Գրքեր

Սուրբ Մեռինոս քահանայի վկայաբանությունը

Անդիպատրոսի անթիպատության երրորդ տարում Աքայեցիների աշխարհում մեծ հալածանք սկսվեց, և հելլենների ազգի բազմության հավաք եղավ աստվածների մեհյաններում: Իսկ դրանից հետո, երբ տասնհինգ օր անցավ, մեզ համար տնօրինաբար մարմնացած մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Մարիամ սուրբ կույսից ծնվելու տոնը հասավ, որ փառավոր կերպով տոնում են բոլոր հավատացյալները: Եվ տոնն այս երանելի, պայծառ և լուսավոր կերպով եղավ քրիստոնյաների հավաքներում: Այնժամ չարացած անօրեն անթիպատոսը գնաց, բռնությամբ մտավ Աստծու եկեղեցին, ուզում էր հավաքել հավատացյալ քրիստոնյաներին, որ բազում տանջանքներով նրանց ստիպի զոհ մատուցել աստվածներին: Այս էր ջանում կատարել անօրեն ամբարիշտը:

Առաջ եկավ քահանաներից մեկը, որի անունը Մեռինոս էր` ծագմամբ երևելի և մեծատուն, հանճարեղ և խիստ իմաստուն, ամբողջ էությամբ երկյուղած և աստվածասեր [մի մարդ], և ասաց աթիպատոսին. «Ա՜յ վայրենի շուն և չարիմաց գազան, չարի գտիչ և որսորդ չարի, ինչո՞ւ ես ջանում խափանել Աստծու եկեղեցին»: Ապա դարձավ ժողովրդին, սկսեց քաջալերել և հորդորել բոլորին` ասելով. «Ո՛վ իմաստուն և աստվածասեր մարդիկ, փութացեք դիմանալ հանուն հավատքի ջանքի, հաստատուն եղեք` ապավինելով կենդանի Վեմին, որ Քրիստոս է, որովհետև Նա է բոլոր բարեպաշտներին շնորհում երկնքի արքայությունը: Արդ` քա՛ջ եղեք, անդրդվելի մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատի մեջ, ընկե՛ք Նրա առջև և աղաղակեցեք. «Տե՛ր, սերնդե սերունդ ապավեն եղիր մեզ, քանի դեռ կան լեռները, քանի դեռ կան երկինքն ու տիեզերքը, որովհետև Դու ես մեր հավիտենական հույսը: Փրկի՛ր մեզ, որովհետև Քեզ հուսացին մեր անձերը»: Մեծ և աստվածասեր Մեռինոս քահանայից այս լսելով` բոլորն ամրացան հավատքի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտության մեջ:

Այնժամ մեծ ցասմամբ լցվեց աթիպատոսը, շտապ բարձրացավ նստեց Փոր[ոս] կոչված տեղում, որ Դիոնիս կոչված կուռքի մեհյանի մոտ է, և հրամայեց բռնել ու իր մոտ բերել երանելիին, ոչ իբրև մտերիմ, որովհետև նախկինում անթիպատոսի բարեկամն ու սիրելին էր, այլ իբրև դատախազ և թշնամի: Երբ բերեցին և կանգնեցրին անթիպատոսի առջև, անթիպատոսն ասաց նրան. «Շտապի՛ր, զո՛հ մատուցիր Դիոնիս աստծուն, որովհետև մեծ բարեպաշտությամբ զոհեր էիր մատուցում մեր դատավոր եղած ժամանակներում»: Քրիստոսի սուրբ վկան ասաց նրան. «Ո՛վ անթիպատոս, ես դևերին զոհ չեմ մատուցում, այլ մեծ բարեպաշտությամբ և ջանքով ակնածում եմ իմ ամենակալ Թագավորին, Նրան, որ բնակվում է երկնքում: Եվ միայն Նրան եմ երկրպագում և իմ անձին փրկություն խնդրում: Իսկ դու, անթիպատո՛ս, կուռքերիդ երկրպագելով` դաժան մահվամբ և դառն տանջանքներով կսատկես»:

Եվ խիստ բարկանալով` անթիպատոսը հրամայեց կախել նրան և քերել: Եվ մինչ քերում էին սրբի կողերը, անթիպատոսն ասաց նրան. «Զո՛հ մատուցիր Դիոնիսին»: Սուրբը պատասխանեց և ասաց. «Չե՛մ զոհի, որովհետև քրիստոնյա եմ»: Իսկ դահիճները հոգնել էին սրբի կողերը քերելուց, մինչդեռ նա արհամարհում էր այդ, աղոթում էր և ասում. «Պահի՛ր ինձ, Տե՛ր, չարամիտի գայթակղության որոգայթից, որովհետև ես պատրաստ եմ չարչարանքներին և նեղություններին, որ վրաս են գալիս Քո սուրբ, մեծ և փառավոր անվան համար, ի՛մ Տեր և ի՛մ Աստված»: Այս ասելուն պես, անթիպատոսը հրամայեց հնոցը վառել, և երբ կրակը եղավ, սպասավորները, հրաման կատարելով, ավելի էին բորբոքում կրակը` ձեթով, որթերով և ձիթենու պտուղներով, մինչև բոցը բարձրանալով` հիսուն կանգունի հասավ: Անթիպատոսը գալով տեսավ բորբոքված կրակի բոցը, տագնապած զարհուրեց և տեղը նստելով` հրամայեց բերել երանելիին ու հնոցը նետել: Երբ եկավ, տեսավ հնոցի հուրը, երկինք նայեց, բարձրաձայն գոչեց և ասաց. «Մենք անցանք հրի և ջրի միջով, և հանեցիր մեզ Քո հանգստարանը, Տե՛ր»:

Եվ մինչ երանելի Մեռինոսը փառավորում էր Աստծուն, [նրան] հնոցի բոցի մեջ գցեցին, իսկ նա հնոցի մեջ շրջում էր իբրև թագավորական հանգստարանում: Եվ շատերը տեսնում էին, որ երկու փառավորագույն այրեր պտտվում էին նրա մոտ և նրան զերծ պահում կրակից և չէին թողնում, որ նա վնասվի: Եվ երանելին աղոթում էր հնոցի մեջ և ասում. «Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՜ռք Քեզ, Թագավոր հավիտենական, որ միայն մեծամեծ սքանչելիքներ ես գործում, որովհետև հավիտենական է Քո ողորմությունը: Դու ես, որ սկզբից ևեթ ստեղծեցիր նախահայր Ադամին և նրան դրեցիր դրախտի փափկության մեջ: Դու նաև նինվեացիների աղոթքները լսեցիր և նրանցից հեռու տարար մահվան վճիռը: Նաև Բաբելոնի հնոցում Դու երեք մանուկներին փրկեցիր, իջնելով նրանց մոտ և քաղդեացիներին կիզելով` ցրեցիր հնոցի հուրը: Որի համար այժմ աղաչում եմ Քեզ, Աստվա՛ծ, որ առաջ էիր քան հավիտյանը, քշի՛ր այս հնոցի հուրը Քո թշնամիների վրա և հրկիզի՛ր նրանց, որ փառավորվի Քո անունը հավիտյան»:

Եվ նույն պահին ցոլաց հուրը հնոցից դուրս և տեղում կիզեց հելլենացիներից շատերին` մոտ հարյուր հիսուն մարդու: Իսկ անթիպատոսը, երբ տեսավ կատարված սքանչելիքները, շտապ ելավ ու փախավ այնտեղից և ետ նայե լով` տեսավ Մեռինոսին հնոցի մեջ պարելիս որպես հանգստարանում: Նրա հետ [տեսավ] նաև երկու լուսեղեն էակներին, որոնց պայծառագույն կերպարանքները փայլում էին որպես արևի ճառագայթներ, ինչից ապշեց և խիստ զարհուրեց անթիպատոսը, հրամայեց սպասավորներին, որ գնան, հանեն սրբին և բանտ տանեն, իսկ ինքը խորհրդակցեց չար համախոհների հետ, թե ինչ դառն տանջանքներով կործանեն երանելիին: Իսկ չարի պաշտոնյաներն ու խորհրդակիցները բանսարկուի հորդորմամբ պատասխանեցին և ասացին. «Ձերդ քաջությունը թո՛ղ հրամայի, որ նրա մարմնից բարակ շերտով հեռացնեն կաշին»: Եվ դատավորին հաճո թվացին խորհրդականների խոսքերը, դարձյալ նստեց ատյանում և հրամայեց բերել Քրիստոսի մեծ նահատակ սուրբ Մեռինոսին` իբրև ապստամբի և թագավորի հրամաններին անհնազանդի:

Եվ մինչ բերում էին, սուրբը սաղմոսում էր և ասում. «Լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև քաղցր է Քո ողորմությունը: Քո մեծ գթությամբ խնայի՛ր ինձ և երեսդ մի՛ դարձրու Քո ծառայից, որովհետև ես նեղված եմ: Շո՛ւտ լսիր ինձ, Տե՛ր, և արժանի արա՛ ինձ Քո փրկությանը»: Եվ երբ եկավ այնտեղ, ուր նստում էր անթիպատոսը, բոլորը նրա երեսը պայծառացած տեսան, որ փայլում էր որպես արեգակը: Մի այլ [դատավոր] ասում է. «Դո՞ւ ես Մեռինոսը, որ քո կախարդությամբ հանգցրեցիր հուրը և կրակի բոցերը ցրեցիր ու շատերին կրակի կիզմամբ կործանեցիր»: Սուրբ Մեռինոսն ասում է. «Այո՛, ես եմ, որ անվամբ Աստծու և Նրա Քրիստոսի, քո հայր սատանայի գործիքները ցրիվ տալով կործանեցի»: Անթիպատոսն ասաց նրան. «Այսուհետև քեզ չեմ ներելու, այլ կհրամայեմ, որ բարակ շերտով մորթազերծ անեն և լարի պես հյուսեն, որ ամենքին հայտնի լինի քո` կախարդության արհեստը»: Պատասխանեց Մեռինոսն ու ասաց. «Արա՛, ինչ որ հաճո կթվա քո կամքին, որովհետև քո հայր սատանան ևս այսպիսի արյունարբությամբ է բռնությամբ իշխում»:

Այնժամ անթիպատոսը, խիստ զայրանալով, հրամայեց լարահատներին, որ երանելիի մարմնից բարակ շերտեր հանեն: Եվ անօրենները մաշկը պատռում էին փոկի պես, սկսեցին երանելիի թիկունքից` հասնելով մինչև սուրբ ոտքերի գարշապարները: Իսկ սուրբն ու առավել սրբացողը բանի տեղ չէր դնում այդ, ասես մի օտար մարմին էր ընդունում չարչարանքները, ինքն աղոթում էր և ասում. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և Նա նայեց վրաս ու լսեց իմ աղոթքը: Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրա հաստատեց և ուղղեց իմ քայլերը» (Սաղմ. ԼԹ. 1-4): Ավարտելով աղոթքը` գոհացավ Տիրոջից և այդպես դիմացավ անհնարին ծանր տանջանքներին Քրիստոսի քաջ և արիագույն նահատակ սուրբ Մեռինոսը, մինչև ժողովրդի ամբողջ բազմությունը խիստ զարհուրեց: Եվ նա համբերությամբ դիմացավ ամենին` որպես մարմին առած անմարմին փառավորում էր Աստծուն:

Եվ երանելին ձեռքը վերցրեց իր մարմնից հանված կաշեշերտերից մեկը և հարվածեց դատավորի երեսին, ասելով. «Ո՛վ անօրեն և ամբարիշտ և ամենայն արդարությունների թշնամի, այդպես խրոխտացած նստել, դատում ես քեզ պես մարմնավոր մարդու և հրամայում ես անասունների մորթու պես կաշին հանել և պերճացած ցնծում ես իմ մարմնի արյան հեղումից: Չգիտե՞ս, որ այս ամենին դիմանում եմ առ Աստված [ունեցածս] հույսի համար և կրում եմ չարչարանքները, որ կենաց պսակ ստանամ Նրա սուրբ անվանը հաճոյացածների և կամքը կատարողների հետ: Իսկ դու, որ առել-պահել ես իմ մարմնի կաշին, ո՛վ անօրեն և Աստծու ու մարդկանց համար անիմաստ ու անպիտան, հույս մի՛ ունեցիր փրկվելու Աստծու ձեռքից, որ ենթարկելու է քեզ հավիտենական տանջանքի և չարչարանքի, որ և չես կարողանալու դիմանալ Աստծու զայրույթին»:

Այդ ժամանակ անթիպատոսը բարկացած հրամայեց երկաթյա ճանկեր կապել և քերել սուրբ վկայի մարմնի միսը, մինչև պոկոտվելով ոսկորներն էլ հետը դուրս գան: Եվ դահիճները, հրամանը կատարելով, անողորմաբար տանջում էին: Իսկ երիցս երանելին մեծ համարձակությամբ և անփոփոխ մտքով աչքերը երկինք հառելով` այսպես էր ասում. «Դո՛ւ, որ Թագավորն ես և հավիտենական Աստված, որ փառավորված ես երկնային բոլոր զորքերի կողմից, Դո՛ւ, որ քավություն ես շնորհում բոլորին, որ անխարդախ սիրով և հավատով խոստովանում են Քո սուրբ անունը, Դո՛ւ, ի՛մ Տեր Աստված, հաճի՛ր նայել իմ տառապանքներին և ինձ արժանի արա՛ Քո անվախճան փառքը ժառանգելու»: Եվ նույն պահին երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Ահա աստվածային սուրբ փառքով փառավորվեցիր, և քեզ տեղ պատրաստվեց Աստծու արքայության մեջ, ուր կմնաս մեծ խաղաղությամբ, որովհետև վայելուչ կերպով ավարտեցիր քո նահատակության ընթացքը»: Եվ ձայնն այս լսելի եղավ անխտիր բոլորին: Եվ ոմանք ասում էին. «Հրեշտակը խոսեց նրա հետ»: Այլոց խոսքն էր, թե` «Կախարդություն գործելով ապշեցնում է բոլորին»: Իսկ ուրիշներն այլ բան էին ասում: Անթիպատոսն ամբողջությամբ կախարդություն էր համարում հնչած ձայնը և ասաց երանելի Մեռինոսին. «Այսուհետև դադարեցրո՛ւ քո կախարդությունները և զո՛հ մատուցիր աստվածներին, մանավանդ մեծ Դիոնիսին, իսկ եթե չզոհես` գիտեցի՛ր, որ կհրամայեմ մարմինդ գցել գազաններին իբրև կերակուր»: Սուրբ Մեռինոսն ասաց. «Ահա, կանգնած եմ քո առջև, արա՛` ինչ որ հաճելի կթվա քեզ, բայց գիտեցիր, որ ես քրիստոնյա եմ և դևերին զոհ չեմ մատուցում»:

Այնժամ անթիպատոսը հրամայեց բանտ տանել նրան և հաջորդ օրվա համար նախապատրաստել ասպարեզը, որ սրբին գազանակուր անեն: Հետևյալ օրը հավաքված ամբողջ ամբոխը տեսավ ոչ միայն սուրբ Մեռինոսի չարչարանքները, այլ նաև Աստծու մարդասիրությունը, որ կատարվեց նրա վրա: Երբ երանելիին ասպարեզ հանեցին, բոլորը տեսան, որ անվնաս և անսպի մարմնով ու զվարթերես էր` ինչպես սկզբում, այնքան, որ ոմանք չիմացան, թե ընդհանրապես չարչարանք է կրել: Եվ երբ եկավ, ասպարեզ մտավ և կանգնեց ամբոխի առջև, Քրիստոսի Խաչի նշանն արեց իր երեսին և սկսեց այսպես ասել. «Իմ ձայնով ես Տիրոջը կանչեցի, իմ ձայնով Տիրոջն աղաչեցի, և Նա ինձ փրկություն եղավ» (Սաղմ. ՃԽԱ. 1-3): Երբ խոսքն ավարտեց, նրան անթիպատոսի մոտ բերին հարցաքննության: Անթիպատոսն ասաց նրան. «Մեծ են քո կախարդությունները, Մեռինո՛ս»: Սուրբ Մեռինոսն ասաց. «Մեծագույն են Քրիստոսի դատաստանները»: Նույն պահին անթիպատոսը հրամայեց նրա վրա արձակել մի ամեհի և սովահար արջ, որ բազում մահապարտների էր սպանել: Եվ երբ բերին, գազանին արձակեցին նրա վրա, [արջը] մռնչաց առյուծի նման և գնաց, մոտ երկու ժամ մնաց ասպարեզում և բնավ չմոտեցավ սրբին, այլ վերադարձավ ու մտավ իր վանդակը:

Դատավորը հրամայեց, որ վրան բաց թողնեն մի առյուծ, որ ամենամեծն էր. ոչ ոք երբևէ այդպիսի [առյուծ] չէր տեսել, և շատերն էին մահացել դրա ամեհի, դժնդակ տեսքից զարհուրելով: Սա շարժվելով գնաց սրբի առջև և ծնկները ծալելով` գլուխը գետնին դրեց և գոչելով ու մռնչալով` երկրպագեց սրբին: Ապա շուռ եկավ և վերև նայելով` տեսավ ամբոխն ու անթիպատոսին և մռնչալով զարհուրեցնում էր բոլորին: [Հետո] մոտեցավ սրբի կապանքներին, որին երկաթով էին շղթայել, և ատամներով կտրելով` բաց թողեց և նրանից արագ հեռացավ: Ապա սկսեց խոսել մարդկային լեզվով և ասաց անթիպատոսին. «Ահա փառավոր և անապական Աստծու անվամբ հանդիմանվում և կշտամբվում է քո էությունը, որովհետև հուրը և ամեն տեսակ տանջանքները և վայրենի գազանների բնազդները ճանաչեցին բոլորի Աստծուն, Նորոգողին և Ստեղծողին: Եվ Նրա հրամանով ու Նրա հավատի և սիրո համար հնազանդվեցին նրանց, որ վկայությամբ կատարում են իրենց մարտիրոսության ընթացքը, օգնական ունենալով երկնային հրեշտակների զորքերը, որոնցից շատերն այս սրբի հետ են: Նաև ես, դեմառ դեմ կանգնեցվելով Տիրոջ կողմից, քեզ այսօր ասում եմ, որ դառն տանջանքով և չարաչար մահվամբ պիտի սատկես»:

Եվ նույն պահին որոտ և մեծ ճայթյուն եղավ, մինչև բոլորը, որ հավաքված էին ասպարեզում, սկսեցին զարհուրած և դողալով, բարձրաձայն, ասես միաբերան, գոչել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, որ օգնական եղավ այս մարդուն, որովհետև պարզորոշ տեսանք և իմացանք, որ կախարդությամբ կամ մոգությամբ չէ, որ սանձվում է կրակի զորությունը, կամ հնազանդվում են գազանները և ձախողվում տանջանքներն ու չարչարանքները: Եվ այժմ, ո՛վ անթիպատոս, արձակի՛ր այս արդարին, որից անգամ վայրի գազաններն են պատկառում, և հետայսու փրկիր անձը քո»: Եվ մեծ աղմուկով բոլորն աղաղակեցին արդարի փրկության համար: Իսկ անթիպատոսը պատասխան տվեց և ասաց. «Չեմ կարող արձակել դրան, այլ ըստ ինքնակալի հրամանի կաքսորեմ Կիզիկոն կղզին»:

Եվ մինչ առյուծը կողքին կանգնած էր, սուրբ Մեռինոսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Օրհնված է Տերը և փառավորված հավիտյան, որ թշվառիս հաղթություն շնորհեց և անօրեններին իրենց չարչարանքներով ամոթով թողեց և Իր սիրելիներին Սուրբ Հոգով պսակեց: Դու, Տե՛ր և Աստված իմ, որ կանչվում ես ամենուր և շտապ ժամանում ես, այժմ Սուրբ Հոգուդ թափանցիկ լույսով արագ ընդունիր իմ` Քո ծառայի հոգին, որ Քո բարերարությունից ստանամ մշտնջենական հանգիստը և խաղաղությամբ ու մեծ հույսով հանգչեմ»: Երբ այս ասաց երանելին, տեսան, որ առյուծը բոլորի առջև լացեց և սրբին երկրպագելով մտավ իր վանդակը: Իսկ անթիպատոսը ելնելով կամեցավ գնալ այնտեղից և բարձրացավ-նստեց կառքը: Եվ նույն պահին նրա վրա եղավ Աստծու բարկությունը, և չարաչար կատաղությամբ բարկացած սկսեց իր ատամներով ուտել իր մարմինը և սուսերը ճանկելով ինքնասպան եղավ: Այսպես չարը չարությամբ վերացավ մեջտեղից:

Դրանից հետո դատավորի սպասավորները վերցրին-տարան Քրիստոսի երանելի և սուրբ վկա Մեռինոսին Կիզիկոն կղզին, որ Աստծու նախախնամությամբ այնտեղ ավարտի իր մարտիրոսության ընթացքը: Եվ սուրբ վկային բերեցին այն անթիպատոսի մոտ, որ այդ կղզու իշխանն էր: Սա տեղեկացավ և ստուգեց եղածը և հրամայեց սրի պատուհասով սպանել սրբին, նրա վերաբերյալ այսպիսի վճիռ գրելով. «Այրն այս անհնազանդ եղավ աստվածներին և չենթարկվեց ինքնակալ թագավորի հրամաններին: Երկարատև տանջանքներից և չարչարանքներից հետո օրենքները հրամայում են սրով սպանել»: Եվ ինքը ելնելով գնաց:

Եվ վերցնելով Քրիստոսի սուրբ վկա և երիցս երանյալ քահանա Մեռինոսին` տարան մահապատժի տեղը: Եվ նա, ծունկի իջնելով, աղոթեց և ասաց. «Արդարությա՛ն արեգակ Քրիստոս, որ Սուրբ Հոգուդ շնորհները պարգևեցիր Քո արարածներին, Քո մեծ և երկյուղալի անվան համար ընդունիր խաղաղությամբ նաև ինձ, որ գալով Քեզնից ստանամ խոստացված պարգևները»: Եվ նրան երկնքից ձայն հնչեց, որ ասում էր. «Կգաս և կհանգչես խաղաղությամբ, որովհետև արդեն բաց են քեզ համար երկնային արքայության դռները, որոնցից ներս մտնելով` կվայելես և կընդունես խոստացված պարգևները»: Եվ ձայնն այս լսելի եղավ բոլորին: [Սուրբն], արագ մոտ գնալով, սրի առաջ խոնարհեց իր պարանոցը, և դահիճը, սուրը քաշելով, հատեց Քրիստոսի վկայի` մեծ նահատակի ու արիագույն մարտիրոսի գլուխը:

Մեծ քահանա Մեռինոսը վախճանվեց սեպտեմբերի սկզբին` ամսի տասնչորսից շուտ, ամբարիշտ Դեկոսի թագավորության և Աքայիայում Անդիպատրոսի անթիպատության և մյուս անթիպատրոս` Կիզիկոն կղզու իշխանի ժամանակ: Իսկ մեզնով` թագավորության ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որին փառք և պատիվ Հոր և Սուրբ Հոգու հետ մեկտեղ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

14.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․