Գրքեր

Տարեվերջի քարոզ

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,

Անցնող տարվա վերջին պատարագին ենք այսօր մասնակցում և ինչպես ուսումնական հաստատություններում ու ձեռնարկություններում են տարին ամփոփում՝ ի մի բերելով ձեռքբերումները, հաշվարկելով վնասներն ու օգուտները, դրական ու բացասական գնահատականները, այնպես էլ մենք ենք յուրովի ամփոփում մեզ շնորհված հերթական տարին, որ բարեգութ Տիրոջ անսահման ողորմածության դրսևորումն է: Սուրբ հայրերը խրատում են յուրաքանչյուր աստվածապարգև օրն ամփոփել քնելուց առաջ, փոքրիկ հաշվետվություն կազմել անցնող օրվա հոգևոր գործերի՝ հասկանալու, թե որտեղ ենք սայթաքել ու վրիպել, որպեսզի նկատված թերացումները հաշվի առնելով՝ շտկենք ու կատարելագործենք մեր հոգևոր ընթացքը դեպի բաղձալի փրկություն: Իսկ տարեվերջն էլ հարմար առիթ է՝ հետադարձ հայացք ձգելու անցնող մեկ տարվա ընթացքին և ընդհանուր համագումարի բերելու մեր գործերը: Այսօր մեզ ներկայացվող ավետարանական ընթերցվածքն էլ լիովին նպաստում է դրան, սիրելինե՛ր, քանի որ դրանում պատմվում է Տեր Հիսուս Քրիստոսի առակներից՝ «Տասը մնասների առակը» (Ղուկ. 19:12-28): Տերն այս առակում պատմում է մի ազնվականի մասին, որը նախքան հեռավոր ճամփորդության կմեկներ՝ իր թագավորությունը ստանալու, տասը մնաս է բաժանում իր ծառաներին՝ հրահանգելով շահարկել դրանք, նախքան իր վերադարձը: Վերադարձին՝ արդյունքներն ամփոփելիս՝ տեսնում է, որ առաջին ծառան մեկ մնասը տասն է դարձրել, երկրորդը՝ հինգ, իսկ երրորդը հետ է վերադարձնում տիրոջ տված մեկ մնասը՝ ասես հանդիմանելով նրան և ասելով, որ նրա ահից ծրարած պահել է այն, քանի որ տերը խիստ մարդ է և վերցնում է այն, ինչ չի դրել և հնձում այն, ինչ չի սերմանել: Առաջին երկու ծառաներին տերը գովում է՝ ազնիվ ու բարի ծառա կոչելով և մեծ պարգևների արժանացնելով, իսկ երրորդին անհավատարիմ ծառա է անվանում և պատվիրում, որ ունեցած մեկ մնասն էլ վերցնեն նրանից ու տան ամենաշատ օգուտ բերած ծառային: Եվ Տեր Հիսուս Քրիստոս առակն ամփոփում է հետևյալ խոսքով. «Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի»:

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, բոլորիս էլ պարզ է, որ առակի ազնվականը, որ գնաց իր արքայությունը ժառանգելու, Աստվածորդին է՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ Հոր Արքայությունը ժառանգած, մեծ շուքով ու փառքով գալու է Իր երկրորդ գալստյան ժամանակ և դատելու՝ ազնիվ ու բարի ծառաներին հատուցելով նրանց հավատարմության համար, իսկ անհավատարիմ, ծառաներին դատապարտելով նրանց հոգևոր ծուլության և անփութության համար: Իսկ թե որոնք են տասը մնասները, որ Տերը թողեց մեզ նախքան հեռանալը և օգուտ է ակնկալում դրանցից, այժմ միասին քննենք ու Տիրոջ ողորմությամբ՝ հասկանանք:

Այս առակը ավելի լայն տարածում է ստացել Մատթեոսի ավետարանում տեղ գտած տարբերակով, որտեղ տերը մնասների փոխարեն քանքարներ է բաժանում: Այս երկուսն էլ այն ժամանակներում կիրառվող ոսկե կամ արծաթե դրամներ էին, սակայն քանքար բառը ստացել է մեկ այլ իմաստ ևս՝ արտահայտելով բնատուր մեծ ձիրք կամ տաղանդ ու շնորհ: Նույնիսկ աշուղական հայտնի երգ կա՝ «Քանքարավոր ընկերը», որտեղ հեղինակը հենց այդ բնատուր շնորհները նկատի ունի: Եվ այս առակն ընթերցելիս, մարդիկ շատ հաճախ, սխալաբար կարծում են, որ խոսքն այստեղ միայն արվեստների նկատմամբ կամ սպորտային տաղանդների մասին է խոսքը: Սակայն նման մոտեցումն, իհարկե, չի կարող ճիշտ լինել, քանի որ նախ՝ ոչ բոլոր մարդկանց են նման շնորհներ տրված, և երկրորդ՝ տարօրինակ կլիներ կարծել, որ Տեր Աստված սպասում է, թե երգչուհին, մարզիկը կամ նկարիչը երբ են իրենց տաղանդները միայն իրենց անձին ծառայեցնելու՝ հերթական մրցանակը կամ մեդալը շահելով, փառքի, ճանաչման ու մեծարանքի արժանանալով, որպեսզի այդ կերպ շոյեն իրենց եսասիրությունն ու պատվամոլությունը: Աստվածորդին մարդեղացավ, որպեսզի Ավետարանի օգնությամբ մարդկությանը հասու դարձնի աստվածային ճշմարտությանը, սեփական օրինակով և աստվածային պատվիրանների միջոցով սովորեցնի ամեն պարագայում Աստծու սուրբ կամքը փնտրել և դրան հետևել մեկ գերագույն նպատակով, այն է՝ մարդու փրկությունը: Այսինքն, սիրելինե՛ր, ամեն ինչ արվել և արվում է մարդու փրկագործման համար, և այն բոլոր շնորհներն ու կարողությունները, որ ողորմած Աստված ձրիաբար պարգևում է մարդուն, վերջինս պիտի ուղղի Տիրոջն ու մերձավորին ծառայելուն և Ահեղ դատաստանի օրը Նրա ողորմությանն արժանանալուն:

«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մտթ. 22:37-40): Փրկչի այս պատգամով ասված է ամեն բան, սիրելի՛ հավատացյալներ: Մեր ողջ կյանքը, ողջ ընթացքը, գործունեությունը պիտի կառուցվի այս երկու պատվիրաններին հիմնվելով: Հետևաբար՝ այն մնասները, քանքարները կամ կարողությունները, որ շնորհվում են մեզ Տիրոջից, պիտի ուղղվեն ի սեր Աստծու և մերձավորի, որպեսզի օգուտ բերեն և Տերն արդարացնի մեզ: Կարիք չկա արտառոց ընդունակություններ փնտրելու ձեզանում, սիրելինե՛ր, և չգտնելով՝ տրտնջալու Աստծուց, թե ձեզ որևէ շնորհ չի տրվել, որը կարող եք գործածել՝ ի շահ Տիրոջ և այդպիսով նմանվելու անհավատարիմ ծառային, որն ասում էր. «….խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»:

Բոլոր մարդիկ էլ երիտասարդական ավյուն հաստատ ունենում են, մեծամասնությունը նաև՝ ֆիզիկական ուժ ու եռանդ, որոնք կարելի է գործի դնել ավելի թույլերին ու տարեցներին օգնելով՝ տնային գործերում, ֆիզիկական աշխատանքի մեջ, փոխադրամիջոցներում տեղը զիջելով, հիվանդի անկողնու մոտ հերթապահելով: Սրանից զատ յուրաքանչյուրն իր նյութական կարողությունների չափով կարող է օգնել հիվանդին կամ կարիքավորին, ձեռք մեկնել հաշմանդամին կամ սահմանափակ կարողություններով մերձավորին: Այս առումով, օրինակ, որոշ մարդկանցից լսում եմ, որ ասում են, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող այս կամ այն սոցիալական հաղորդաշարը չեն կարող դիտել, քանի որ իրենք շատ խղճով են, շուտ են ազդվում ու սթրեսի ենթարկվում: Ներեցեք, սիրելինե՛ր, բայց եթե բոլորն այդպիսի չակերտավոր նուրբ հոգի ունենան, հապա ո՞վ պիտի դիտի այդ հաղորդումներն ու աջակցի օգնություն հայցող մարդկանց: Կամ նույն սկզբունքով մարդիկ հրաժարվում են մանկատներ ու հիվանդանոցներ այցելելուց: Մարդիկ ուզում են քրիստոնյա լինել՝ առանց իրենց նեղություն պատճառելու, առանց ինքնազոհողության, առանց իրենց հարմարավետ միջավայրից դուրս գալու: Նրանք կարծում են, որ միայն կոպիտ մեղքեր չգործելն Արքայությունը ժառանգելու երաշխիք է՝ մոռանալով, որ Քրիստոս չասաց՝ կժառանգեք Երկնքի արքայությունը, քանի որ չեք սպանել կամ գողացել, այլ՝ «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք» (Մտթ. 25:34-36): Քրիստոս պատվիրում է սիրել, իսկ սիրելը միայն մտքում կամ խոսքով չի սահմանափակվում, սիրելինե՛ր, այլ՝ սերը վկայող գործեր է ենթադրում: Եթե մտածեք այն մարդու մասին, որին իսկապես անշահախնդիր ու անկեղծ սիրով եք սիրում, ապա կտեսնեք, որ նրան օգնելու, որևէ բան անելու համար դուք անտեսում եք թե՛ ձեր հոգնածությունը, թե՛ վատառողջ վիճակը, թե՛ ժամանակի սղությունը, թե՛ տարածությունն ու հեռավորությունը՝ անհրաժեշտ ուժերն ու միջոցները նրա համար գտնելով: Այո՛, սիրելի հոգու համար դուք մեծ պատրաստակամությամբ շահարկում եք ձեզ տրված մնասները և դա գովելի է իհարկե, սակայն ոչ բավարար, քանի որ սիրելու պատվիրանը տալով՝ Տեր Հիսուս արյունակիցներին կամ հարազատներին չառանձնացրեց մնացյալից: Սա ամենևին էլ կոչ չէ՝ անտեսելու ընտանիքի անդամներին, ո՛չ, սակայն որպեսզի Տիրոջ պարգևած մնասները չմնան թաշկինակում, կամ քանքարները՝ հողի տակ, անհրաժեշտ է դրանք ծառայեցնել նաև այլոց: Ուրեմն խելամտորե՛ն շահարկեցեք ձեզ տրված մնասները, սիրելի՛ քրիստոնյաներ, լինի դա ֆիզիկական թե նյութական կարողություն, աղոթքի թե խոսքի շնորհ, դիրք թե ազդեցություն. այս ամենն անպայման պետք է օգուտ բերի նաև ձեզ շրջապատողներին, որպեսզի հաճո լինեք Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա արժանի հետևորդները համարվեք:

Եվ խոսքս ավարտեմ մի շատ հետաքրքիր դիտարկմամբ, որն անձամբ ես այս առակի լույսի ներքո երբևէ չէի քննել: Մի հոդված կարդացի, որում հեղինակը խոսում էր Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին՝ ասելով, որ նրա պարագայում, ստացած շնորհը բազմապատկելու միակ հնարավորությունը՝ այն երևանյան լճի հատակին թաղելն էր: Սուզալողի աշխարհի 11-ակի ռեկորդակիրը, աշխարհի 17-ակի չեմպիոնը, Եվրոպայի 13-ակի չեմպիոնը, ԽՍՀՄ յոթակի չեմպիոնը, իր մարզական վիճակի, սպորտային կարիերայի ու փառքի գագաթնակետին գտնվելով, գիտակցաբար հրաժարվեց այդ ամենից, որպեսզի ֆիզիկական կարողությունը, հմտությունն ու առողջությունը ծառայեցնի Երևանյան լճի հատակին հայտված տրոլեյբուսից հնարավորինս շատ մարդկային կյանքեր փրկելուն: Հեղինակի խոսքով՝ քրիստոնեական դիտանկյունից՝ Աստված Շավարշ Կարապետյանին շատ հազվագյուտ տաղանդ էր շնորհել, որը վերջինս կատարելագործել էր համառ պարապմունքների շնորհիվ ու դարձել աշխարհի ամենաարագ ջրասուզալողորդը: Սակայն ոչ թե բարձր տիտղոսների ու ծափերի համար, այլ այն վայրկյանի, երբ մարդկանցով լի տրոլեյբուսը նրա աչքի առջև ջրի տակ էր անցել: Եվ այդ պահին ճակատագրական որոշումը հենց Շավարշինն էր: «Նա մեկընդմիշտ կործանեց լողորդի իր բացառիկ տաղանդը: Սակայն մարդկանց սիրելու շնորհը, որ նույնպիսի առատությամբ տրվել էր Տիրոջից, այդ սարսափելի քսան րոպեների ընթացքում նա բազմակի ավելացրեց»,- այսպես է խոսքն ավարտում հեղինակը: Եվ ես էլ մաղթում եմ ձեզ, սիրելինե՛ր, որպեսզի Տերը յուրաքանչյուրիդ սրտում ևս ավելացնի մարդկանց սիրելու շնորհը և Ահեղ Դատաստանի օրը, որպես ազնիվ ու բարի ծառաների, հրավիրի Իր Հոր արքայությունը ժառանգելու. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

29.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․