Գրքեր

Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները»

- Հա՛յր, ատամս ցավում է:

- Մի փոքր ցավը օգտակար է քեզ համար: Մի տերողորմյա աղոթիր սուրբ Անտիպասին, ով օգնում է ատամնացավի ժամանակ, և ամեն ինչ կանցնի:

- Աղոթել եմ, հա՛յր, բայց ոչինչ էլ չի անցել:

- Երևում է՝ ինչ-որ բան այն չէ: Եթե դու նրան ասես. «Այսօրվանից ես ավելի ուշադիր կլինեմ ամեն ինչում»,- ապա սուրբն իսկույն ևեթ կօգնի: Սուրբ Անտիպասը մեծ սուրբ է: Նա Աստծուն գոհացրել է: «Անտիպաս անունով իմ վկան հավատարիմ եղավ ինձ»(1),- ասվում է Հայտնության գրքում(2):

- Հա՛յր, սուրբ Վարվառայի կանոնում ասվում է, որ նա բուժում է ինֆեկցիոն հիվանդությունները:

- Ինֆեկցիոն հիվանդությունն ի՞նչ է:

- Այն հիվանդություններն են, որ միկրոբների միջոցով են փոխանցվում:

- Ուրեմն սուրբ Վարվառային խնդրեք, որպեսզի ձեր մեջ նախանձի միկրոբը չտարածվի: Սուրբ Վարվառայի կանոնը պատճենիր ու բաժանիր քույրերին:

- Սուրբ Վարվառան նաև հրետանու հովանավորն է, հա՛յր:

- Լավ է, մի սուրբը կարող է բոլոր հնազանդություններն ինքն անել:

- Իսկ սուրբ Իրինան ժանդարմերիայի հովանավորն է:

- Ուրեմն, երբ սրտումդ խաղաղություն չկա, սուրբ Իրինային, որը ժանդարմերիայի հրամանատարն է(3) և ամենուրեք խաղաղություն է հաստատում, խնդրիր, որպեսզի հոգուդ խաղաղություն բերի:

- Հա՛յր, ես հաճախ եմ իրերս կորցնում և շատ ժամանակ վատնում դրանք գտնելու համար:

- Ինչո՞ւ սուրբ Մինասին չես աղոթում, չէ՞ որ դա է նրա մասնագիտացումը: Սուրբ Մինասն իսկույն ևեթ ի հայտ է բերում կորածը, և նա ամենևին պահանջկոտ չէ: Երբ ես համակեցական մենաստանում էի ապրում(4), մի անգամ խցի բանալին կորցրի. այն ժամանակ խցերը կողպում էինք, որովհետև աշխարհիկ շատ մարդիկ էին գալիս մենաստան: «Ոչինչ,- մտածեցի,- գնամ հյուսնոց»: Նայում եմ՝ հյուսնոցի բանալին էլ չկա: Պատրաստվեցի արհեստանոց գնալ, որտեղ ջորիների համար թամբ էի պատրաստում, սակայն դրա բանալին էլ չգտա: «Ո՞ւր գնամ հիմա»,- մտածեցի: Գնացի ու մի մոմ վառեցի սուրբ Մինասի համար և իսկույն բանալիները գտա այնտեղ, որտեղ չէի սպասում: Մեկ մոմ և ամեն ինչ կարգին է: Անգամ մեկ մոմի համար են սրբերը շնորհակալ լինում:

Ես չգիտեի, որ սրբապատկերների վրա սուրբ Մինասին նաև ձիավոր են պատկերում: Մայրս, որ մի անգամ տեսել էր սուրբ Մինասին և իր մի հարցի պատասխանը ստացել, ասաց, որ նրան ձիու վրա են պատկերում: Իսկ ես իմն էի պնդում ու ասում, որ միայն սուրբ Գևորգին ու սուրբ Դիմիտրիոսին են ձիավոր պատկերում: «Ո՛չ,- ասում էր մայրս,- իմ տեսածը աշխետ ձիու վրա էր և ասաց, որ ինքը սուրբ Մինասն է: «Դու ո՞վ ես,- հարցրի նրան:- Սուրբ Գևորգը սպիտակ ձիով է, սուրբ Դիմիտրիոսը՝ կարմիր, իսկ դու ո՞վ ես»: «Ես սուրբ Մինասն եմ»,- ասաց նա»:

- Հա՛յր, իսկ հնարավո՞ր է, որ սուրբ Սպիրիդոնը Աստծուց խնդրել է, որպեսզի իր մասունքներն անփուտ մնան:

- Ո՛չ: Նման բան ինչպե՞ս է հնարավոր: Սրբերը նման բան չեն խնդրում: Աստված է այնպես արել, որ նրա մասունքներն անփուտ են մնում, որպեսզի մարդիկ օգնություն ստանան: Եվ տեսնո՞ւմ եք, թե Աստված ինպես է ամեն ինչ իմաստությամբ կարգավորել: Կերկիրա, Կեֆալոնիա, Զակինթոս կղզիները մոտ են գտնվում Իտալիային, և այնտեղ հեշտ էր մարդկանց կաթոլիկության միտել, դրա համար էլ Նա այնտեղ արգելապատնեշ դրեց՝ սուրբ Սպիրիդոնին, Գերասիմոսին ու Դիոնիսիոսին:

- Հա՛յր, երբ Դուք մենաստանում եք լինում, ես ինձ շատ ապահով եմ զգում: Բայց երբ այստեղ չեք լինում և որևէ փորձություն է գալիս, վախենում եմ:

- Մի՛ վախեցիր, զորեղ հովանավորներ ունեք ձեր կողքին: Մի՛ մոռացեք նրանց մասին, մշտապես նրանց գլուխը տարեք: Իսկ երբ իմ օգնության կարիքը լինի, կա՛մ Աթոսից, կա՛մ այստեղ, այն միշտ կհասնի: Եթե աշխարհիկ կյանքում լավ եղբայրները հոգ են տանում իրենց քույրերին, ապա առավել ևս այդպես են վարվում հոգևոր կյանքում, որն աշխարհիկից վեր է: Դրա համար էլ ձեզ եմ թողել իմ գանձը՝ սուրբ Արսենի մասունքները, իսկ դա նշանակում է, որ այժմ նաև իմ սիրտն է այստեղ, «քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մտթ. 6:21): Չէ՞ որ ասել եմ ձեզ՝ թանկագին ինչ ունեմ, թողնում եմ ձեր մենաստանին, որտեղ սուրբ Արսենն է բնակվում, որը մի անգամ մի մարդու ասել է. «Ես Սալոնիկի մոտ եմ ապրում»(4): Իսկ եթե այդպես է, եթե նա ինքն է ասել, որ այստեղ է ապրում, ապա իմ անունից խնդրիր նրան, եթե ինքդ ամաչում ես: Թող իր փայտն առնի ու իր ձևով դևերի հախից գա:

Հենց դա է բոլոր սրբերի գործը՝ օգնել ու պաշտպանել մեզ՝ խեղճերիս, երևելի ու աներևույթ հարձակումներից: Մեր գործը հոգևոր կյանքով ապրել ջանալն է, Տիրոջը չվշտացնելը, սրբերի համար կանթեղներ վառելն ու նրանցից օգնություն հայցելը: Այս կյանքում մեզ օգնություն է հարկավոր, որպեսզի կարողանանք մոտենալ Քրիստոսին: Մյուս կյանքում, եթե Աստված արժանացնի, որ Իր կողքին լինենք, այլևս կարիք չի լինի սրբերին անհանգստացնելու, թեև նրանցից օգնություն խնդրելու անհրաժեշտություն էլ չի լինի:

 

1. Պերգամոսի եպիսկոպոս սուրբ Անտիպասն (†68) ապրել է առաքելական ժամանակաշրջանում և նահատակություն ընդունել Պերգամոսում:

2. Հայտն. 2:13

3. Ասվել է 1986թ.-ին:

4. Էսֆիգմենու մենաստանում 1953-1955 թթ.:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

25.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․