբ մարդիկ իրենց բնական կոչումին խառնում են այդ կոչումին անհարիր, անհաղորդ տարրեր, երբ ուսուցիչն իր կրթական առաքելությունը նյութական առավելությունների հարաճուն կերպով ծանր կշռող նժարի դիմաց է հավասարեցնում, երբ բժիշկն իր դարմանական առաքելությունը նյութապաշտական չափանիշներով է արժևորում, երբ արհեստավորն իր արհեստի բնական բերումը եղող աշխատանքին շաղախում է կեղծն ու խարդախը, երբ արվեստագետը գրչի, ձայնի ու վրձնի տաղանդից հոսող և մարդկանց հոգեսլաց թռիչքների առաջնորդող իրագործումները ցուցադրության ու ժողովրդականության փառասիրության զոհ է դարձնում, երբ գործատերն իր աշխատողների քրտինքին համապատասխան վարձատրությունն է զլանում, երբ զինվորը հայրենիքի և ժողովրդի պաշտպանության համար իրեն տրված զենքը նրա նպատակից դուրս` իր սեփական շահերին է ծառայեցնում և իր ընդունած կարգի մեջ անպարկեշտ է գտնվում, երբ այսպես անհատ մարդիկ և հավաքականություններ, հաստատություններ, կազմակերպություններ իրենց պարզ, հստակ, հարազատ բնությունից և առաքելությունից շեղվում են, աշխարհի կարգը խախտվում, Աստծո ստեղծած կոսմոսը վերածվում է քաոսի, խաղաղության տեղ պատերազմ է տիրում, երջանկության փոխարեն ցավն ու վիշտը, տառապանքն ու անձկությունն են իշխում և ապրող մարդու կյանքը մի տեսակ գերեզմանային վիճակի է վերածվում:

Այլ կերպ ասած քրիստոնեությունը վերածվում է հեթանոսության:

Ընդսմին, զգույշ և զգոն պիտի լինենք և մեր քրիստոնեական հավատքն անխախտ պահենք:

Ս. Գրիգոր Լուսավորիչն այսօր էլ մեզանում է, որովհետև նրա դերը հայ ժողովրդի կյանքում անուրանալի է:

Սիրելի ուխտավոր հավատացյալներ եկեք, ուրեմն, միասին աղոթենք, որպեսզի Ս. Գրիգոր Լուսավորչի մշտահունչ բարեխոսությունը հավետ հնչի երկնքում մեզ համար, որպեսզի երբեք չշեղվենք մեր աստվածուսուց ճանապարհից և հավետ հիշենք սաղմոսերգուի աստվածատեսություն պարգևող խոսքերը. «Աստուած փառաւորեալ է ի խորհուրդս սրբոց իւրոց» (ՁԸ : 8):

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. Ամէն:     

 

 

Տ. Նարեկ վարդապետ Ավագյան

(Քարոզը խոսվել է Սուրբ Խոր Վիրապ Վանքում, 13 Հունիսի, 2009թ.)

17.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․