Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից | Surb Grigor Lusavorchi Elqy Virapic



Գրքեր

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Ձեր ամոթի փոխարեն՝ կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար (Եսայի 60:7):

Սիրելի՛ հավատացյալներ հայորդիներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր հիմնադիր հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնը: Այն նշանավորվում է մեզ համար, քանի որ դրանից հետո Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ իբրև պետական կրոն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տրդատ թագավորի հրամանով նետվել էր վիրապը, որտեղ մնացել էր տասներեք տարի՝ համբերատարությամբ, աղոթական ծնրադրությամբ, անտրտունջ խոնարհությամբ տանելով իր խաչը: Եվ Աստված՝ երկնքի և երկրի Արարիչը, սուրբի մասին հոգում էր. ամեն օր մի կին հաց էր բերում և գցում վիրապի մեջ, որով կերակրվում էր Սուրբ Գրիգորը: Ինչպես գիտենք, Տրդատ թագավորը նրան վիրապն էր գցել նրա քրիստոնյա լինելու և հեթանոսական չաստվածներին երկրպագություն մատուցելուց հրաժարվելու համար: Սակայն երբ Տրդատի հրամանով Հռիփսիմյանց կույսերը նահատակվում են, Տրդատը պատժվում է՝ ստանալով խոզի կերպարանք: Արքայի քրոջ՝ Խոսրովիդուխտին, հայտնություն է լինում, որ եղբորը կարող է բժշկել միայն փոսը նետված Գրիգորը: Վերջինիս հանում են այդտեղից, և սուրբը հայոց արքունիքին ու բազմահազար ժողովրդին սկսում է քարոզել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հավատքը, նրանց բոլորին նախապատրաստում և մկրտում է Արածանիում: Նա, կոտրելով չաստվածների կուռքերն ու նրանց բագինները, դրանց տեղերում կառուցում է եկեղեցիներ ու մատուռներ:

Լուսավորիչ հայրապետը խլեց մեզ խավարի ու տգիտության ճիրաններից և դարձրեց դեպի Աստվածգիտության լույսը, դեպի Ճշմարիտ Աստված՝ Հիսուս Քրիստոս: Այսօր մենք փառք ենք վերառաքում Աստծուն, որ ավելի քան 1700 տարի առաջ Նա Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջոցով փրկության լույսը ծագեցրեց Հայոց աշխարհի վրա:

Սիրելիներ, որպեսզի մենք կարողանանք հոգով և ճշմարտությամբ երկրպագել Աստծուն, պետք է կարողանանք նախ և առաջ սպանել և վերացնել մեր մեջ եղած կուռքերը, մոլությունները, զանազանակերպ մեղքերը: Այսօր մենք, ճիշտ է, չենք երկրպագում ձուլածո կուռքերին, բայց այսօր էլ կուռքերը ներկայանում են մեզ մեր իսկ մոլությունների, մեղքերի կերպարանքով, որոնցից մենք չենք կարողանում հրաժարվել: Մովսեսը քառասուն տարի հրեա ժողովրդի հետ մնաց անապատում, որպեսզի սպանի նրանց մեջ եղած հիշողությունները Եգիպտոսից, եգիպտական բարքերից ու սովորություններից, իրենց նախկին ստրկական մտածելակերպից ու վիճակից, որպեսզի նրանք կարողանան մաքրվել՝ Ավետյաց երկիրը մտնելու համար:  Քրիստոս զգուշացնում է. «Ոչ ոք հին տիկերի մեջ նոր գինի չի լցնի, ապա թե ոչ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափվի, և տիկերը կփչանան: Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի» (Մարկոս 2:22):

Մենք ևս պարտավոր ենք խորտակել մեր մեջ իսկ եղած հին կուռքերը, կուռքերի բագինները և Ճշմարիտ Աստծո համար Սուրբ Սեղան պատրաստել, ազատված մեղավոր խորհուրդներից ու ցանկություններից, մաքուր սրտով, մտքով ու հոգով ծնկի իջնելու Տիրոջ առջև երկրպագության: Մենք պետք է կառուցենք մեր հոգու տաճարը՝ հրաժարվելով խոտոր ուղիներից և ջնջելով մոլությունների հետքերը մեր մեջ: Մենք պետք է կառուցենք մեր հոգու տաճարը՝ աներեր հիմքերի վրա, անխախտ սյուներով և ամուր գմբեթով՝ զգուշությամբ ընտրելով հավատքի շինության քարերը: Այդ տաճարում, որ նվիրված է մեր Արարչին, տեղ լինել չի կարող զանազան մեղքերին, քանի որ Աստծո տունը խաբեությամբ և խարդախությամբ չի կառուցվում:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքը, ինչպես և բոլոր սուրբերինը, ուսուցողական է և խրատական, չէ՞ որ մենք էլ մեր կյանքում ևս հանդիպում և ընկնում ենք փորձությունների խորխորատի մեջ և ցանկանում ենք ժամ առաջ ազատվել դրանից: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու ենք մենք հայտնվել այդտեղ: Միգուցե դա հենց այն քուրա՞ն է, որի մեջ մեր Տերը հղկում և շտկում է մեզ, միգուցե այդ տառապանքի գուբի մե՞ջ է, որ պետք է ձեռք բերենք առաքինություններ և շնորհներ, կարողանանք փառաբանել Աստծուն, հարատևենք մեր առաքինությունների մեջ՝ սպասելով Տիրոջ փրկությանը: Երեմիայի մարգարեության մեջ Աստված ասում է. «Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես, այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, և քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնված, քանզի դու հույսդ Ինձ վրա դրիր» (Երեմիա 39:17, 18):

Սերը և հավատն առ Աստված օգնում է մեզ համբերատարությամբ և խոնարհությամբ ընդունել Աստծո կամքը, ինչպես Հին Կտակարանում Հովսեփը, որ որտեղ էլ հայտնվեց, ցույց տվեց իր հավատն առ Աստված և միաժամանակ համոզված էր, որ Աստված իր հետ է և երբեք չի լքում իրեն: Չնայած եղբայրները նախանձեցին և վաճառեցին նրան, բայց նա մի րոպե անգամ չկասկածեց Աստծուն, այլ հավատարմությամբ դրսևորեց իրեն թե՛ մարդկանց և թե՛ Աստծո հանդեպ: Ինչպես Հովսեփը, այնպես էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այն դժվարին իրավիճակներում որ հայտնվեցին, քեն ու ոխ չպահեցին իրենց սրտերում: Նրանք գիտեին, որ դա Աստծո կամքն է՝ ամեն ինչ բարի ավարտի հասցնելու, և երբեք չդժգոհեցին իրենց վիճակի մեջ, այլ յուրաքանչյուրն իր հերթին  փայլեց սրբակենցաղ վարքով:

Ուստի, սիրելինե՛ր, մենք էլ պետք է մեր հայրերից սովորենք համբերել ու հարատևել աղոթքների մեջ, փնտրել Աստծո կամքը և չտրտնջալ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի աղոթական բարեխոսությամբ բոլորիս մաղթում եմ անսասան հավատքով և Սուրբ Հոգու շնորհներով հաղթահարել փորձությունները և անելանելի թվացող դժվարությունները, Աստծուն միշտ հավատարիմ մնալ՝ անկախ իրավիճակներից: Պողոս առաքյալը եբրայեցիներին ուղղված նամակում ասում է. «Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելների միջից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական  ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք Իր կամքը, և մեր մեջ թող կատարի Իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, Որին փա՜ռք հավիտյանս. Ամեն» (Եբրայեցիներ 13:20,21): 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

02.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․