Գրքեր

Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի քարոզ

«Կացուսցես  զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր, յիշեսցի անուն Քո ընդ ամենայն ազգս ազգաց»:

«Իշխաններ պիտի կարգես նրանց ողջ երկրի վրա, և Քո անունը պիտի հիշվի սերնդից սերունդ» (Սաղմոս 44:17, 18):

 

Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ առաքյալներ և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը, որոնք նախքան Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ Մեծ թագավորի կողմից Հայաստանում քրիստոնեության՝ իբրև պետական կրոնի հռչակումը՝ քրիստոնեության սերմերը արդեն ցանել էին Հայոց անդաստանում: Ինչպես աղոթքում է ասվում, «Քրիստոս Աստծո առաքյալները, Ամենակալ Հոգու զորությամբ բոլորին կանչելով կյանքի որդեգրությանը, հորդորեցին հավիտյանս փառաբանություն երգել Միասնական Սուրբ Երրորդությանը»: Այո՛, առաքյալները հորդորեցին և առ այսօր աշխարհի բոլոր ծայրերում հնչում է նրանց հորդորը՝ որդեգրվելու Կյանքին և փառաբանելու Սուրբ Երրորդությանը:

Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները ավետարանեցին Հայաստանում: Առաքյալների վկայագիրները գրում են, որ նրանց քարոզությամբ բազմաթիվ մարդիկ հավատացին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, դարձի եկան և մկրտվեցին: Նրանք նաև բժշկում էին հիվանդներին, դևերին հանում, մխիթարում Սուրբ Ավետարանի վարդապետությամբ:

Սուրբ Թադեոս առաքյալը, ինչպես հայտնի է, բժշկել է հայոց Աբգար թագավորին և քրիստոնեություն քարոզել: Այնուհետև քարոզել է Սանատրուկ թագավորին, որը սկզբում քրիստոնեություն է ընդունում, սակայն, նախարարների սպառնալիքից վախենալով, հետ է կանգնում իր ճշմարիտ հավատքից: Մինչդեռ նրա դուստրը՝ Սանդուխտ կույսը, հավատարիմ է մնում Հիսուս Քրիստոսին և նահատակվում իր իսկ հոր կարգադրությամբ: Թադեոս առաքյալը գոտեպնդում է Սանդուխտ կույսին, որպեսզի երկյուղից և սարսափից չուրանա իր հավատքը: Սանատրուկ թագավորը սպանել է տալիս ոչ միայն իր աղջկան, այլ նաև առաքյալին:

Սուրբ Թադեոսը մահից առաջ աղոթում է Աստծուն իր քարոզած Ավետարանի հետևորդների համար և մեր բոլորիս փրկության համար. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, ողորմի՛ր ինձ և մի՛ թող սրանց, որոնք հավատացին Քո Սուրբ Անվանը, և իմ մահից հետո պահի՛ր նրանց Քո Աջով, և մի՛ թող Քո այս երկիրը (ժառանգությունը), որ տվեցիր ինձ, Տե՛ր իմ, և Քո Ահեղ Աստվածությամբ վերացրիր մոլոր կռապաշտությունը [այս] ազգից... դարձրո՛ւ նրանց ժողովուրդ հավիտենական և երկնային գավթի ծնունդ, որպեսզի միաբանությամբ փառավորեն Սուրբ Աստվածությանդ իրենց անուշահոտ վարքով» (Սոփերք հայկականք, հ. Ը, էջ 30-31):

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը նույնպես քարոզել է Հայոց աշխարհում և նահատակվել Սանատրուկ թագավորի հրամանով: Նա էլ ավետարանում է թագավորի քրոջը՝ Ոգուհուն, որը նույնպես մարտիրոսվում է հանուն Տիրոջ Անվան: Նա ևս մահից առաջ աղոթում է մեր ժողովրդի փրկության համար. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հա՛յր, ձեռքից մի՛ թող այս երկիրը (ժառանգությունը) Թադեոսի և... իմ՝ Բարդուղիմեոսի խնդրանքներով, որ հոգացինք այս երկրի համար, և մի՛ թող, որ ոտնահար լինի թշնամուց, այլ տո՛ւր նրանց ողորմության շնորհներ, որ դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր մոլորվել են անհավատության տգիտությամբ: Տո՛ւր նրանց հովիվ և առաջնորդ, որպեսզի Քեզ ճանաչեն միայն Ճշմարիտ Աստված, որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ընդունի՛ր ինձ, Տե՛ր իմ, և պահի՛ր Քեզ հավատացողներին» (Սոփերք հայկականք, հ. ԺԹ, էջ 28-29):

Սիրելինե՛ր, Աստծո խոսքը հասանելի դարձավ Հայոց աշխարհում Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ, երբ նրանք եկան Հայաստան, տարածեցին քրիստոնեության սերմերը և իրենց նահատակությամբ վկայեցին նրա ճշմարտությունը: Ինչպես որ Աստծո խոսքով ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բոլոր շնչավոր և անշունչ էակները, այնպես էլ մարդը, որ ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ, երբ քարոզում է Աստծո խոսքը, նպաստում նրա տարածմանը, լուսավորում է իրեն շրջապատող մարդկանց իր խոսքերով և գործերով, նմանվում է իր Արարչին, այդպես եղան Հիսուս Քրիստոսի աշակերտները:

Հիսուս Քրիստոսի աշակերտների՝ իբրև տքնաջան մշակների ցանած սերմերը առ այսօր ծլարձակում են մեր՝ քրիստոնյաներիս սրտերում և հոգիներում: Նրանք անխոնջ սերմնացաններ էին և սիրո մշակներ: Նրանք առաջիններն էին, որ, Քրիստոսին հետևելով, մեզ նույնպես սովորեցրին Աստծո Միածին Որդու հետևորդը դառնալ: Ըստ Սուրբ Գրքի՝ մարդ ապրում է նաև Աստծո կենարար խոսքով. «Մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Երկրորդ օրենք 8:3): Ուստի՝ ոչ միայն Աստծո Որդին մարմնացավ, մարդացավ և մեզ փրկության Ավետարանը քարոզեց, այլ նաև մեզ տվեց ավետարանիչներ, մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ, մեկնիչներ, որոնք մեզ համար Սուրբ Հոգու զորությամբ մեկնեցին, մատչելի և հասու դարձրին Աստծո Ավետարանը՝ մարդկության փրկության համար:

Սողոմոն Իմաստունը ասում է. «Ո՞վ կարող է գիտենալ Քո խորհուրդները, եթե Դու իմաստություն չտաս և Քո Սուրբ Հոգին չառաքես Քո բարձունքներից: Այսպես է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է Քեզ, և փրկվեցին Քո իմաստությամբ» (Իմաստություն Սողոմոնի 9:17, 18): Աստծո ողորմածությամբ մենք՝ երկրայիններս, շտկում ենք մեր շավիղները, մեր քայլերը, ճանապարհներն ու գործերը: Աստծո իմաստությամբ առաջնորդվելով՝ բարեկրթվում է մեր հոգին: Առաքյալները նվաճեցին աշխարհը՝ սիրո գաղափարախոսությունը տարածելով, մենք էլ պետք է ցանկանանք «նվաճվել» և ընդգրկվել այդ մեծ թագավորության մեջ, դառնալ նրա մի մասնիկը և մեր ճանապարհները, ուր էլ մեզ տանեն, չպիտի հեռացնեն մեզ երկնքի ճանապարհից: Քանի որ մշտապես հնչում են առաքյալների աղոթքները մեզ համար, այսօր էլ, երբ տոնում ենք նրանց հիշատակը, դիմում ենք նրանց բարեխոսությանը: Նրանք սիրո վարդապետության ուսուցիչներ էին, հետևաբար չեն դադարում մեզ համար ողորմություն հայցել Քրիստոսից, քանի որ իրենք էլ՝ իբրև մարդ, տկար էին մեզ պես, սակայն երբ Տերը համբարձվեց, Սուրբ Հոգով զորացրեց նրանց: Մենք էլ խնդրենք Տիրոջից, որ Իր աշակերտների պես Իր հոգածությամբ խրատի մեզ, զորացնի, քաջություն շնորհի՝ հաղթահարելու համար ամեն տեսակ փորձություն և անվեհեր առաջ ընթանալու հավատքի ճանապարհով:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

01.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․