Գրքեր

Տարեմուտը՝ որպես լավագույն հուշարար

«Անցնում են ժամեր, օրեր ու տարիներ, և առաջադեմ անձն է ձգտում դեպի առջևում եղածները»,- ասել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը: Աստված, մարդուն Իր պատկերով և նմանությամբ արարելով, նրան շնորհք ու ձիրք է տվել՝ երկիրը տիրելու, մշակելու և առաջադիմելու համար: Մարդը՝ որպես բանական էակ, Աստծո հետ ճշմարիտ հաղորդակցությամբ ճշմարիտ ազատություն է ձեռք բերում և առաջադիմում քայլ առ քայլ: Իսկ մեղքի գերության մեջ գտնվողը կորցնում է իրական ազատությունը և մահանում՝ առանց մահանալու:

«Ճանաչիր ինքդ քեզ». մարդն առաջադիմում է և իրապես ճաշակում կյանքի քաղցրությունը, երբ փորձում է ճանաչել իրեն՝ առանց կողմնապահության քննելով իր անձը: Ամանորի նախաշեմին, երբ Ս. Ծննդյան տոնին նախորդող պահեցողության օրեր են, Ամանորը յուրաքանչյուրի համար կարող է հանդես գալ որպես ճշմարտության խթան և հուշել՝ հիշելով անցած ուղին, դիտել ներկան, ի՞նչ էինք և ի՞նչ դարձանք, ի՞նչ ունեինք և այժմ ի՞նչ ունենք, ի՞նչ ենք ձեռք բերել և ի՞նչ կորցրել: Հարցեր, որոնց պատասխանները մարդը կարող է բացահայտել ինքնաքննությամբ. գործադրե՞լ է այն քանքարները, որ պարգևել է իրեն Տերը, ջանացե՞լ է պահպանել այն արժանիքը, որ վայել է իր պատկերին, գործե՞լ է՝ ըստ իր կարողության: Մարդն ամեն տարի իր բարի մտադրությունները նորոգելու կարիք ունի, թեև մարդկային բնությանը հատուկ է դրանք հեշտությամբ մոռացության մատնելը: Ս. Ֆրանցիսկոս դը Սալին նշում է, որ եթե հոգին համառորեն, մշտապես և ամբողջ զորությամբ չի ձգտում դեպի վեր, ապա մարմնի հոռի հակումները, ծանրաբեռնելով հոգին, քաշում են նրան ներքև. «Ուստի անհրաժեշտ է Աստծուն ծառայելու որոշումներն ու մտադրությունները թարմացնել, քանի որ, հակառակ դեպքում, մարդը հեշտությամբ կարող է հայտնվել նախկին, եթե ոչ ավելի վատ վիճակում: Որքան էլ լավը լինի ժամացույցը, այն պետք է տարին գոնե մեկ անգամ քանդել, զննել, վերանորոգել, անսարք մասերը փոխարինել նորերով: Բացի այդ, ժամագործը զգուշությամբ յուղում է ժամացույցի բոլոր անիվներն ու շարժվող մասերը՝ սարքի կանոնավոր աշխատանքն ապահովելու համար: Նույնպես և յուրաքանչյուր ոք գոնե տարին մեկ անգամ պետք է հիմնովին և մանրազնին կերպով քննի սրտում բույն դրած կրքերն ու կապվածությունները՝ ուղղելու համար հայտնաբերված թերությունները»:

Ուստի Տարեմուտը՝ որպես լավագույն հուշարար, հուշում է, որ հարկ է ապաշխարությամբ և առանց վհատվելու Աստծով առաջ ընթանալ: Տերը կենաց դասեր է ավանդում, իսկ առանց ուսման և խրատի հնարավոր չէ առաջադիմել: Ձգտենք առ Աստված և Աստծով մուտք գործենք Տարեմուտ:

 

Կարինե Սուգիկյան

28.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․