Գրքեր

Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը

Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը Ընդհանրական եկեղեցու սիրված սրբերից է: Նա իր երկրային կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի քարզչությանը, ապրեց սրբությամբ և միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մեծանուն հայրապետը ծնվել է Մծբին քաղաքում (այժմյան Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին): Նա մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին է: Ըստ վկայաբանության՝ Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից հետո, դայակի ձեռքով տարվել է Կեսարիա, որտեղ և կրթվել է քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տարել է Պարսկաստան, որտեղ ապրել է արքունիքում: Պալատական ցոփ ու շվայտ կյանքը չէր հետաքրքրում Հակոբին: Ներքուստ զգալով Աստծո կանչը՝ նա նախընտրում է ճգնավորական կյանքը:

Երանելի Հակոբը հանձն առավ միայնակեցությունը. բնակվում էր անապատում, անտառներում, լեռների գագաթներին, գարնանն ու ամռանը բացօթյա և միայն ձմռանն էր հաստատվում փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղավորվում: Կերակրվում էր ոչ ըստ մարդկանց սովորության՝ մարմնականով, այլ սնվում էր Սուրբ Հոգու շնորհներով: Հավաքում էր լեռան վրա եղած ծառերի պտուղները և դրանցով գոհանում, հագնում էր այծի կոշտ մազից պատրաստված հագուստ: Այսպես խստամբերությամբ, զանազան տանջանքներով ճնշում էր իր մարմինը՝ միշտ աչքի առաջ ունենալով հանդերձյալ կյանքը, ինչպես ասված է Պողոսի խոսքում. «Տեսնում ենք որպես հայելու մեջ» (Ա Կորնթացիներ 13.12): Ինչ որ խնդրում էր Աստծուց, անհապաղ տրվում էր նրան: Հանապազօրյա աղոթքների և ճգնությունների շնորհիվ հասնելով մեծ սրբության՝ Հակոբը մարգարեության, ինչպես նաև հրաշքներ գործելու և բժշկություն անելու շնորհ է ստանում Տիրոջից: Իր աղոթքներում այսպես էր ասում. «Մեկ Աստված, ամենալույս, ամենակալ, մեկ իշխանություն, անկարոտ որևէ բանի: Զարմանալիքների զարմանալիք, որ ամեն ինչը ոչնչից ստեղծեցիր: Հզոր և փրկիչ, ազատարար, քավիչ, բժշկապետ, անոխակալ, բարի և խնամածու՝ ոչ միայն արդարների, այլ և մեղավորների: Դու որ ամենակարող ես, մի բաժակ ջրի կարոտ եղար խաչի վրա, և մեկը չտվեց քեզ: Դու որ օվկիանոսները և ծովերը ստեղծեցիր, լեղի և քացախ տվեցին Քեզ: Դու որ Ադամի կողից կին ստեղծեցիր, ահա Քո կողդ խոցեցին: Դու մշտնջենավոր Աստված լինելով համբերում ես մեզ փրկագործելու համար»: Ահա այսպես ապրում էր ճգնությամբ և աղոթքներով:

Ապա Սբ. Հակոբը Սուրբ Հոգու ներգործությամբ մեկնում է Մծբինի վանքերից մեկը՝ Մարուգե ճգնավորի մոտ: Երբ Մարուգեն տեսնում է նրան, շատ է ուրախանում և մարգարեանում է, որ նա օրերից մի օր դառնալու է Մծբին քաղաքի եպիսկոպոսը: Մարուգե ճգնավորը դառնում է Սբ. Հակոբի ուսուցիչն ու խորհրդատուն, նրանք երկուսով լծվում են Հիսուս Քրիստոսի Ավետարանի քարոզչությանն ու տարածմանը՝ իրենց ապրած կյանքով օրինակ դառնալով բոլորին:

Մի օր Հակոբ Մծբնեցին մոտենում է Սաթիթմա գետին, որի մոտ գյուղացիներ էին աշխատում: Երբ երանելին նրանցից խնդրում է ցույց տալ, թե որտեղ է գետի հունը և որտեղով կարելի է գետը անցնել, նրան, ծաղրելով, պատասխանում են. «Դու ճգնավոր ես, ջրի վրայով անցիր»: Սուրբ Հակոբը, հանելով իր վերարկուն, գցում է ջրի վրա և քայլելով անցնում գետը: Սա սրբի գործած առաջին հրաշքն էր:

Մի առիթով Սուրբ Հակոբը տեղեկանում է, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թեև դարձի են եկել, սակայն ծաղրում են ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին պատմությունը: Սուրբը որոշում է անձամբ բարձրանալ Արարատ լեռն ու տապանից մասունք բերելով՝ փարատել անհավատների կասկածները: Հակոբ Մծբնեցին լանջերին հոգնում է և ննջում: Եվ ըստ ավանդության, Աստծո հրեշտակը նրա մոտ է դնում Նոյյան տապանից մի մասունք: Երբ արթնանում է, գոհություն է հայտնում ու փառք տալիս Աստծուն այդ շնորհին արժանացնելու համար և վերադառնում Մծբին: Այստեղ կառուցվում է մի վանք, ուր զետեղվում է տապանի մասունքը: Սուրբ մասունքից ճառագայթող զորությունից շատ հիվանդներ են բժշկվում, ովքեր փառաբանում ու օրհնում էին Աստծուն իրենց հանդեպ ցույց տրված ողորմության համար: Հետագայում Սուրբ Հակոբի անունով եկեղեցի է կառուցվում այն վայրում, որտեղ սուրբը հրեշտակից ստացել էր տապանի մասունքը: Այժմ այս մասունքը պահվում է Սուրբ Էջմիածնում:

Ետդարձի ճանապարհին Արտամետ գյուղի աղբյուրի մոտ Սուրբ Հակոբը աղջիկների տեսավ, որոնք հանդերձներն էին լվանում: Երբ տեսան երանելիին, չպատկառեցին նրա երեսի փառքից և չծածկեցին իրենց սրունքներն ու գլուխները, այլ անամոթաբար նրա երեսին էին նայում: Կամենալով խրատել նրանց՝ սուրբը անիծեց աղբյուրը, և այն անմիջապես ցամաքեց, իսկ աղջիկների մազերը սպիտակեց: Երբ այս ամենը տեսան, նրանք, Սուրբ Հակոբի հետևից գնալով, խնդրեցին վերադառնալ և աղբյուրից ջուր բխեցնել: Նա վերադարձավ, աղոթեց, և ջուրը բխեց ինչպես նախկինում: Սակայն աղջիկների մազերը չսևացրեց, որպեսզի այդ տեսնելով՝ Աստծուն չմոռանան:

Մի քաղաքում Սուրբ Հակոբը ականատես եղավ, թե ինչպես է դատավորը երկու եղբայրների դատավարությունը անիրավությամբ անցկացնում: Նա անիծեց վեմը, որն անմիջապես փշրվեց: Սրանով նա կամեցավ հանդիմանել դատավորի անիրավությունը: Այս տեսնելով՝ դատավորը արդարությամբ դատը անցկացրեց:

Սուրբ Հակոբին վերագրվող հրաշագործություններն բազմաթիվ են: Մի գյուղում գյուղացիները, իրենցից մեկին մեռած ներկայացնելով, ցանկանում են խաբեությամբ նրանից դրամ կորզել և խնդրում են թաղման ծախսը: Սուրբը տալիս է դրամը և հեռանում, իսկ մեռած ձևացող գյուղացին նույն պահին մեռնում է: Նրա ընկերները սարսափած՝ զղջում ու ներողություն են հայցում սրբից, և նա աղոթքով նորից վերակենդանացնում է մեռածին:

Երբ Շապուհ պարսից թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Մծբին քաղաքի վրա, քաղաքի բնակիչները սարսափահար դիմում են Սուրբ Հակոբին՝ խնդրելով նրա օգնությունը: Սուրբն աղոթում է, և մոծակների ու մժեղների մի հսկայական պարս թափվում է պարսիկների ձիերի վրա. ձիերը խուճապահար այս ու այն կողմ են փախչում, իսկ զինվորները՝ հետիոտն նահանջում: Քաղաքի բնակիչները տեսնելով անպատմելի հրաշքը՝ փառք են տալիս Աստծուն:

Երբ վախճանվում է Մծբինի եպիսկոպոսը, կարիք է զգացվում նոր հայրապետ ընտրելու (հնում քաղաքի եպիսկոպոսներին հայրապետ էին կոչում): Եվ Մծբինում մինչ եպիսկոպոսները խորհրդածում էին, թե ով պիտի լինի հաջորդը և պատրաստվում էին ընտրություն կատարել, Աստված տեսիլքի մեջ Մարուգեին հայտնում է, որ արժանի հաջորդը Սուրբ Հակոբն է: Նրան էլ ընտրում են եպիսկոպոս: Եպիսկոպոս ձեռնադրվելով՝ Սուրբ Հակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ, ինչպես նաև կազմակերպեց պարսից Շապուհ արքայի կողմից պաշարված Մծբինի 70-օրյա պաշտպանությունը:

Սուրբ Հակոբը մասնակցել է Նիկիայի Ա տիեզերական ժողովին (325): Եղել է Եփրեմ Ասորու ուսուցիչը: Ըստ ավանդությունների գործել է այլ հրաշքներ ևս. Հիսուս Քրիստոսի անունով բուժել է անդամալույծների, հարություն տվել մի մեռած մանկան և այլն:

Սուրբ Հակոբի մասին ավանդություններից մեկն էլ պատմում է, որ Ռշտունյաց Մանաճիհր իշխանը գերի է տանում շրջակայքում ապրող հոգևորականներին: Սուրբ Հակոբի խնդրանքներին՝ ազատել հոգևորականներին, Մանճիհրը անլուր է մնում: Սուրբն անիծում է նրան և Ռշտունյաց աշխարհը, որից հետո այստեղ սկսվում է անբերրի տարիների երկարատև շրջան: Սուրբ Հակոբի մահից հետո Ռշտունյաց աշխարհի բնակիչները գալիս են Մծբին և խնդրում նրա նշխարներից՝ հուսով, որ դրանց զորությամբ կհեռացնեն երկրին հասած պատուհասը: Սուրբի նշխարների բերելուց հետո միայն երկիրը ազատվեց աստվածադիր պատուհասից:

Երբ Սուրբ Հակոբը հոգին ավանդեց, նրա մարմնից անուշահոտություն բուրեց, և նրա աճյունի վրա լույս էր ճառագում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց մի եկեղեցի:

Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը թողել է ինչպես աստվածաբանական, այնպես էլ կրոնաբարոյախոսական ճառեր ու գրվածքներ:

Սուրբ Գրիգոր Նարեկացին նրա մասին ներբող է գրել, իսկ Սուրբ Ներսես Շնորհալին՝ «Յաղթող և սուրբ հայրապետ» շարականը:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի հիշատակը տոնախմբում է Հիսնակաց երրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հետ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

17.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․