19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տասներկու տիեզերական վարդապետներ

Տասներկու տիեզերական սուրբ վարդապետներն այն սրբակենցաղ աստվածաբան հայրերն են՝ ապրած մինչև 5-րդ դարը ներառյալ, որոնց աստվածաբանական հայացքների վրա է գլխավորապես հիմնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց աշխատություններում տվել են եկեղեցուն հուզող գլխավոր աստվածաբանական հարցերի պատասխանները:

Ռեթեոս և Դիոնիսիոս Արիսպագացի: Ռեթեոսի մասին տեղեկությունները շատ սակավ են: Նա համարվում է Դիոնիսիոս Արիսպագացու ուսուցիչը: Աթենացի է՝ ապրած առաջին դարում: Երբ Պողոս առաքյալը հասնում է Աթենք և այնտեղ քարոզում, Ռեթեոսը, ով Աթենքի գերագույն դատարանի՝ Արիոպագոսի անդամ էր, հավատում է Քրիստոսին: Պողոս առաքյալի կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս Աթենք քաղաքի համար: Վախճանվում է նահատակությամբ: «Արիսպագոս» հունարեն նշանակում է «Արեսի բլուրը»: Այս անունը Աթենքի բլուրներից մեկի անունն է, ուր գումարվում էին քաղաքի ազնվապետական դատական ժողովը, որը զբաղվում էր նաև կրոնական հարցերով: «Արիսպագոս» անունը բլուրից անցավ նրա վրա գումարված ժողովին, եթե անգամ ժողովները այդ բլուրի վրա չէր գումարվում:

Սբ. Դիոնիսիոս Արիսպագացին նույնպես Աթենքի գերագույն դատարանի անդամ էր և նա էլ Պողոս առաքյալի քարոզությամբ դարձի է գալիս Ռեթեոսի հետ: Հետագայում Դիոնիսիոսը Պողոս առաքյալի կողմից ձեռնադրվում է Աթենքի եպիսկոպոս: Նրա մասին «Գործք Առաքելոց»-ում կարդում ենք. «Այսպիսով, Պողոսը թողեց նրանց և գնաց: Մի քանի մարդիկ, սակայն, հարեցին նրան և հավատացին: Դրանց թվում էին Դիոնիսիոս Արիսպագացին, Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ» (Գործք Առաքելոց 17:33-34): Բացի «Գործք Առաքելոց»-ում եղած նրա մասին հիշատակությունից, Դիոնիսիոսի մասին ծանոթանում ենք 4-րդ դարի պատմիչ Եվսեբիոսի «Եկեղեցական պատմությունից», ուր հաստատվում է, թե նա եղել է Աթենքի առաջին եպիսկոպոսը՝ ձեռնադրվելով Պողոս առաքյալի կողմից: Պողոս առաքյալի նահատակությունից հետո Սբ. Դիոնիսիոսը քարոզչության է մեկնում Իտալիա, Գերմանիա, Իսպանիա: Նրա վախճանի վերաբերյալ տարբեր ավանդություններ կան: Ըստ մեկի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքում նրան և նրա երկու ընկերակիցներին՝ մի քահանայի և մի սարկավագի, բանտարկում են և գլխատմամբ մահապատժի ենթարկում: Ֆրանսիացիները Սբ. Դիոնիսիոսին համարում են իրենց երկրի լուսավորիչն ու Փարիզի առաջին եպիսկոպոսը: Սակայն այժմ համարվում է, որ Փարիզում նահատակվածը մեկ այլ Դիոնիսիոս եպիսկոպոս է՝ ապրած 3-րդ դարում: Իսկ, ըստ Հայ եկեղեցում ընդունված ավանդության, Սբ. Դիոնիսիոս Արիսպագացին նահատակվել է Աթենք քաղաքում՝ հրկիզմամբ:

Սեղբեստրոս: Սբ. Սեղբեստրոսը ծնվել է Հռոմում, չորրորդ դարում, քրիստոնյա ընտանիքում: Ստացել է լավ կրթություն, եղել Հռոմի հայրապետը, այդ անունով առաջին պապը: Հռոմի գահին է մնացել շուրջ քսան տարի, 314-335թթ-ին Կոստանդիանոս Մեծի օրոք: Նա եղել է այն բախտավոր քահանայապետը, ով ողջունեց Քրիստոնեական եկեղեցու ազատագրումը հալածանքներից: Սբ. Սեղբեստրոսի պաշտոնավարության շրջանին կառուցվել է Վատիկանի նշանավոր Սբ. Պետրոս տաճարը, ինչպես նաև Լաթերանի Պազիլիքան, որը Հռոմի մայր եկեղեցին էր իր օրով: Նիկիայի տիեզերական ժողովը թեև իր քահանայապետության շրջանում է գումարվել, սակայն նա անձամբ չի մասնակցել, այլ ուղարկել է երկու ներկայացուցիչներ: Նրա անվան հետ կապված մի շարք ավանդություններ կան, որոնք, սակայն, չեն համապատասխանում ճշմարտությանը: Նրա վարքում նշվում է, որ նա է մկրտել Կոստանդիանոս Մեծին: Սակայն, պատմական իրողություն է, որ կայսրը մկրտվել է մահվան անկողնում՝ արիոսական եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացու ձեռքով: Իսկ այդ ժամանակ Սեղբեստրոսն արդեն վախճանված էր: Կա նաև ավանդություն, թե Սբ. Գրիգոր Լուսավորիչն այցելել է Հռոմ և Սեղբեստրոս հայրապետի հետ հատուկ դաշինք կնքել: Սակայն, սա էլ չի համապատասխանում պատմական ճշմարտությանը: Սեղբեստրոսը եղել է հռոմեական եկեղեցու բարեզարդիչներից մեկը: Մահացել է խաղաղությամբ, բավականին առաջացած տարիքում և թաղվել Հռոմում:

Աթանաս Ալեքսանդրացի: Աթանաս Ալեքսանդրացին եղել է Ալեքսանդրիայի եկեղեցու 20-րդ պատրիարքը: Ծնվել է Եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ծնողներից 295թ-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին ծովեզրում կանգնած, որը եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն կատարել էր ձևացնում, հոգևոր կոչումի նշան է նկատում նրա մեջ: Նրան ընդունում է հայրապետանոցի մեջ, որտեղ կրթվում և զարգանում է շնորհալի փոքրիկը: Բարձրագույն ուսումը Սբ. Աթանասը ստացել է իր քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Ալեքսանդր պատրիարքի կողմից ձեռնադրվել է սարկավագ: Նրա հետ մասնակցել է 325թ-ի Նիկիայի տիեզերական ժողովին՝ պաշտպանելով ուղղափառ հավատքը, որի պաշտպանը եղավ հետագա իր ողջ կյանքի ընթացքում: Պատրիաքի վախճանից հետո, 328թ-ին 33-ամյա Աթանասը դառնում է Ալեքսանդրիայի եկեղեցու քսաներորդ պատրիարքը: Իր պատրիարքության ընթացքում շարունակ հալածվել է այդ ժամանակ բյուզանդական կայսրության հովանավորությունը վայելող արիոսականներից: Բազմիցս իր աթոռից աքսորվել է կայսրի կողմից, նույնիսկ՝ Կոստանդիանոս Մեծի: Իր եպիսկոպոսության 46 տարիներից 20-ը աքսորի մեջ է անցկացրել: Աթանասը պայքարող անձ էր, երբեք տեղի չտվեց կիսարիոսականների ճնշումներին: Սբ. Գրիգոր Նազիանզացին նրան կոչել է «Եկեղեցու սյուն»: Եղել է շրջան, որ ողջ եկեղեցում միայն Սբ. Աթանասն ու մի քանի հոգևորականներ են մնացել հավատարիմ Նիկիական դավանանքին՝ մնալով իրենց ուղղափառության մեջ անդրդվելի: Աթանասը պայքարել է նաև Սբ. Հոգու աստվածությունն ուրացող Կ. Պոլսի պատրիաք Մակեդոն աղանդավորի դեմ: Սբ. Աթանասը գրել է բազմաթիվ աստվածաբանական, ջատագովական և հակաճառական բովանդակություն ունեցող երկեր, ինչպես նաև Սբ. Անտոն Անապատականի վարքը՝ անձամբ ճանաչելով նրան: Տարածել է վանական կյանքի գաղափարը արևմուտքում՝ Հռոմի եկեղեցում, երբ արիոսականների հալածանքների պատճառով գտնվում էր Հռոմում: Նրա գործերի մի կարևոր մասը հայոց ոսկեդարում թարգմանվել է հայերեն: Սբ. Աթանաս հայրապետը վախճանվել է 373թ-ին, մայիսի 2-ին:

Կյուրեղ Երուսաղեմացի: Ապրել է 4-րդ դարում, եղել Երուսաղեմի եկեղեցու պատրիարքը, ծնվել է 315թ-ին Երուսաղեմում: Կրթությունը ստացել է Երուսաղեմի, ապա՝ Պաղեստինյան Կեսարիայի բարձրագույն քրիստոնեական դպրոցներում: 345թ-ին ձեռնադրվել է քահանա Մաքսիմոս եպիսկոպոսի կողմից, իսկ 348-ին՝ եպիսկոպոս՝ ընտրվելով Երուսաղեմի պատրիարք: Արիոսականներին վերհանելու պատճառով գահընկեց է արվում և աքսորվում, ապա երկու տարի հետո վերահաստատվում իր աթոռին: Սակայն արիոսականների ջանքերով դարձյալ երկու անգամ աքսորվում է: Վերջնականապես վերահաստատվում է իր աթոռին 378թ-ին: Նրա օրոք է տեղի ունեցել Սբ. Խաչի հրաշալի երևումը Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ: 381թ-ին Սբ. Կյուրեղ Երուսաղեմացին մասնակցում է Կ. Պոլսի Տիեզերական ժողովին: Վախճանվում է 386թ-ին: Սբ. Կյուրեղը նախքան պատրիարք դառնալը բազմաթիվ հեթանոսներ է քրիստոնյա մկրտել, ուստի երախաների՝ այսինքն մկրտության պատրաստվող անձանց համար գրել է ճառեր, որոնցից կազմված ժողովածուն հայտնի է «Կոչումն ընծայութեան» անունով և 5-րդ դարում թարգմանվել է հայերեն: Հայերեն են թարգմանվել նաև 351թ-ին Խաչի երևման դեպքը պատմող նրա նամակը՝ ուղղված Կոստանդիոս Ա կայսրին, որն ընթերցվում է Խաչի երևման տոնին, նաև մի քանի ճառ և մի աղոթք:

Եփրեմ Ասորի: Սբ. Եփրեմ Ասորին ապրել է 4-րդ դարում, Ասորիքում: Ծնվել է Մծբին քաղաքում, 306թ-ին, քրիստոնյա ծնողներից: Պատանի տարիքում հեռացել է լեռները՝ ապրելու ճգնավորական կյանքով և շուրջ 14 տարի աշակերտել է Սբ. Հակոբ Մծբնացի հայրապետին, մինչև վերջինիս վախճանը և նրա հետ մասնակցել Նիկիայի տիեզերական ժողովին: Երբ 363թ-ին Մծբինը գրավվում է պարսիկների կողմից Եփրեմը փոխադրվում է Եդեսիայի մոտակա մի վանք, ուր մնում է մինչև իր կյանքի վերջը և այնտեղ ստեղծում իր մատենագիտական վաստակի մեծ մասը: Նա սարկավագ է ձեռնադրվել Սբ. Բարսեղ Կեսարացու կողմից, երբ այցելել է վերջինիս և հրաժարվել է քահանայական ձեռնադրությունից իր մեծ խոնարհության պատճառով: Գրավոր ու բանավոր կերպով քարոզել է և շատերին դարձի բերել ի Քրիստոս: Մեծ մատենագիր և սրբակենցաղ սուրբը շատ գրական գործեր է թողել՝ մեկնություններ, ճառեր, քարոզներ, ներբողականներ, աղոթքներ, հոգևոր երգեր: Իրեն է վերագրվում ավելի քան հազար ճառեր ու ներբողներ: Հատկապես փայլել է շարականագրության մեջ: Գրել է ընդդեմ Մարկիոնի, Բարթածանի, Մանիի, Անոմեանների և այլ բազմաթիվ հերետիկոսների և աղանդների: Անգամ նրա կենդանության օրոք նրա շատ գործեր թարգմանվել են այլ լեզուներով և ընթերցվել եկեղեցիներում: Եփրեմ Ասորու գործերի մի զգալի մաս պահպանվել է հայերեն թարգմանություններով, շուրջ 100 կտոր: Սբ. Եփրեմ Ասորին հոգին Տիրոջ ձեռքն է ավանդել 373թ-ին՝ կյանքի վերջին տարիներն անցկացնելով առանձնության մեջ՝ քարայրում:

Բարսեղ Կեսարացի և Գրիգոր Նյուսացի: Սբ. Բարսեղ Կեսարացին և Սբ.Գրիգոր Նյուսացին հարազատ եղբայրներ են, երկուսն այսպես կոչված Կապադովկյան երեք հայրերից: Նրանք ծնվել են Կապադովկիայի Կեսարիա քաղաքում 4-րդ դարում: Սբ. Բարսեղը ծնվել է 330թ-ին, իսկ Գրիգոր Նյուսացին՝ 335-ին: Նրանք իրենց ուսումը ստանում են նախ ծննդավայրում՝ Կեսարիայում, հետո՝ Կ. Պոլսում, այնուհետև կատարալեգործվում են Աթենքում, ուր նրանց ուսումնակիցն է լինում նաև Սբ. Գրիգոր Նազիանզացին: Բարձրագույն ուսումն ավարտելուց հետո Սբ. Բարսեղն ու նրա եղբայր Գրիգորը վերադառնում են հայրենիք: Բարսեղը նվիրվում է վանական կյանքին՝ այցելելով վանքեր տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Ասորիքում, ի վերջո հաստատվում Նիո-Կեսարիայում, իսկ Գրիգոր Նյուսացին ամուսնանում է: Սբ. Բարսեղը 362թ-ին Անտիոքի Մելիտոս հայրապետի ձեռքով ձեռնադրվում է սարկավագ, իսկ երկու տարի հետո Կեսարիայի արքեպիսկոպոս Եվսեբիոսի կողմից՝ կուսակրոն քահանա: Նա իր ուսումնակից Գրիգոր Նազիանզացու հետ նվիրվում է քարոզչական գործունեության Պոնտոսում և Կապադովկիայում: Երբ 370թ-ին Կեսարիայի արքեպիսկոպոս Եվսեբիոսը վախճանվում է, այդ աթոռին նրան հաջորդում է Բարսեղը: Պերճախոս քարոզիչ, հմուտ և խստակենցաղ հոգևորական էր Սբ. Բարսեղը: Մեկ կամ երկու տարի անց նա իր եղբայր Գրիգորին նույնպես եպիսկոպոս է ձեռնադրում այն նույն քաղաքի Նյուսիայի համար, որտեղ Գրիգորը քահանայագործում էր: Սբ. Գրիգոր Նյուսացին մինչ այդ արդեն հրաժարվել էր ամուսնական կյանքից, ըստ մի տեսակետի՝ կնոջ հետ փոխհամաձայնությամբ, ըստ մի ուրիշի՝ կնոջ վաղաժամ մահից հետ և քահանա էր ձեռնադրվել Կապադովկիայի Նյուսիա քաղաքի համար՝ձեռնադրությունից հետո առաջին հինգ տարին անցկացնելով խստակրոն կյանքով իր եղբոր հաստատած վանքերից մեկում: Սբ. Բարսեղ Կեսարացին Կեսարիայի հայրապետական աթոռին ընդամենը իննը տարի է պաշտոնավարում, քանի որ 379թ-ին վախճանվում է 49 տարեկան հասակում: Սակայն այդ ընթացքում այնքան մեծ ու կարևոր գործեր է կատարում, որ ձեռք է բերում «Մեծն» պատվանունը: Բարսեղ Մեծը կազմակերպում է արևելյան վանական կյանքը՝ գրելով վանական կյանքին վերաբերող գործեր և կանոնադրություն: Հիմնում է բազմաթիվ բարեգործական հաստատություններ՝ աղքատանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ ու որբանոցներ: Սբ. Բարսեղի կարևոր գրական գործերից են Սբ. Պատարագի մի տարբերակ, բազմաթիվ ճառեր, աղոթքներ, սաղմոսների, Եսայու գրքի և «Վեցօրէքի» մեկնությունները: «Վեցօրէքը» ստեղծագործության վեց օրերի մասին բացատրական ինը ճառեր են, որը նա չի հասցնում ավարտել և այն ավարտին է հասցվում նրա եղբայր Գրիգոր Նյուսացու կողմից: Սբ. Բարսեղից մեզ հասել են նաև հարյուրավոր նամակներ, աղոթքներ, որոնցից ոմանք մինչև օրս մեծ տոներին կարդացվում են մեր եկեղեցիներում: Նրա գործերի մի զգալի մաս 5-րդ դարում թարգմանվել է նաև հայերեն: Ինչ վերաբերվում է Սբ. Գրիգոր Նյուսացուն, ապա նա երկար չի մնում Նյուսիայի եպիսկոպոսական աթոռին: Շուտով արիոսականների կողմից աքսորվում է, սակայն, 378թ-ին վախճանվում է արիոսական Վաղես կայսրը, և Գրիգորը վերադառնում է իր աթոռ: 381թ-ին մասնակցում է Կ. Պոլսի Տիեզերական ժողովին, վախճանվում է 395թ-ին: Սբ. Գրիգոր Նյուսացին նույնպես մեծ մատենագիր է, գրել է բազմաթիվ աստվածաբանական, մեկնողական, հակաճառական բազմաթիվ գործեր և սուրբգրային մեկնություններ: Ունի նաև կրոնա-բարոյական և ճգնողական կյանքի վերաբերյալ ճառեր: Դրանց մի մասը նույնպես միջնադարում թարգմանվել է հայերեն:

Գրիգոր Աստվածաբան Նազիանզացի: Սբ. Գրիգոր Նազիանզացին ապրել է 4-րդ դարում և Բարսեղ Կեսարացու ու Գրիգոր Նյուսացու հետ կազմում է այսպես կոչված Կապադովկյան հայրերի եռյակը: Ծնվել է 328թ-ին Կապադովկիայի Նազիանզա գյուղաքաղաքի Արիանզա գյուղում և որդին է Նազիանզայի Գրիգոր եպիսկոպոսի: Կրթվել է Կեսարիա քաղաքում, ապա՝ Աթենքում, ուր հինգ տարի աշակերտակիցն է եղել Սբ. Բարսեղ Կեսարացու: Այստեղ ուսանել է անտիկ փիլիսոփայություն և հռետորական արվեստ: Վերադառնալով Նազիանզա՝ մկրտվում է հոր կողմից և սկսում ապրել սրբակենցաղ կյանքով: 360թ-ին մեկնում է Պոնտոս և նվիրվում ճգնավորական կյանքին: Սակայն, շուտով հակառակ իր կամքին ստիպված է լինում վերադառնալու, օգնելու իր ծեր հորը: 361թ-ին հոր կողմից ձեռնադրվում է կուսակրոն քահանա, իսկ 372թ-ին Սբ. Բարսեղ Կեսարացու կողմից՝ եպիսկոպոս, Սասիմա քաղաքի համար, ուր փաստորեն այդպես էլ չի հասցնում պաշտոնավարել: Հոր մահից հետո 374թ-ին դարձյալ հեռանում է ճգնողական կյանքով ապրելու, այս անգամ՝ Կիլիկիա: 379թ-ին կանչվում է Կ. Պոլիս, ուր իր քարոզներով մեծ պայքար է մղում ընդդեմ այդ ժամանակ տարածված արիոսական հերետիկոսության: 381թ-ին ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք և Անտիոքի պատրիարք՝ Մելիտոսի անսպասելի մահից հետո նախագահում երկրորդ Կ. Պոլսի տիեզերական ժողովին: Ի վերջո հրաժարվում է պատրիարքի իր պաշտոնից և հեռանում իր քաղաքը Նազիանզա: Այստեղ նվիրվելով աղոթական կյանքի և գրական գործունեության՝ խաղաղությամբ հասնում է իր երկրային կյանքի վախճանին: Նա իր հայրական հարստությունը կտակում է Նազիանզայի եկեղեցուն՝ աղքատների խնամակալության համար: Սբ. Գրիգոր Նազիանզացին շատ հարուստ և աստվածաբանական մեծ կարևորություն ունեցող գրական վաստակ է թողել, ինչ պատճառով էլ ստացել է Աստվածաբան անունը: Հեղինակ է քարոզների և հոգևոր բանաստեղծությունների ու դամբանական ճառերի: Նրա գործերից որոշներ թարգմանվել են հայերենով:

Եպիփան Կիպրացի: Ծնվել է 315թ-ին Պաղեստինի Ելեվթերոպոլիս քաղաքի շրջակա գյուղերից մեկում, հավանաբար հրեա, բայց քրիստոնյա ծնողներից: 335թ-ին Ելեվթերոպոլսի մոտ մտնում է վանք, ապա ձեռնադրվում կուսակրոն քահանա: Նրա հռչակն այնքան է տարածվում ամենուր, որ 367թ-ին ընտրվում է Կիպրոսի Սալամինա քաղաքի, հետագայում՝ Կոստանցիա քաղաքի եպիսկոպոս: Ամբողջ կյանքում շարունակ պայքարել է աղանդների ու հերետիկոսությունների դեմ, գրել կրոնական երկեր, որոցից հայտնի է «Գիրք հերձվածոց»-ը, ուր ներկայացնում է մինչև իր օրերը եղած բոլոր հերետիկոսությունները: Պայքարել է հատկապես արիոսականների և որոգինեսականների դեմ: Սբ. Եպիփան Կիպրացին հայտնի է եղել իր հրաշագործություններով ու մարգարեություններով: Վախճանվել է 96 տարեկան հասակում:

Հովհան Ոսկեբերան: Հովհան Ոսկեբերանն ամենանշանավոր և շնորհաշատ հայրապետներից մեկն է: «Ոսկեբերան» մականունը նրան տրվել է անգերազանցելի, պերճաբան քարոզիչ լինելու, «ոսկի բերան» ունենալու պատճառով: Ծնվել է 347թ-ին Ասորիքի Անտիոք քաղաքում: Ուսանել է Անտիոքի լավագույն ուսումնական հաստատություններում: Երիտասարդ տարիքում ծանոթանում է Անտիոքի սրբակենցաղ Մելիտոս եպիսկոպոսի հետ: Նրանից ստանում քրիստոնեական կրոնի իր դասերը և 20 կամ 23 տարեկանում նրա ձեռքով մկրտվում: Շուտով միանում է Անտիոքին մերձակա մի վանական միաբանության: Հավանաբար նրա սկզբնական գործերը գրվել են հենց այդ տարիներին, քանի որ վերաբերում են միանձնական կյանքին: Չորս տարի հետո նա բոլորովին տրվում է ճգնավորական կյանքին Անտիոքին մերձակա մի քարայրում: Սակայն առողջության վատթարացման պատճառով ստիպված է լինում վերադառնալ քաղաք: Սբ. Մելիտոսը նրան ձեռնադրում է սարկավագ, ապա մեկնում Կ. Պոլիս նախագահելու երկրորդ տիեզերաժողովին և այնտեղ վախճանվում: Անտիոքի նրան հաջորդած եպիսկոպոսը՝ Փլաբիանոսը, Հովհանին ձեռնադրում է կուսակրոն քահանա և հանձնարարում քարոզել Աստծո խոսքը: Այդ ժամանակվանից ի վեր շուրջ տասներկու տարի Սբ. Հովհանը շարունակ քարոզում ու բացատրում է Տիրոջ խոսքը՝ Աստվածաշունչը և նրա այդ քարոզներից կազմվում են Հին և Նոր Կտակարանների մի շարք գրքերի մեկնություններ: Նա նաև մեծ խնամք է տանում հազարավոր աղքատների, թշվառների ու բանտարկյալների մասին: Նրա հռչակը՝ իբրև մեծ քարոզչի և սրբակենցաղ անձնավորության, տարածվում է ամբողջ կայսրությունում: Ուստի, երբ 397թ-ին Կ. Պոլսի պատրիարք Նեկտարիոսը վախճանվում է, Հովհանին ընտրում են կայսրության մայրաքաղաքի՝ Կ. Պոլսի պատրիարք: Այս նոր պաշտոնում նա մեծ եռանդով կատարում է բազմաթիվ բարի գործեր: Սակայն շուտով նրա դեմ լարվում են Եվդոքսիա թագուհին և որոշ կղերականներ: Քանի որ Հովհանը, ով զերծ էր մարդահաճությունից, անբարո գործերի համար կշտամբում էր նաև նրանց: 403թ-ին գումարվում է եկեղեցական ժողով, որը 29 մեղադրանքով դատապարտում է Հովհանին: Արկադիոս կայսրը նրան աքսորում է երկրից: Աքսորի օրն իսկ Կ.Պոլսում երկրաշարժ է տեղի ունենում, մեծ հրդեհ է բռնկվում և վախեցած կայսրուհին արդեն դեպի աքսորավայր ճանապարհ ընկած Հովհանին նամակով խնդրում է վերադառնալ մայրաքաղաք: Սակայն շուտով դարձյալ աքսորում են նրան Անտիոք, ապա՝ Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը: Շատ չանցած վախճանվում է Եվդոքսիա թագուհին: Աքսորավայրում սուրբ հայրապետը չէր դադարում նամակներով քարոզել ու հովվել կայսրության տարբեր վայրերում գտնվող բազմաթիվ մարդկանց: 407թ-ին Ոսկեբերանին դարձյալ աքսորում են, այժմ էլ՝ Պոնտոս: Վատառողջ հայրապետը, աքսորի ճանապարհը ոտքով անցնելով, վերջին աքսորավայր հասնել չի կարողանում: Դեպի Պոնտոս ճանապարհին՝ Կոմանա քաղաքում, ավանդում է հոգին Տիրոջ ձեռքը, ասելով՝ «Փառք Աստծուն ամեն ինչի համար»: Սբ. Հովհան Ոսկեբերանից մեզ հասել են բազմաթիվ կրոնական գործեր, սուրբգրային մեկնություններ, ճառեր, աղոթքներ, Պատարագ և նամակներ:

Կյուրեղ Ալեքսանդրացի: Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին եղել է Ալեքսանդրիայի քսանչորսերորդ պատրիարքը՝ 412թ-ին հաջորդելով իր հորեղբայր Թեոփիլոս պատրիարքին: Սբ. Կյուրեղի անձն ու աստվածաբանությունը կարևորվում են Հայ եկեղեցու համար հատկապես նրանով, որ նրա «Մեկն է Աստծո մարդացած Բանի բնությունը» խոսքը դարձել է Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցու դավանաբանական առանցքն ու գլխավոր բանաձևը: Կյուրեղ հայրապետը նշանավոր եկեղեցական գործիչներից մեկն է: Եգիպտացի ազնվական և բարեպաշտ ընտանիքից էր, ծնվել է 380թ-ին Ալեքսանդրիայում: Երիտասարդ տարիքում որոշ ժամանակ ապրել է Սբ. Մակարի վանքում, որտեղից վերադառնալով Ալեքսանդրիա, ձեռնադրվել է քահանա, ապա՝ եպիսկոպոս: Թեոփիլոս պատրիարքի ազգականն էր, որի կողմից էլ ձեռնադրվեց հոգևորական, իսկ 412թ-ին հաջորդեց նրան իբրև պատրիարք Ալեքսանդրիայի: Ուղղափառ հավատքի կորովի պաշտպան էր. ինքն էր, որ նախագահեց Եփեսոսի տիեզերական ժողովը (431թ.), ջախջախեց Նեստորի հերետիկոսությունը, որն ասում էր, թե Սբ. Կույսը Աստվածածին չէ, այլ Քրիստոսածին, և «միավորյալ մի բնություն» բանաձևով, որ հիմն է Հայաստանյայց Եկեղեցու դավանության, վերջնականորեն հաստատեց քրիստոսաբանությունը: Կյուրեղ հայրապետն Աղեքսանդրյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն էր: Նա շեշտը դնում էր Հիսուսի աստվածության վրա, առանց մերժելու կամ նվազեցնելու Նրա մարդկության կարևորությունը: Հիմնվելով Աթանասի և Կապադովկյան Հայրերի տեսության վրա`համադրեց Սուրբ Երրորդության, Քրիստոսի մարդեղության և բնության վարդապետությունները: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», եղավ Հայաստանյայց Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը, որով շեշտվում է Քրիստոսի մարդկային և աստվածային բնութան միությունը`ընդդեմ Նեստորի երկու բնությունների անջատման վարդապետության: Արևելքում նա ճանաչվել է իբրև «կնիք եկեղեցական հայրերի»: Հեղինակ է մեկնաբանական և աստվածաբանական բազմաթիվ գրքերի, որոնցից շատերը 8-րդ դարում են մեծ մասամբ թարգմանվել հայերենի Ստեփանոս Սյունեցու կողմից: Մեկնել է Հովհաննու Ավետարանը տասներկու գրքով: Վախճանվել է 444թ-ին:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

27.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․