1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Տասը մնասների առակը

«Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղուկ. 19:26):

Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ,

Հավիտյանս օրհնյալ և փառավորյալ Տեր Հիսուս Քրիստոսի թույլատու կամքով Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր անցնում է մի լրջագույն փորձության բովով, որը հաղթահարելու և որից ավելի մաքրված ու թրծված դուրս գալու համար մեզնից հստակ ջանքեր ու գործելու հաստատակամություն է պահանջվում: Անկեղծ լինելով ձեզ հետ՝ ասեմ, որ այս փորձության ժամանակ ի հայտ եկած բացահայտումներն ինձ համար տհաճների և ցավալիների շարքից էին, քանի որ, ցավոք, պարզ դարձավ, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող ազգային արժեքները՝ ազգ, հայրենիք, եկեղեցի, բանակ, լեզու, մեր բազմաթիվ հայրենակիցների համար այլևս այնքան էլ արժեքավոր չեն, որպիսին պիտի լինեին հային հայ պահելու համար: Պարզվեց, որ հայի պայծառ ու հեռատես միտքը խավարել է, սթափ դատելու կարողությունն ու աչալրջությունը բթացել: Մեծ ու սիրող սիրտը սեղմվել-նեղացել է այնպես, որ միայն սեփական «ես»-ն է այնտեղ տեղավորվում այլևս: Վեհ ու քաջ, միաբան ոգին իր տեղը զիջել է փոքրոգությանն ու մանրախնդրությանը: Արյունարբու ոսոխը թշնամության սերմեր է ցանել հայի հողում ու ցավոք այսօր առատ բերք է հավաքում: Նա փորձում է ջլատել հայի միասնական բռունցքը, ոչնչացնել հանուն հայրենիքի ու հանուն ազգայինի պայքարող առյուծասիրտ հայի տեսակը՝ նրան դարձնելով անտարբեր, վախկոտ ու թուլակամ, արարող ու ստեղծագործող հայից նրան վերածել անդեմ սպառողի: Սա խավարի իշխանի ձեռագիրն է. անել ամեն ինչ՝ պղծելու սրբությունը, խորտակելու զորեղը, մասնատելու միասնականը, արժեզրկելու արժեքավորը, ժխտելու ակնհայտը, մերժելու վեհն ու աստվածայինը և տարածելու ամեն ախտավորը՝ թշնամանք, ատելություն, հպարտություն, նախանձ, ամբարտավանություն, անտարբերություն, շահամոլություն, պառակտում… Եվ հայ ժողովրդի, ինչպես և համայն մարդկության պարագայում սա հնարավոր եղավ, քանի որ մարդը մոռացավ իր աստվածային ծագումը՝ ցածրն ու կենդանականը նախընտրելով վեհ աստվածայինից: Նա պատվիրանազանցությամբ ջնջեց Արարչի պատկերն իր հոգուց: Սուտն ու կեղծիքը նախընտրեց ճշմարտությունից ու արդարությունից: Խավարի գործերը նրան ավելի հաճելի եղան, քան դրանք բացահայտող լույսը: Մարդ հասկացությունը կորցրեց մեծատառով գրվելու իրավունքը: Նա դյուրությամբ խաբվեց ու գլորվեց իր բարձունքից՝ մոռանալով, որ Եդեմը երկնքում է: Մարդը չպայքարեց իր բարձրագույն դիրքի համար, որովհետև Մարդ մնալը դժվար է:

Աշխարահռչակ մարզիկների, երաժիշտների կամ մասնագիտական որևէ ոլորտում հաջողած մարդու կյանքը ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ այն իրենից ներկայացնում է մի բարդագույն շղթա, որի օղակները գոյանում են համառ պայքարի, աշխատասիրության, նվիրումի, ինքնազոհաբերության, պատասխանատվության, տարատեսակ սահմանափակումների, անկոտրում կամքի ու եռանդի շնորհիվ, որոնք կառուցվում են հստակ նպատակի շուրջը՝ իմաստավորելով այդ բավականին դժվար ճանապարհը: Եվ այսօր, երբ ընթերցում ենք մեր Փրկչի սուրբ շուրթերից հնչած «Տասը մնասների առակը», տեսնում ենք, որ դա մեր կյանքի, մեր ընտրած ուղու և Ահեղ Դատաստանի պատմությունն է: Տեր Հիսուս Քրիստոս այս առակում պատմում է մի ազնվականի մասին, որն, անշուշտ, հենց Իրեն է խորհրդանշում, որը հեռու աշխարհ է գնում՝ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար: Սակայն նախքան այդ, նա իր ծառաներին, այսինքն՝ քրիստոնյաներին տասը մնաս է տալիս, որը և՛ մեզ ավանդված հավատն է, և՛ Ավետարանի վարդապետությունը, և՛ Եկեղեցու սրբազան ավանդությունը, և պատվիրում է շրջանառության մեջ դնել դրանք, մինչ իր վերադարձը: Վերադառնալով, այսինքն՝ մեր մահվանից հետո և Երկրորդ գալստյան ժամանակ, երբ կանգնենք Նրա առջև՝ պատասխանատվության է կանչում յուրաքանչյուրին և փոքրի մեջ հավատարմություն ցուցաբերած և Աստծու պարգևածն ավելացրած ազնիվ ու բարի ծառային գովում ու առատապես վարձատրում է, իսկ անհավատարիմ, վախկոտ ու ծույլ ծառայի ձեռքից վերցնում է ունեցած մեկ մնասն ու դա էլ է տալիս հավատարիմ ծառային՝ ասելով. «Ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղուկ. 19:12-28):

Այո, սիրելի՛ հավատացյալներ, մարդկային տեսանկյունից դիտարկելիս՝ դյուրին բան չէ քրիստոնյա լինելը, քանի որ նշաձողը չափազանց բարձր է՝ կատարյալ Մարդ-Աստված Քրիստոս: Եվ շատերն իրենց ծուլությունը, իրենց անհավատարմությունն ու տկարություններն արդարացնելու համար ասում են. «Դե մենք հո սուրբ չե՞նք, որ կարողանանք Քրիստոսի մատնանշած ուղով պատվով անցնել: Մենք չունենք այն բոլոր շնորհներն ու զորությունը, որ սրբերն էին Աստծուց ստանում»: Եվ սրան ի պատասխան լսում ենք սուրբ հայրերի արձագանքը. «Այդ մնասը, որ տրվել է քեզ, Պետրոս և Պողոս է քեզ դարձնում, քանի որ նրանք էլ են մեկական մնաս ստացել, դու էլ: Ուստի, ուժերիդ ներածին չափով գործիր և դու էլ ինչ-որ բան բեր քեզ Տվողին»: Ահա այստեղ է բանալին, սիրելի՛ հավատացյալներ, այն պարզորոշ գիտակցման մեջ, թե որն է իմ կյանքի իմաստը, որն է իմ գերագույն նպատակակետը, և ես ինչ եմ անում այդ ուղղությամբ: Ինչպես հայտնի բանաստեղծուհին է ասել. «Կյանքի հետ երկխոսության մեջ ոչ այնքան նրա հարցն է կարևոր, որքան մեր պատասխանը»:

Այո, կյանքն ամեն օր հարյուրավոր խնդիրներ ու հարցեր է առաջադրում մեզ և կարևորը մեր պատասխանն է: Իսկ այդ պատասխանը պետք է հստակ հիմնավորում ունենա: Քրիստոնյան պետք է պարզ գիտակցի իր կյանքի իմաստն ու նպատակը, որպեսզի դրանց հիման վրա կառուցի իր քայլերը: Որովհետև գիտակցված ապրի իր կյանքը, թե՝ ոչ, միևնույն է, մահվանից անդին պատասխանատվության է կանչվելու, քանի որ շնորհներ է ստացել և վարձատրվելու կամ պատժվելու է՝ ըստ այդ շնորհների գործածության: Մեզնից յուրաքանչյուրը Տիրոջ շուրթերից լսելու է նույն հարցը. «Ի՞նչ ես արել այն մնասը, որ տվել եմ քեզ»: Եվ վա՜յ մեզ, եթե պարզվի, որ այն միայն փաթաթել ու պահել ենք թաշկինակի մեջ՝ չծառայեցնելով իր իրական նպատակին, այն է՝ Տիրոջ փառքին, մերձավորի կարիքներին ու մեր հոգու փրկությանը: Իսկ դրա պատճառը մեր ծուլությունը, անփութությունն ու անհավատարմությունն է: Մենք չենք ուզում ջանք թափել, նեղություն պատճառել մեր անձին, վտանգել մեր հարմարավետ կյանքը: Ինչպես մի անգամ արդեն հիշատակել եմ իմ քարոզներից մեկում՝ մենք քրիստոնեություն ենք ուզում առանց Քրիստոսի: Մենք չենք ուզում անցնել Քրիստոսի մատնանշած նեղ դռնով ու փշոտ ճանապարհով, չենք ուզում ջանք թափել մեր փրկության համար, բայց փրկվել ուզում ենք: Մենք չենք ուզում ծառայել Երկնային Արքային, չենք ուզում հետաքրքրվել Նրա գործերով, բայց Նրա Արքայությունը ժառանգել ուզում ենք: Իսկ այդպես չի լինում, սիրելի՛ քրիստոնյաներ, որովհետև Քրիստոսի ճշմարիտ հետևորդը չի կարող անբան, անբարտավան, անտարբեր, վախկոտ, թուլամորթ ու երախտամոռ լինել: Քանի որ ինչպես ժամանակակից հայրերից մեկն է ասում. «Նա, ով վախենում է իր կյանքը վտանգի ենթարկելուց, չի խիզախի հանուն Տիրոջ»:

Քրիստոնյան չի կարող չգործել. Տերն ասում է՝ ուրացիր քո անձն ու արի իմ հետևից: Սա անընդհատ գործողություն է ենթադրում, սիրելի՛ հավատացյալներ: Իսկ քանի որ մենք Քրիստոսի Զինվորյալ Եկեղեցուն ենք անդամագրվել և խավարի իշխանն էլ ոչ մի ակնթարթ չի թուլացնում իր հարձակումները Քրիստոսի Մարմնի դեմ, ապա այդ անընդհատ գործողությունը անդադար պայքարի կերպարանք է առնում: Եվ այդ պայքարը հաջողությամբ մղելու դեպքում է, որ ավելացնում ենք Տիրոջ կողմից մեզ վստահված մնասը: Թշնամին հպարտության սուրն է ուղղում մեր դեմ, մենք այն հետ մղենք խոնարհության վահանով: Նախանձի նետին հակադրենք եղբայրասիրությունը: Բարկության ախտին՝ հեզությունը, ծուլությանը աշխատասիրությունը, ագահությանը՝ ողորմածությունը, որկրամոլությանը՝ ժուժկալությունը, բղջախոհությանը՝ ողջախոհությունը և այլն: Համաձայն եմ, որ միանգամից կոնկրետ կրքին այսպես հակադրվելը դյուրին չէ, բայց պետք է իմանալ, որ միանգամայն իրագործելի է Ամենակարող Աստծով: Դրա համար գործողությունների հերթականություն է անհրաժեշտ: Նախ պետք է ինքնաքննության արդյունքում հստակ տեսնել կիրքը կամ մեղքը: Գիտակցել, որ այն արատավոր ու կործանարար է և հակառակ է Արարչին: Ուստի Ամենակալի օգնությանն ապավինելով՝ օգտագործել Նրա տված բազմաթիվ գործիքներն ու զենքերը՝ աղոթք, պահեցողություն, ողորմություն, Սուրբ Գրքի ընթերցանություն, և սկսել պայքարը՝ բանսարկուի գրոհները խափանելու, մեղավոր կենսակերպից հրաժարվելու և հոգևոր բարձունքների հասնելու համար: Եթե, ասենք, տառապում ենք ստախոսության կամ հարբեցողության կամ օրինակ՝ խաղամոլության կրքից, և որքան էլ հասկանում ենք, որ վատ է, աղետաբեր է և չենք ուզում գործել, սակայն չենք կարողանում հրաժարվել, ապա պետք է զարկ տալ մեր հոգու բարի հատկանիշներին, լծվել՝ գործելու Աստծու այն մյուս բոլոր պատվիրանները, որ կարողանում ենք կատարել: Եվ վստա՛հ եղեք, որ Տեր Հիսուս Քրիստոս, մեր հավատը, հաստատակամությունն ու ջանքերը տեսնելով՝ կշտապի օգնության, կզորացնի մեր առաքինությունները ու մեզ տանջող կրքերն արդեն դյուրությամբ կհատվեն մեր հոգում: Ուստի համարձա՛կ եղեք, սիրելի՛ հավատացյալներ, պատրա՛ստ եղեք ձեր անձը տալու, որպեսզի շահեք Քրիստոսին: Թող ձեր ճակատը պարզ լինի Տիրոջ խորաթափանց հայացքի առջև: Թող ձեր սրտում միշտ տեղ գտնվի ձեր եղբայրակիցների համար: Թող ձեր ձեռքը միշտ մեկնված լինի դեպի կարիքավորը, հիվանդն ու տնանկը: Ձեր հանդիմանանքը թող որ սիրով և սրտացավությամբ լինի: Ձեր շուրթերը թող որ սեր ճշմարտություն, արդարություն, իմաստություն ու խաղաղություն քարոզեն: Ձեր աչքերը թող սեր ու բարություն ճառագեն: Իսկ աստվածապատկեր ձեր հոգին թող որ շողա աստվածային մաքրությամբ և հազարապատկված մնասներով, որպեսզի Արդար Դատավորի առջև ներկայանալով՝ արժանանաք լսելու բաղձալի խոսքերը. «Ազնիվ և բարի՛ ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր տասը քաղաքների վրա». ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

27.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․