Գրքեր

Տասներկու զավակներով հարուստ ընտանիքին ուրախություն էր պատճառել համայնքի այցը

Մարդու սիրտը մի գանձարան է, ուր մարդն իր ազատ ընտրությամբ կարող է կուտակել բարին կամ չարը: Ավետարանում կարդում ենք. «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթեոս 12:35):

Եկեղեցու հայրերից մեկն ասել է. «Շերամի որդն ինքն իրենից մետաքս է հյուսում, իսկ սարդը՝ սարդոստայն: Օձն իրենից ոչ թե մեղր, այլ թույն է դուրս նետում: Այսպես է նաև մարդու պարագայում. բարի մարդն իր բարի սրտից բարիք է արարում, իսկ չար մարդը՝ չարիք: Ունենալ և լինել, դա նույնն է էությամբ»:

Բարձրագույն բարին Աստված է: Ոչինչ այնպես չի մոտեցնում մարդուն Աստծուն, որքան սիրով կատարված բարի գործերը: «Կյանքը կարճ է, և չունենք այն բավարար ժամանակը, որի ընթացքում կկարողանանք ուրախություն պատճառել նրանց, որոնց հետ քայլում ենք կյանքի ճանապարհով: Այդ պատճառով շտապենք սիրել և շտապենք բարին գործել»,- ասել է շվեցարացի գրող Անրի Ֆեդերիկը (19-րդ դար):

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մասնակիցները՝ թե՛ համայնքը և թե՛ աջակից անձինք, փորձում են աստվածատուր իրենց ժամանակն իմաստավորել՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ուշադրություն և սեր բաշխելով: Այդ ուշադրությունից սկիզբ առած ուրախությունն էր տիրում Մելքոնյան բազմազավակ ընտանիքում, որ բնակվում է «Հույսի ավան» թաղամասի 5/71 հասցեում: Դեկտեմբերի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տնայցով այս կարիքավոր ընտանիքում էր, ուր տասներկու հայորդիներ՝ յոթ տղա և հինգ աղջիկ են դաստիարակվում և մեծանում: Տղաներից երեքը ծառայում են Հայոց ազգային բանակում, մեկին էլ շուտով կզորակոչեն, աղջիկներից երկուսն ուսանում են բարձրագույն հաստատություններում, իսկ մյուսներն էլ դպրոց են հաճախում: Բազմազավակ մայրը՝ Մելքոնյան Կարինեն (44 տ.), 2-րդ խմբի հաշմանդամ է և առողջական խնդրի պատճառով պետք է վիրահատվի ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: «Ամուսինս ևս առողջական խնդիր ունի և առայժմ ի վիճակի չէ աշխատելու: Ընտանեկան նպաստի և հաշմանդամության թոշակի գումարներով ենք փորձում հոգալ մեր կարիքները: Մեր ընտանիքին ժամանակ առ ժամանակ աջակցում են «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը և ԱՀԹ բարեգործական գրասենյակը»,- ասաց տիկին Կարինեն:

Տեր Գրիգորն ընտանիքի հետ զրույցից հետո բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մելքոնյան ընտանիքն անչափ երախտապարտ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց, Տեր Գրիգորից և աջակից անձից:

 

 

Կարինե Սուգիկյան

05.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․