Գրքեր

Սուրբ Սարգիս զորավարի վկայաբանությունը և նրա որդու՝ Մարտիրոսի, որ կոչվում է վկա, նաև այլ զինվորների, որոնք նրանց հետ նահատակվեցին հունաց և պարսից ամբարիշտ թագավորներ Հուլիանոսի և Շապուհի օրոք

Հռոմայեցոց Կոստանդիանոս Մեծի թագավորության շրջանում, երբ բնական բարեսեր կամքով, երկնային կոչման համաձայն, թագավորներն ընդունեցին հավատի բարեպաշտությունը և քրիստոնեական կրոնը, որով դիվաձույլ կուռքերի մեհյանները քանդելով կործանում էին, և Քրիստոսի եկեղեցիներն էին ամենուր պայծառ լուսավորվում, և հեթանոսական կռամոլության խավարը հալածվում էր, իսկ նոր Սիոնի զավակները փառազարդ շքեղանում էին` պսակվելով ու պաճուճվելով ոսկեհուռ հանդերձներով, այն ժամանակ Կապադովկացոց աշխարհում բարեպաշտ հավատով իբրև լուսապայծառ աստղ ծագում էր մի հռչակավոր ու զարմանալի այր, որի անունը Սարգիս էր: Նա արքունական հրամանով զինվոր էր կարգված թագավորի զորքերում, որոնք Կապադովկիայում էին: Եվ բազում համադաս զինակիցներից բարձր էր արիության մրցանքներում` բարբարոսների պատերազմներին, այնպես որ նրա քաջության համբավը, որով հակառակորդների դեմ մարտնչում էր, միշտ հասնում էր մեծ թագավորի ականջին, ուստի մեծամեծ պարգևների հետ նաև զորավարության պատիվ շնորհեց նրան և հրամայեց համապատիվ դարձնել այն կողմերի իշխաններին ու դատավորներին: Եվ նա այնքան մեծապատիվ եղավ, որ բոլորը հարգանքով լսում էին նրան և ամենայն խոնարհությամբ հպատակվում: Եվ ոչ ոք նրա խոսքին ու հրամաններին չէր ընդդիմանում:

Իսկ երբ Աստծու սքանչելի այրն արքունական հրամանով ստացավ գերապատիվ իշխանությունը, այն ոչ թե նյութական շահի և փառքի համար էր կիրառում, այլ` հոգևոր ու աստվածային: Շրջում էր այն նահանգների քաղաքներն ու գավառները և աշխարհը սրբում կուռքերի մոլորությունից, խափանելով սնոտի ուրվական պատկերների ճենճերոտ զոհաբերումները, որովհետև կռապաշտության խաբեությունը դեռևս ուժեղանում էր շատերի մեջ: Ըստ որում Հոգու իմաստությամբ և վարդապետական խոսքով ոմանց գցում էր Քրիստոսի Ավետարանի առաքելական ուռկանները: Նաև մանկությունից հմուտ լինելով Հին և Նոր կտակարաններին, ոմանց էլ սպառնալիքով համոզում էր թողնել մոլորությունը և դառնալ ճշմարտության: Ուրիշների, որոնց սիրելի էր անգիտության խավարը և ատելի` աստված գիտության լույսը, գանով և տանջանքով հալածում էր հայրենի գավառներից և հիմքից քանդում էր կուռքերի բագինները, փոխարենը կառուցելով Աստծու եկեղեցիներ և անցյալում եղած վկաների մատուռներ, որով խնդություն էր լինում աստվածապաշտներին և տրտմության սուգ` հակառակ դասերին: Եվ երանելին ներքուստ ուրախանում էր Քրիստոսի փառավորությամբ և սատանայի կործանմամբ: Սուրբն այսպիսի բարեսնունդ վարքով ըստ Աստծու պատվիրանների բազում տարիներ ապրեց սրբությամբ և արդարությամբ և բոլոր առաքինություններով:

Բարեմերժ և մարդատյաց բանսարկուն, տեսնելով երանելիին այսպիսի բարեպաշտության մեջ` նախանձելով ջանում էր զանազան փորձություններով նրան շեղել վերին Երուսաղեմ քաղաքի ճանապարհներից, բայց չէր կարողանում, քանի որ հավատի սյուները` Կոստանդիանոսն ու նրա որդիները կենդանի էին աշխարհում, և նա պարսպված էր Աստծու ամրածածուկ աջով և օրեցօր արքունական մեծամեծ պարգևներով պայծառանում էր ու փառավորվում: Մինչև որ մեր մեղքերի բազմանալուց` եկեղեցու երկնային խաղաղությունից հետո, Կոստանդին Մեծի և նրա որդիների օրերից հետո նրանց թագավորական գահին է բազմում Պառավատոս կոչված հանցավոր Հուլիանոսը, որ կռոց մոլորությունը թաքցրել էր հարդով փաթեթած կայծակի նման, և իր չարության ժամին, բարեպաշտ թագավորների վախճանից հետո, աշխարհով մեկ վառելով հրդեհեց աստվածային կրոնի հետևորդներին, և մնացած կռամոլ հեթանոսները առիթը որսալով ելնում էին Քրիստոսի հավատացյալների դեմ, ավերում եկեղեցիները և հալածում սպասավորներին, ուրացողի հրամանով վերաշինում էին չաստվածների ավերված մեհյանները, և բազում քրիստոնյաների` եկեղեցականներից, զինվորներից ու ռամիկներից, զանազան տանջանքներով սպանում էին ճշմարտության հավատքի պատճառով: Բայց ոմանք խուսափելով փախչում էին անօրենների ահից, տարագրվելով հայրենի գավառներից:

Իսկ երբ երանելի Սարգիսը տեսնում էր այս բոլորը, մտահոգվում էր, թե ի՛նչ է Աստծու կամքը, որ կատարի, պաղատանքով խնդրում էր, և ահա տեսիլքով նրան երևաց Հիսուս և ասաց. «Քո ժամն է, ո՛վ Սարգիս, ելնելու քո աշխարհից և ազգից` Աբրահամ նահապետի օրինակով, և գնալու այն աշխարհը, որ քեզ ցույց կտամ, ուր քեզ սահմանված է արդարության պսակ ստանալ»:

Այն ժամանակ համբավ էր տարածվել, թե Հուլիանոս արքան պատրաստվում է արշավել Արևելք և պատերազմել Պարսից դեմ: Որովհետև խաբված էր հեթանոսների կախարդական աղանդներից, որոնք ճակատագրին էին հավատում, թե ինքը Ալեքսանդր Մակեդոնացու նման տիրելու է աշխարհի բոլոր թագավորություններին:

Իսկ երբ բարեհաղթ Սարգիս զորավարը լսեց բռնության հեղեղների բարձրանալը, որոնք հարվածելու էին իմաստության տուն եկեղեցուն, որը հավատի վեմի վրա էր կառուցված, կամեցավ տերունական հրամանը գործադրել, որովհետև իմացավ, թե այդ է ժամանակը, որ իրեն ցույց տրվեց տեսիլքով` հալածվել հանուն արդարության և դրանով երանելի լինել: Ապա թողնում է հայրենի ժառանգությունը, իշխանական ճոխությունը, երևելի փառքը և բազմախումբ զորքերի հրամանատարությունը, դասակցությունը մեծամեծներին, ընդաբույս սննդակիցների սիրո զվարճանքները, և ամեն ինչ, որ այս նյութական մարմնի բարեհարմարություն էր համարվում, և ըստ մեծատունին տրված սիրալիր հրամանին` վաճառեց բազում գույքն ու ունեցվածքը` բաշխեց կարոտյալներին և հոգեպես թեթևացավ բազմավրդով նյութերի ծանրությունից և ծանր ու վայրահակ բաների փոխարեն վերցրեց Քրիստոսի խաչը, հետևեց այն նախակարապետի ճանապարհին:

Ուղեկից վերցնելով Մարտիրոս անունով որդուն, որ ոչ պակաս արի գործեր ուներ մարմնական արիությամբ և հոգու առաքինությամբ` հայրենի ազնվական բարետոհմությունից, նախ աղոթքով աղերսում էին ճշմարտության ճանապարհին և աղոթելիս այս էին ասում. «Աստվածդ բոլորի և Տեր ամենայնի, որից գոյացան արարածները, և Քո նախախնամ զորությամբ, որ քաղցր ես բոլորի նկատմամբ և գթած Քո երկյուղածներին, որ Քո ողորմությամբ առաջին արդարների հետ եղար և նրանց փրկեցիր ամեն փորձությունից, Դու նույն Տերն ես սկզբից մինչև այժմ և առհավետ: Ուստի Քո սուրբ անվան համար հալածվածներս Քո առջև ընկած Քեզնից հայցում ենք` կցո՛րդ եղիր մեր առաջիկա ճանապարհին, ինչպես Քո այն սրբերին, որ մեզնից առաջ կային, մինչև հասցնես Քո արդար օթևաններից մեկը. մեզ մտցրու Քո երկնավոր Հոր տունը, և Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն»:

Ապա դրանից հետո ճանապարհ ընկան, գնացին հեռու` Հայոց աշխարհը, ուր այն ժամանակ Մեծ Հայքի թագավորական գահին էր առաքինի Տրդատ Մեծի որդի Խոսրովի` Տիրան անունով որդին: Նա նրանց ընդունում է պատվասիրելով և որոշ ժամանակ պահում իր մոտ:

Իսկ ամբարիշտ Հուլիանոսը հույների, հռոմայեցիների և բարբարոսների բազմախուռն ամբոխով ելած գալիս էր արևելք` Ասորոց Անտիոք, և ճանապարհին հանդիպած տղամարդկանց ու կանանց` Քրիստոսի հավատացյալներին զանազան չարչարանքներ պատճառելով զրկում էր կյանքից: Եվ ամենքին հասավ այս դառն համբավը, որից բոլորին երկյուղի սասանում էր պատում, և շատերը փախուստի դիմելով թաքնվում էին խոր ձորերում և ժայռածերպերում: Սա լսելի է լինում և Հայոց աշխարհում, որով ոչ պակաս խռովվում էին ամբարշտի ահից, այնքան որ Հայոց արքան վախեցավ այն երջանիկին իր մոտ պահելուց, ասում էր` գուցե իմանալով կպահանջի, իսկ չտալու դեպքում կխռովի նաև մեր աշխարհի դեմ: Ապա նրան խորհուրդ է տալիս խույս տալ այնտեղից և գնալ Պարսից Շապուհ կոչվող թագավորի մոտ: Եվ սա ոչ թե պատահաբար էր արվում, այլ որովհետև Աստծու տեսիլքով նրան տնօրինաբար ձգում էր նշանակված տեղը, ուր նահատակվելով պսակվելու էր ի Քրիստոս:

Եվ վկայության համար Հայոց աշխարհից ելնում է որդու հետ և հասնում Պարսկաստան, ներկայանում թագավորին: Նրան տեսնելով` Շապուհը շատ է ուրախանում, մանավանդ երբ լսում է նրա քաջության համբավը և վտարանդությամբ Հռոմեական [կայսրությունից] ելնելը, ընդունում է մեծապատիվ փառքով, նրան կարգում Պարսից առաջին զորագլուխների շարքը, բազում գնդեր է տալիս նրա ձեռքը, և բոլոր պատերազմներին, ուր առաքվում էր` նրան հաջողություն էր տալիս Աստված, որով սիրելի է դառնում թագավորի ու նրա մեծամեծների աչքին: Իսկ երանելին ոչ թե իր զորությանը, այլ Աստծուն էր վերագրում հաջողությունները, որոնց համար երբեք չէր նվազեցնում հոգևոր ընծայաբերությունները, այլ անընդհատ գոհության ու փառատրության պատարագներ էր մատուցում Աստծու առջև. ոչ միայն իր անձի մաքրությունը իբրև բանավոր պատարագ, այլև անբան կենդանիներ զոհելով` բաշխում էր աղքատներին ու կարոտյալներին` իր սովորության համաձայն, որ գալիս էր նախնիներից: Դա սովորեցնում էր նաև բոլորին` աննվազ զոհաբերել կենդանիներ իբրև նվեր Աստծուն` ողորմությամբ կերակրելու քաղցածներին ու կարոտյալներին:

Այն ժամանակ լուր հասավ, թե Հոռոմոց զորքը Հուլիանոսի հետ ասպատակելով ավերում է տաճիկների արաբների աշխարհը, որ սահմանակից էր Շապուհի թագավորությանը: Եվ թագավորին հաճո թվաց սուրբ Սարգսին առաքել Տաճկաստանի կողմերի պաշտպանության, որ սահմանակից էր Հոռոմոց աշխարհին: Եվ սուրբը, իր զորքը վերցնելով, հասնում է նախասացված տեղը և այնտեղ մնում երեք ամիս, բանակում է Հուլիանոսի զորքի հանդեպ, թշնամիների ասպատակությունից պաշտպանելով այն աշխարհը: Այդ լսելով` հռովմայեցիք բազում զորքերով գալիս դիրքավորվում են սրանց դիմաց և ցանկանում ըստ կարգի պատերազմել իրար դեմ: Իսկ զորականները, որ սուրբ Սարգսի հետ էին, տեսնելով ամբոխի այն մեծ բազմությունը` ծանր զորքով ու զենքով, հույժ վախենում են և ասում, թե կկորչեն դրանց ձեռքից, որովհետև անկարելի էր պատերազմել այնքան մեծ ուժի դեմ: Իսկ երանելին, իր զորքի մեջ տեսնելով այդքան երկյուղով բռնվածներին, որոշեց նրանց հայտնել իր հավատի ճշմարտությունը և հեթանոսական [հավատի] մերժելիությունը, և ասում է. «Իմ եղբայրներ ու զինակիցներ, եթե ամբողջ սրտով հավատաք երկնքի ու երկրի Արարչին` ձեր սրտերը երբեք չեն զարհուրի մեր թշնամու զորքերի բազմությունից, այլ իմ ճշմարիտ Աստծու անհաղթելի զորությամբ ձեզնից մեկը նրանց հազարների կհալածե, իսկ երկուսը բյուրերի կսասանեն: Իսկ ձեր աստված անվանվածները ոչ մի ուժ չունեն, և ո՛չ լուսատուները, որ պաշտում եք, և ո՛չ տարրերի բնությունը, և ո՛չ կուռքերի արձանները, որոնց երկրպագում եք: Քանի որ նրանք ունեն աչքեր, որ չեն տեսնում, ականջներ, որ չեն լսում, ձեռքեր, որ չեն շոշափում, ոտքեր, որ չեն ընթանում, և չեն բարբառում նրանց կոկորդները և նրանց բերանները»:

Իսկ նրանք ասում են. «Հապա ո՞ւր է քո Աստվածը, Սարգի՛ս, եթե նրանք աստվածներ չեն, մեզ ցույց տուր, որ տեսնելով հավատանք նրան»: Եվ երանելին ասում է. «Իմ Աստվածը բոլոր եղածների Աստվածն է` երևելիների ու աներևույթների. անսկիզբ ու անեղ Հայրն է և բոլոր եղողների արարիչը. Որդի` ծնված Հորից անմարմնապես նախքան հավիտյանը, Հոր էակից և արարչակից. Սուրբ Հոգին բխումն է Հորից անժամանակ և անքննաբար, փառակիցը Հոր և Որդու. երեք կատարյալ անձ, մի բնություն և մի անբաժանելի աստ-վածություն, որով լինելություն ստացան բոլոր արարածները` երկնայիններն ու երկրայիններս, բանական կենդանիները: Եվ ինչպես իմանալի աշխարհը բնակության տվեց վերին անմարմին բանականներին, նույնպես և զգալի աշխարհս մարմնավոր բանականներին` մարդկանց: Որ ստեղծելով առաջին մարդուն, կնոջը` հողից և Հոգու անմարմին բնությունից` իր աստվածային պատկերով, նրանց դրեց փափկության անմահական դրախտի մեջ, հրամայելով չուտել միայն մի ծառից: Նրանք, չպահելով Նրա պատվիրանները, կորցրին անճառելի փառքը և անմահության փոխարեն մահ ժառանգեցին, և օրհնության փոխարեն` անեծք, և դրախտի փոխարեն` փշաբեր այս երկիրը: Եվ անխախտաբար աճելու փոխարեն, որ պիտի ունենային դրախտում, հրաման ստացան անասնական ծննդյամբ բազմանալ երկրի վրա: Որ և աճելով բազմացան և չպահեցին արարչի պատվիրանները` բավ չհամարեցին առաջին հանցանքը, այլ այնքան բազմացրին մեղքերը, մինչև Աստված բարկացավ նրանց վրա և խրատեց ջրով ու հրով, զանազան հարվածներով: Եվ ոչ միայն չդա-ձան բարության, այլ առավել մղվեցին չարիքի, որ Արարչի փոխարեն այս արարածներին էին երկրպագում: Բայց այդ ամենով հանդերձ [Աստված] չանտեսեց մարդկային բնությունը, այլ բոլոր ժամանակներում հայտնվեց արդարներին, խոսելով Աբրահամի ու նրա զավակի հետ. առաջին մարգարե Մովսեսի միջոցով նրանց տվեց նաև իր մատներով գրած օրենքը քարեղեն տախտակի վրա, նրանից հետո երևան բերեց մարգարեների դասերը, որոնք խրատում էին մարդկանց ամեն ժամանակ. և մարգարեանում էին Աստծու Որդու գալստյան վերաբերյալ: [Նա], որ առաքված է Հորից մարդկային ցեղի փրկության համար, վերջին ժամանակներս մեր բնությունն ստացավ սուրբ կույս Մարիամից և ծնվեց նրանից անախտաբար, մարդկանց մեջ շրջեց երեսուն տարի և Հորդանան գնաց` Հովհաննես Մկրտչի մոտ` մկրտություն ստանալու, որպեսզի Ադամի մեղքը լվանա Հորդանանի ջրով. երկնքից Հոր վկայությունն ունեցավ, թե` «Դա է Իմ սիրելի Որդին»,- և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ Ինքն Իր աստվածությունը հայտնեց զանազան սքանչելիքներով, որ կատարեց. բուժեց հիվանդներին, լույս տվեց կույր [աչքերին], հարություն` մեռածներին, քայլեց ծովի վրա, քիչ հացով կերակրեց բյուրերին… և բազում այլ բաներ, որ լեզուն տկարանում է պատմել:

Իսկ հրեա ազգը, այդքան բարություն ստանալով Նրանից, բարեգործի նկատմամբ ապերախտ եղավ և Նրան խաչի ու մահվան մատնեց, իսկ Ինքը կամավոր և ոչ ստիպմամբ հանձնվեց, որպեսզի կատարի մարգարեների կանխասացությունը և աշխարհի փրկությունը. և մարմնով մեռնելիս հայտնի դարձրեց Իր աստվածության զորությունը, որովհետև արեգակը խավարեց, երկիրը շարժվեց, վեմերը ճեղքվեցին, նրանց տաճարի վարագույրը պատռվեց, գերեզմանները բացվեցին, և մեռելները հարություն առան. մարմնով գերեզման իջավ որպես մարդ, և երրորդ օրը ինքնիշխան կերպով հարյավ որպես Աստված: Հարությունից հետո երևաց Իր աշակերտներին և խոսեց նրանց հետ քառասուն օր, համբարձավ երկինք, նստեց Իր Հոր աջ կողմը և նույն մարմնով գալու է դատելու բոլոր ազգերին` յուրաքանչյուրի գործի համեմատ. Աստված բարությամբ է հատուցում բարեգործներին և ճշմարիտ հավատացյալներին, իսկ չարագործներին ու անհավատներին` հավիտենական տանջանք:

Արդ, սա է ճշմարիտ աստվածպաշտությունը, որին եթե հավատաք ձեր ամբողջ սրտով և ազատվեք ձեր խավարային պաշտամունքից, հավիտենական կենդանություն կստանաք, երբ Քրիստոս գա իր աստվածային փառքով, և անհավատների հետ չեք տանջվի անվախճան հրի մեջ»:

Սա և սրանից ավելին խոսեց երանելի Սարգիսը զորքի բազմության առջև, և նրանցից շատերը հավատացին Տիրոջը և մկրտվեցին այն քահանաների ձեռքով, որ սրբի հետ էին:

Իսկ Հոռոմոց զորքերի մեծ մի խումբ առանձնացավ` ցանկանալով գրոհել Տաճիկների կողմերը, որ սուրբ Սարգիսն էր պաշտպանում, և խավարային օդով պաշարված, ինչպես ասորեստանցիք Եղիսեի ժամանակ, մոլորվում էին ճանապարհից այն աշխարհի, ուր ուզում էին մտնել, և ցրված` չէին տեսնում միմյանց, նրանցից շատերը նաև պատմում էին անմարմնական զորքերի ինչ-որ տեսիլներ, և նրանցից ձայն լսվեց, թե. «Մի՛ հանդգնեք պատերազմել Աստծու ծառա սուրբ Սարգսի դեմ, թե չէ բոլորդ կկորչեք»: Այդ տեսնելով` սուրբը փառք էր վերառաքում ամենազոր Աստծուն և ասում. «Մեծ է մեր Տերը, և մեծ է նրա ուժը, և ո՞վ կպատմի նրա սքանչելիքները. եկե՛ք, ի՛մ պատվական եղբայրներ, փառք տանք մեր Աստված Քրիստոսին, որ իր ողորմությունը ցույց տվեց մեզ` իր ծառաներին, և զորությունը մեր հակառակորդների դեմ»: Իսկ ամբողջ զորքը, հաստատվելով հավատի մեջ, աղաղակում էր, ասելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և անհաս է նրա զորությունը. այսուհետև հավատում ենք ամենասուրբ Երրորդությանը և մի Աստվածությանը, որ մեզ քարոզեց Սարգիսը»: Եվ բոլորը երկրպագում էին Աստծուն և բազում նվերներ էին մատուցում կենդանիների զոհումով, և ուրախ էին միշտ սրբի վարդապետությամբ:

Իսկ բարիքն ատող սատանա բանսարկուն դրդեց այն զորքից ոմանց, որոնց հոգիներին չծագեց Քրիստոսի Ավետարանի լույսը, և գնալով Շապուհ թագավորի մոտ ասում են. «Սարգիսն ապստամբեց աստվածներից և ձեզնից, արքա, և քարոզում է հավատալ Հիսուս Նազովրեցուն, և ամբողջ զորքը ապստամբեցրեց իր մոլորության ետևից. և սիրով միաբանել է Հոռոմոց զորքի հետ»:

Այս ամենը լսելով` թագավորը մեծ տրտմություն և խռովք է ապրում, ավագանիի հետ խորհրդակցում է, թե ինչ անի. և խորհուրդ ստանալով` նրան մեծամեծ պարգևներ է ուղարկում, նամակ է գրում այսպիսի բովանդակությամբ. «Լսեցինք քո մասին բարի լուր, պատվականդ մեր զորագլուխների մեջ Սարգիս, որ մտերիմ ես մեր թագավորությանը, և հույժ ուրախացանք, որի համար մեր սերը բազմացավ քո նկատմամբ որպես հավատարիմ և իմաստուն ծառայի, ուստի Մեր թագավորությունը քո մեծանձնության արժանի նվեր ուղարկեց քեզ: Ող՛ջ եղիր»:

Սրանից հետո իր խորհրդակիցների հետ ևս մի անգամ քննարկելով` երանելիի որդու [ձեռքով], որ արքունիքում էր, արքան հրավեր է ուղարկում նրան, որ առանց կասկածների շտապ գա, գրելով այսպես. «Ո՛վ մեծագույնդ մեր զորագլուխների Սարգիս, մեզ հասավ քո կորովամիտ իմաստության համբավը, որ խոհական իմաստասերների օրինակով փրկեցիք այդ աշխարհի խաղաղությունը` նվաճելով թշնամիներին: Արդ, քանի որ դա հաջող տնօրինեցիք, այսուհետև մեր թագավորությունը հրամայում է քո որդու հետ շտապ ժամանել մեզ մոտ, որովհետև կարոտ ենք քո կատարյալ խոհեմության հետ խորհրդակցելու Հռոմեացիների թագավորության վերաբերյալ, որ շուտով մեր դեմ պատերազմելու է: Ող՛ջ մնա»:

Եվ նրա որդին ճանապարհ ընկնելով գալիս է այն վայրը, ուր իր հոր բանակատեղն էր և ճանապարհին պատահում է թշնամու խմբերի: Բռնում են պատանուն ու նրա հետիններին և տանում իրենց բանակը:

Եվ սուրբն իմացավ եղելությունը, որ չարի ազդմամբ էր, ոչ քիչ տրտմություն պատեց նրան ու ամբողջ զորքին: Ապա մարդկային օգնություն չհուսալով` ապավինում է Աստծուն, որի առաջ ընկած արտասվալից պաղատում է, աղոթելիս հիշելով այն սքանչելիքները, որ յուրաքանչյուր դարում եղան Նոյի ու Աբրահամի, Իսահակի ու Հակոբի և բոլոր նահատակների հետ, թե` «Ինչպես լսեցիր նրանց աղոթքները, լսի՛ր և ինձ` մեղավորիս. ինչպես Հակոբ արդարին շնորհեցիր Հովսեփին տեսնելու, տո՛ւր և ինձ վերստին տեսնել իմ որդուն, որպեսզի գայթակղվելով չկորչի նորահավատ ժողովուրդը, որ Քո ծառայի քարոզությամբ դարձավ դեպի Քեզ, այլ սրանց ցույց տուր ողորմությունդ իմ նկատմամբ` ի փառս Քո սուրբ անվան»:

Եվ երեք օր անդադար աղոթում էր գիշեր-ցերեկ: Եվ ահա երրորդ օրը նրա որդուն վերցրած` ովքեր բռնել էին, և նրանց հետիններին, երանելիի առջև բերին, պատմելով իրենց տեսած սքանչելիքները, թե երբ սրան տարանք բանակատեղ` զորքերի մեջ չդադարեց խռովությունը, մինչև իսկ շատերը միմյանց սպանեցին: Եվ զորագլուխներին տեսիլ երևաց. «Եթե այդ պատանյակին չվերադարձնեք իր հոր մոտ, ասում է, բոլորդ կկոտորվեք»: Այդ տեսավ երանելին ու լսեց, լցվեց ուրախությամբ, և ընկավ երեսնիվայր, գոհացավ Աստծուց, և այն օրը ուրախության տոն էին կատարում` Բարձրյալին իբրև նվեր զոհելով խոյեր ու կենդանիներ, որոնք կարոտյալներին բաշխելով` ուրախանում էին ի Տեր հոգևոր ու մարմնավոր ուրախությամբ:

Դրանից հետո, երբ սուրբ Սարգիսն իր որդուց լսեց թագավորի հրամանը, որ իրեն կանչում է շտապ, հոգով իմացավ ամբարշտի ցանկությունը և բոլոր զորականներին իր մոտ կանչելով, որոնք հավատով զորեղանալով հավատացել էին Քրիստոսին, ասում է նրանց. «Եղբայրնե՛ր, ահա ընդունելի ժամանակը, երբ պետք է մեր հավատքի բարեպաշտությունը հայտնի դարձնենք և մարդկանց առջև խոստովանենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա ևս մեզ խոստովանի Իր Հոր և սուրբ հրեշտակների առջև»:

Իսկ զորքերը ասես միաբերան պատասխանում են նրան և ասում. «Քեզ հետ ենք, ո՛վ պատվական հայր, ապրելիս և մեռնելիս»: Եվ սուրբն ասում է. «Մեզ հրամայել է Տերը չթաքցնել մեր հավատի լույսը, այլ դնել աշտանակի վրա, և քարոզել տանիքների վրա, և չերկնչել նրանցից, որ ապականում են մարմինը, բայց ոչ ոգին: Բայց ես` ամեն ինչով անպիտանս, չանսացի Տիրոջ հրամանին, քանի որ Նրա նկատմամբ հավատի լույսը իմ մեջ ծածկեցի, իբրև ճրագ` գրվանի տակ, վախենալով մարդկանցից: Բայց այժմ, եղբայրնե՛ր, աղաչեցեք Տիրոջը, որ ինձ համարձակություն տա աներկյուղ քարոզելու Նրա անունը թագավորների ու իշխանների առջև, և հաստատի իմ ոտքերը հավատո վեմի վրա, որ չսասանվեմ մարդկանցից, որոնց առջև կանգնելու եմ, որովհետև այս հրավերը դրա համար է»: Եվ զորականները պատասխանելով ասում են սրբին. «Աղաչում և խորհրդակից ենք լինում [քեզ]` մեր տիրոջը` չտեսնել բռնավորի երեսը, և մի՛ վախեցիր, քանի որ բոլոր պատերազմներում, որ քեզ պատահելու են` կմեռնենք բոլորս: Եթե նա մարտնչի մեր դեմ` կհաղթենք նրան զորությամբ մեր Տիրոջ, որին հավատացինք»:

Պատասխանեց սուրբը և ասում է նրանց. «Մեր Տերը չի հրամայում զորեղանալ մարմնով, այլ` հոգով, և ոչ պատերազմական միջոցներով, այլ մեր համբերությամբ նեղությունների մեջ հաղթելու մեր թշնամիներին: Արդ ինձ մի՛ շեղեք կյանքի ճանապարհի առաջիկա ընաթացքից, այլ աղաչեցեք Տիրոջը, որ ինձ արժանի անի մեռնելու Իր սուրբ անվան համար, և ձեզ հովանի լինի Նրա աջը և հաստատի ճշմարիտ հավատքով, որ ընդունեցինք Սուրբ Հոգու շնորհներից: Եվ եթե ձեր ամբողջ սրտով սիրում եք Նրան, Ինքը ձեզ փրկություն կլինի այս կյանքում, և հավիտենական կյանքի կարժանացնի բոլոր սրբերի հետ»:

Այս և այսպես խոսեց երանելին հավատացյալ զորքի հետ, նրանց հաստատելով հավատքի մեջ, և ապա միմյանցից բաժանվելով, բազում արտասուքով որդու, նաև զորականներից ոմանց հետ ճանապարհ են ընկնում գալու թագավորի մոտ: Սա տեսնելով շատ ուրախացավ և ասում է իր խորհրդականներին. «Կարծեմ իրավացի չէ նրա վերաբերյալ ամբաստանությունը, և նախանձով են առաջնորդվել և ոչ ուղղամտությամբ»: Եվ դառնալով սուրբ Սարգսին` ասում է. «Բարի է քո գալուստը, իմ զորականների մեջ իմաստունդ և հավատարիմդ. մեզնից ողորմություն կստանաս անխոտոր հավատիդ համար, որ ցույց տվիր մեզ: Ուստի մեր թագավորությունը կմեծարի քեզ և բոլոր զորքերի գլուխ կնշանակի քո խոհեմագույն իմաստության համար»: Եվ նրան բազում ընծաներ ու պատիվ է տալիս, գերապանծ ճոխությամբ ու պայծառությամբ: Բայց նա ո՛չ [այդ] խոսքերից պարտվեց, և ո՛չ ճշմարտությունից շեղվեց երևելի մեծության համար, այլ իմաստախոհ խոսքերով պատասխանեց նրան. «Գոհանում եմ իմ Աստծուց,- ասում է,- որ ինձ փրկեց իմ թշնամիների ձեռքից, որոնց հաղթեցինք ո՛չ մեր իմաստությամբ, և ո՛չ ուժով, այլ ամենազոր Աստծու կարողությամբ: Նրանով են և ձեզնից շնորհվող պարգևները, քանի որ ձեզ իմաստություն տվեց ճանաչելու ճշմարտությունը»: Եվ սուրբն, այս ասելով, հեռացավ նրա մոտից:

Եվ թագավորն ասում է իր մոտիններին. «Այս մարդուն տեսնում եմ [իբրև գիտակ] կատարյալ ճշմարտության»: Իսկ չարախոսները, առաջ գալով, ասում են. «Թագավո՛ր և արքա քաջ, [Սարգիսը] Նազովրեցու ուսմունքի և աղանդի հետևորդ է, որի համար և Աստված է անվանում ոչ մերին, այլ Նազովրեցի Հիսուսին: Թե չէ, թող քո թագավորությունը հարցնի նրան և իմանա մեր խոսքի ճշմարտությունը»: Եվ երբ թագավորն այս լսեց, շատ տխրեց և մտածում էր, թե ինչպե՞ս ստուգի ասվածի իրավացիությունը:

Եվ այն օրերին աստվածների տոնը եկավ, և արքայից հրաման ելավ, որ բազմությունը հավաքվի կրակարանի ատրուշաններում, ո՛ւր հուրն էին վառում ըստ պարսկական օրենքի, ուր և կանգնեցրած էին տասներկու կուռքերի արձանները: Կանչվեց և Սարգիսը` պատվական զորագլուխների հետ գալու իր զավակի հետ այդ հանդեսին: Եվ երանելին իմացավ, որ հանուն Աստծու պատերազմելու ժամը հասել է, աղոթում էր Աստծուն և ասում. «Տեր Աստված, Քեզ հուսացողներիս փրկիչ, որ խոստացար Քո ծառաներին և ասացիր, թե` «Երբ ձեզ տանեն թագավորների առաջ` մի՛ հոգացեք պատասխան տալու համար, քանի որ Ես ձեզ կտամ միտք և իմաստություն, որին չեն կարող ընդդիմանալ ձեր հակառակորդները: Արդ, ինձ ևս տուր, Տեր, միտք, որ բանամ իմ բերանը առաջի կա ատյանում, և զորացրու ինձ համբերելու չարչարանքներին ու համատեղ մահվան, որ գալիս են ինձ վրա Քո սուրբ անվան համար, և Քեզ փառք հավիտյանս»:

Եվ երբ վերջա րեց աղոթքը` իր որդու հետ գնաց արքայի կոչով: Եվ թագավորը տեսավ նրան, ասում է բարձր ձայնով. «Սարգի՛ս, պատվականդ իմ զորավարների մեջ, արի առաջ և մեր բոլորի օրենքով հրին զոհ մատուցիր, և մեծամեծ աստվածների առջև խունկ լցրու իբրև իսկական աստվածասեր, որպեսզի քեզ չարախոսողները ամոթով մնան, [իսկ] դու պայծառանաս ավելի բարձր փառքով»: Սուրբ Սարգիսը պատասխանում է ասելով. «Ես ճշմարիտ Աստծուն եմ զոհ և երկրպագություն մատուցում, Նրան, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և նրանց միջի արարածներին, որ կենդանի է և հավիտենական Թագավոր է, որին պարտական կլինեիր, ո՛վ թագավոր, եթե իմաստություն ունենայիր երկրպագելու և փառաբանելու, և ոչ տարրեղեն արարածներին, որ Նա է գոյացրել, և մարդկանց ձեռքով ստեղծված անշունչ պատկերներին»:

Այս լսելով` արքան ասում է. «Ահա պարզվեց քո մոլորությունը, ո՛վ թագավորության թշնամի, ո՛վ հարբածդ հիմարությամբ և քո անձը կամովին զրկող բյուր բարիքներից, որ քեզ պիտի տայինք: Իսկ դու քո սերը փոխանցեցիր մի հրեա մարդու, որ իր մեղքերի համար խաչվեց»,- և ուրիշ շատ խոսքերով հայհոյում էր Քրիստոսին:

Իսկ երբ երանելին այս լսեց` չկարողացավ համբերել, այլ իր բերանը լցնելով խորխով` թքեց ամբարշտի դեմքին և ուժ առնելով Սուրբ Հոգուց և ձեռքը մեկնելով` մանրեց կեղծ կուռքերի արձանները և ասաց. «Ո՛վ անմիտներ, ահա ձեր պաշտելիները փշրվեցին, իսկ այդ հուրը, որ պաշտում եք` ցնդող մոխիր է»:

Եվ երբ սա տեսան և լսեցին մոգերն ու հեթանոսների բազմությունը, որ ներկա էին, բարկությամբ լցվեցին սրբի դեմ և բռնելով նրան` քաշքշում էին այս ու այն կողմ, աղաղակելով, որ սպանեն նրան: Եվ անօրենների կատաղի հարձակումից ամբոխի մեջ սպանվեց նրա Մարտիրոս որդին, գործով ընդունելով իր անվան վկայականը, պսակակից եղավ Քրիստոսի նախընթաց վկաներին: Իսկ թագավորը թույլ չտվեց, որ բազմությունն սպանի երանելիին, այլ հրամայեց կապել երկաթով և բանտ նետել, և տրտմեց նրա որդու մահվան առթիվ, որովհետև իր կամքով չեղավ:

Իսկ երանելին բանտում գոհանում էր Աստծուց, որ արժանի եղավ Նրա անվան համար չարչարանք ու կապանք կրելու, նաև` իր որդու համար, որ նահատակի արյունով պսակվեց ի Քրիստոս: Ու մինչ բանտում աղոթում էր, գիշերով նրան երևաց բանսարկու սատանան, ասաց. «Ո՛վ Սարգիս, ի՞նչ ես շահում համառելով, համաձայնի՛ր թագավորի կամքին և երանելի եղիր աշխարհի վրա և սնոտի հույսի համար մի՛ կորցրու կյանքդ»:

Սուրբ Սարգիսն ասում է նրան. «Հեռացի՛ր, ճշմարտությա՛ն հակառակորդ և ստության հայր, որովհետև քո խրատը կյանքի պատճառ չէ, այլ հավիտենական մահվան` բոլոր նրանց համար, ովքեր կատարում են ասածդ և քեզ հետ կորստի կմատնվեն»,-և հալածվելով` նույն պահին չարն աներևութացավ:

Եվ շուտով բանտում հանկարծակի նրան երևաց Տեր Հիսուս, երկնային զորքերի հետ, և սենյակը լցվեց գերպայծառ լույսով` արեգակից առավել, և իսկույն քանդվեցին երանելիի ձեռքի ու ոտքի կապանքները: Եվ այն լույսից լսելի եղավ մի ձայն, որ ասաց. «Քա՛ջ եղիր, Իմ բարի և հավատարիմ ծառա Սարգիս, և քո սրտում մի՛ երկնչիր մահկանացու մարմինդ սպանողներից, որովհետև այս տրտմական և հողանյութ հարկերից մտնելու ես քո Տիրոջ լուսեղեն խորանների անվախճան ուրախության մեջ»: Եվ տեսնելով այդ ծագող փառքի լույսը` հավաքվեց բազմությունը, որ բանտի շուրջն էր: Եվ զարմանքով լցված` փառք էին տալիս ճշմարիտ Աստծուն, որ քարոզում էր Սարգիսը: Մանավանդ երբ տեսնում էին երանելի Սարգսին կապանքներից ազատված և Աստծուն աղոթելիս: Եվ իսկույն գնալով պատմեցին թագավորին իրենց տեսած սքանչելիքը, և նա հրամայեց իր առջև տանել երանելիին: Ու երբ տարան, ասաց նրան. «Ո՛վ անիմաստ և քո անձի թշնամի, քեզ ի՞նչ օգուտ տվեց մեր հրամաններին հակառակվելը, բացի անարգանքից և չարչարանքից, և քո որդու մահից: Եվ եթե զղջալով չդառնաս [հեթանոսության]` չարաչար մահվամբ կյանքից կզրկվես, իսկ եթե այդ անմիտ խորհրդից հրաժարվես և գաս դեպի լավը, հիշելով մեր առաջին սերը, քաղցրությունն ու ներողամտությունը` մեղք չեն համարվի սխալմունքներդ, որոնցով հանցավոր եղար, այլ առավել բարձր փառքի ու պատվի կարժանանաս: Արդ, այսօր միայն լսիր մեր հրամանները ու դրանից հետո գնա Նազովրեցու մոտ»: Թագավորն այս ասում էր, որովհետև սրբի մահը չէր ուզում, որովհետև հասել էր Հուլիանոս կայսեր գալստյան լուրը:

Երանելին ասում է. «Քո աստվածների ամոթն ու նախատինքը չզգացիր, որովհետև խավար և անլույս ես աստվածներիդ նման. ինչու՞ նրանց փոշու նման մանրանալը տեսնելով` չհասկացար նրանց տկարությունը: Իսկ իմ պարծանքն ու հույսը իմ Աստված Հիսուս Քրիստոսի վրա է, որ ինչպես իմ որդուն ընդունեց բարեպաշտության հավատով, ինձ ևս կընդունի նույն հավատով արմատացած ու հաստատված, որից գոհանում [և որին] փառավորում եմ, որ ընդունեց իմ որովայնի պտուղը և չթողեց քո մոլորությամբ խաբվել: Եվ հիմա ասում եմ բացահայտ, թե քո կարողությունն ինձ չի խավարեցնի, և քո անիմաստությունը ինձ չի հիմարացնի»:

Երբ թագավորն այս լսեց, կատաղությամբ լցվեց, հրամայեց հանել նրա վրայից զինվորական պատմուճանը և ասաց. «Սարգիսը, որ չճանաչեց պատիվը, թող ճանաչի անպատվությունը և մեռնի իր մեղքի մեջ»: Եվ հրամայեց տանել քաղաքից դուրս և սպանել: Եվ դահիճներն առան նրան և վայրենությամբ տարան մինչև մահվան տեղը: Նրա հետ գնում էր քրիստոնյաների և հեթանոսների շատ մեծ բազմություն: Եվ երբ հասան այն վայրը, որ կոչվում է Սալք, կանգնեց սուրբը, որովհետև այնտեղ պիտի սպանվեր, և տարածելով ձեռքերը սկսեց աղոթել բարձր ձայնով և ասել.

«Տե՛ր Աստված հավիտենական, որ ինձ արժանի դարձրիր մեռնելու Քո սուրբ անվան համար, լսիր Քո ծառայի աղաչանքը, ինձ ընդունիր նրանց մեջ, որ սիրեցին Քո գալստյամբ երևալու օրը և Քեզ ճանապարհակից եղան խաչի չարչարանքով ու մահով: Եվ իմ մանկությունից մինչև այժմ չարի խաբեությամբ ինչ մեղք որ գործել եմ Քո առաջ` կամովին, թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ` իմ արյան հեղումով լվա և մաքրիր Քո ողորմությամբ: Շնորհ արա և Քո բոլոր հավատացյալներին, որոնք հիշում են իմ անունը բարեխոսությամբ, [խնդրում] մեղքերի թողություն, հոգու և մարմնի փրկություն ամեն մի վտանգից, դևերի հալածումն, հիվանդների բուժում, հաղթանակ պատերազմներում, արձակում կապանքներից ու բանտերից, ծառայությունից ազատություն, խռովություններից` խաղաղություն, նեղություններից` անդորրություն, ճանապարհների վրա` առաջնորդական պահպանություն, ծովում ալեկոծության ենթարկվածներին` հանդարտություն, երաշտի ժամանակ` քաղցր անձրևներ` առատ պտղաբերության համար, կարկտաբեր ու եղյամ դնող օդի սաստկության արագ դադարում, հալածումն մորեխի և բոլոր վնասակար զեռունների, որ շարժվում են քո բարկությունից պատուհասելու և հալածելու մարդկանց` մեղքերի պատճառով: Եվ ովքեր կատարում են մեր հիշատակները ընծայաբերությամբ և ողորմությամբ` ընդունի՛ր անուշ հոտերի մեջ և վարձատրի՛ր բյուրապատիկ բարություններ այստեղ և հանդերձյալ կյանքում: Իսկ իմ հոգին ընդունիր արդարների օթևանները` հավիտենական հանգստի, և Քեզ փա՜ռք հավիտյանս»:

Աղոթքը վերջացնելուց հետո երկնքից նրա մոտ իջավ Տիրոջ հրեշտակը` ձեռքին բռնած լուսապայծառ պսակ, և ասաց. «Զորացի՛ր, Քրիստոսի՛ քաջ նահատակ, և մի՛ երկնչիր մարմինդ սպանողներից, քանի որ քեզ համար բացվեց երկնքի արքայության դուռը, և ինչ որ խնդրեցիր` քեզ տրվեց Աստծուց, և բոլոր հավատացյալների խնդրանքը քեզ համար` կշնորհվի Տիրոջից»: Եվ բազմությունը տեսավ Աստծու հրեշտակին և լուսապսակը, աղաղակեց ասելով. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և նրանից բացի ուրիշ Աստված չկա»:

Իսկ սուրբը դառնալով հավատացյալ զորքերի դասերին` ասում է. «Այժմ ինձ լսեցե՛ք, Քրիստոսի՛ հավատացյալներ, որ մոտիկ լինելով տեսնում էք նահատակությունս, թող չտեսնեք իմ մահկանացու մարմնի անհույս տրտմությունը, որովհետև այսօր թե վաղը սա հարկադրաբար ընդունելու է նախահոր պարտքը, բայց իմ հույսն ի Քրիստոս անվախճան է, որով վերստին ստանալու եմ սա անմահ և անապական` Նրա գալստյանը: Եվ ես ցնծում եմ և ուրախ եմ այսօր, որովհետև բաղձանքս, որ մանկությունից էր, կատարեց Տերը` հաղորդ լինել իր չարչարանքներին և կցորդ` վկաների պսակի: Եվ ինչպես ինձ զորացրեց մարմնավոր թշնամիների պատերազմների մեջ, այսօր ևս կզորացնի հոգու թշնամու և նրանց դեմ, որ պատերազմում են նրանով: Եվ արդ ես ավարտեցի այս կյանքի բարի ճանապարհի բարի ընթացքը և պահեցի հավատը, ուրախությամբ գնում եմ Քրիստոսի մոտ: Եվ Աստծու խաղաղությունը ձեզ հետ լինի հավիտյան»: Այս ասելով` ծնրադրեց դեպի արևելք, ինքնիրեն տյառնագրեց խաչի նշանով և պարանոցն իջեցրեց ու ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ հոգին»:- Եվ դահիճը սուսերով կտրեց երանելիի գլուխը: Եվ անմիջապես երկնային լույս ծագեց ու պատեց նրա մարմինը: Եվ այն լույսից ցոլացած բոցն այրեց այն հեթանոսներից ոմանց, իսկ մնացածները փախուստի դիմեցին: Եվ երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Վայելչորեն կատարեցիր քո ճգնությունը, ո՛վ երանելի Սարգիս, այժմ եկ և ժառանգիր հավիտենական հանգիստ բոլոր սրբերի հետ»: Իսկ այն զորքերից այնտեղ ներկա հավատացյալները երանելիի մարմինը վերցրին, ծածկեցին մաքուր զգեստներով: Եվ սա հասավ թագավորի ականջին, և դահիճներ ուղարկեց, կոտորեց[ին] նրանցից տասնչորս հոգու, որոնք պարսից ազգից էին: Եվ հրամայեց նրանց մարմինները նետել գազաններին, որոնք [սակայն] չմոտեցան Աստծու տեսչությամբ: Ապա մտածեցին հրով այրել Քրիստոսի վկաների մարմինները, որովհետև պարսիկներից շատերը սքանչելիքի պատճառով հավատացին Տիրոջը:

Եվ մինչ [թագավորն] այս էր խորհում, ամբարշտի ականջը հասավ Հուլիանոսի գալստյան երկյուղի շշուկը, և մոռացավ սրբի նկատմամբ մտածած չարությունը, և սկսեց զորքերը պատրաստել նրա դեմ պատերազմելու: Այնժամ հավատացյալներից ոմանք գիշերով եկան, առան սուրբ Սարգսի և նրա որդու և տասնչորս [զինվորների] մարմինները և պատվական մի տեղ պահեցին խնամքով:

Սուրբ Սարգիսը և նրանք, որ իր հետ էին, նահատակվեցին հունվար ամսի երեսունմեկին, Պարսից Շապուհի և Հռոմեացիների Հուլիանոսի թագավորության ժամանակ: Իսկ մեր Թագավորն է Հիսուս Քրիստոս, որին Հոր և Սուրբ Հոգու հետ փառք, իշխանություն և պատիվ. այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

 

Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.

01.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․