Գրքեր

Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի քարոզը խոսված Երկրորդ Ծաղկազարդի տոնին

Սիրելի բարեպաշտ հայորդիք.

Այսօր խորհրդավոր տոն է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում: Մի քանի օր առաջ մեծ շուքով տոնեցինք Հրաշափառ Ս. Համբարձումը:

Համբարձման սքանչելի տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ:

Այս տոնն ըստ ավանդության կարգել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, և այն միայն Հայոց Եկեղեցին է տոնում: Եթե Բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների ուղեկցությամբ դեպի Վերին Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակությունն է:

Երկրորդ Ծաղկազարդը կապված է զուտ ազգային ավանդության հետ: Ըստ այնմ, երբ բազմաչարչար Ս. Գրիգոր Լուսավորիչը տասնհինգ տարի շարունակ գտնվում էր Խոր Վիրապի մահվան գբում, այնտեղ Աստված նրան մխիթարում և զորացնում էր հրեշտակաց չորրորդ դասի զվարթունների միջոցով: Եվ երբ մոտենում էր երկնային զորությունների կողմից Աստծուն երկրպագելու պահը, հրեշտակները Լուսավորչից ժամանակավորապես հեռանալով կատարում էին իրենց ամենամյա փառաբանությունը և անմիջապես վերադառնում սրբի մոտ:

Ավանդությունն ասում է, որ Քրիստոսի Համբարձման չորրորդ օրվա նախօրյակին, երբ հրեշտակները սովորականի պես գնացել էին Աստծուն երկրպագելու, վերադառնում են միայն հաջորդ օրը և իրենց ուշանալու պատճառը բացատրում հետևյալով. երբ Քրիստոս կատարեց Իր բոլոր տնօրինություններն ու առաքելությունները՝ Իր մահով հաղթելով մահվանը, հարություն առավ և համբարձվեց, ապա հաջորդող ինն օրերին հրեշտակների ինը դասերում է լինում՝ փառաբանվելով յուրաքանչյուր դասում: Այդ օրերին յուրաքանչյուր դաս ցնծությամբ և ուրախությամբ ընդառաջ էր ելնում Փրկչին ու Նրա պատվին տոն կատարում: Եվ Աստված հրեշտակներին հայտնեց Իր մարդեղության և փրկագործության անասելի խորհուրդը: Իսկ չորրորդ օրն իրենց դասում հանգստացավ, և այդ պատճառով ամեն տարի այդ օրը հրեշտակների այդ դասը տոն է կատարում:

Երկնային զորությունների այս պատմածը, Ս. Գրիգոր Լուսավորիչը երբ ելավ Խոր Վիրապից, ճշմարտորեն հայտնեց ու ավանդեց մեր ազգին՝ որպես գեղեցիկ մի ավանդություն հրեշտակաց դասերի գոյության և նրանց կողմից իրականացվող Բարձրյալին մատուցվող փառաբանության և երկրպագության մասին: Հրեշտակների համար այդ օրը մեծ ցնծություն եղավ, որովհետև մարմնով տեսան Քրիստոսին, Ում չէին կարող տեսնել Աստվածությամբ, սակայն ավելի ուրախացան մարդկային բնության հոգևոր վերածննդի համար՝ Տիրոջ արյան փրկագործության շնորհիվ: Տեր Հիսուս Քրիստոսը վերցրեց հրեշտակների վրայից այն ամոթը, որը կրում էին իրենց դասակից սատանայի պատճառով՝ մարդկային ցեղին մոլորեցնելու համար: Տերն այդ օրը եկավ և վերացրեց հրեշտակների երկյուղը, որոնք ահն ու սարսափն ունեին, որպեսզի չընկնեն և չգայթակղվեն մյուս հրեշտակների նման:

Սիրելի հավատացյալներ, հարկ է հոգով և մտքով ու օրվա խորհրդավոր պաշտամունքով մասնակցել հրեշտակների տոնին, նրանց ուրախությանն ու անանց փառաբանությանը, ովքեր մեր Ասքանազյան ազգի երախտավորներն ու պահապանները եղան, քանի որ Աստվածային առանձնահատուկ նախախնամությամբ պարգևեցին մեզ Ս. Գրիգոր Լուսավորչին, ում բարեխոսությամբ հարատևում է բարեպաշտ ազգն հայոց:

Մեծ է Երկրորդ Ծաղկազարդի խորհուրդը՝ համեմատությամբ Բուն Ծաղկազարդի: Եթե այն ժամանակ հիշատակվում էր Փրկչի մուտքը Երկրային Երուսաղեմ՝ բազում ժողովրդի ուղեկցությամբ, ապա այսօր, հարուցյալ և համբարձյալ Փրկչի հաղթական մուտքն է Վերին Երուսաղեմ, բայց այս անգամ Իր սիրելի հրեշտակների ուղեկցությամբ: Եթե Բուն Ծաղկազարդին Հիսուս Քրիստոսը փառաբանվում էր որպես մարդու Որդի, ապա այսօր՝ բացարձակապես՝ Աստծո Որդի:

Հիշենք, որ ինչպես հարությունից հետո Բարձրյալը երկրում մնաց քառասուն օր, որպեսզի մարդկանց հոգիներում հաստատի Իր հրաշափառ հարության հավատն ու հույսը, այդպես էլ համբարձումից հետո ինն օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկային ցեղի փրկության Ս. Խորհուրդը, որովհետև հրեշտակները նույնպես մեր փրկությանը կցուրդ եղան:

Տերը համբարձման տասներորդ օրը, որը շաբաթ էր, նստեց Հոր աջ կողմը՝ հանգստանալով Աստվածության հավիտենական փառքում: Հայ Եկեղեցու հայրերից Վահրամ Րաբունին գրում է, որ ինչպես Աստված շաբաթ օրը հանգստացավ Իր գործերից, նաև՝ շաբաթ օրը հանգստացավ գերեզմանում Իր չարչարանքներից, այդպես էլ շաբաթ օրը հանգստացավ տնօրինական գործերից՝ երկրային կյանքում, և նստեց Հոր աջ կողմը: Այնուհետև, ինչպես տեսնում ենք Ավետարաններում, երկնքից առաքյալներին ու բոլոր հավատացյալներին պարգևներ բաշխեց՝ ուղարկելով Ս. Հոգին, Ում մասին խոստացել էր Տերը. «Ահա ես ուղարկելու եմ ձեզ Իմ Հոր տված խոստումը: Մնացե’ք Երուսաղեմում, մինչև որ զորություն ստանաք երկնքից»: Եվ ահա, Աստված կատարեց իր խոստումը: Սուրբ Հոգին իջավ առաքյալների և աշակերտների վրա և նրանց լցրեց աստվածային շնորհներով, որով համարձակություն ունեցան քարոզելու Քրիստոսի Ավետարանը և աշխարհում հաստատելու Իր Ս. Եկեղեցին:

Սիրելի հավատացյալներ, մենք ևս ակնկալում ենք ստանալ Ս. Հոգու բազմաբաշխ պարգևներն ու առատաձիր շնորհները, որպեսզի մխիթարվենք այս կյանքի բազմապատիկ տրտմությունների մեջ, և մեր հոգին ու միտքը լցվեն Տիրոջ ողորմությունների շնորհներով, և Սուրբ Հոգով առաջնորդվենք դեպի հավիտենական կյանքի խաղաղ նավահանգիստը՝ Երկնային Երուսաղեմ՝ հրեշտակների երգակցությամբ փառաբանելու հարուցյալ և համբարձյալ Տեր Հիսուս Քրիստոսին հավիտյանս հավիտենից: Ամեն:

 

Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի մայր տաճարում՝ Երկրորդ Ծաղկազարդի տոնին մատուցված Ս. Պատարագին, 20 մայիսի 2007 թ.)

 

13.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․