Գրքեր

Սուրբ Կույս Մարիամի ծնունդն Աննայից

«Այսօր ցնծան երկնայինքն և պար առեալ ի բարձունս

Երգեն զերգս հոգևորս հավուր ծննդյան Սրբուհւոյն»

 

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Շարականի տողերը հուշում են, որ այսօր մեր երկնավոր Մոր, Ամենասրբուհի Կույսի, Անթառամ Ծաղկի, Տիրոջ Երանելի Աղախնու, Սրբասուրբ Անոթի՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է, և Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներն այսօր իրենց սուրբ հարկի տակ են հավաքել Աստծո որդեգիր զավակներին՝ Քրիստոսի և երկնային զորությունների հետ նշելու այս պանծալի տոնը: Այսօր բոլորս միասին մեծ ցնծությամբ տոնում ենք Սրբուհի Մոր ծնունդը, ում Աստված ընտրեց բոլոր կանանց միջից՝ Իր Միածնի ու մեր Փրկչի մայրը լինելու համար: Սուրբ Աստվածածնից ծագեց այն Արեգակը, Որի կենարար լույսը պատռեց խավարի վարագույրն ու ողջ մարդկությանն ազատագրեց մեղքի ստրկությունից:

Եկեղեցու սրբազան Ավանդությունից գիտենք, որ Մարիամ Աստվածածնի ծնողները՝ Սուրբ Հովակիմն ու Սուրբ Աննան, շատ աստվածավախ ու բարեպաշտ մարդիկ էին, որ հայտնի էին ոչ թե իրենց մեծանուն ազգատոհմերի շնորհիվ, այլ՝ իրենց գործած ողորմությունների ու բարի գործերի: Նրանք իրենց ողջ կյանքը հավատարիմ էին Աստծուն, լցված էին Նրա հանդեպ սիրով ու մերձավորի հանդեպ ողորմածությամբ, սակայն կատարյալ երջանկություն չունեին, քանի որ անզավակ էին: Հրեաստանում զավակ չունենալը պատիժ էր համարվում Աստծո կողմից, մանավանդ Դավթի սերունդների համար, քանի որ հենց այդ սերունդից պիտի ծնվեր Աստծո Օծյալն ու աշխարհի Փրկիչը: Սա իսկապես դժվարին ու տառապալից ուղի էր Հովակիմի և Աննայի համար, սակայն նրանք երբևէ չբողոքեցին Աստծուց՝ իրենց բաժին հասած դառնության համար, չըմբոստացան Նրա դեմ, այլ շարունակեցին մեծ համբերությամբ, խոնարհությամբ ու վստահությամբ առ Աստված, իրենց խաչը կրել: Սակայն չդադարեցին փառաբանել Նրան ու աղերսել ողորմություն պարգևելու մասին, ուստի Բարձրյալն ականջալուր եղավ իր հավատարիմ ծառաների անկեղծ արտասուքից բխած աղաչանքին ու նրանց ընտանիքում ծնվեց մի լուսեղեն աղջիկ, և ոչ թե սովորական մի երեխա, այլ նա, ով հետագայում համայն մարդկության Մայրն ու մեծագույն Բարեխոսը պիտի դառնար: Սուրբ Կույսի լույս աշխարհ գալով բացվեց մարդկության պատմության նոր արշալույսը, որ ավետում էր փրկաբեր Արեգակի մոտալուտ ծննդյան մասին:

Սրբուհի Մոր ծնունդը մեծագույն ուրախություն է ամենքիս համար, քանի որ նա էլ իր հերթին ծնունդ տվեց այն Միակին, Ով աշխարհ եկավ Հոր դարավոր անեծքը մեզնից վերցնելու ու հաշտության սկիզբը դնելու Երկնավոր Հոր և Իր որդեգիր զավակների միջև: Այո՛, երկար ու ձիգ դարեր սպասեց Ամենակարողը, մինչև մեղքի խավարի մեջ այս ու այն կողմ թափառող մարդկությունը պատրաստ լիներ կրկին իր Ակունքին վերադառնալու: Աստված տեսավ, որ հրեա ժողովրդի մեջ արդեն ստեղծվել են այն բարենպաստ պայմանները, որոնցում կարող էր ծիլ տալ Խոնարհ Ծաղիկը, որի Պտուղն էլ աշխարհի փրկությանն էր ծառայելու:

Սուրբ Աստվածամոր ծնունդը, սիրելի՛ հավատացյալներ, հնարավոր դարձավ մարդու հավատարմության շնորհիվ առ Աստված, և մարդու հանդեպ տածած Աստծո անսահման սիրո շնորհիվ: Նրա ծնունդով մարդկության հույսերն իրականություն դարձան: Այս ծնունդով աստվածային բարեշնորհությունը երկիր իջավ ու մեղքի կապանքների մեջ տանջվող մարդկությունը վերջապես կարողացավ ազատ շունչ քաշել: Սուրբ Կույսի ծնունդը մեզ համար բացահայտեց, թե Աստված ի սկզբանե ինչպիսին էր ստեղծել մարդուն:

Երբ Աստված տեսավ, որ Իր մեծ սիրուց նախամարդուն շնորհված կամքի ազատությունը նրան հեռացրեց ոչ միայն իր Արարչից, այլև՝ միմյանցից, որոշեց, որ միայն ավելի մեծ սերն է ի զորու նրանց կրկին իրենց Սիրող Հոր գիրկը բերելու: Նա տեսավ, որ դրախտային պարտեզում նախամարդու կողքին գտնվելը բավարար չեղավ, ուստի որոշեց ավելին անել՝ ապրել մարդու մեջ և աստվածային այս մեծագույն ծրագրի սկիզբը դրվեց այն միակի միջոցով, ով պիտի այնպիսի սրբությամբ, այնպիսի առաքինություններով զարդարված լիներ, որ կարողանար Անսկիզբ Աստծուն ծնունդ տալ երկրի վրա: Նա դարձավ հավիտենության այն տաճարը, որ պիտի տեղավորեր տիեզերքի Արարչին: Ի դեմս Սուրբ Մարիամ Աստվածածնի Աստված ստեղծեց այն մարդուն, ով ամբողջովին բաց էր իր Արարչի առջև, պատրաստ Նրա հետ երկխոսության, պատրաստ մասնակցելու աստվածային այն խորհուրդներին, որոնց համար ստեղծվել էր: Աստվածամոր սրբակենցաղ կյանքն ու մաքրամաքուր կերպարը բացահայտում է մարդու մեծագույն կոչումը, որը աստվածային հավիտենական սիրո մեջ է ամփոփվում: Կուսության և մայրության զարմանահրաշ զուգակցումն էլ խոսում է այն մասին, որ աստվածային սիրո օրենքներն ի զորու են հաղթանակել բնական օրենքներին:

Աստծուն ծնունդ տվող Մորն իրավամբ նաև մեր մայրն ենք կոչում, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, քանզի Սուրբ Մկրտության դրոշմն ընդունելով եղբայրակից ենք համարվում Քրիստոսին և վերածնվում ենք Քրիստոսով՝ Նրան մեր հոգիներում պահելով, ինչպես Սուրբ Աստվածամայրն էր մարմնապես պահել: Նա, իր ծնունդից սկսյալ մինչև կյանքի վերջ, հավատարիմ եղավ Աստծուն, սրբությամբ ծառայեց Նրան, մայրական անսահման սիրով հոգ տանելով Նրա երկրային կյանքի մանկության օրերին և անխոս հետևելով դեպի Գողգոթայի բարձունքը: Նրա մայրական նուրբ սիրտը խոցվեց այն նույն գամերով, որոնցով խոցվեց սիրելի Որդու մարմինը, և մոր այդ խոցված սիրտն իր որդեգիր զավակների սրտերը կարդալու շնորհը ստացավ: Նրա ծնունդով մենք մի անգին պարգև ստացանք Երկնակալից՝ ձեռք բերելով այն մեծ Բարեխոսին, որ ամեն վայրկյան խնամում ու հոգ է տանում իր մեղավոր որդեգիր զավակների մասին: Եվ մեր Երկնային Մոր շնորհիվ կատարված բազմաթիվ հրաշքներից մեկի մասին եմ ուզում ձեզ պատմել այսօր:

Պատմում են, որ վանքերից մեկի վանահայրը, որ բարի ու աստվածավախ վանական էր և մշտապես Աստվածամորը նվիրված օրհներգությունն էր կարդում, մի սարսափելի արատով էր տառապում՝ հարբեցողությամբ: Երբ այդ վիճակն անցնում էր և նա կրկին սթափվում էր, ապա շատ էր զղջում իր արարքի համար և Աստվածածնին էր աղոթում: Ահա՛ մի օր էլ, հարբեցողության հերթական բռնկման ժամանակ, վանահայրն ավանդեց իր հոգին, սակայն հոգևոր եղբայրները չհամարձակվեցին նրան թաղել ըստ ընդունված կարգի, քանի որ մեղքի մեջ էր մահացել և ստիպված, եղբայրներից մեկին ուրիշ քաղաք ուղարկեցին՝ առաջնորդից թույլտվություն ստանալու: Երբ նա թույլտվությունը ստացած վերադարձավ, արդեն երեք օր էր անցել և երբ վանականներն սկսեցին ննջեցյալին թաղմանը նախապատրաստել, նա հանկարծ կենդանություն առավ: «Ես մահացե՞լ էի»,- հարցրեց նա վանականներին: «Արդեն երեք օր է»,- լսեց ի պատասխան: Եվ պատմեց, որ մահվանից հետո կանգնել էր դատաստանի առջև ու պատժի էր դատապարտվել, սակայն մի ձայն էր լսել, որ ասել էր. «Իմ Մորն ուղղված աղոթքների համար կյանքի է վերադառնում, որպեսզի ապաշխարի»: Եվ վերակենդանանալուց հետո վանահայրն ապրել էր ուղիղ քառասուն օր. զղջացել ու անդադար աղոթել էր, որից հետո արդեն իսկապես ննջել էր ի Քրիստոս:

Այսօրվա լուսավոր տոնին բոլորս միասին ուրախանում ենք մեր սիրելի Մոր ծննդյան կապակցությամբ, և աղոթքս է առ Սրբուհի Մայրը, որպեսզի Նրա բարեխոսությամբ և մեր Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մեծ ողորմածությամբ, մեր մտքերով, խոսքերով ու գործերով իսկապես արժանանք Սուրբ Աստվածածնին մեր մայրը կոչելու պատվին: Եվ նախևառաջ մեր երկրավոր մայրերի արժանի զավակները լինենք, սիրենք ու պատվենք նրանց, երբեք չանտեսենք ու չմոռանանք, որ կարողանանք Երկնային Մոր բարեխոսությունն էլ աղերսել մեր հոգիների փրկության համար: Թող մեր դրսևորած առաքինի վարքն ու բարի գործերը մեր նվերը լինեն Սրբուհի Աստվածածնին, դրանց շնորհիվ թող Նրա մեծ մայրական սիրտը կրկին անգամ ջերմությամբ ու գորովով լցվի: Խոնարհ սրտով միասին աղոթք բարձրացնենք առ Սուրբ Մարիամ Աստվածածին, որպեսզի Նրա դրսևորած մեծագույն, անձնազոհ սերն օրինակ հանդիսանա ամենքիս համար և քրիստոնեական մեր քայլերն ուղղի դեպի փրկության ճանապարհը: «Անկանիմք առաջի քո, սուրբ Աստվածածին, և աղաչեմք զանարատ զկոյսդ, բարեխոսեա վասն անձանց մերոց, և աղաչեա զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ և ամենայն վտանգից մերոց: Ամեն»:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․