Գրքեր

Տեառնընդառաջի քարոզ

«Եղիցի քեզ Տէր լոյս յաւիտենական, և փառք Քոյ Աստուած»:

«Քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը» (Եսայի 60:19):

​Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

​Այսօր մենք նշում ենք քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը: Սուրբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը Քրիստոսին բերեցին տաճար, որտեղ Սիմեոն Ծերունին և Աննա Մարգարեուհին եկան օրհնեցին ու փառաբանում էին Փրկչին, ինչպես Հիսուսի ծննդյան ժամանակ մոգերն ու հովիվները եկան երկրպագեցին Նրան: Աստծուն հավատացողներն ու արդարությունն ու ճշմարտությունը իրապես փնտրողները հասկացան և ընդունեցին Աստծո Մարմնացյալ Որդուն: Նրանք փարիսեցիների և ընդհանրապես հրեա ժողովրդի նման չկարծրացրին իրենց սրտերը, այլ խոնարհվեցին և հավատացին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Այս անձինք, որ Քրիստոսի հրաշագործությունները չէին տեսել, սակայն Իրենց անմնացորդ հավատքն ու երկրպագությունը ցույց տվեցին Մանուկ Հիսուսի հանդեպ, օրինակելի են մեզ համար, քանի որ ընդառաջ գնացին Նրան՝ հասկանալով, որ մարդկությանն ընդառաջ է եկել Ինքը՝ Արարիչ Աստված: Այն կինը, որ թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, արժանացավ Տիրոջ գովասանքին, որ դրանով կինը Իր հանդեպ բարի և հիշարժան գործ կատարեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար» (Մարկոս 14:9):

Իրականում, սիրելինե՛ր, որքան էլ որ մեզ համար հնչի Տիրոջը ընդառաջ գնալու կոչը, մենք պետք է գիտակցենք, որ առաջին հերթին Նա է, որ մեզ ընդառաջ է եկել ու գալիս է շարունակաբար: Ադամի և Եվայի ժամանակ Տերը եկավ նրանց մոտ և Իր հարցն ուղղեց նրանց, մինչդեռ նրանք թաքնվել էին: Առհասարակ Աստված Հայր է, որ ընդառաջ է վազում Իր անառակ որդուն, այսինքն՝ Իր մեղավոր զավակներին: 

Մինչև մենք սիրենք Նրան, Նա սիրեց մեզ և Իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի փրկի Իր արարածներին, որպեսզի Իր զավակները չկործանվեն: Որդի Աստված՝ Հիսուս Քրիստոս, ասում է մեզ. «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես ձեզ պատվիրում եմ: Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտե, թե տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ Իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ: Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք և ձեր պտուղը մնա, և ինչ էլ, որ Իմ անունով Հորիցս խնդրեք, ձեզ տա» (Հովհաննես 15: 14-17): Այսինքն՝ Որդի Աստված ևս ընդառաջ է եկել մեզ, մեր սիրելուց առաջ Ինքն արդեն սիրում է մեզ:

Հայտնության գրքում ասված խոսքերը միշտ արդիական են. «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ Ինձ հետ» (Հայտնություն 4:20): Մեզանից հասնում է միայն բացել մեր սրտերի փակված դռները Աստծո առաջ և փրկություն ընդունել, անտարբեր չլինել և խնդրել Տիրոջ օգնությունը, որ Նա ձրիաբար բաշխում է մեզանից յուրաքանչյուրին: 

Նույն կերպ և Սուրբ Հոգին է եկել մեզ ընդառաջ: Սուրբ Հոգու շնորհներով է, որ մենք զորություն ու մխիթարություն, ուժ ու կորով ենք ստանում՝ հաղթահարելու համար մեր կյանքի փորձություններն ու դժվարությունները, մեր մեղքերն ու տկարությունները. «Երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհաննես 16:13):

Այսքանից հետո Աստծուն արհամարհել և ցանկանալ կյանքը կառուցել առանց Նրա օրհնության ուղղակի անմտություն է: Իրականում առանց Աստծո ապրելը ինքնախաբեություն է, դատարկ, ունայն և անհետաքրքիր: Առանց Աստծո ապրելը նշանակում է սեփական անձը դատապարտել մշտնջենական աղքատության: Աղքատ է այն մարդը, որ ապրում է առանց Աստծո: Մարդը հպարտ է և ինքնաբավ, եթե Աստծո կարիքը չի զգում: Այնինչ մարդն առանց Աստծո տկար է և անզոր: Սուրբ Գիրքն ասում է. «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում նրա պահապանները» (Սաղմոս 126:1): Ուստի, հարկավոր է Աստծուն ընդառաջ գնալ և Նրա օրհնությունը ստանալ ամեն հարցում:

Այսօր Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակված է նորապսակների օրհնության օր: Ցանկանում եմ բոլորին Աստծո օրհնությամբ ընտանիք կազմել: Կանայի հարսանիքի ժամանակ Տերը եկավ, ջուրը վերածեց գինու, Իր օրհնությունը բերեց այդ ամուսնացող զույգին՝ նույնիսկ առանց նրանց խնդրանքի, և Իր ամենակարող օգնությունից չզրկեց նրանց: Հերթական օրինակներից մեկը, երբ Տերն ապացուցում է, որ առաջին հերթին Ինքն է գալիս մեզ ընդառաջ և օրհնում մեզ Իր բարեգթությամբ, հոգածությամբ ու սիրով: Նրա Աստվածային զորությունը ուղեկից է մեզ, աջակից է ու զորավիգ: Սրանք միայն բառեր չեն, այլ մարդկության պատմության հենց սկզբից արձանագրված իրողություններ: Նա գալիս է դեպի մեզ մեր գալուց առաջ:

Մեր կյանքը մեզ պարգևել է Աստված, որ մեր Երկնավոր Ծնողն է: Ինչպես ենք մենք հոգ տանում մեր երկրավոր ծնողների համար, ուշադրություն ցուցաբերում նրանց հանդեպ, այդպես էլ պետք է մեր Երկնավոր Ծնողին ուշադրություն դարձնենք՝ Նրան ընդունելով մեր ընտանեկան հարկերից ներս: Նա գալու է՝ մեզ համար հոգ տանի ներողամտաբար, անհիշաչար կերպով, սիրով և մեծ նվիրումով, առանց վնաս պատճառելու, մինչև մահ զբաղվելով մեզ հղկելով: Հետևաբար, սիրելինե՛ր, թող որ բոլորը մերկանան մեղքերից ու հարստանան Աստծով ու Աստծո բերած օրհնություններով: Թող մեր մտքերն ու խորհուրդները Աստվածաշնչյան հերոսների պես առաջնորդեն մեզ ճիշտ ուղիներով դեպի Աստված, դեպի Երկնայինը, դեպի հոգևոր աշխարհը: Թող Աստծո տանը մեր սրտերն իրենց հոգու ծարավի հագեցումը ստանան:

Եկեք, օրվա խորհրդին համապատասխան, Տիրոջն ուղղված սուրբերի աղոթքով մենք էլ խնդրենք Տիրոջը.

Լո՛ւյս իմ, լուսավորի՛ր իմ խավարը,

և հարությո՛ւն տուր ինձ մահից,

բժշկի՛ր իմ վերքերը,

Աստվածային սիրովդ այրի՛ր իմ մեղքերի փշերը՝

սիրտս բորբոքելով սիրուդ կրակով,

Թագավոր երկնավոր բազմի՛ր իմ սրտի գահին և թագավորի՛ր,

Քանզի Դու ես միայն իմ Թագավորն ու Տերը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

14.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․