Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը | Surb Tsnndyan Toni Khorhurdy



Գրքեր

Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը

1. Քրիստոնյայի կյանքում Սուրբ Ծնունդն ունի մեծ խորհուրդ, բայց արդյո՞ք բոլորն են կամ գոնե մեծամասնությունը կարողանում ընկալել դրա իրական խորհուրդը: Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մարդկանց մի մասը սահմանափակվում է միայն տոնը նշելու արտաքին դրսևորումներով:

- Այո՛, կան մարդիկ, որոնց համար ոչ միայն Սուրբ Ծնունդը տոնելն է լոկ արտաքին բնույթ կրում, այլև, ցավոք սրտի, «քրիստոնյա» հասկացությունն ընդհանրապես: Այս խնդիրը շտկելու համար օգնության է գալիս գիտակցումը, այսինքն, ինչպես նշեցիք, Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի ընկալումը: Նախ պիտի հասկանանք, թե Ում ծնունդն ենք նշում և ինչ բերեց այդ ծնունդը մեզ: Այսպիսով, Սուրբ Ծնունդը Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդեղացման՝ Սուրբ Մարիամ Աստվածածնից ծնվելու տոնն է: Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի Ամենակարող Աստված ցած իջնի Իր երկնային գահից, մարդկային մարմին առնի երկրի վրա ու Իր սրբագույն արյունը հեղի խաչի վրա: Որովհետև դա այն միակ փրկագինն էր, որ ի զորու էր ադամական մեղքից սրբել դրա պատճառով մահկանացու դարձած մարդկանց և Աստծո Արքայության դռները կրկին բաց անել նրանց առջև: Միայն Աստվածորդու զոհագործությունը կարող էր մեզ ազատել մեղքի ստրկությունից և Աստծո որդիգիրներ լինելու մեծագույն պատվին արժանացնել: Եվ Փրկչի Ծննդյամբ և Սուրբ Հարությամբ է, որ հնարավորություն ունենք միավորվելու Տիրոջ հետ և ստացել ենք հավիտենական կյանքի հույսը, որ իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր մարդու կյանքի գլխավոր նպատակակետը պիտի լինի:

 

2. Ինչպե՞ս պիտի այս մեծագույն տոնի խորհուրդը իր ներսում և հարաբերություններում դրսևորի քրիստոնյան:

- «Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»,- ասում է Հիսուս Քրիստոս: Ուստի քրիստոնյան պիտի գիտակցի, որ մեծ պատասխանատվություն է իր վրա վերցրել՝ իր խոսքով, գործով և ապրած կյանքով Երկնավոր Հորը փառավորելու: Եվ իր հոգում Քրիստոսի Ծննդյան կենսատու լույսը կրելով, Նրա անսահման սերն ունենալով, սիրահոժար կերպով պատրաստ լինի զոհաբերության՝ հանուն Աստծո և իր մերձավորի, այդ զոհաբերության մեջ ընդգրկելով իր էության բոլոր բնագավառները՝ իր «Ես»-ը, ժամանակը, հոգեկան, ֆիզիկական և նյութական միջոցները:

 

3. Այս տոնին յուրաքանչյուր հավատացյալ մասնակից է դառնում: Արդյո՞ք միայն եկեղեցի այցելելով կարող ենք համարել, որ դարձել ենք տոնի մասնակից:

- Ինչպես արդեն նշեցի տոնի միայն արտաքին դրսևորումը մեզ լիարժեք մասնակից չի դարձնում դրան: Պետք է այդ տոնը մշտապես մեր հոգիներում կրենք, այն պետք է մեր ուղեկիցը լինի կյանքի ողջ ճանապարհին, մխիթարի ու սփոփի մեզ փորձության ու դժվարության ժամին, հոգևոր խաղաղության և ուրախության պատճառ լինի ու միշտ հիշեցնի, որ միայնակ չենք այս կյանքում, այլ մեր Երկնավոր Հոր հետ, որ նույնիսկ Իր Միածնին չխնայեց մեր փրկության համար:

 

4. Ինչո՞ւ են մեզ մոտ Սուրբ ծնունդը նշում հունվարի վեցին, իսկ այլ երկրներում դեկտեմբերի 25-ին:

- Ի սկզբանե Ընդհանրական Եկեղեցին, այսինքն բոլոր երկրների քրիստոնյա եկեղեցիները, Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էր տոնում՝ հունվարի 6-ին, բայց ինչպես գիտենք հետագայում դա փոխվեց՝ Բեթղեհեմի և Հորդանանի միմյանցից հեռու լինելու պատճառով: Հունվարի 6-ին մարդիկ ուխտավորաբար գնում էին Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն նրանցից շատերի համար անհնար էր լինում իրենց ուխտն ի կատար ածել, քանի որ չէին կարողանում երկու վայրերը նույն օրն այցելել: Այդ պատճառով էլ երուսաղեմացիները Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխեցին դեկտեմբերի 25-ին: Այս ամսաթվի հետ կապված մի հին սովորություն էլ կար, որ սկիզբ էր առել հեթանոսական ժամանակներում: Մարդիկ դեկտեմբերի 25-ին նշում էին արևին նվիրված տոնը և այս հեթանոսական տոնախմբությունը մարդկանց սովորույթից հանելու և այն քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25-ին: Սակայն հայ քրիստոնյաներն անմասն մնացին այս փոփոխությունից և շարունակեցին Աստվածորդու Ծննդյան և Աստվածահայտնության տոները նշել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

 

5. Չնայած այն բանին, որ մենք՝ հայերս առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց Նոր տարին նշում ենք ավելի մեծ շուքով կրկին՝ ի տարբերություն այլ երկրների: Սա հետխորհրդային սովորությո՞ւն է, որը մինչ այժմ պահպանվել է մեր ժողովրդի մոտ:

- Այո՛: Ցավոք սրտի սովետական կարգերի հաստատումը տարածվեց նաև Հայաստանի և հայ ժողովրդի վրա՝ անաստվածության իր յոթանասուն տարիների դրոշմը թողնելով առաջին քրիստոնյա ազգի գիտակցության և հոգու վրա ևս: Ինչպես գիտենք, նոր տարվա գալուստը միշտ նշվել է տարբեր ազգերի կողմից՝ տարբեր ամսաթվերի: Օրինակ՝ մենք՝ հայերս այն նշել ենք հայկական տոմարի առաջին ամսվա՝ նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին): Իսկ ներկայումս հետխորհրդային երկրներում նշվող Նոր Տարվա տոնի պատմությունը հետևյալն է: Մինչ Պետրոս Մեծը, Ռուսաստանի եկեղեցական և քաղաքացիական օրացույցն սկսվում էր սեպտեմբերի 1-ին: Սակայն Պետրոս Մեծը, հետևելով արևմտյան երկրներին, տարվա սկիզբը տեղափոխեց հուլյան տոմարով հունվարի 1-ին, որը համապատասխանում է այժմյան հունվարի 14-ին: Սա աշխարհիկ տոն էր, բայց քանի որ տոնվում էր Սուրբ Ծնունդից հետո, ապա բոլոր մարդիկ կարողանում էին մասնակից լինել տոնական ուտեստներին և խմիչքին: Սակայն 1917թ.-ի բոլշևիկյան հեղափոխությունից հետո հուլյան տոմարի փոխարեն ընդունվեց Գրիգորյան օրացույցը, ըստ որի Նոր Տարվա տոնը հայտնվեց Սուրբ Ծննդյան պահոց շրջանում՝ բուն տոնից առաջ: Եվ սովետական իշխանության կողմից այս աշխարհիկ տոնն սկսվեց ավելի մեծ շուքով նշվել՝ նպատակ ունենալով ստվերել քրիստոնեական մեծագույն տոներից մեկը և մոռացության մատնել այն:

 

6. Վերջում Ձեր սուրբծննդյան բարեմաղթանքը մեր ընթերցողներին, Տե՛ր Հայր:

- Մաղթում եմ, որպեսզի ամենքիս սրտերը սուրբծննդյան լույսով լցվեն ու բոցավառվեն այս տոնի խնդությամբ: Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար: Քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա: Թող մեր գիտակցության մեջ հավերժ դրոշմվի այն փաստը, որ Երկնային Թագավորը մսուրում ծնվեց, ամենապայծառ Լույսը մսուրից ծագեց՝ խոնարհության առաքինության կարևորագույն դաս տալով ամենքիս: Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորի տներում ու զարդարի սքանչելի ավետիսով՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»: 

 

Հարցազրույցը վարեց Էլմիրա Ղազարյանը

03.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․