19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

Սուրբ Մարիամ

Սուրբ Կույսը դեռևս մանուկ հասակից ապրում էր Աստծո տաճարում և իր օրերն անց էր կացնում սրբությամբ և աղոթքներով: Այն ժամանակ դեռ ոչ ոք չգիտեր, որ Աստծո տաճարին ընծայված այս մանուկը հետագայում պետք է լիներ ողջ տիեզերքը ստեղծող Աստծո մայրը: Հավանաբար շատերի համար զարմանալի կլինի այն փաստը, որ մուսուլմանական կրոնի մեջ ևս ընդգրկված է Սուրբ Մարիամը, և ընդհանրապես մուսուլմանների համար Հիսուսի մայր Մարիամը հանդիսանում է ամենակատարյալ կնոջ կերպարը, որից բոլոր կանայք պետք է օրինակ վերցնեն:

Աստվածածինը ծնվեց իր ծնողների երկար տարիների աղոթքով, այսինքն` նա եղավ Աստծո պատասխանը այն ջերմեռանդ աղոթքի, որ երկինք էին բարձրացնում երկար ժամանակ զավակ չունեցող նրա ծնողները: Եվ հիանալիորեն Աստվածածինն ինքն է այժմ բարեխոսում Աստծո առաջ մեր աղոթքների և մեր մեծ ցանկությունների իրականացման համար: Մեզ բոլորիս համար կարծես թե մի նվիրական և ջերմ սրբություն է Սուրբ Մարիամ Աստվածածինը: Շատերս ենք հաճախ կանգ առել կամ ծնկի եկել գեղեցիկ մանկանը իր մայրական գրկում պարուրած այդ հեզ և խոնարհ կնոջ սրբապատկերի առջև և հույսով ու ջերմությամբ լի աղոթքներ շշնջացել: Մոր ու մանկան այդ գեղեցիկ պատկերը չի կարող անտարբեր թողնել որևէ մարդու: Եվ քանի որ հավատացյալները խոնարհվում են այդ նկարի առջև և Սուրբ Մարիամին նաև իրենց գորովագութ մայրը համարում, ապա կարելի է ասել, որ այդ սրբապատկերների մեջ մանուկը ձեռք է բերում նաև մեկ այլ իմաստ` խորհրդանշելով ողջ մարդկությանը, որին Սուրբ Աստվածածինն իր գիրկն առած խնամում է սիրող մոր պես:

Աստվածածնի տարիքը

Սուրբ Մարիամը դուստրն է Հովակիմի և Աննայի: Հոր կողմից նա սերում էր թագավորական ցեղից` Դավթի ազգից, իսկ մոր կողմից` Ղևիի քահանայական ցեղից. Աստվածածնի մայր Աննան դուստրն էր Մատթան քահանայի` Բեթղեհեմ քաղաքից:

Քանի՞ տարեկան էր Սուրբ Մարիամ Աստվածածինը իր և Քրիստոսի կյանքի գլխավոր հանգրվաններին: Մարիամը 3 տարեկան էր, երբ ծնողների կողմից ընծայվեց տաճարին` այդուհետ մինչ չափահաս դառնալը Աստծո տաճարում ապրելու, քանի որ այդ էր եղել տարիներ շարունակ զավակներ չունեցող նրա ծնողների ուխտը առ Աստված: Մարիամը 14 տարեկանում հանձնվեց խնամակալության 41 տարեկան Հովսեփին: Հովսեփը Մարիամին տարավ Նազարեթ և բնակեցրեց իր զավակների հետ, իսկ երեք ամիս անց Գաբրիելը Քրիստոսի ծննդյան ավետիսը տվեց: 15 տարեկան էր Մարիամը, երբ Քրիստոս ծնվեց: Քրիստոսի կյանքի 31-րդ տարում Հովսեփը վախճանվեց 72 տարեկանում: Տերունական խաչելության, Հարության և Համբարձման ժամանակ, երբ Քրիստոս 33 տարեկան էր, Մարիամը 48 տարեկան էր: Դրանից հետո Սուրբ Աստվածածինն ապրեց ևս 12 տարի, որով նրա երկրային կյանքի տարիների ընդհանուր թիվը անում է 60:

Կույս և մայր

Շատերի համար զարմանալի է այն, որ քրիստոնեության մեջ Սուրբ Մարիամը համարվում է հավիտենական կույս: «Ինչպե՞ս կարելի է որդի ունենալ և միևնույն ժամանակ կուսության կնիքը անխախտ պահել»,-մտածում են շատ մարդիկ: Հիսուս Քրիստոսի մասին գիտենք, որ Աստված է և Աստված նաև մարդ դարձավ ու ծնվեց սովորական մարդու պես` բոլոր մարդկանց փրկության համար: Իսկ մարդկանց մասին գիտենք, որ մարդու մարմինը ապականացու է ու անկատար: Սակայն մարդու մարմինն ապականացու է մեղքի պատճառով, իսկ եթե այդ պատճառը չկա, ուրեմն այլ է նաև մարդու մարմինը: Հիսուս Քրիստոս կատարյալ մարդ էր, ամեն ինչով մեզ նման, սակայն մեկ տարբերությամբ` նա առանց մեղքի էր: Իսկ սա նշանակում է, որ նաև Նրա մարմինն անապականացու էր և փառավոր: Իսկ փառավորյալ մարմնի հատկություններից են նաև թափանցողությունը, այսինքն` որևէ նյութական արգելքի միջով թափանցելու, անցնելու կարողությունը և թեթևությունը: Քրիստոսի մարմնի թեթևությունը երևաց այն ժամանակ, երբ Նա քայլում էր ջրերի վրայով (Մատթ. 14.25, Մարկ. 6.48, Հովհ. 6.19), իսկ թափանցելու կարողությունը` այն ժամանակ, երբ փակ դռների միջով անարգել մտավ առաքյալների մոտ (Հովհ. 20.19): Եվ ահա ինչպես որ Քրիստոս փակ դռների միջով մտավ առաքյալների մոտ, ճիշտ այդպես էլ ծնվեց Սուրբ Կույս Մարիամից` անխախտ թողնելով նրա կուսության կնիքը:

Հավիտենական կուսություն

Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը եղել է Հակոբոս Տեառնեղբայրը: Հակոբոսը Տիրոջ եղբայրն է, բայց ոչ Մարիամի որդին: Ըստ ուղղափառ, ճշմարիտ վարդապետության` Սուրբ Մարիամը հավիտենական կույս է և բացի Քրիստոսից այլ զավակներ չի ունեցել: Այս ուղղափառ վարդապետությանը հակառակվող աղանդներից են հատկապես Եհովայի վկաները և բողոքականները-ավետարանականները, որոնց հայ ներկայացուցիչները այս հակառակումով մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ սուտ են նրանց պնդումները, թե Առաքելական Եկեղեցու հետ մեկ են: Հակառակվողները հիմնականում իբրև փաստարկ բերում են Մատթեոսի Ավետարանի առաջին գլխի վկայությունը, թե Հովսեփը Մարիամի հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն և նրա անունը դրեց Հիսուս (25): Սակայն այստեղ մինչև բառը չի նշանակում, թե Քրիստոսի Ծննդից հետո Հովսեփը Մարիամից որդիներ է ունեցել: Մինչև բառը երկու իմաստ ունի. նախ` մի բան չի եղել և հետո եղել է հակառակը, երկրորդ` որևէ բան չի եղել և հետո էլ չէր կարող պատահել: Ավետարանի այս հատվածում այս բառն օգտագործված է երկրորդ իմաստով, այսինքն` հետագայում էլ չէր կատարվելու նշված գործողությունը: Մենք բոլորս էլ մեր խոսակցական լեզվում, թեև երբեմն անգիտակից կերպով, մինչև բառը գործածում ենք այս երկու իմաստներով: Բայց որպեսզի օրինակներն ավելի հատկանշական ու տպավորիչ լինեն, դրանք բերենք Սուրբ Գրքից: Մինչև բառը մեզ հետաքրքրող իմաստով գործածված է նաև Աստվածաշնչի հետևյալ հատվածներում. «...և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտեղ է նրա [Մովսեսի] գերեզմանը» (Երկրորդ օրենք 34.6): Սա չի նշանակում, թե այս տողերի գրությունից հետո Մովսեսի գերեզմանի տեղն իմացել են: «Տերն իմ Տիրոջն ասաց` նստիր Իմ աջ կողմում, մինչև որ Քո թշնամիներին դնեմ Քո ոտքերի տակ իբրև պատվանդան» (Սղմ. 109.1, Մատթ. 22.44, Մարկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44). այս նախադասությունը նստելուց հետո կանգնած վիճակ չի ենթադրում: «Սավուղի դուստր Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ» (Բ Թագ. 6.23). սա չի նշանակում, թե մահից հետո զավակներ է ունեցել: Նաև Մատթ. 28.20-ում Քրիստոս ասում է. «Ձեզ հետ եմ և կլինեմ մինչև աշխարհի վախճանը», և սա չի նշանակում, որ աշխարհի վախճանից հետո մեզ հետ չի լինելու:

Երբ Քրիստոս Իր գավառը գնաց և ուսուցանում էր ժողովարանում, փարիսեցիները, դեմ լինելով Նրա ուսուցմանը, հարցրեցին. «Սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչվում. և սրա եղբայրները` Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա»: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ այստեղ էլ միայն Քրիստոսն է կոչվում Մարիամի որդի, իսկ մյուսները կոչվում են Քրիստոսի եղբայրներ (Մատթ. 13.55). նրանք Հովսեփի որդիներն էին առաջին ամուսնությունից:

Աստվածածնի հավիտենական կուսությանը մենք հավատում ենք նաև ըստ ավանդության, որը փոխանցվել է առաքյալների կողմից: Եվ Պողոս առաքյալն ինքն է պատվիրում, որ ամուր պահենք ոչ միայն գրվածը, այլև այն ավանդությունը, որն ավանդվել է բանավոր կերպով. «Հաստատ մնացեք և պինդ պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք թե՛ խոսքով և թե՛ մեր թղթով» (Բ Թեսաղ. 2.14), «Գովում եմ ձեզ, որ հիշում եք ինձ ամեն ինչում և պահում եք ավանդած բաները, ինչպես որ ավանդեցի ձեզ» (Ա Կորնթ.11.2): Առաքյալի խոսքերը ցույց են տալիս, որ բացի գրավոր հորդորներից եղել են նաև բանավոր ուսուցումներ, որոնք Եկեղեցին պահպանել է և փոխանցել հաջորդ սերունդներին (նաև` Ա Կորնթ. 11.23, 34, 15.3):

Իրական գեղեցկություն

Աստվածածնին պատկերող շատ սրբապատկերներ ու մանրանկարներ կան: Այս գեղեցիկ նկարների միջից առանձնանում է հատկապես Աստվածածնի մորը` Աննային, և Սուրբ Մարիամին ու մանուկ Քրիստոսին պատկերող Վերածննդի ժամանակաշրջանի` Լեոնարդո դա Վինչիի նկարը: Նկարում հետաքրքրական է հատկապես Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից Ջոկոնդայի միմիկական յուրահատկության կրկնությունը, որը նկատելի է նաև Լուվրի թանգարանում գտնվող Հովհաննես Մկրտչի նկարում: Ջոկոնդայի դեմքի նրբագծերը պարզ նկատելի են Սուրբ Մարիամի դեմքին Սուրբ Աննայի հետ նկարում: Սուրբ Մարիամի և Քրիստոսի հետ նկարում Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի ժպիտը ևս նույն Ջոկոնդայի ժպիտն է, և նույն հայտնի ժպիտը կարծես թե արտանկարված է մեկը մյուսից: Բայց եթե այնտեղ վարպետը վրձնի հմտությամբ Ջոկոնդայի ժպիտին հանելուկայնություն է հաղորդել, ապա այստեղ Աննայի ժպիտին` խաղաղ երանություն: Այս նկարի առնչությամբ արտասովոր մեկ այլ իրողությունն այն է, որ նկարը բոլորովին տարբերվում է Սուրբ Աստվածածնին և Սուրբ Աննային պատկերող այլ նկարների սյուժեից: Նկարում երիտասարդ Աննան է, գոգին` Մարիամը, որ խոնարհվել է դեպի գառան հետ խաղացող Քրիստոս մանուկը: Զարմանալի է, որ այստեղ Աննան և Մարիամը պատկերված են երիտասարդ հասակում, մինչդեռ Աննան պետք է տարիքով պատկերվեր: Սուրբ Աննայի շատ նկարներում Աննան տարիքով կին է` ձեռքին Մարիամի և Քրիստոսի փոքրիկ պատկեր, մինչդեռ դա Վինչիի նկարում Աստվածածնի հետ պատկերվող նրա մայրը երիտասարդ կին է: Բացատրություններից մեկն այն է, որ նկարիչը չի ցանկացել պատկերել ծերություն ու կնճիռներ, և կարող ենք ասել, որ մեծ նկարիչը ցանկացել է նաև մարմնական երիտասարդական գեղեցկության պատկերման միջոցով արտահայտել այս սուրբ կանանց հեգևոր գեղեցկությունը, նրանց ներքին մարդը` զարդարված ճշմարիտ գեղեցկությամբ: Այս առումով տեղին է հիշատակել Պողոս առաքյալի խոսքը. «Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե. որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ` անտեսանելիներին, որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական» (Բ Կորնթ. 4.16-18):

Կուսության մասին

Կուսությունը մարդկային ամենամեծ առաքինությունն է: Սա վկայեց նաև Քրիստոս, երբ ասաց. «Այն ժամանակ Երկնքի Արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի» (Մատթ. 25.1): Այսօր ոմանք այս մեծագույն առաքինությունը հաճախ թերություն են համարում: Մարդիկ կան, հատկապես կանայք, ովքեր կյանքի տարբեր պատճառների բերումով չեն ամուսնանում, շարունակում են իրենց կուսական կյանքը, սակայն դա թերություն են նկատում: Մինչդեռ այդ մեծագույն առաքինությունը շատերին չի տրված տանելու: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ հանդերձյալ կյանքում մարդկանց փառքն ու պսակը տարբեր է լինելու: Սա է վկայում նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15.41): Եվ ահա կույսերի տեղը լինելու է բոլորից բարձր` հրեղեն երկնքում: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ միայն կույսերն են խառնվելու հրեշտակներին` ձևավորելով հրեշտակաց տասներորդ դասը, որովհետև կուսությունը հրեշտակների գործ է: Կույսերի մասին ավետարանական առակում հինգը կույսերը կոչվում են հիմարներ, մերժվում են Քրիստոսի կողմից և չեն կարողանում մտնել Երկնքի Արքայություն: Բայց ո՞րն էր արդյոք պատճառը. չէ՞ որ բոլորն էլ կույսեր էին, բոլորն էլ մեծ ճգնությամբ պահել էին այդ ամենամեծ առաքինությունը: Հիմար կույսերը չկարողացան վառ պահել իրենց լապերները: Լապտերը երեք բաներով է վառվում` լույս կամ կրակ, ձեթ և պատրույգ: Եթե սրանցից մեկը պակասի, ապա լապտերը կհանգչի: Լույսը կուսության առաքինությունն է, ձեթը` մարդասիրությունը և ողորմությունը, իսկ պատրույգը` ճշմարիտ դիտավորությունը: Ահա այսօր շատերն ունեն այս մեծագույն առաքինությունը, դրա հետ մեկտեղ նաև մարդասեր են և ողորմություն են անում, սակայն չունեն ճշմարիտ դիտավորություն: Մինչ շատերի հայացքներն ուղղված են դեպի երկիր, քչերն են իրենց հոգևոր հայացքները երկինք բարձրացնում: Հիմար կույսերը նրանք են, ովքեր մարմնավորը ցանկացան և դրանից էլ զրկվեցին: Բոլորն էլ կույսեր էին, սակայն կեսը մերժվեցին, որովհետև Քրիստոս ասում է. «Այո, կույս եք, բայց հիմար եք, աշխատեցիք, բայց վարձ չունեք, երկնայինին հարսնացաք, բայց զարդերը չպահեցիք»: Եվ այս մեծագույն առաքինությունն ունեցողները պետք է նաև ճիշտ դիտավորություն ունենան, իրենց հայացքներն ու հոգիներն ուղղեն դեպի Աստված: Իսկ մնացած մարդիկ պետք է խոնարհվեն իբրև մարգարիտ ողջախոհությունն ամփոփող այս մեծագույն առաքինությունն ունեցող մարդկանց առջև, որովհետև, ինչպես ասվում է Հայտնության գրքում, նրանք միշտ փառավոր կերպով լինելու են Քրիստոսի հետ, ուր էլ Նա գնա (Հայտ. 14.4):

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

05.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․