Գրքեր

Սուրբ Սարգսի տոնի սնոտիապաշտությունները

Սուրբ Սարգսի տոնի հետ կապված ժողովրդական գեղեցիկ ավանդություն կա, ըստ որի` այս տոնի գիշերը սուրբ Սարգիսն իր ձիով շրջում է հավատացյալների տները: Եվ մարդիկ նախկինում պնակով ալյուր էին դնում տների տանիքներին կամ դռան շեմին, որպեսզի սրբի ձիու պայտի հետքը մնա ալյուրի վրա: Այդ օրը նաև աղե բլիթ կամ աղաբլիթ են պատրաստում, որպեսզի երիտասարդներն ու երիտասարդուհիներն այն ուտեն և գիշերը երազի մեջ տեսնեն, թե ով է լինելու իրենց ապագա կինը կամ ամուսինը: Ժողովրդական այս սովորությունը գեղեցիկ համարելով հանդերձ չպետք է մոռանանք, որ ժողովրդական ավանդությունը բոլորովին տարբեր է եկեղեցական կամ կրոնական ավանդությունից և կրոնական իմաստով ժողովրդական ավանդությունն իր մեջ կարող է շատ սխալ բաներ պարունակել: Սուրբ Սարգսի տոնը անմիջապես հաջորդում է Առաջավորաց պահքին, և հավանաբար աղաբլիթի գործածությունն առաջացել է պահքի կերակրից կամ դրա նմանողությամբ, քանի որը աղը և հացը պահքի ժամանակ գործածվող հիմնական կերակուրներն են: Այդ իսկ պատճառով պահքի օրերը կոչվում են նաև աղուհացի օրեր: Սակայն ընդունելի չէ աղաբլիթով սնոտիապաշտական գուշակությունը: Աստվածաշունչը միշտ բացասական շեշտով է խոսում գուշակությունների մասին, թեև դրական արձագանք կա վիճակահանության վերաբերյալ: Սակայն Աստվածաշնչի դրական վերաբերմունքը վիճակահանությունից այն կողմ չի անցնում: Աստծո պատվիրածի համաձայն` հրեական զոհաբերությունների ժամանակ գործածվում էր վիճակահանությունը (Ղևտ. 16.8-9): Հին Կտակարանում իսրայելցիները վիճակահանությամբ իմացան, թե խոստացված երկրում որ ցեղը որ հողատարածքը պետք է զբաղեցնի (Թվեր 25.55-56, 34.13, 36.2; Բ Օր. 2.19, 31; 25.19): Նոր Կտակարանում առաքյալները վիճակահանությամբ իմացան, թե ով պետք է լինի Հուդայի փոխարեն (Գործք 1.26): Վիճակահանությունը գործածվում է նաև եկեղեցական արարողության ժամանակ: Ավագ երեքշաբթի օրն ընթերցվում է տասը կույսերի առակը: Ընթերցման ընթացքում տասը դպիրներ պետք է ձեռքներին վառված մոմերով ատյան դուրս գան` խորհրդանշելով տասը կույսերին: Եվ եկեղեցու ավանդատանը վիճակահանություն է կատարվում, որպեսզի հայտնի դառնա, թե դպիրներից ովքեր պետք է խորհրդանշեն հիմարներին, և ովքեր` իմաստուններին: Իսկ գուշակության վերաբերյալ Աստված Ինքն է պատվիրում, որ չգտնվի այնպիսի մեկը, որ կխարդությամբ կամ գուշակությամբ, հոգեհարցությամբ զբաղվի, որովհետև դրանք գարշելի են, և Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով (Բ Օր. 18.10-12):

Չնայած որ սուրբ Սարգսի ձիու պայտը անցյալում կարևորվում էր ալյուրի վրա թողած հետքով, որը հավանաբար հաջողություն էր համարվում, այսօր արդեն սովորական ձիու պայտի գործածությունն այլ ուղղություն է ստացել: Կարող ենք տեսնել բազմաթիվ տներ, որոնց դռներին կամ նախամուտքին ձիու պայտեր են կախված: Մարդիկ սնոտիապաշտությամբ հավատում են, որ այդ ձիու պայտը կարող է իրենց հաջողություն բերել: Ոմանք նույնիսկ այնքան են առաջացել այս սնահավատության մեջ, որ երբեմն տգիտությամբ իրենց հետ ձիու պայտ են բերում եկեղեցի և քահանային խնդրում, որ այն օրհնի, որպեսզի իրենց տներում օրհնված պայտեր կախեն: Այսպես տարածված է նաև աչքուլունքների գործածությունը հատկապես փոքրիկ երեխաների համար, տանը փշերի գործածությունը` չար աչքից չվնասվելու համար և այլն: Խիստ դատապարտելի են նման երևույթները, որովհետև մենք մեր հույսը պետք է դնենք ոչ թե անշունչ առարկաների, այլ կենդանի Աստծո զորության վրա:

Ընդունելի է տների մոտ Սուրբ Սարգսի ձիու պայտի հետքը դրոշմվելու փոխաբերական իմաստը, որ նշանակում է, թե Սուրբը մոտ է բոլոր տներին, և իր պաշտպանությունը տարածվում է բոլորի վրա: Երիտասարդները հաճախ դժվարանում են ապագա կնոջ կամ ամուսնու ընտրության, կողմնորոշվելու հարցում, քանի որ կա սիրահարվածություն, համակրանք, հրապուրանք, կիրք և ի վերջո սեր, որ բոլոր զգացմունքներից ամենազորավորն ու զորեղն է: Եվ ընդունելի է պահք պահելը և աղոթքով երկնային զորությունների օգնությունը խնդրելը այնպիսի կարևոր հարցի համար, ինչպիսին է ընտանիքի կազմությունը և դրա համար կին կամ ամուսին ընտրելու խնդիրը: Այսպես վարվեց նաև Աբրահամի ծառան` աղոթքով խնդրելով Աստծուն ցույց տալ, թե ում կին ընտրի Իսահակի համար (Ծննդ. 24.12-14): Եվ Աստված անմիջապես պատասխանեց այս աղոթքին, որով երևում է, թե Աստծո կողմից ընդունելի է նման պարագայի համար երկնային օգնություն խնդրելը: Եվ մեր երիտասարդները այս աղոթական ոգով պետք է ընկալեն աղաբլիթի գործածությունը Սուրբ Սարգսի տոնին:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

15.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․