Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի զավակներ,
Ինչպես երկու հազարամյակ առաջ, այնպես էլ այսօր հարուցյալ Քրիստոսի թափուր գերեզմանից ամենաօրհնյալ հրեշտակների շուրթերից հնչում և ողջ տիեզերքում տարածվում է ամենքիս համար ամենասպասված ու ամենաբաղձալի ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Շնորհավորում եմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին հուսացող յուրաքանչյուր հոգու և փառք ու երկրպագություն մատուցում Ամենակալ Աստծուն այս սքանչելի, անպատմելի խորհրդի համար, ապրեցնող այս հրաշքի համար, որ պարգևեց մեզ՝ Իր սրբազան արյամբ գնվածներիս:
«Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»,- հարցրին լուսափայլ հրեշտակները սիրելի Վարդապետի մարմինը փնտրող ու դառնորեն արտասվող Մարիամ Մագդաղենացուն՝ ակնարկելով հրաշափառ հարությունը, որի մասին մշտապես սովորեցնում էր Քրիստոս՝ Իրեն սպասվող չարչարանքների ու մահվան մասին խոսելիս: Իր անունը՝ Մարիա՛մ, (Հովհ. 20.16)լսեց նա արցունքների միջից և կորստի ցավից ու վշտից մաշվող նրա սիրտը հանկարծ անասելի թեթևություն զգաց ու հրաշալիորեն խաղաղվեց՝ անսխալ կերպով ճանաչելով Իրեն կանչողի ձայնը: Եվ այնժամ Մարիամի վիշտն ուրախության փոխակերպվեց, լացը՝ ծիծաղի, վախը՝ համարձակության, վհատությունը՝ ցոլարձակ հույսի: Ի դեմս Մարիամի՝ հարուցյալ Աստվածորդին աշխարհի բոլոր քրիստոնյաներին անկողոպտելի հաղթություն պարգևեց կյանքի յուրաքանչյուր պարագայում: Ինչպես մեր մեծ հայրապետ սուրբ Գրիգոր Լուսավորիչն է ասում. «Քանզի լինելով միակ ինքնիշխան և մեղքերից ազատ, նա սպանեց «աշխարհակուլ զորեղ մահը և արտասուքը սրբեց բոլոր երեսներից»»: Նա մեր վշտալի հայացքը գերեզմանի անհուսությունից կտրեց ու դեպի խոստումնալից երկնային հավիտենություն դարձրեց, քանի որ անողորմ թշնամին՝ մահը, որի դեմ անզոր է անգամ ամենաուժեղ, ամենառողջ, ամենահարուստ ու ամենատաղանդավոր մարդը, ջախջախիչ պարտության մատնվեց Ամենակարող Արարչի կողմից և տկար ու մահկանացու մարդն էլ Աստծու ողորմությամբ այդ հաղթանակի լիարժեք մասնակիցը դարձավ: Քրիստոսի սուրբ հարությունից հետո այլևս ո՛չ հիվանդությունն ու մահը, ո՛չ աղետներն ու պատահարները, ո՛չ անիծյալ պատերազմն ու սովը չեն կարող իշխանություն ունենալ մեզ վրա, քանի որ ազատագրվեցինք Նրա ինքնազոհ սիրով և հրավիրվեցինք Հոր պատրաստած օթևաններում հանգիստ առնելու, որտեղ ո՛չ մահ կա, ո՛չ լաց և ոչ էլ տրտմություն: Եվ այսօր թախանձագին աղերսս է մեր Բազումողորմ ու Բարեգութ Հորը, որպեսզի այս սքանչելի ավետիսը հասցնի մեր սգակիր եղբայրների ու քույրերի բեկված սրտերին և իր անգին զավակին կորցրած յուրաքանչյուր ծնող, ծնողազուրկ դարձած յուրաքանչյուր զավակ, կողակցին կորցրած յուրաքանչյուր ոք հոգու ունկերով լսի հրեշտակների գոտեպնդող հարցը՝ «Ինչո՞ւ ես լալիս» և Երկնավոր Հոր փաղաքուշ ձայնը, որ յուրաքանչյուրին իր անունով կանչելով՝ հրավիրում է Սուրբ Հոգու մխիթարությունն ընդունելու ու ցավը փարատելու Իր հայրական ջերմ գրկում: Արդ «Քաջալերվեցե՛ք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, և ձեր սրտերը թող զորանան» (Սղմ. 30:25), քանի որ
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ. ԱՄԵՆ:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեկղեցու հոգևոր հովիվ