Գրքեր

Տարեմուտի քարոզ

«Ոչ ես՝ այլ կենդանի է յիս Քրիստոս»։

«Ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։ 20)։

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը։ Աստծո շնորհով և ողորմածությամբ անցկացրինք անցյալ տարին ևս։ Աստծո շնորհով և ողորմածությամբ դիմավորում ենք ևս մի Նոր տարի։ Փա՜ռք Տիրոջը ամեն բանի համար, փա՜ռք Տիրոջը Իր շնորհների համար։ Փա՜ռք Տիրոջը նրա համար, որ կարողացանք հաղթահարել թե՛ փորձությունները, թե՛ դժվարությունները և ամեն պարագայում կարողացանք հավատարիմ մնալ Նրան։ Միգուցե թերացանք իբրև քրիստոնյաներ, մեղքեր և սայթաքումներ ունեցանք, սակայն ամենակարևորն այն է, որ հավատարիմ մնացինք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստսին։

Փա՜ռք Տիրոջը Իր ողորմածության համար, որովհետև Նրա ողորմածության շնորհիվ մենք ապրում ու արարում ենք։ Նրա շնորհով և ողորմածությամբ մենք հասկանում ենք մեր կյանքի արժեքն ու նշանակությունը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյամբ մենք նորովի ենք բացահայտում մեր կյանքի իմաստը։ Աստծո Միածին Որդու մարդեղացումը հրաշագործ ազդեցություն ունի մեր բոլորի սրտերի վրա, մեր զգացումների ու զգացմունքների վրա։ Քրիստոսի ծնունդը փոխում է աշխարհի հարաբերությունները, ծնունդ է տալիս սիրո և բարիքի, հեղափոխում է մեր մտքերը, խորհուրդներն ու գաղափարները, հեղափոխում է մեր ընտանեկան, գործընկերային և առհասարակ միջմարդկային փոխշփումները և դեպի բարին է առաջնորդում։ Քրիստոնեությունը ոչ մի դեպքում անհարթություններ ու անհաշտություններ չի քարոզում ու չի հանդուրժում։ Ոչ մի պարագայում պատերազմի ու վեճերի չի ուղղորդում։ Ինչպես որ մեր Արարիչն է սիրում մեզ, այնպես էլ ցանկանում է, որ մենք սիրենք իրար։ Քրիստոնեության մեջ տեղ չունեն նախանձն ու բարկությունը, ագահությունն ու չարախոսությունը, դատելն ու բամբասանքը, հիշաչարությունն ու քինախնդրությունը։ Քրիստոնեությունը չի հանդուրժում կեղծավորություն և հաշվենկատոթյուն։ Քրիստոնեության մեջ բոլոր տեսակի հարաբերությունների հիմքում անկեղծ սերն է։ Այն անձը, որ ընտրել է Քրիստոսին հետևելու ճանապարհը, այլընտրանք չունի, քան միայն սիրո թագավորության օրենքներով շարժվելը։

Մենք բոլորս հրաժարվում ենք մեր անձնական ապրելակերպի սկզբունքներից, որոնք ինքներս ենք մշակում մեզ համար, և բարձրանում ենք Տիրոջ մոտ, Նրա Լեռան քարոզը լսելու և ողջ կյանքի ընթացքում փորձում ենք դրանց համաձայն ապրել։ Այնտեղ, որտեղ մարդը պիտի վիրավորվի իր հարազատներից, Քրիստոսի հորդորին հետևելով, ներում է։ Այնտեղ, որտեղ նրան վրեժի ցանկությունը պիտի կուրացնի, նա ներում է և փորձում աղոթել իր թշնամիների համար։ Այնտեղ, որտեղ մարդ միայն իր մասին պիտի հոգա, փորձում է աղքատին բաժին հանել։ Այն ժամանակ, երբ ուզում է, որ խոսվի իր արած բարիքների մասին, հիշում է Տիրոջ պատվիրանը․«Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը» (Մատթեոս 6։3)։ Այնժամ, երբ բարկությունը չի հեռանում նրանից և առաջնորդ է դառնում իր մտքերին և գործերին, նա հիշում է Աստվածաշնչյան պատգամը․«Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք․արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփեսացիներ 4։26), կամ «Մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում» (Հակոբոս 1։29)։ Այնժամ, երբ մարդու մեջ ցանկություն է առաջանում ցուցադրելու իր քրիստոնեական առաքինությունները, ինչպես օրինակ՝ պահքն ու աղոթքը, նա փորձում է Քրիստոսի հորդորի համաձայն ծածուկ աղոթել և գաղտնաբար ծոմ պահել։ Այնտեղ, որտեղ թվացյալ արդարամտությամբ խոսում է ուրիշների մասին, պիտի գիտակցի, որ անցում է կատարում դեպի բամբասանքն ու դատելը։ Այսպես՝ Աստծո Արքայության օրենքներն այլ են և ավելի մարդասիրական ու փրկության առաջնորդ։ Քրիստոնյան անկողին է մտնում՝ օրվա իր քայլերը գնահատելով ըստ Սուրբ Գրքի։

Սուրբ Պողոս առաքյալն ասում է «Ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս» (Գաղատացիներ 2։20)։ Այդպես էլ մենք պիտի ձգտենք, որ Քրիստոս ապրի մեր մեջ։ Իսկ Նա մեր մեջ կապրի այն ժամանակ, երբ փորձենք մաքրել մեր մեղավոր էությունը և հետևենք Նրան։ Եթե մեր թյուր ու սխալ գաղափարներից հրաժարվենք և կատարենք Նրա պատվիրանները, մեր հոգին վերազարթոնք կապրի, մեր կյանքը գլխիվայր կփոխվի։ Հրաժարվելով մարդկային հարաբերությունների մասին մեր ունեցած պատկերացումներից՝ մենք չենք դադարում ինքնուրույն անհատներ լինելուց, մենք չենք դառնում միմյանց կրկնօրինակները, և մեր կյանքը միօրինակ չի դառնում։ Մենք շարունակում ենք մնալ իբրև սեփական մտածելակերպն ունեցող անհատներ։ Իբրև քրիստոնյաներ նմանվում ենք իրար, բայց չենք կրկնում իրար։ Իբրև քրիստոնյաներ մեկ ենք դառնում Հիսուս Քրիստոսի Սուրբ Հաղորդությամբ, բայց քրիստոնեական մեծ ընտանիքի համապատկերում մնում ենք իբրև ինքնուրույն անհատներ՝ յուրաքանչյուրս մեր առաքելությամբ, մեր անելիքներով։

Սիրելինե՛ր, թող արժանանանք Սուրբ Հոգու շնորհներին, որպեսզի կարողանանք հաղթել մեղքերին և փայլել առաքինություններով։ Առանց Տիրոջ շնորհների՝ կարող ենք ջանալ և չհասնել, բայց Տիրոջ զորությամբ ամեն ինչ կարող ենք։ Սուրբ Պողոս Առաքյալն ասում է․«Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղատացիներ 5։22)։ Երբ մարդը զարդարվում է Սուրբ Հոգու շնորհներով, որը քրիստոնյայի համար էական է ու անհրաժեշտ, նա բուրում է Քրիստոսի այգու անուշահոտությամբ։ Այն անցողիկ աշխարհիկ բույրերից չէ, այն հավիտենական արքայության դրոշմն է։ Քրիստոսի սիրո կնիքն է, որ դրոշմված է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգում ու վարքագծում։ Քրիստոնյան ճանաչվում է իր անկեղծ ու անհաշվենկատ սիրով։ Նրա սերն ու գթառատությունը, ողորմած սիրտն ու զոհաբերող հոգին ճանաչեցնում են նրան՝ իբրև Քրիստոսի հետևորդ։ «Դուք եք աշխարհի լույսը, – ասում է Քրիստոս, – մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5։14-16)։

Սիրելինե՛ր, փառաբանենք Աստծուն խոսքերով և գործերով։ Թող այս տարի ևս կարողանանք առաջ ընթանալ իբրև քրիստոնյաներ, պայքարենք քրիստոնեական արժեքների համար, չնահանջենք արդարության ուղուց, Քրիստոսի սիրո կրողներն ու բաշխողները լինենք։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

01.01.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․