Գրքեր

Թարգմանվել է «Ապաքինման այբուբեն» գրքույկը

Օրերս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, թարգմանաբար հրատարակվել է Եկատերինա Սավինայի «Ապաքինման այբուբեն» գրքույկը: Գարիկ Գևորգյանի մեկենասությամբ հրատարկված գրքույկը ռուսերենից թարգմանել է ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը:

Նշենք, որ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը գործում է 2011 թ.-ից՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: Կենտրոնի գլխավոր նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը, նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

Սույն գրքույկը, ըստ Էմիլիա Ապիցարյանի, մի յուրօրինակ ձեռնարկ-օգնություն է թմրամոլների և ալկոհոլամոլների մայրերին ու կանանց՝ մարդկանց, որոնք ամենասերտ շփման մեջ են կախվածություն ունեցողների հետ և անմիջապես իրենց մաշկի վրա են զգում այդ մոլությունների սարսափելի հետևանքները: Թարգմանչի խոսքով, 20-21-րդ դարերի չարիք համարվող ալկոհոլամոլությունն ու թմրամոլությունը, անցնելով նեղ անձնական սահմանները, իր բացասական ազդեցությունն է սփռում ընտանիքի, հասարակության վրա և այս խնդիրների առկայության դեպքում, օգնության կարիք են զգում ոչ միայն իրենք՝ կախվածություն ունեցողները, այլև նրանց ընտանիքի անդամները:

«Ապաքինման այբուբեն»-ի հեղինակը՝ Եկատիրինա Սավինան, նշում է, որ կախվածության թակարդն ընկած թմրամոլը կամ ակոհոլամոլն այլևս իր կյանքը չի կառավարում, քանի որ նյութի հանդեպ ձգողությունն է կառավարում նրան: Եվ եթե օգնության ձեռք չմեկնենք, ապա այն կսպանի նրան՝ նախապես տանջելով թե՛ նրան և թե՛ իր ընտանիքին, իսկ ճիշտ օգնության դեպքում նա կապրի երկար և երջանիկ:

Այդ պատճառով հեղինակը սկզբնական շրջանում ավելի հրատապ է համարում ոչ թե լուծել «Ո՞վ է մեղավոր» հարցը, այլ «Ի՞նչ անել»-ը: Եվ թմրամոլին կամ ակոհոլամոլին օգնելու համար, նա նրանց հարազատներին երեք վճռական գործողություններ է առաջարկում: Առաջինի դեպքում նա կարևորում է սահմաններ դնելը, այսինքն՝ դադարեցնել թմրամոլին կամ ալկոհոլամոլին օգնել գործածել: Երկրորդ դեպքում առաջարկում է ազնիվ հայելի լինել, այսինքն՝ անդրադարձնել նրան իր կյանքի բոլոր իրադարձությունները՝ թույլ չտալով ժխտել իր անզորությունն ու անկառավարելիությունը: Իսկ երրորդ դեպքում կարևորում է պահպանել շփումը թմրամոլի կամ ալկոհոլամոլի հետ, իսկ շփման խզման դեպքում ջանք թափել այն վերականգնելու համար, քանի որ անհրաժեշտ է կախվածության հրեշի տակ կարողանալ տեսնել որդուն, դստերը, կնոջը և թույլ չտալ, որ կախվածությունը խաբի մեզ:

Ըստ «Ապաքինման այբուբեն»-ի՝ վճռական այս գործողությունների դրական արդյունքներն ավելի ակնառու կլինեն, եթե ընտանիքն այս առումով համաձայնեցված գործի և զուգահեռաբար օգնություն և աջակցություն ստանա Ալ-Անոնի և Նար-Անոնի օգնության խմբերից, ընկերներից, եկեղեցուց և աշխատանքային միջավայրից: Եվ քանի որ ընտանիքում թմրանյութերն ու ալկոհոլը կարող են բռնության հանգեցնել, ապա ընտանիքը պետք է ունենա նաև գործողությունների ծրագիր՝ ընդդեմ բռնության:

Գրքից բխող կարևոր խորհուրդն այն է, որ թմրամոլին կամ ալկոհոլամոլին անհրաժեշտ է «բաց թողնել», այսինքն՝ դադարել ցավագին կերպով նրա կյանքը վերահսկել, դադարել անիմաստ տառապել՝ թույլ տալով, որ կախվածություն ունեցողն ինքնուրույն ապաքինվի, որն էլ այդ ժամանակ նրան սովորաբար հաջողվում է: «Բաց թողնել»՝ չի նշանակում դադարել սիրել կախվածություն ունեցողին: Հարազատը կախվածություն ունեցողի հանդեպ իր սերը կարող է պահպանել դարավոր ստուգված միջոցներով՝ վաղուց հայտնի ճշմարտությամբ՝ աղոթքով. «Մայրական աղոթքը ծովի հատակից էլ կբարձրացնի», մյուսը՝ փոքր բարի գործերով:

Բացի այդ Եկատիրինա Սավինան մատնանշում է, որ նախքան կախվածություն ունեցողին օգնելը, հարազատը նախ ինքը պետք է «մաքրվի» և գոնե մասնակիորեն դառնա այն մարդը, որպեսզին պետք է լինի: Հեղինակը դա բնական է համարում. չէ՞ որ ընտանիքն ամբողջական օրգանիզմ է և ընտանիքի որոշ անդամների ապաքինումը նպաստում է մյուսների ապաքինմանը:

«Հաճախ մտերիմի ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարում մենք այնքան ենք տարվում նրա ապաքինման ձգտումով, որ մեր տեսադաշտից կորցնում ենք մարդուն, դադարում ենք ընդունել նրան որպես անհատականություն: Կորցնելով մտերիմի անհատակությունը տեսնելու ունակությունը՝ կորցնում ենք նաև նրա հետ կապը, իսկ դրա հետ նաև՝ նրան օգնելու հնարավորությունը»,- ասում է հեղինակը:

Գրքույկն ավարտվում է թմրամոլի կամ ալկոհոլամոլի ապաքինումն ապահովող երեք փուլերի նկարագրությամբ՝ ցանկացած տեսակի թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումից հրաժարում, վերականգնողական բուժում և վերասոցիալականացում: Վերականգնողական բուժման մեջ որպես ապաքինման գլխավոր ծրագիր գործածվում է «Տասներկու քայլ» ծրագիրը:

«Ապաքինման այբուբեն»-ն եզրակացնում է, որ կարիք չկա ապաքինվող թմրամոլին կամ ալկոհոլամոլին «հետևել» և անհանգստանալ նրա համար: Փորձելով իրավիճակը կառավարել, անհանգստանալով ու դես ու դեն ընկնելով, հոգ տանելով մտերիմի անվտանգության ու բարօրության մասին՝ նրան թույլ չենք տալիս սեփական ոտքերի վրա կանգնել: Յուրաքանչյուրը տարբեր կերպ է սովորում սթափ ապրել, և դա սովորաբար ժամանակ է պահանջում: Ընտանիքը թմրամոլի կամ ալկոհոլամոլի ապաքինմանն օժանդակող մի զորավոր ուժ է, պայմանով, որ այդ ուժը ճիշտ ուղղությամբ է գործում: Բացի այդ, բազմաթիվ մայրեր և հայրեր ինչ-որ նոր բան են գտել իրենց համար այդ ճանապարհին: Սերն աճում է փորձությունների ընթացքում և դժվարին ժամանակներն աճելու հնարավորություն են տալիս ոչ միայն կախվածություն ունեցող մարդուն, այլև ընտանիքի մյուս անդամներին:

Ալկոհոլիզմի և թմրամոլության մեջ ընկածների հարազատներն ու ընկերները կարող են «Ապաքինման այբուբեն» գրքույկն անվճար ձեռք բերել Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուց:

 

Կարինե Սուգիկյան

27.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․