19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սուրբ Ծննդյան ութօրէքը

Հունվարի 6-ից 13-ը Սուրբ Ծննդյան օրեր են: Յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը և պատճառները: Սուրբ Կյուրեղ Հայրապետը ութ օր կարգադրեց տոնել Սուրբ Ծննդյան տոնը՝ յոթ օր ըստ արարչագործության օրերի և մեկ օր որպես օրինակ հանդերձյալ օրվա:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առաջին օրը պատկերն է արարչության առաջին օրվա: Այս օրը տոնում ենք Աստծո Ծնունդը Սուրբ Կույս Մարիամից և Նրա Մկրտությունը, որն եղավ 30 տարի հետո նույն օրը, ինչ Ծնունդը՝ հունվարի 6-ին: Առաջին օրը նոր արարչություն է, որն ավելի մեծ է, քան առաջինը. քանի որ Աստված Ինքը եկավ ու մարդ եղավ, մեր բնությամբ ու անապական մարմնով ծնվեց Կույսից՝ անարատ, անխափան ու անապական պահելով ծնողի կուսությունը: Աստված երկրորդ արարչությամբ մարդուն հասցրեց աստվածային այն փառքին, որը նախապես որոշել էր: Նա այսօր երկիրը օրհնեց և զգեստավորեց իմանալի Լույսով. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհաննես 8:12), «Ես լույս աշխարհ եկա» (Հովհաննես 12:46):

Ինչպես արարչության ժամանակ Հոգին շրջում էր ջրերի վրա, այդպես էլ այսօր Նա շրջում է Հորդանանի վրա՝ աղավնու տեսքով: Աստված օրհնեց Հորդանանի ջուրն Իր Որդով և ցողելով բոլոր արարածների վրա՝ վերացրեց նախկին անեծքը:

Սուրբ Ծննդյան երկրորդ օրը հիշատակն է Սուրբ Ստեփանոսի և ննջեցյալների: Աստծո խոսքի համաձայն՝ արարչության երկրորդ օրը վերին ջրերը բաժանվեցին ներքին ջրերից (Ծննդոց 1:6): Այս օրինակով, երբ Ադամը հանցանք գործեց մեղանչելով, նրանից ծածկվեց Աստծո փառքի տեսությունը, ու նրա համար փակվեց երկինքը: Աստված, մարդանալով, մարդկանց փրկության համար իջավ երկնքից: Սակայն անհրաժեշտ էր, որ մեկը մեր տկար և հաղթված բնությամբ բացեր երկնքի մուտքը, որ փակվեց Ադամի մեղքով: Եվ այդ մեկը Սուրբ Ստեփանոսը եղավ, ով իր նահատակության ժամին աղաղակեց բարձր ձայնով և ասաց. «Ահա՛ տեսնում եմ երկինքը բացված» (Գործք Առաքելոց 7:55): Ուստի Սուրբ Ծննդյան երկրորդ օրը նրա հիշատակն է, քանի որ իր նահատակությամբ երկնքի երկրորդ բացումը արեց: Բացի Սուրբ Ստեփանոս Նախավկայից այս օրը հիշատակն է Սուրբ Կարապետ Հովհաննեսի՝ Քրիստոսին մկրտողի: Հիսուս Քրիստոսի մկրտությամբ բացվեց առաջին երկինքը, որը տեսավ Սուրբ Հովհաննեսը, իսկ խաչելությամբ և հարությամբ՝ երկրորդը, որը տեսավ Սուրբ Ստեփանոսը:

Արարչության երրորդ օրը Աստված Իր Խոսքով ջրերը հավաքեց մի տեղ, և երևաց ցամաքը: Տերը զարդարեց ցամաքը տնկիներով, բույսերով, գեղեցիկ բուրաստաններով ու զանազան ծաղկազարդ գույներով:

Իսկ նոր արարչագործության՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Հայտնության տոնախմբության երրորդ օրը հիշատակն է Բեթղեհեմի մանուկների, ովքեր կոտորվեցին Հերովդեսից: Այս սուրբ մանուկների արյամբ Բեթղեհեմի երկիրը ավելի պայծառացավ ու զարդարվեց:

Արարչության չորրորդ օրը Աստված արարեց արեգակը, լուսինը, աստղերը և դրանցով զարդարեց երկնակամարը: Ուստի մեզ անհրաժեշտ է զարդարվել առաքինությամբ, որպեսզի կարողանանք զգեստավորվել երկնայինով: Այս օրը մեզ համար ծագեց Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր խավարը:

Չորրորդ օրը նշում ենք Սուրբ Աստվածածնի ավետումը: Պայծառ աստղերը օրինակ են Սուրբ Կույսի Ավետման, լուսինը՝ Քրիստոսի Ծննդյան և արեգակը՝ Մկրտության: Գաբրիէլի ավետիսը լուսավորեց այս կյանքի գիշերը: Քրիստոսի Ծնունդը առավել փայլեց այս կյանքի խավարում, քան Ավետիսը: Իսկ Մկրտությունը մարդկանց մեղքերի ու անգիտության խավարը փախստական դարձրեց:

Այս օրը չարը խոսեց առաջին կույսի՝ Եվայի հետ: Ինչպես առաջին կույսի միջոցով ամբողջ բնությունն ապականվեց, այնպես էլ երկրորդ Կույսի՝ Սուրբ Մարիամի միջոցով մեր բնությունը հասավ նախկին փառքին: Անստեղծ Լույսը նյութեղեն մարմին առավ ամենամաքուր Սուրբ Կույս Մարիամի արգանդում:

Տոնախմբության հինգերորդ օրը մեզ հիշեցնում է Ավետման, Ծննդյան և Մկրտության տոները, Տեառնընդառաջի և Սուրբ Աստվածածնի վերափոխման տոները:

Արարչագործության հինգերորդ օրը Աստված հրամայեց ջրերին դուրս բերել կենդանի շունչ ունեցող զեռուններ երկրի վրա ու երկնքի տարածության մեջ թռչող թռչուններ: Հինգերորդ դարում Աստված հրամայեց Մովսեսին ավազան պատրաստել և քահանաների մարմնի մաքրության համար՝ լվացարան, սակայն դրանից առաջ ժողովրդին ծովով անցկացրեց՝ որպես օրինակ մկրտության:

Իսկ Քրիստոսի մկրտությամբ և Սուրբ Հոգու շնորհներով մարդկանց համար Նոր օրենքներ պայծառացվեցին, որպեսզի մարդիկ հարությունից հետո աստվածաստեղծ թևերով թռչելով՝ Տիրոջն ընդառաջ ելնեն:

Հինգերորդ օրը աղավնիների ու տատրակների հետ սողուններ ևս եղան: Քանի որ առաջին կույսի պատճառով մեր բնությունը ոտնակոխ եղավ թշնամիներից, ուստի Տերը Սուրբ Կույսի միջոցով զորացրեց մեր բնությունը. «Ահա ձեզ իշխանություն տվեցի՝ կոխոտելու օձերն ու կարիճները, ինչպես նաև հաղթահարելու թշնամու զորությունը, և որևէ բան չի վնասելու ձեզ» (Ղուկաս 10:19):

Այս օրը Քրիստոս մեր զգայարանները նորոգեց Իր մկրտության շնորհիվ, որովհետև երբ Աստված ջրի մեջ իջավ՝ ջրերը զորացան և ծնեցին ոչ միայն թռչուններ, այլև վերստին ծննդյամբ՝ մարդկանց մտավոր և բանական բնություն: Ովքեր էլ Սուրբ Հոգուց տրված թևերով բարձրանում և խառնվում են հրեշտակների գնդերին:

Արարչության վեցերորդ օրը, Աստծո խոսքի համաձայն, գոյացան ցամաքային բոլոր կենդանիները և ապա՝ մարդը: Սակայն Աստված մարդուն խոսքով չարարեց, ինչպես այլ արարածներին, այլ երկրից հող վերցնելով՝ Իր ձեռքով ստեղծեց մարդուն, դրեց դրախտում և կարգեց ամբողջ աշխարհի վրա իշխան և թագավոր, աշխարհը՝ որպես թագավորություն, իսկ դրախտը՝ թագավորական պալատ:

Վեցերորդ օրը Ղազարոսի հարության հիշատակն է: Նա, Ով վեցերորդ օրը ստեղծեց Ադամին չորս նյութից, Ինքը ծնվեց Սուրբ Կույս Մարիամից և մեռելներից կանչելով չորսօրվա մահացած Ղազարոսին՝ նրան հարություն տվեց և դրանով կյանքի կոչեց ու խավարից դեպի լույս բերեց՝ նորոգելով Ադամի բնությունը:

Ինչպես արարչագործության ժամանակ Աստված մարդուն արարեց չորս տարրերից, այդպես էլ չորս օր տևեց Ղազարոսի ապականությունը:

Համընդհանուր հարությամբ այս աշխարհի չորս կողմերից պիտի հավաքվեն ի մի մեռյալների մարմինները և հարություն առնեն, ինչպես Ղազարոսը: Այնուհետև պիտի զատվեն աշխարհի տարերքներից մարդկային մարմինների նյութը՝ փոխարկելով անմահ կենդանության կրկին արարչագործությամբ ի փառս Քրիստոսի մեր Աստծո:

Աստված արարչության յոթերորդ օրը պատվեց օրհնության ու հանգստի համար: Յոթերորդ օրը բոլոր օրերի գլուխն է և յոթերորդ դարի պատկերը: Մեկ օրը հազար տարի եղավ, ու ամեն մի հազար տարում մեկ գործ արեց Աստված ըստ արարչագործության առաջին օրերի:

Առաջին դարում Աստված՝ որպես ամբողջ երկրի և երկնքի Տեր, ընտրեց Սեթի որդիներին և նրանցից Ենոքին երկինք փոխադրեց:

Երկրորդ դարում Աստված ջրհեղեղ արեց: Դրանով իսկ ցույց տվեց, թե Ով սկզբում ցամաքեցրեց երկիրը՝ ջրերը մեկտեղ հավաքելով, դարձյալ ծածկեց այն ջրով բնակիչների անօրենության պատճառով: Սակայն Տերը գթալով կրկին ցամաքեցրեց:

Երրորդ դարում մարդիկ, վախենալով նոր ջրհեղեղից, չարությամբ միաբանվեցին և շինեցին Բաբելոնի աշտարակը: Իսկ Սուրբ Հոգին ցրեց նրանց՝ բաժանելով տարբեր լեզուների: Սակայն Իր ողորմությամբ պահեց նահապետների նախկին լեզուն:

Չորրորդ հազարամյակում երկրի երեսը ծաղկեց Աբրահամի ծննդյամբ և նրա հավատով:

Հինգերորդ դարում Աստծո հրամանով Օրենքը Մովսեսի միջոցով խառնվեց օրինադրության գրին՝ լուսավորելով մարդկանց որդիների ազգը: Նույն հազարամյակում հրեաներին ետ դարձնելով բաբելոնի գերությունից՝ նրանց հրամայեց ապրել աստվածպաշտությամբ:

Իսկ վեցերորդ հազարամյակում Աստված ոչ թե հրամայեց, այլ Անձամբ Իրենով ստեղծագործեց, անելով ավելին, քան առաջին արաչության ժամանակ, և բարձրանալով խաչը մեզ կենդանություն տվեց՝ ասելով. «Ամեն ինչ կատարված է» (Հովհաննես 19:30): Այդ պատճառով Խաչից մինչև Երկրորդ Գալուստն ասվում է յոթերորդ հազարամյակ, որն Աստծո հանգիստն է, օրհնությունը և սրբությունը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:

Սուրբ Ծննդյան ութերորդ օրը Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Քանի որ Քրիստոս հարություն առավ կիրակի օրը, ուստի ութերորդ օրվա խորհուրդը հարությունն է: Այս օրը պատկերն է հանդերձյալ օրվա, երբ մարդկային ցեղը պետք է հարություն առնի: Այս օրը թլփատվելու են մեղավորներն արդարներից:

Հին Ուխտում մանուկներին թլփատում էին, որպեսզի զանազանվեին հեթանոսներից, սովորեին դեն գցել ավելորդ ցանկությունները, մեղքերից ազատվելով հասնեին սրտի թլփատության խորհրդին: Քրիստոս, դրա կարիքը չունենալով, թլփատվեց: Նա թլփատվեց, որպեսզի հաստատվի Աբրահամի հետ Աստծո ուխտի ճշմարտությունը: Հիսուս Քրիստոս Իր իսկ դրած Օրենքը չխախտեց, որով ցույց տվեց Իր ճշմարիտ մարդանալը:

Սակայն Տերը մկրտությամբ արգելելով մարմնավոր թլփատությունը՝ փոխարենը տվեց հոգևոր թլփատություն, որը մեզ համար օրինադրվեց Սուրբ Պողոսի միջոցով. «Իսկական թլփատությունը սրտի՛ թլփատություն է, այսինքն՝ Սուրբ Հոգու համաձայն ապրելն է և ոչ թե գրավոր Օրենքի համաձայն ապրելը: Այդպիսի մեկը գովաբանվում է ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց» (Հռոմեացիներ 2:29): 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

07.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․