Գրքեր

Սուրբ Ռոմանոսի, խոստովանող մանկան և Հյուսիքոս զինվորի վկայաբանությունը

Ասկղեպիադես հազարապետը կամեցավ մտնել Անտիոքացիների եկեղեցին և հալածել քրիստոնյաներին:

Երանելի Ռոմանոսը, առաջ գալով, եկեղեցում գտնվողներին և մուտքի մոտ նստած կիսասարկավագներին պատվիրեց և ասաց. «Հաստատո՛ւն մնացեք և թո՛ւյլ չտաք Ասկղեպիադեսին եկեղեցի մտնել»: Եվ զինվորներից ոմանք, լսելով այդ խոսքը, Ասկղեպիադեսին հաղորդեցին և ասացին. «Միայնակյացներից Ռոմանոս անունով մեկը եկեղեցում եղածներին և կիսասարկավագ կոչվածներին համոզեց արգելել մեզ, երբ կամենանք եկեղեցի մտնել»:

Երբ Ասկղեպիադեսն իմացավ այս, հրամայեց իր մոտ բերել սուրբ Ռոմանոսին: Երբ սուրբը եկավ, Ասկղեպիադեսն ասաց. «Ա՜յ պիղծ և երիցս թշվառ, մտքովդ ի՞նչ անցկացրեցիր` եկեղեցականներին պատվիրելով` [իմ մուտքն] արգելել: Ռոմանոսն ասաց. «Պիտո չէ, որ դու Աստծու տունը մտնես, որ քո իշխանական հանդգնությամբ Աստծու տանը որևէ անարժան բան չգործես»: Ասկղեպիադեսն ասաց. «Թշվառակա՛ն և չարաբախտ մարդ, հիմա քեզնից երկնչելո՞վ չմտնեմ: Երդվում եմ թագավոր արեգակով` սաստիկ տանջանքներով խոշտանգելուց հետո քեզ հուրը կնետեմ, ի ցույց ամենքին, որ հրապուրվել են քեզնով»: Ռոմանոսն ասաց. «Մի՛ փորձիր քո սպառնալիքներով վախեցնել ինձ. և գիտեցիր այս` ոչ թե իմ ահից չմտար, այլ Աստված թույլ չտվեց քեզ Իր տունը մտնել»: Ասկղեպիադեսը բարկանալով հրամայեց կախել սրբին, սակայն դիվանապետները ծանուցեցին նրան, որ [Ռոմանոսը] քաղաքապետների ազգից է: Ասկղեպիադեսը հրամայեց իջեցնել նրան կախաղանից և հարցրեց. «Ասա՛ ինձ, իրո՞ք քաղաքապետների ազգից ես, ինչպես դիվանապետներն ինձ հաղորդեցին»: Ռոմանոսն ասաց. «Դա ի՛նչ է նշանակում. կարծես այդ ծագումով է լինում քրիստոնյաների ազատությունը, և ոչ թե Քրիստոսի ձեռքով: Գիտցած եղի՛ր, որ ձեզնից բազմապատիկ ավելի հարազատ ենք ու պատվական, քան դուք կարծում եք, թե ունեք այս աշխարհում, որ և կարող եմ քեզ ապացուցել, եթե ժամանակը ների»: Ասկղեպիադեսն ասաց. «Ա՜յ պիղծ և թշվառական մարդ, ինչ հարցնում եմ` [դրան] պիտի պատասխանես և ոչ թե ճամարտակես, որովհետև դրա համար չես կանչվել»: Եվ Ասկղեպիադեսը հրամայեց գնդով ճզմել նրա գլուխը: Եվ սրբին դիմելով ասաց. «Այդպես հանդուգն և ամբարտավան մի՛ խոսիր»: Ռոմանոսն ասաց. «Համարձակությունս և խրոխտությունս Քրիստոսից է, որի շնորհիվ է այսպես խոսելուս համարձակությունը: Եվ եթե զայրանում ես` չեմ պատասխանի, բայց եթե կամենում ես ամեն հարցիդ համար պատասխան ստանալ, ինչո՞ւ ես զայրանում. չէ՞ որ եթե լռեմ, առավել ևս կզայրացնեմ քեզ»: Ասկղեպիադեսն ասաց. «Այլևս չեմ կամենում լսել, ո՛վ պիղծ, որովհետև մեծախոսությամբ ես զբաղվում և հանդգնաբար ես պատասխանում, փոխանակ հեզ լինելու, ինչպես ձեր կրոնն է պահանջում»: Ռոմանոսն ասաց. «Երևում է, թե երբ է քրիստոնեությունը պարտադրում հեզությամբ բարբառել և երբ` համարձակությամբ, որովհետև ինչպես մեր Գիրքն է ասում. «Մի՛ երկնչեք նրանցից, որ սպանում են մարմինը և հոգին չեն կարող սպանել» (Մատթ. Ժ. 28): Ասկղեպիադեսն ասաց. «Ա՜յ պիղծ մարդ, ինչպես կարող է լինել ասածիդ պես, որ ավելի պատվական լինեք դուք, քան մենք, որ այդ իշխանությունն ունենք»: Ռոմանոսն ասաց. «Եթե նորից չբարկանաս, կասեմ, բայց եթե զայրանաս, դրանից վնաս չի լինի ինձ, որովհետև մեզ զորություն տվող Աստծու շնորհիվ իսկապես առավել ենք, քան դուք, որ իշխանություն ունեք այս սնոտի աշխարհում, և մանավանդ առավել ենք, քան նրանք, որ չունեն Աստծու գիտությունը և անաստվածության մեջ են»: Ասկղեպիադեսն ասաց. «Ի՞նչպես կարող եք մեզնից առավել լինել դուք, որ ամեն ինչով մեր իշխանության տակ եք և մեզ հարկ եք վճարում»: Ռոմանոսն ասաց. «Սկզբից ևեթ ասացի, որ մենք ձեզնից առավել ենք. համբերությամբ լսի՛ր ինձ: Դուք ձգտում եք հաճո լինել ձեր ժամանակավոր թագավորներին, որ այս աշխարհի անցողիկ և սնոտի պատվին են արժանացնում ձեզ: Իսկ մենք, որ փութում ենք հաճո լինել Աստծուն` և՛ այստեղ պատվելի կլինենք և՛ այն աշխարհում կժառանգենք երկնային արքայությունը: Դուք միայն չար գործեր անել գիտեք, մենք` Աստծուն հավատալով և Նրա շնորհիվ, բարի: Դուք դևերին եք երկրպագում, մենք` Քրիստոսի անվամբ, հալածում ենք դևերին: Դուք, կարճ ժամանակով իշխանություն ընդունելով, անողորմաբար եք կառավարում մարդկանց, իսկ մենք պատվիրան ունենք անգամ թշնամիներին սիրելու և աղոթելու նրանց համար, ովքեր մեզ հալածում և բռնադատում են: Դուք կարճ ժամանակով մարդկանց խառն խմբերից գովաբանվում կամ պարսավանքի եք ենթարկվում, մենք, Աստծուն հավատալով, գովաբանվում ենք հրեշտակներից: Դուք մարդկանց համար գեհենի պատճառ եք դառնում` ստիպելով դևերին երկրպագել, իսկ մենք գեհենից ենք մարդ կորզում: Դուք ձեր կենցաղով մարդկանց հեռացնում եք հավիտենական կյանքից, իսկ մենք ճիշտ ճանապարհով և հեզությամբ մարդկանց փրկում ենք մահվանից: Դուք պատիր խոսքերով, խոստումներով և կեղծավորությամբ մարդկանց դեպի մահն եք ուղարկում, իսկ մենք` Գրքերի միջոցով, մարդկանց մեղքերից ետ ենք դարձնում, նրանց խոստանալով հավիտենական փրկությունը և ոչ ժամանակավորը: Դուք կարճաժամ թագավոր ունեք և նրան չեք երկրպագում, այլ քարերին և փայտերին, մենք հավիտենից Թագավորին ենք երկրպագում և միայն Նրան ենք պաշտում: Դուք բռնությամբ պահանջում եք անգամ նրանցից, որ ձեզ պարտք չեն, [իսկ] մենք շնորհում ենք պարտքերը մեր պարտապանների, որ իրապես պարտք են: Դուք աշխարհն եք թալանում և զրկում, կարծելով, թե հավետ լինելու եք, իսկ մենք` հանուն Աստծու, մեզ շնորհվածն ենք տալիս աղքատներին: Այս ամենով ենք ձեզնից պատվելի»:

Ասկղեպիադեսն ասաց. «Շատ լսեցի քեզ և համբերեցի շուրջը հավաքված բազմության համար. բայց ի՞նչ նպատակ ես դրել կամ ի՞նչ ես մտածել, որ այդպես խրոխտանում ես թագավորների վրա»: Ռոմանոսն ասաց. «Սա խրոխտացած խոսք չէ, այլ ճշմարտություն. ո՞վ չգիտե մարդկանցից, որ ցանկացած մեկի կյանքը ժամանակավոր է, իսկ մահը մութ է բոլորի համար` թե՛ թագավորների, թե՛ իշխանների, թե՛ ծառաների, որի շնորհիվ դուք մեզնից` տնանկներիցս առավել չեք»: Ասկղեպիադեսն ասաց. «Քեզ թողեցի այսքան շաղակրատել, մոռացության մատնելով կարևորը. ինքնակալ թագավորները հրամայել են, որ դուք` քրիստոնյաներդ կամ զոհ մատուցեք, կամ հրի ճարակ դառնաք»: Ռոմանոսն ասաց. «Գովում եմ քեզ, Ասկղեպիադե՛ս, որ առաջինը թողնելով, հետինն ես առաջին անվանում: Բայց ես ձեզանից առավել մոլորյալ կլինեմ, եթե թողնեմ Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, և երկրպագեմ քարերին և փայտերին, որ մարդկանց ձեռքով ստեղծվեցին»:

Ասկղեպիադեսը հրամայեց երկար հարվածել նրա բերանին և ասաց. «Մի՛ ըմբոստացիր, որովհետև հազարապետի առջև ես կանգնած և ասա՛ ինձ` արդարև քաղաքապետների՞ ազգից ես»: Ռոմանոսն ասաց. «Ես սկզբում ասացի, որ դա կապ չունի. իմ տոհմականությունը, պատիվը, փառքն ու ազգականությունը Քրիստոսն է, որ դյուրությամբ զարդարում է Իր մերձավորներին և երկյուղածներին: Եվ ես` Աստծու ծառաս, [Նրանից] ավելի եմ երկնչում, քան քեզնից` հազարապետիցդ, որ Աստծուն չգիտես, ուստի և ես չգիտեմ թե ո՞րտեղից ես գալիս և ո՞ւր ես գնում»: Ասկղեպիադեսն ասաց. «Թեև այն ազգից ես, բայց տանջանքներով կանարգեմ քեզ»: Ռոմանոսն ասաց. «Աստուծով. այն ինչ անարգություն ես համարում, դա ինձ համար փառք է, որ այսպիսի խոստովանության եմ արժանանում»:

Ասկղեպիադեսն ասաց. «Կախեցե՛ք նրան և լավ քերեցե՛ք, մինչև փոխի [միտքը]»: Ռոմանոսն ասաց. «Տանջելովդ ոչ մի օգուտ չես ստանա, այլ միայն կչարչարվես: Հավատում եմ Աստծուն, որ ինձ այնպիսի զորություն կտա, որ կդիմանամ քեզ և քո հայր սատանային, որ քեզ գրգռում է Աստծու ծառաների դեմ»: Նրա խոսքերից զայրանալով, Ասկղեպիադեսն ասաց. «Քերեցե՛ք նրա ծնոտը, որ տանջանքներից չկարողանա խոսել»: Ռոմանոսն ասաց. «Աստծու Որդի Քրիստոսը գիտե, որ ավելի կբացվի բերանս, որովհետև ճշմարտության քարոզ եմ, ոչ թե ձեր հիմարության»: Ասկղեպիադեսն ասաց. «Հիմա, ինչպես դու ես ասում, թագավորները հիմար են, որ երկրպագում են աստվածներին»:

Ռոմանոսը պատասխանեց. «Ոչ թե մի փոքր, այլ հույժ հիմար են: Իսկ եթե կամենում ես հաստատ իմանալ, որ ձեր իմաստությունն իմ Գրքերի համաձայն հիմարություն է, երդվեցնում եմ քո թագավորով, որ հրամայես կանչել մի մանկան և այս հարցը տալ. «Ո՞րն է ճիշտ` Աստծո՞ւն երկրպագել, թե՞ աստվածներին»: Եվ որն ընտրի մանուկը, արդարությամբ այն ընդունենք»: Ասկղեպիադեսն ասաց. «Քանի որ մեր տեր թագավորներով երդվեցրիր, կհրամայեմ բերել մանկանը, բայց դու քո հանդգնության համար չես ճողոպրի իմ ձեռքից»: Եվ Ասկղեպիադեսը հրամայեց մի փոքրիկ մանկան հափշտակել հրապարակից և բերել իր մոտ: Եվ երբ բերեցին, Ասկղեպիադեսն ասաց Ռոմանոսին. «Ահա մանուկը, ինչպես ասացիր և խոստացար, այսուհետ պարտավոր ես կատարել»: Ռոմանոսն ասաց. «Լոկ ճշմարտությամբ. քո առջև կհարցնեմ մանկանը»: Ասկղեպիադեսն ասաց. «Հարցրո՛ւ երեխային»: Ռոմանոսն սկսեց հարցնել և ասաց երեխային. «Որդյա՛կ, ո՞րն է ճիշտ. Աստծո՞ւն երկրպագելը, թե՞ սրանց ասած աստվածներին»: Եվ մանուկն ասաց. «Ճիշտն Աստծուն երկրպագելն է, որ ամենն արարեց խոսքով, իսկ աստվածները մարդկանց ստեղծածներն են»: Ասկղեպիադեսն ասաց. «Մանկան թիկունքից բռնեցեք»,-և հրամայեց ծեծել նրան և հարցնել. «Ո՞վ սովորեցրեց քեզ»: Եվ մանուկն ասաց. «Ճիշտ եմ ասում` ոչ ոք չսովորեցրեց, այլ մորիցս լսեցի, որ առավոտներն ասում էր. «Մի է Աստված և մի է Նրա Քրիստոսը»: Եվ Ասկղեպիադեսը հրամայեց բերել նրա մորը: Եվ երբ բերեցին, հրամայեց կանգնեցնել մանկանը դեմ հանդիման, որ տեսնի որդու չարչարանքները: Եվ Ասկղեպիադեսը հարցրեց մանկանը. «Հիմա դու ևս քրիստոնյա՞ ես»: Մանուկն ասաց. «Այո՛, Քրիստոսն է հույսն իմ, ինչպես և իմ մոր»:

Ասկղեպիադեսն ասաց. «Կախեցե՛ք մանկանը»,- և դահիճներն անմիջապես կատարեցին հրամանը: Եվ երբ կախաղանին էր և չարչարանքների մեջ, ծարավեց մանուկն ու ասաց. «Մա՛յր, մի քիչ խմելու ջուր տո՛ւր, ծարավ եմ»: Եվ մայրն ասաց. «Մի՛, որդյա՛կ, մի՛ խմիր ջուրն այս, այլ գնա կենդանի ջրի մոտ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի»: Ասկղեպիադեսն ասաց. «Կախեցե՛ք Ռոմանոսին և չարչարեցե՛ք սաստիկ տանջանքներով»: Ռոմանոսն ասաց. «Ես հանգստի մեջ եմ, որովհետև չարչարվում եմ, բայց հաղթում: Իսկ ո՞ւր է ձեր ճշմարտությունը, որ ինձնից հաղթվելով` հրամայում ես ծեծել ինձ: Քո թագավորների նման ես, որ, առանց իրավունքի, տանջանքներով չարչարում են մարդկանց»: Ասկղեպիադեսն ասաց. «Քո ցնորքին համապատասխան հրի կմատնեմ քեզ, որպես և արժան ես»: Ռոմանոսն ասաց. «Հավատում եմ կենդանի Աստծուն, դրա համար արժանացա այս տանջանքներին, որովհետև եթե չհավատայի` չէի հասնի սրան: Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինձ համբերություն տվեց և զորացրեց, որ այսպես և այսքան չարչարվելով դիմանամ և Նրան խոստովանեմ բոլոր մարդկանց առջև: Եվ այժմ ասում եմ քեզ, որ քո հուրը ջրից սառն կլինի»: Ասկղեպիադեսն ասաց. «Թագավոր արեգակով եմ երդվում, կհրամայեմ քեզ կրակի մեջ նետել, և կտեսնենք` Քրիստոսը, որին խոստովանում ես, փրկի՞չ է, թե՞ խաչված մարդ, որ և ամաչում եմ անունը տալուց»: Ռոմանոսն ասաց. «[Եթե հրաշք չկատարվի] թո՛ղ ինձ ամոթ լինի և բոլոր նրանց, որ սիրում են Աստծուն: Բայց ես քեզ ասում եմ` իմ Քրիստոսն օգնել է ինձ և կօգնի և անգամ թույլ չի տա տեսնել հուրը, որի մասին խոսում ես»: Ասկղեպիադեսն ասաց. «Եթե այդպես է, ուրեմն կախարդ ես»: Ռոմանոսն ասաց. «Մենք կախարդների կախարդությունն ենք վերացնում Քրիստոսին կանչելով, որի համար ձեզնից հզոր ենք: Իսկ դու և քո ուսուցիչ սատանան չեք ճողոպրի Աստծու ձեռքից»: Ասկղեպիադեսը հրամայեց Ռոմանոսին մանկան հետ մեկտեղ բանտ նետել և հրամայեց քաղաքից դուրս սաստիկ կրակ վառել և երկար, երկճյուղ փայտով նրան մեջը նետել: Եվ երբ սաստիկ հուրը պատրաստ էր, մյուս օրն` այգին Ռոմանոսին տարան: Եվ տանելու ժամանակ հանկարծահաս տեղատարափ անձրև հորդեց, թրջեց բոլորին և հանգցրեց հուրը: Եվ տանողներն անձրևի սաստկության պատճառով ետ վերադարձան և երանելուն բանտ նետեցին` Ասկղեպիադեսի հրամանի համաձայն: Իսկ ովքեր լսել էին Ռոմանոսի երդումը, զարմանում էին, թե հուրն անգամ չտեսնելու մասին իշխանի առջև ասված սրբի խոսքն ինչպես կատարվեց:

Ասկղեպիադեսն ասաց. «Կանչեցե՛ք Ռոմանոսին և մանկանը»: Եվ նրանք եկան Ասկղեպիադեսի մոտ: Հազարապետն ասաց. «Մի՛ կարծիր, թե քեզ համար եղավ անձրևը, այլ ժամանակն իրենն է պահանջում, որովհետև այսօր քաղոց ամսի տասնութն է»: Ռոմանոսն ասաց. «Ես գիտեմ, որ Աստված օգնական է ինձ և Իր բոլոր նահատակներին ամեն ինչում և ամենուրեք, ուստի ո՛չ կասկածում եմ և ո՛չ երկմտում, թե ինձ համար եղավ անձրևն այս, և հաղթեցի քո թագավորներին և քեզ` անմտիդ և մոլորվածիդ»: Ասկղեպիադեսն ասաց. «Պատանուն կգլխատենք և իր համառության համար այդպես վերջ կտանք կյանքին, իսկ պիղծ Ռոմանոսին կլեզվատենք, որ չհամարձակվի թագավորների մասին հանդգնությամբ խոսել»: Ռոմանոսն ասաց. «Դուք ինքներդ պիղծ եք և մեզ եք պիղծ կոչում, որովհետև պիղծ են նրանք, որ չեն ճանաչում Աստծուն: Մինչդեռ Աստված օրհնյալ է, որ իմ միջոցով պսակեց մանկանն այս, որ աճապարեց Աստծուն իսկապես գտնելու»: Եվ այդպես գլխատվեց մանուկը, և մայրը հավաքեց նրան:

Կանչեցին բժիշկ Արիստոնին, մեծ տրտմությամբ [սրբին] դուրս տարան քաղաքից: Եվ Ռոմանոսի լեզուն հանելով` կտրեց, և այդուհետ ներսից էր խոսում: Եվ սկսեց գոհանալ և ասել. «Ինչպես օրհնեմ Քեզ, Տե՛ր, և քանի բերանով գոհանամ Քեզնից, կենաց առաջնորդ»: Եվ սրան հավելելով ասաց. «Բերանս ուրախությամբ լցվեց և լեզուս` ցնծությամբ»: Նաև ավելացրեց. «Տե՛ր, Դու օրհնյալ ես. սովորեցրու ինձ Քո արդարությունը»: Եվ արյամբ գրելով` տվեց մոտիկ կանգնածներին: Եվ այս էր գրել. «Երանելի են սրտով սրբերը, երանելի են անկեղծ սեր ունեցողները: Երանելի են հանուն Աստծու այս կյանքից հրաժարվողները, որովհետև Նրանից կստանան վարձքը: Երանելի են [նրանք], որ չուրացան Աստծուն, որովհետև Որդին Իր Հոր առջև կխոստովանի նրանց»:

Եվ այս լսելով` Ասկղեպիադեսը հրամայեց կանչել բժիշկ Արիստոնին և ասաց նրան. «Ա՜յ թշվառական, ինչո՞ւ չենթարկվեցիր ինձ և, որպես հարկն էր, չկտրեցիր Ռոմանոսի լեզուն»: Արիստոնն ասաց. «Ձերդ փառավորություն. խորքից կտրեցի և հիմա մոտս պահված է, որ քեզ համոզեմ, որ ճիշտ տեղից կտրեցի: Եթե կամենում ես` հրամայի՛ր մի մահապարտի բերել և նույն չարչարանքին ենթարկել, և եթե վայրկյան իսկ դիմանա, արա՛ հետս ինչ կամենաս: Իսկ եթե կամենում ես անասունների վրա փորձել, հրամայի՛ր, որ խոզ բերեն»: Եվ երբ խոզը բերվեց, լեզուն կտրեց, և այն նույն պահին սատկեց: Եվ այդպես փորձելով` Ասկղեպիադեսն Արիստոնին անվնաս բաց թողեց:

Ասկղեպիադեսն ասաց. «Կանչեցե՛ք Ռոմանոսին»,- և երբ եկավ, ասաց նրան. «Ո՛վ Ռոմանոս, համաձայնի՛ր… որ ազատվես սպասվող տանջանքներից»: Ռոմանոսն ասաց. «Ձեր անմտությունը զարմացնում է ինձ. թե ինչպես, հաղթվելով Աստծու նահատակներից, չեք ամաչում: Եթե չհավատացիր նախորդ կատարվածին, գոնե հիմա հավատա, որ չեմ անմտանա, զոհ չեմ մատուցի դևերին և չեմ թողնի իմ Աստծուն, որ երկրորդ լեզու տվեց ինձ, որպեսզի բերանով անդադար օրհնեմ Նրան ամեն պահի»: Ասկղեպիադեսն ասաց. «Չարամա՛հ, բժիշկը քեզ շնորհ արեց, իսկ դու կարծեցիր, թե քո Աստված քեզ այլ լեզու շնորհեց: Այլ տանջանքներ կմտածեմ քեզ համար, որ հեռանաս անզգամությունից»: Ռոմանոսն ասաց. «Ինչպես կամենում ես տանջանքներ մտածիր, որովհետև ես պատրաստ եմ քո բոլոր մտածածներին հանդիպելու, որովհետև մարմինս այնքան չեմ պատվում, որքան հոգիս, և հավիտենականից ավելի չեմ մեծարում ժամանակավորը, և ոչ ծնողներիս, ազգականներիս և բարեկամներիս Աստծուց ավելի, որովհետև այդ անելու համար անզգամ և անմիտ չեմ, այլ իմաստուն եմ` առավել քեզնից, որ իշխանություն ունես երկրի վրա: Այն դեպքում հիմար և անմիտ կգտնվեմ, եթե երկմտելով հաղթվեմ քեզնից: Երդվում եմ քրիստոնյաների փրկությամբ, որ զոհ չեմ մատուցի դևերին. հավատա՛ գոնե հիմա»:

Ասկղեպիադեսը հարցրեց. «Ո՞րն է քրիստոնյաների փրկությունը»: Ռոմանոսն ասաց. «Կենդանի Աստծու Քրիստոս Որդին. Նա է Իրեն հուսացողների Փրկությունը, անմար Ճրագը, Թագավորը թագավորների, արդարության Արեգակը, անսպառ Աղբյուրը, նահատակների Պսակը, Ողորմածն ու Գթածը: [Նա], որ մեծապես է շնորհում, որ չի զղջում շնորհածի համար, որ ուրախանում է մարդկանց փրկությամբ, որ երկնքում է և երկրի վրա, որ փարատում և բժշկում է, որ կերակուր է պատրաստում աղքատներին, որ անոխակալ է, որ աննախանձ կերպով մեզ Հոր ժառանգությանն է կանչում, որ մեզ արժանի արեց Իր բարիքներին, որոնցից դուք զրկված եք ձեր կամքով: [Նա], որ անհույսների Հույսն է, տրտմյալների Ուրախությունը, անօգնականների Օգնականը, Իր մոտ գնացածների Քաջալերությունը, ճշմարտության Լույսը, Ճանապարհը, որ տանում է Հոր մոտ, Ճշմարտությունը, անսուտ Աստվածը: Նա է քրիստոնյաների Փրկությունը»:

Ասկղեպիադեսն ասաց. «Շատ խոսեցիր, սակայն ազդու որևէ բան չասացիր: Այժմ զոհ մատուցի՛ր և ազատվի՛ր, որովհետև թույլ չեմ տա, որ պարծենաս, թե Ասկղեպիադեսի պես մարդուն հաղթեցի: Չհոգնեցի՞ր տանջանքներից»:

Ռոմանոսն ասաց. «Չեմ հոգնել, որովհետև Քրիստոս մեղմում էր, որովհետև Նա է, որ հաղթում է քեզ, որովհետև հաղթողների և պսակ ընդունողների առաջնորդը Նա է` Քրիստոսն իմ, որպես և գրված է մեր Գրքում. «Մարդուն առաջնորդողը Քրիստոս է»,- որ քեզ հավիտենական տանջանքների կմատնի, իսկ քո թագավորների ուժը շուտ կանցնի»: Եվ Ասկղեպիադեսը ցասման մեջ այդ ամենը հասցրեց Մաքսիմիանոս թագավորին: Եվ իմանալով` Մաքսիմիանոսը հրամայեց Ռոմանոսին խեղդել բանտում, և այդպես երանելին խեղդամահ արվեց քաղոց ամսի տասնութին: Եվ երկյուղած մարդիկ գողտուկ տարան նրա մարմինը:

 

                                                                                                                            * * *

Մաքսիմիանոսը, վերցնելով իշխանությունը Դիոկղետիանոսից, արքունիքում եղած քրիստոնյաներին հրամայեց հանել գոտիներն ու հրաժարվել զինվորական ծառայությունից: Եվ երբ շատերը հանեցին, Մաքսիմիանոսը հրաժարյալներից ամեն մեկի վերաբերյալ առանձին որոշում էր տալիս: Եվ երբ տեսավ քաջ և երանելի Հյուսիքոսին, խիստ զայրացավ և կանչեց նրան: Եվ մերկացրեց հանդերձներից և բրդյա պարեգոտ տվեց և հրամայեց ուղարկել բրդագործ կանանց մոտ, որպես թշնամանք, որովհետև նախկինում երևելի էր պալատում: Իսկ սուրբն, այնտեղ գնալով, գոհացավ Աստծուց: Եվ շատերը նրան տեսության էին գնում: Եվ իմանալով` Մաքսիմիանոսը կանչեց նրան և ասաց. «Ո՜վ թշվառական և չարամիտ, ինչո՞ւ թողեցիր քո պսակն ու միացար քրիստոնյաներին: Մի՞թե կարող են այնպիսի պատիվ շնորհել քեզ, որ ես էի շնորհել»: Հյուսիքոսն ասաց. «Քո պատիվը ժամանակավոր է, իսկ Քրիստոսինը` հավիտենական, և հոգիների փրկություն է»: Եվ Մաքսիմիանոսը զայրանալով` հրամայեց երկանաքար կապել նրա պարանոցից և գցել Անտիոքի Երենտես կոչվող գետը:

Եվ երանելին այսպես բաժանվելով անցավոր կյանքից, արագ ընթացավ դեպի հավիտենականը, դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս, որին փառք հավիտյանս. ամեն:

 

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

02.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․