Գրքեր

Սուրբ Հոգին տեխնիկայի օգնությամբ չէ, որ իջնում է

Բանականությունից բխած խոսքը հոգիները չի փոխում, որովհետև այն մարմնից է: Սուրբ Հոգուց ծնված, աստվածային էներգիա ունեցող Աստծո խոսքն է փոխում հոգիները: Սուրբ Հոգին տեխնիկայի օգնությամբ չէ, որ իջնում է, այդ պատճառով էլ Աստվածաբանությունն ընդհանուր ոչինչ չունի անպտուղ գիտական ոգու հետ: Սուրբ Հոգին ինքն է իջնում, եթե մարդու մեջ հոգևոր նախադրյալներ է գտնում դրա համար: Իսկ հոգևոր նախադրյալը կայանում է նրանում, որպեսզի մարդն իր հոգևոր հաղորդալարերը մաքրի ժանգից ու լավ հաղորդիչ դառնա՝ աստվածային լույսի հոգևոր հոսանքն ընդունելու համար: Այդ կերպ մարդը հոգևոր գիտնական, աստվածաբան է դառնում: «Աստվածաբան» ասելով նկատի ունեմ նրանց, ում աստվածաբանությունն ապահովված է աստվածաբանության ոսկե պաշարով և ում աստվածաբանության դիպլոմն արժեք ունի, այլ ոչ թե նրանց, ովքեր ոչնչով չապահովված թղթի կտոր ունեն՝ աստվածաբանի դիպլոմ, օկուպացիայի ժամանակների այն արժեզրկված անպետք թղթադրամների նման:

Հաճախ մարդն իր ուղեղի ուժերը տարիներով ծախսում է մեկ-երկու օտար լեզու սովորելու վրա: Մեր դարաշրջանում մարդկանց համարյա մեծամասնությունն օտար լեզուներ գիտեն, բայց քանի որ այդ լեզուները ընդհանուր ոչինչ չունեն Հոգեգալստյան լեզուների հետ, ապա մենք բաբելոնյան մեծ աշտարակաշինությունն ենք վերապրում: Մեծագույն չարիքը նրանում է, որ չոր դատողական աստվածաբանությամբ զբաղվելով՝ մենք մեր դատողությունը Սուրբ Հոգու տեղ ենք հրամցնում: Իսկ դա «ուղեղաբանություն» է կոչվում, որից ծնվում է բաբելոնյան աշտարակաշինությունը: Իսկ Աստվածաբանության մեջ շատ լեզուներ և շատ բարեբեր շնորհներ կան, բայց այդ բոլոր լեզուները փոխհամաձայնության մեջ են գտնվում, որովհետև մեկ Տեր ունեն՝ Հոգեգալուստի Սուրբ Հոգին և այդ լեզուները հրե լեզուներ են:

- Հա՛յր, Հոգեգալստյան շարականներից մեկում ասվում է. «Ամեն ինչ տալիս է Սուրբ Հոգին…»:

- Այո՛, տալիս է, բայց նրան, ով ընդունակ է իր մեջ ամփոփել: Ինչպե՞ս կտա նրան, ով ընդունակ չէ դրան: Սեփական փորձի վրա հիմնված և սրտի խորքից ցավով ծնված խոնարհ մարդու խոսքը շատ ավելին արժե, քան մի կույտ գեղեցիկ բառերը, որոնք մեկը մյուսի հետևից թռչում են [ուսյալ] մարդու ուսումից սրված լեզվից: Այդ լեզուն մարդկանց լուր չի տալիս, որովհետև այն մարմին է, այլ ոչ թե Հոգեգալստյան հրե լեզու:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

25.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․