Գրքեր

Սուրբ Նիկողայոսի վարքի պատմությունը

Բոլորին հարկ է գովել և պատվել Աստծու համայն սրբերին և երջանիկ ընտրյալներին, [հարկ է նաև] նրանց հիշատակը գովությամբ կատարել աստվածահայր Դավիթ մարգարեի ասածի համաձայն, թե` «Արդարի հիշատակը հավիտյան կմնա» (Սաղմ. ՃԺԱ. 7): Ու առավել պետք է հիշել նրանց, որ խոսքով և գործով վայելուչ են` ավելի քան մյուսները և այժմ ևս պայծառանում են մեծամեծ նշաններով և սքանչելիքներով, որ Աստծուց [կարողություն] ստանալով` օգնում և առողջացնում են մարդկանց, խնամում և ապաստան են տալիս: Եվ նրանց գլխավորներից և առաջիններից մեկն է այս մեծ[ահամբավ] և լուսավորող քահանայապետը, հռչակավոր սքանչելագործն ու անվանի առաջնորդը, գովելի և բազմասքանչ այրը, արագահաս օգնականը, որ երկրի չորս ծագերում բարձրաձայն քարոզելով` փառավորվում է: Եվ ամբողջ աշխարհն է նրա առաջնորդությամբ ընթանում, և բոլոր ազգերն ու ժողովուրդները առատորեն վայելում են նրա խնամքը, և մարդկանց որդիները` ամեն տարիքի ու սեռի, նրան են օգնութհան կանչում վշտի և փորձութհան մեջ, որովհետև ամեն ոք հողեղեններից, որ վտանգի մեջ ընկնի կամ ծովային արկածի հանդիպի, մեծ Նիկողայոսին ապավինելով և նրան առ Աստված միջնորդ ունենալով` անմիջապես իր խնդրանքը կատարված կգտնի: Եվ կամ ցանկացած մեկը, որ զրպարտութհամբ բանտարկվել և չարչարանքների է ենթարկվում, Նիկողայոսի անունն արտասանելով` անմիջապես կազատվի նեղությունից: Նա Աստծուն մշատապես հանդիպում է նրանց համար, ովքեր նեղության մեջ իրեն օգնության են կանչում, և երբեք չի դադարում այսպես անելուց, որովհետև թե՛ նշաններով գրության մեջ հիշվելիս, թե՛ աղոթքի ժամանակ հիշատակվելիս, եթե անգամ լոկ իր անունը տան, հասնում է ամենուր, սքանչելիքներ գործում, հանապազ օգնում յուրաքանչյուրին. ով հիվանդ է` բժշկում է, ով տրտմության մեջ է` փարատում, և ապրեցնում է բոլորին: Եվ արագահաս սրբի անունն արտասանած ոչ մեկը տրտմությամբ չի բաժանվում նրանից: Եվ մշտապես ամեն բան այսպես է լինում և ամբողջ աշխարհից կարելի է ստանալ այս վկայությունը:
Այժմ պարտ և արժան է բոլորին խոսքով ու գործով և ճշմարիտ իմաստությամբ հանճարեղ այս առաջնորդի դրվատանքին անցնել, խոսել, և [թո՛ղ] յուրաքանչյուր ոք իր կարողության չափով գովի նրան, ամբողջ տիեզերքով հնչեցնելով նրա վայելչազարդությունը:
[Այժմ] ավետելով պատմենք նրա ծագումն ու ծնունդը, նաև դաստիարակվելը, հասակ առնելն ու կենցաղը, ինչպես և նրա սքանչելիքներն ու ճարտարությունը, որովհետև մինչ մարմնի մեջ էր, իր կենսակերպով անմարմիններին էր ձգտում [նմանվել]: [Կպատմենք նաև] այստեղից փոխադրվելուց և առ Աստված վերադառնալուց հետո [եղածը], մանավանդ մեզանում եղած գործերը, նրանք, որ մինչև օրս լինում են և երբեք չեն ձախողվում, իսկ [սրբի միջոցով] երևացած նշանները հիացնում են բոլորի լսելիքը: Դրա համար միասնական կերպով և հաջորդականության կարգով` ըստ ժամանակի անջատելով իրարից, սկսենք պատմել նրա սքանչելիքները ի փառս Աստծու, որ փառավորում է Իրեն փառավորողներին, և ի պատիվ մեծ և աստվածազգյաց քահանայապետի, և բոլոր նրանց օգուտի համար, [ովքեր այս լսելով], աստվածեղեն բարեպաշտութան նախանձախնդիր կլինեն:
Եվ ճիշտ էր անմահության անվանակից, մեր մեծ հոտապետ Աթանասիոսը, որ գրեց մեր սուրբ հայր մեծ Անտոնի` առաջին անապատականի վարքը, ինչպես և մտքով ճշմարիտ հսկող Գրիգորը, Նյուսիայի եկեղեցու առաջնորդը, որ գրեց իր անվանակցի` Գրիգոր Սքանչելագործի վարքը և Սքանչելագործի հրաշքները ցույց տվեց Մովսեսի զարմանալի նշանների պես: Ինչպես և ճիշտ են բոլոր մյուսները, որ շարադրելով պատմեցին կյանքն ու սքանչելիքները Աստծու սրբերի, որ իբրև շնչավոր Հոգուն հանդիպեցին: Եվ այս գովաբանվողների պատվին, գրվեցին սրբերի վարքերը: [Սակայն] մինչ այժմ որևէ մեկը սուրբ [Նիկողայոսի] հրեշտականման և գերսքանչելի գործածներն ըստ կարգի չի շարադրել. ո՛չ առաջինները, և ո՛չ նրանց հաջորդած իմաստուն և խոհեմազարդ այրերը, որի համար մեծ տխրություն և տրտմություն է պատում ինձ. ինչո՞վ վարքը Նիկողայոսի, որ խոսքով և գործերով բարձր է քան բոլոր սրբերը, այսքան ժամանակ անտեսվեց և որպես հարկն է ոչ մեկի կողմից չպատմվեց վայելչորեն: Հներից և մերօրյաներից շատերը դրվատական խոսքով գովեցին հռչակավոր և մեծ Նիկողայոսին, մյուսները փոքր ի շատե գրեցին նրա զարմանալի սքանչելիքների առանձին դեպքեր, իսկ մի մասը` նրա այն սքանչելիքները, որ հաճախ հիշվում են ամեն տեղ, ինչպես` Լիկիացիների իշխանության ժամանակ եղած երեք մանուկներինը, կամ Բյուզանդիո Նեապոլսացիների անպարտ զորավարների [հետ կատարվածը], երբ հրեշտակական արագահասությամբ օգնության էր եկել: Եվ ինչպես կանխավ ասացի` չգտնվեց մեկը, որ նրա կյանքի սկզբից մինչև վախճանը և դրանից հետո եղած հիացնող սքանչելիքներն ըստ կարգի պատմեր, որի համար ես բազմիցս փորձանքների և նեղության մեջ ընկնելով` ընդունեցի նրա արագահաս օգնությունը և պարտական եղա նրա մեծությանը: Եվ քանի որ խոսքով և գիտելիքներով աղքատ եմ և` հեռու ամենայն ճշմարտությունից, ինչպես և զանազան չարիքների շտեմարան եմ, ուստի անհնար է ինձ համար այսպիսի գործ ձեռնարկելը: Սակայն քրիստոսասեր մարդկանցից հրաման ստացա, հորդորվելով կամովին ընդունեցի և ողջ կարողությունս այս գործին տվեցի և փափագը, որ սկզբնապես ունեի, զորավոր համարեցի և հրահանգողներից ամաչելով` հարկադրվեցի գրել:
Եվ այսպիսով սկսեցի, աններելի համարելով հապաղելը: Արդ ինձ ուղղեցեք ձեր մտքերն ու ականջները, աղաչում եմ [ձեզ], որ կամենում եք լսել այս սքանչելի սրբի պատմութհունը, որովհետև մեծ և աստվածային մարդու մասին` արդեն մեծ և աստվածային է [դառնում] խոսքս, որպեսզի գնաք և ճոխացնեք ժողովրդին` օգտակարն ի վեր հանելով: Իսկ եթե խոսքերը, որ ասելու եմ, չհիացնեն որևէ մեկին, [նրանից է], որ ոչ թե ներբողական հյուսմամբ գեղեցկազարդ ասացի, այլ պատմությունը շարադրեցի պարզ և անպաճույճ, որ հեշտ և դյուրութհամբ ընկալեն [անգամ] ռամիկներն ու տգետները, որ կունկնդրեն և կհասկանան ասվածը:
Հռչակավոր և երջանիկ քահանայապետը մոր որովայնից պատվական և սուրբ էր և մինչև հղացումն իսկ ընտրված էր Աստծու կողմից: Եվ հրեշտակի ավետմամբ ծնվեց Եպիփան հորից և Նովնիս մորից. այս էին երանելիների անունները: Եվ նրանք Լիկիացիների նահանգից էին, Մյուռիո քաղաքից, հույժ մեծատուն և տոհմով ազնվական և ի Քրիստոս բարեպաշտութհունը պահում էին բարձր ու պանծալի վարքով, որի համար աշխարհիկ վայելքներն ու երևելի փառքերը գարշելի համարեցին, և ճշմարիտ հավատքով անշահախնդիր ամեն բանից հրաժարվեցին և բարի վարքով ընթացան: Եվ քաջ գիտեին նրանց, որ կամ բոցկլտացող կրակի վրա շրջելով, կամ եռացող ձյութի մեջ ընկնելով, ո՛չ ոտքերն էին կարողանում անկեզ պահել, և ո՛չ ձեռքերն անվնաս: Սակայն, այնվամենայնիվ, կարոտով որդու էին սպասում, որ իրենց բարեպաշտությունը անհիշատակ չանցնի աշխարհից և դրա համար ցավով ողբում էին իրենց ամլությունը, բայց ամեն օր [հույսով] սպասում էին Աստծուց ընդունել: Եվ երբ երկար ժամանակ անցավ, և բնությունն անհարմար էր որդեծնության համար, ամուսնությունն ունայն էին համարում և ապավինում էին Աստծուն, որ կարող է ամուլին ծննդկան դարձնել և ամլության հասցնել բազմածնին: Աղոթքով և բարի գործերով և առատ ողորմություն բաժանելով` պաղատում էին անսպասելի հույսի համար: Եվ շուտով օրինական և մաքուր մերձեցմամբ երանուհի մայրը պտուղ ընդունեց սրբության փափագողին, ողջախոհության առաջնորդին, մենակյացին` մեծ Նիկողայոսին:
Եվ ինձ թվում է` պետք էր և ճիշտ էր, որ նա ոչ թե մարմնական կարիքից կամ առնական ցանկութհունից ծնվեր, այլ Աստվածային պարգևով: Եվ որպես ընթացքն է կյանքի, այնպես է աճում մանուկը, խանձարուրվում, հետո ավելի մեծանում: Իսկ այս սրբիս պարագայում աստվածային սքանչելիք եղավ, որ ծնողների առջև կատարվեց: Երբ ծնվեց, ոմանք մոտեցան խնամելու և տեսան, որ քնարանում գրեթե երկու ժամ իր ոտքերին է կանգնել: Եվ սքանչելիքը տեսնելով` բոլորն Աստծուն փառաբանեցին: Իսկ նրա մայրը Սուրբ Հոգով բազմածնունդ եղավ, իրեն ուղղում էր դեպի առաքինություն, բազմացնելով հոգևոր սերմերի աճը և որովայնից սրբյալ նոր Սամվելին էր սնում մայրական կաթով:
Սուրբը ժամանակից արագ էր աճում, սքանչանում` հասակով, իմաստությամբ և շնորհքով. ի փառս Աստծու: Եվ ծնողները, տեսնելով մանկան աճը, մտքներում պահեցին սքանչելիքը և խիստ հիացան և շնորհող Աստծուն գոհություն էին մատուցում:
Եվ գնացին մանկան երանելի քեռու մոտ, որի անունը Նիկողայոս էր, և պատմեցին նրա սքանչելի ծննդյան և զարմանալի աճի մասին: Իսկ նա, լսելով և հիանալով դրանցով, նրանց հետ մեկտեղ մեծ ուրախութհամբ գոհանում էր Տիրոջից և բոլորին պատմում էր, թե հրեշտակի միջոցով Տերն ինչ տեսիլ է ցույց տվել իրեն երանելի մանկան մասին, որ մեծ հաջողություններ է ունենալու ի Քրիստոս: Եվ նրա կողմից օրհնվելով` վերադարձան իրենց հարկի տակ և պատշաճ խնամակալությամբ սնում էին նրան, որ Աստծու կողմից իրենց պտուղ տրվեց և գուրգուրելով քաղցր հույսով` վայելում էին նրա զարմանալի տեսքը, մանկան առաքինությունն իրենցն էին համարում, փափագով և բարեպաշտությամբ էին ընդունում: Եվ ոչինչ չկար, որ չանեին մանկան համար. համբուրում էին, օրորում իրենց ձեռքերի վրա, պարծենում նրանով: Նաև նրանով էին զվարճանում և սփոփվում:
Երբ նա հինգ տարեկան դարձավ, իր հետ աճեցին և նրա շնորհները: Եվ [ծնողները] նրան տվեցին մի անվանի դպիրի, որ գիր սովորեցնի: Եվ մի օր, երբ նա դպրոց էր գնում, նրան Նովնիս անունով մի կին պատահեց, որ քաղաքի մերձակա գյուղերից էր: Գոսացած ոտքերով և խիստ տառապող [կինը] աղաչեց մանկանը, որ բժշկություն ստանա, և նա աղոթեց և կնքեց կնոջը Խաչի նշանով և ազատեց ախտից: Եվ առողջացած կինը մեծ ուրախությամբ և գոհանալով ու Աստծուն փառավորելով` իր տունը վերադարձավ: Իսկ երբ աստվածասեր ծնողները տեսան նրան, [նկատեցին], որ կարճ միջոցում Հոգու իմաստությամբ է լցվել: Իսկ հետո սուրբ վարդապետ Նիկողայոսի հետ մեկտեղ խորհրդակցեցին, որ իբրև պտուղ Աստծու կողմից տրվածին ընծայեն սուրբ եկեղեցուն ի ծառայություն, որ և տարան և քահանայապետներն անմիջապես ձեռնադրեցին նրան: Եվ այնուհետև կարելի էր տեսնել սուրբ Նիկողայոսին բոլորի կողմից սիրված և գովաբանված, հաստատուն և առաքինի:
Իսկ նա, մարմնական կարիքները փոքր ի շատե հոգալով, ամբողջությամբ հոգու խնամքով էր տարված, բարիքներ էր գործում, ախտերն էր վանում և մաքրում հոգին, սպանելով երկրային անդամները, և ախտերից զերծ պահում հոգին, մարմինն ու միտքը: Եվ սանձելով` բոլոր շարժումներն Աստծու կողմն էր ուղղում, և միայն զայրույթն էր, որ իր անձին հակառակ էր, [այն], որով պարտվեց առաջին մարդը: Եվ ամբողջ ցանկությունը դեպի Աստված էր ուղղում` որպես իմաստուն հանդես գալով: Արդարությամբ և ողջախոհությամբ էր ուղղորդում կյանքն իր` ասես մի քաջ կառապան նստած լիներ առաքինության կառքին, որով շտապում էր երկնքի բարձունքները ելնել: Եվ կյանքն այսպես արդարությամբ վարելով` երանելի էր բոլորի համար: Նաև չէր առանձնանում քահանայական գավթից:

 

Վարք Սրբոց, Հատոր Գ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

 

07.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․