Գրքեր

Սուրբ Հովհան Ոսկեբերան վարդապետի վարքի պատմությունը

Բազում են վարդապետության խոսքերն ու սուրբ Գրքերի մեկնությունները, որ երանելի տեր Հովհանը` Կոստանդնու[պոլսի] եպիսկոպոսը, թողել է սուրբ Եկեղեցու ուխտի մանկանց խրատի և ուսման համար, որ և գրքերում ժողովված կազմում են տասներկու հազար ճառեր, նաև որոնց համար նա Ոսկեբերան կոչվեց: Բայց որովհետև անաչառությամբ հանդիմանում էր նրանց, որ ուղղության չէին եկել, ատելի էր անիրավների համար, և հատկապես թագուհու, որովհետև նրան չարացրել էին ասելով, թե` «Հովհանի խոսքը քո մասին էր, երբ ընդհանրապես կանանց էր դիմում»:

Եվ այդ ժամանակ այնպես պատահեց, որ թագուհին իշխանությամբ մի այգի խլեց, իսկ [այգու տերը, որ մի] այրի կին էր, թախանձեց երանելի Հովհանին, և նա հորդորեց թագուհուն վերադարձնել այգին: Եվ ասաց թագուհուն, թե` «Այսպիսի բաների համար Հեզաբելը կրեց բարի Աստծու բարկությունը»: Ինչից առավել զայրացավ թագուհին և խորհեց սրբին Աթոռից վայր գցել: Եվ գործակից գտավ ասորիների Ակակ եպիսկոպոսին, որ երանելի Հովհանի դեմ ոխ ուներ, նրա անվան և հռչակի [նախանձից]: Չարի ազդեցությամբ ևս մի խորհրդակից գտավ` Անտիոքի եպիսկոպոս Սևեռին, ինչպես և ուրիշների` ուխտավորներից և ժառանգավորներից` անզգամների և ինչ-ինչ հանցանքների համար հեռացվածների:

[Նրանց հետ էր] նաև պալատի քահանան, որին աքսորել էր սուրբ Հովհանը: [Քահանան] Միաբանվել էր բազում անիրավների` զորավարների և թագուհու ներքինապետի հետ: Եվ թյուր բաներ վերագրեցին սուրբ Հովհանին: Եվ թագավորի հետ խորհեցին արտաքսել երանելուն: Եվ իրենց հասցեագրված էին համարում խոսքը, որ երանելին ասել էր Տիրոջ մարմնի և արյան մասին քարոզի ժամանակ, երբ դիմել էր ընդհանրապես բոլորին` եկեղեցու առաջնորդներին, թագավորներին, զորավարներին և զինվորներին. «Զգո՜ւյշ եղիր [դու], որ այդ խորհրդի տերն ես. թագավոր ես, թե զորավար, կամ եթե այլ մեկը անարժանությամբ մերձենա, արգելի՜ր, որովհետև նրանից ավելի մեծ իշխանություն ունի և ոչ սպիտակ պարեգոտ, որ կոկած-հղկած շրջում են կոտրատվելով»: Եվ այս բոլորը չէին գալիս տիեզերական եկեղեցի, ուր Հովհանն էր, այլ պալատի եկեղեցում էին հաղորդվում Տիրոջ մարմնին և արյանը: Եվ ծիծաղում էին աստվածային մարդու վարդապետության լուսավոր կերպի վրա, որովհետև գետերի հոսանքի պես Սուրբ Հոգու շնորհով տարածվում էր մերձավորների և հեռավորների վրա: Եվ [մարդ] ուղարկեցին Անտիոք` մանկության տարիներն ուսումնասիրելու, որ թերևս ինչ-ինչ սխալներ գտնեն, կամ բիծ ու արատ: Եվ որդին էր Որեկենթոսի և հորաքրոջ մոտ էր դաստիարակվել, որ հույժ բարեպաշտ կին էր և Աստծու երկյուղած, և խրատել ու վարժել էր երկնային կոչմանը և Քրիստոսի Ավետարանին համապատասխան և խոհական ուսման մասին էր մտածել գիշեր ու ցերեկ: Մանուկ հասակից [երանելին] վառվել էր Սուրբ Հոգով և ութ-տասն տարեկանում, թողնելով ուսումը, նվիրվել աստվածային Գրքեր կարդալուն և անվանի լինելով` երեք տարի Գրքերի ընթերցող էր կարգվել Զենոն Երուսաղեմացի եպիսկոպոսի և Անտիոքի հայրապետ Մելիտոսի կողմից իր եկեղեցում, երբ տեսել էին նրա առաջադիմությունը: Իսկ երեք տարի անց, սիրելով կրոնավորի վարքը, դեպի լեռը ձգտեց և աշակերտեց լուսավոր կարգերին ու միայնակյաց ճգնավորներին: Եվ հնազանդ էր նրանց, հոժարամիտ բոլոր կրոնական ճգնություններին և երբեք չէր դադարում բարի գործեր անել: Իսկ սրանից հետո յոթ տարի առանձնացավ մի քարայրում և մեկ տարին անքուն ու հոտնկայս անցկացրեց: Եվ բազում մարտեր ու կռիվներ տվեց և մարտնչեց արդարության թշնամու դեմ և փորձողին հաղթեց պահքով ու աղոթքով, տքնությամբ և արտասուքով, ցրտին մերկ մնալով: Եվ Տիրոջ անվան համար բազում տանջանքներ կրեց իր մարմնին, որ հոգին ազատի այս աշխարհի չարից:

Եվ Աստծու տեսչությամբ այնտեղից վերադարձավ Անտիոքի եկեղեցի և Մելիտոս հայրապետի կողմից սարկավագ ձեռնադրվեց, որպես հրամայված էր Աստծու կամքով, որ բոլոր աստիճաններն ընդունի և հասնի մեծ աթոռին: Եվ լուսավոր վարդապետությամբ երեք տարի սարկավագ լինելով` բոլորին լուսավորում էր իր բերանից ելնող խոսքերով, և գերազանց շնորհների համար Ոսկեբերան էին անվանում երանելի Հովհանին: Ապա օծմամբ և Հոգու կոչով քահանայության շնորհ և աստիճան ստացավ և առավել փութաջան էր իր վարդապետության մեջ, ուր ալիքի պես հաջորդում էին մեկը մյուսին` բնախոսությունն ու աստվածային Գրքերի մեկնությունը և հորդորները բարեպաշտ վարքի և առաքինության մասին, որ[ոնցով] լուսավորում է[ր] հոգին[երն] ու մարմին[ներ]ը և մերձեցնում Քրիստոսին` քաղաքի տղամարդկանց ու կանանց, ծերերին և մանուկներին: Բոլորին լուսավորում էր իր ամենասփյուռ վարդապետությամբ, որ իրեն տրված էր ի վերուստ` Սուրբ Հոգուց:
Եվ ո՛վ կարող է նրա շնորհների բազմությունը և նրա խոսքերի պայծառությունը պատմել: Եվ կարգավոր քահանա լինելով` բոլորից հռչակավոր և անվանի եղավ: Եվ իր շնորհների համար եպիսկոպոսության պատվի կոչվեց: Թագավորի և սինկղիտոսի դրդմամբ, ինչպես և եպիսկոպոսների և եկեղեցու ժառանգավորների, երանելի Հովհանին քառասուն տարեկանում Կոստանդնուպոլսի եպիսկոպոս ձեռնադրեցին, և մեծ ուրախություն եղավ իր վիճակյալների համար, իսկ մեզ տրտմություն, որ զրկվեցինք նրա վարդապետությունից: Երբ այս լսեց Անտիոքի թագուհին իր չար միաբանների հետ, ոչինչ չգտան անելու և խորհեցին երանելիին դավաճանությամբ աթոռանկ անել և աքսորել, որ համարձակությամբ գործեն իրենց անօրինությունները և չհանդիմանվեն ոչ մեկի կողմից: Եվ շողոքորթների միջոցով սուտ լուրեր տարածեցին, որ ասում էին թե` «Այս է»,- կամ «Այն է»,- և թե` «Որոգինեին ուսուցանում և հավատացյալների եկեղեցի է մտցնում»:

Եվ անօրենության համախոհ Թեոփիլոսը` Աղեքսանդրացիների եպիսկոպոս, որին թագուհին իր մտքին էր բերել, ժողով հրավիրեց, ու նաև մեծ Եպիփանին էին ստիպողաբար ժողովի կանչում: Ու թեև նա չէր կամենում և համաձայն չէր չար ժողովին, բայց չարի սադրանքով և ուղարկվածների համոզելով, կարծիք տարածեցին, թե Եպիփանն իրենց հետ միաբան է: Եվ այս բանի համար երանելի Հովհանը հարցրեց. «Ո՜վ երանելի Եպիփան, արդարև միաբանե՞լ ես գոռոզի հետ, որ չի հասնի իմ աթոռին»: Եվ մեծ Եպիփանը, լսելով այս, ասաց. «Եթե նույնիսկ Քրիստոսի նահատակին բերեն, նա ևս չի հասնի քո աթոռին»: Եվ երկուսի խոսքը դարձյալ կատարվեց:

Եվ ժողովն ամբաստանական գիր հղեց թագավորին, թե` Հովհանն ի վնաս իրեն` չներկայացավ ժողովին, և իրենք ցրվեցին յուրաքանչյուրն իր տեղը: Իսկ Հովհանը թագավորական հրամանով և թագուհու սադրանքով մի կղզի աքսորվեց, սակայն Բարձրյալի շնորհով չէր դադարում սուրբ Գրքերի մեկնություններ գրել: Եվ իսկույն մի սքանչելիք եղավ. քաղաքում և արքունական ապարանքում մեծամեծներն սկսեցին մահանալ: Եվ դրանից զարհուրած թագուհին իր ամուսնուն համոզեց, որ Հովհանը վերադառնա իր աթոռին: Եվ [երանելին] չկամեցավ վերադառնալ: Եվ նրա մոտ գնալով` խնդրում և աղաչում էին, մինչև որ համոզեցին: Եվ երանելի Հովհանը, քաղաք գալով, պայծառացրեց լուսափայլ վարդապետությունը և հակառակորդներին ստիպում էր ճշմարտության ավանդների ուղղության գալ: Սակայն չարն ավելի էր բորբոքվում, չարակնությամբ լցվելով ճշմարիտ և ողջախոհ մարդու, լուսավոր վարդապետի և Տիրոջ օրենքների մասին խորհողի դեմ: Դարձյալ թագուհին բարկանում էր` հետևյալ պատճառով. թագուհին արծաթե արձան էր կանգնեցրել ծիրանագույն սյան վրա իր ու իր մերձավորների և ռամիկների հաճույքի համար, որի դեմ երանելին ասում էր` ի սպառ հեռու մնալ հաճույքներից: «Աստծուն ատելի են,- ասում է,- իրենց պարկեշտությունը կորցնողները»: Եվ սրանից զայրանալով` թագուհին չար բաներ էր մտածում Հովհանի մասին, որն իմանալով` ճառում ասում է. «Կրկին մոլեգնում է Հերովդիադան, որ ճշմարտության պատճառով անիրավությամբ կտրի Հովհանի գլուխը»:

Եվ այս լսելով` թագուհին [մարդ] է ուղարկում Աղեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսի մոտ, որ Հովհան Ոսկեբերանին գահընկեց անելու համար կրկին ժողով գումարվի. և նա անհապաղ կատարում է: Շտապ առաքում է եպիսկոպոսներին և տալիս, որ տանեն արիանոսականների կանոնները, որ գրված էին Աթանասի կանոնների դեմ, [ուր գրված էր], թե` «Եպիսկոպոսին, որ արդարությամբ, կամ անարդար կերպով, աքսորված է եղել և ընդունվել է առանց ժողովի, հարկ է դարձյալ հեռացնել»: Եվ սա ճիշտ կարծելով` կրկին անգամ Հովհանին հեռացրեցին: Եվ ժողով գումարեցին Թեոփիլոս եպիսկոպոսի կողմնակիցները, որ երեսունվեց հոգի էին, իսկ Հովհանին արդար ընդունողները` քառասուն: Եվ թեոփիլոսականները [ցանկանում էին] կանչել Հովհանին, իսկ [մյուս] քառասունը չէին թողնում, ասելով թե` «Մենք ավելի շատ ենք, կանոնների համաձայն [մեծամասնություն ենք]»:
Դժվարություններից խուսափելով և հաշվի առնելով թագուհու զայրույթը, ամբաստանեցին, թե [Հովհանը] չեկավ ժողովին, և արքունի հրամանով Հովհան Ոսկեբերանին կրկին աքսորեցին:

Եվ զինվորները սրբին բռնի դուրս բերին հավաքի միջից և նավ նստեցնելով` հեռու աշխարհ ուղարկեցին: Եվ իսկույն Աստծուց սքանչելիքներ եղան քաղաքի վրա. աթոռի վերևում, որին նստում և կենաց խոսքն էր քարոզում երանելին, հուր երևաց, և ձայն լսվեց, որն ասաց. «Ո՞ւր ես, ճշմարիտ Բանի պատմող»: Եվ խորանաձև հուրը, գնացող-եկողների վրա փայլելով, այրեց սինկղիտոսի տունը, սակայն մարդու վնաս չտվեց: Նաև սաստիկ կարկուտ եղավ քաղաքում: Եվ բոլորը, ահով բռնված, վախից [այս ամենը] Աստծու մարդու աթոռանկության վրեժն էին համարում: Եվ երեք օրից նշանները դադարեցին, սակայն Քաղկեդոնի եպիսկոպոսը, որ թեոփիլոսականների ժողովի ժամանակ նախատել էր երանելի Հովհանին, չար մահով սատկեց: Այս նշան[ներ]ը եղան Հովհանի աթոռանկության ժամանակ:

Իսկ երանելիին տարան հռովմայեցիների Կոկիսոն քաղաքը: Եվ նա լուսավոր վարդապետությամբ աղբյուրի պես բխեցնում էր աստվածահրաշ ճառերն ու զետեղում գրքերում: Նաև սովորեցնում էր շատերին: Եվ այս ամենը լսելով` չարակամները նախանձով լցվեցին և [սրբին] տեղափոխել տվեցին Արաբիսոն: [Իսկ նա] առավել հորդացրեց վտակների հոսանքները` հագեցնելով աստվածասերների անձերը: Եվ լուրը տարածվեց նրան ատողների մեջ, որի համար կամեցան նրան անբնակ տեղ տանել:

Եվ Աղեքսանդրիայում մի գյուղի հասնելով` [երանելին] հանգրվանեց: Եվ երևաց [նրան] այնտեղի վկա Բասիլիոսն ու ասաց. «Ո՜վ երանելի Հովհան, քո լուսավոր վարդապետությամբ լուսավորեցիր մարդկանց ազգը և անձիդ համար երկնային գանձեր ամբարեցիր, որ կան և կմնան: Ե՜կ և հանգրվանիր մեզ հետ»: Եվ ասաց Բասիլիոսն իր ընկերոջը` Ղուկիոս քահանային և մարտիրոսին. «Տեղ պատրաստի՜ր տեր Հովհանի համար, որ վաղը մեզ մոտ գա»:

Եվ հաջորդ օրը երանելի Հովհաննեսը նոր հանդերձներ և կոշիկներ հագավ, հինը տվեց մերձավորներին և պատարագ մատուցելով` ճաշակեց Տիրոջ մարմինն ու արյունը: Եվ արտասանեց վերջին աղոթքը և «Ամենն» ասելով` ավանդեց հոգին դեպի Աստծու փառքերը: Եվ նրան թաղեցին սուրբ Բասիլիոսի մոտ: Եվ որպես ընդունեցինք Աստծուց հրամանը` երանելիի հանգստյան օրը կատարում են[ք] մարերի տասնութին: Եվ իր աթոռին մեկը մյուսին հաջորդեցին այլևայլ մարդիկ` մինչև երանելի Պրոկղոսը, որ երանելու մահվանից երեսունհինգ տարի անց եկավ և Կոստանդնուպոլիս տարավ նրա մարմինը և նստեցրեց իր Աթոռին: Եվ այնքան տարի անց նրա մարմինն անապական էր մնացել և ասես ողջից` ձայն լսվեց, որ ասաց. «Խաղաղություն ձեզ»: Եվ այս լսելով` օրհնություն էին տալիս Աստծուն:

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

10.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․