Գրքեր

Սուրբ Սարգիսը ժողովրդական ավանդազրույցներում և սովորություններում

Սուրբ Սարգիսը և ժողովրդական ավանդազրույցները

Ըստ ավանդության՝ Սբ. Սարգիսը քաջ և ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին ու անմեղներին: Նրա ձիու ոտքերի դոփյունից դղրդում էր ողջ աշխարհը, իսկ երբ նա նիզակ էր խաղացնում բուք ու բորան էր բարձրանում:

Ժողովրդական բանավոր ավանդության մեջ Սուրբ Սարգիսը հանդես է գալիս զանազան զրույցների, երգերի, աղոթքների և հավատալիքային պատկերացումների տեսքով, որոնք սերում են եկեղեցական վկայաբանությունից:

Սբ. Սարգսի նվիրական ուտեստի հետ կապված անվանդազրույցներից է հունադավանների դեմ կռվելու ընթացքում զորավարի գրպանում եղած օրապահիկ աղանձը՝ փոխինդի վերածվելու պատմությունը, որի ճաշակման միջոցով է միայն քաջը կարողացել հագեցնել երկարատև քաղցը:

Սբ. Սարգիսը միջնադարյան մի աղոթերգում ներկայանում է իբրև լավ սպառազինված, արիասիրտ, պաշտպան ու պահապան զորական, միաժամանակ ատենահաս, այսինքն՝ ժամանակին հասնող և գերյալներին ազատող սուրբ:

Սբ. Սարգիսը բնութագրվում է հետևյալ մակդիրներով. քաջ սպառազեն, պարիսպ, արիացեալ, ատենահաս, մեծ գերեհան:

Ժողովրդական բնագրերում ձիավոր սուրբը հաճախ հանդես է գալիս որդու՝ Սբ. Մարտիրոսի հետ: Սբ. Սարգիսը ներկայացվում է որպես երկնավոր ձիավոր, որի հրեղեն ձին սլանում է ամպերի վրայով:

Սբ. Սարգսի կողմից գերիներին ու շղթայվածներին ազատելու մասին պատմում է հետևյալ ավանդազրույցը. «Ղզլբաշի (պարսից) Ուշաբ (Շապուհ) թագավորը հրամայում է բոլոր հայ քրիստոնյաներին ուրանալ իրենց հավատն ու արեգակն ու կրակը պաշտել: Հայերը չեն համաձայնվում: Ուշաբն սկսում է հայերին տանջել, կոտորել, մորթազերծ անել: Լուրը հասնում է Սարգսին, որը եղել է մի հսկա տղամարդ: Սա իր ընկերներով հարձակվում է Ուշաբի զորքի վրա, թունդ կռիվ տալիս: Ուշաբն այդ իմանալով՝ կատաղում, փրփրում է, հրաման է տալիս բռնել Սարգսին, կտոր կտոր անել: Բայց Սարգիսն «ամպի պես գոռում, կեծակի նման տրաքտրաքում, քանդուքար է անում թագավորի բերդերն ու էնտեղ կապած, կշկռած հայերին ազատում»:

Ճերմակաձի Սուրբ Սարգիսը ժողովրդական պատկերացումներում

Ժողովրդի պատկերացմամբ, Սբ. Սարգիսն ունի գեղեցիկ ռազմիկի կերպարանք, զինված զարդարուն նիզակ ու թուր, ոսկե սաղավարտ ու ոսկե սպառազինություն. մտքի պես արագ հայտնվում է նա իր լուսաշող ձիով, երբ նեղության մեջ նրան են կանչում:

Նրան պատկերում են ձիու վրա նստած՝ նիզակով վիշապին խոցելիս: Այս պատկերը համահունչ է նրա կերպարին, քանի որ խորհրդանշում է սրբության հաղթանակը մեղքի և չարի հանդեպ: Մուշից գրառված մի ժողովրդական երգում նա ներկայացվում է հետևյալ կերպ.

Սուրբ Սարգիսն էր խըռ ձիավոր

Ձեռքի մըզրախ փունջուխլավոր..

Կամ՝

Սուրբ Սարգիսն էր մեծ զորավոր

Ջահել-ջիվան, ինք ձիավոր

Այսինքն՝ սպիտակակապտավուն (խըռ), երիտասարդ ձիավոր, զինված ծոպազարդ նիզակով:

Ժողովուրդը հանձին Սուրբ Սարգսի՝ տեսնում էր զորակցի, թույլի և ոտնահարվածի պաշտպանի, քրիստոնեական հավատի, մարդկային սիրո ու նվիրումի համար պայքարի ելած քաջ զինվորի և նահատակվողի:

Մուրազատու Սուրբ Սարգիսը

Սուրբ Սարգսին մուրազատու են անվանել, որովհետև նրա անունը կապված է սիրո և ամուսնության փափագի կատարման հետ:

Բանավոր ավանդության մեջ սիրահար զույգի կողմից Սուրբ Սարգսին հաճախակի ուղղվել է հետևյալ երկտողը.

Մուրազատու Սուրբ Սարգիս,

Դու հասնիս  մըր  էրկուսիս:

«Աշուղ Ղարիբ» սիրավեպի տարբերակներից մեկում պատմվում է, թե ինչպես Սուրբ Սարգիսը երկու սիրահարների հասցնում է իրենց մուրազին: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի հարուստի աղջկա՝ Շահսանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց հայրը հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը և մտադրվում է աղջկան ուրիշին կնության տալ: Աշուղ Ղարիբը գնում է օտարություն՝ փող դատելու և հարստանալու նպատակով, հրաժեշտի ժամանակ խնդրելով աղջկան, որ յոթ տարի հետո, եթե չվերադառնա, թող ամուսնանա ուրիշի հետ: Յոթ տարի անց, վերադարձին նա ուշանում է և վերջին օրը դեռ մի քանի օրվա ճանապարհ ունի անցնելու: Հուսահատված՝ նա Սբ. Սարգսին օգնության է կանչում: Վերջինս իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին առնում է ձիու գավակը, մի ակնթարթում հասցնում հայրենի քաղաքը, ուր Աշուղն ամուսնանում է Շահսանամի հետ:

Սրբին նվիրել են ոչ միայն տոնահանդեսներ, նրա շուրջ հյուսել ավանդապատումներ, այլև միջնադարյան հայ արարողական սպասքի, կիրառական բազում նմուշներ հարդարել նրա պատկերով ու վարքի պատումներով: Առավել ուշագրավ են Ավագ խորանի վարագույրները, սկիհի կամ մաղզմայի ծածկոցը, Կուտինայից (Քյոթահիա) հայտնի հախճապակե թասերը, Սկևռայի մասանց պահարանը և այլն:

Ժողովրդական  սովորությունները

Ժողովուրդը Սուրբ Սարգսի տոնը նշել է բազում սովորություններով: Այդ օրը զանգվածային ուխտագնացություններ էին կազմակերպվում Սբ. Սարգսին նվիրված սրբավայրերում, որոնց թիվը բավականին շատ էր Հայաստանում: Այստեղ սրբի հիշատակի համար մոմեր էին վառում, աղոթքներ անում: Սբ. Սարգսի ուխտից վերադարձողը ճանապարհին մեկին հանդիպելիս սովորականի պես չէր բարևում, այլ ասում էր. «Խաչը քեզ ողջույն ղարկե», իսկ հանդիպողը պատասխանում էր՝ «Ողջ մնաս» բարեմաղթությամբ:

Սբ. Սարգսին նվիրված այդ սրբավայրերում մի քիչ ջուր էին լցնում խաչի վրա և այդ խաչլվայի ջրով ու մեղրով փոխինդից կլոնդակ պարտրաստում, որով և պասը լուծում էին:

Սբ. Սարգսի տոնի նվիրական ուտեստը փոխինդն էր և խաշիլը, որոնց գործածությունը նախընթաց հինգ օրերի ընթացքում արգելվում էր:

Շաբաթ առավոտյան Սբ. Պատարագ էր մատուցվում և գրեթե բոլորը գնում էին եկեղեցի: Ջավախքում, օրինակ, այդ Պատարագը մատուցում էր մի որևէ գերդաստան, որը հին և նոր ննջեցյալների հոգու փրկության նպատակով հոգեհաց էր տալիս բոլոր չափահաս, մասնավորապես՝ տարեց մարդկանց:

Սովորույթի համաձայն, այդ շաբաթվա ընթացքում մարդիկ ծանր գործեր չէին անում, ոչ ճախարակ էին մանում, ոչ բուրդ գզում և ոչ լվացք անում: Կանայք, մանավանդ՝ աղջիկները, գլուխները չէին լվանում, որպեսզի «Սբ. Սարգսի ձին չսայթաքեր սապոնաջրի վրա»: Պասի օրերին արգելվում էր լվացք անել, աղջիկներն ու երիտասարդները հինգ օր հրաժարվում էին սովորական կերակրից, գոհանալով չոր հացով, որն ուտում էին արևամուտից հետո: Միայն նման ժուժկալությամբ կարելի էր արժանանալ սրբի բարեգթությանը: Մի շաբաթ շարունակ, բացի պաս պահելուց, երիտասարդների խոսակցության առարկան Սբ. Սարգիսն էր: Տարիքավոր կանայք՝ մայրերն ու տատերը պատմում էին, թե ինչպես էին իրենք տարիներ առաջ մասնակցել Սբ. Սարգսի տոնին: Պասի ուրբաթ օրը Հայաստանի բոլոր շրջաններում բոված ցորենը երկանքով աղում էին, փոխինդ պատրաստում ու շաղելով խաղողահյութով, ճաշակում: Ուրբաթ օրը պասի վերջին օրն էր և հարսնացու աղջիկ ունեցող մայրերն այդ գիշեր հատուկ երգեր էին երգում:

Այդ գիշեր երիտասարդները, հատկապես աղջիկները, աղի բլիթ էին ուտում, որպեսզի երազ տեսնեն: Նրանք հավատում էին, որ Սբ. Սագիսն այդ գիշեր որոշում է իրենց բախտը և նա, ով երազում ջուր տա խմելու, լինելու է իրենց ապագա զուգընկերը:

Ուրբաթ երեկոյան գրեթե բոլոր տանտիկինները ամանով չոր փոխինդ էին դնում տան կտուրին կամ դռան ետևում, մոմեր կամ կանթեղ վառում, հուսալով, որ Սբ. Սարգիսը կայցելի իրենց տուն՝ իր ձիու պայտի հետքը թողնելով փոխինդի վրա: Պայտի հետքը երազանքների իրականացման խորհրդանիշ էր դիտվում: Տանտիրուհին այս փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները:

Սբ. Սարգսի տոնին երեխաները բարձրանում էին երդիկների վրա և երգելով անցքից գուլպաներ կամ քսակներ էին իջեցնում՝ նվերներ ստանալու ակնկալությամբ, որը գրեթե միշտ իրականանում էր: Տանտիկինները սովորաբար դրանց մեջ դնում էին այդ տոնի ծիսական կերակուրներից և մի քանի մանր դրամ:

Շաբաթ առավոտյան տեղի էր ունենում «աղջիկ ժողվրտանքը», երբ հարսնացու աղջիկները հավաքվում էին որևէ տեղ, միմյանց շնորհավորում, պատմում ու մեկնաբանում տեսած երազները: Դրանից հետո սկսվում էր հացկերույթը: Դա հարսնացու աղջիկների ուրախությունն էր, նրանց հանգստի տոնը, որ տևում էր մինչև երեկո: Նրանք պարում էին, երգում, կատակում: Փեսացու տղաներն այդ օրը աշխատում էին գտնվել աղջիկների հավաքատեղիին մոտ: Երիտասարդներից յուրաքանչյուրը ցանկանում էր տեսնել իր հարսնացուին, հանդիպել հավանած աղջկան, քանի որ մեծերը Սբ. Սարգսի տոնին մեղմորեն էին վերաբերում այդ հանդիպումներին:

Սբ. Սարգսի տոնի սովորույթներից էր նաև սրբի անունը կրողների անվանակոչությունը նշելը, նրանց նվերներ մատուցելը, հատուկ հյուրասիրություն կազմակերպելը, այդ օրը ծնվածներին սրբի անունով կոչելը:

Սբ. Սարգսի տոնից մինչև Բուն Բարեկենդանն ընկած ժամանակահատվածը համարվում էր հարսանյաց արարողությունների մեծ շրջան: Գրեթե բոլոր շրջաններում հարսանիքների նկատելի մասը կատարվում էր այդ ժամանակաշրջանում:

Աղի բլիթ ուտելու սովորությունը, ինչպես նաև մյուս բոլոր սովորությունները ժողովրդական սովորություններ են և եկեղեցու ուսմունքի հետ կապ չունեն: Այստեղ էականը աղոթքն է առ Աստված: Աստված, Սբ. Սարգսի բարեխոսությամբ, իսկապես կարող է պատասխանել օրիորդի կամ երիտասարդի աղոթքին և ցույց տալ նրա կյանքի ապագա կողակցին.

Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ,

Յաղթող սպառազէն եւ քաջ նահատակ,

Երագահաս Սուրբդ Սարգիս, շնորհաց օթեւան.

Բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

 

 

21.01.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․