Գրքեր

Տեառնընդառաջի նախատոնակը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնից քառասուն օր անց՝ փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբում է Տեառնընդառաջը: Ամեն տարի, փետրվարի 13-ին, հանդիսավոր ժամերգությամբ ազդարարվում է տոնի նախատոնակը:

Այս տարի ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մեծ թվով հավատավոր հայորդիներ իրենց մասնակցությունն էին բերել հանդիսավոր ժամերգությանը՝ Փրկչին ընդառաջ գնալու կոչին ունկնդիր: Ժամերգության ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ և անդաստան: Ժամերգության ավարտին, եկեղեցական թափորը, հոգևորականների գլխավորությամբ, Քրիստոսին խորհրդանշող Սուրբ Սեղանի կանթեղի լույսով և «Քրիստոս փառաց թագաւոր» տաղի երգեցողությամբ եկեղեցու բակում վառեց Տեառնընդառաջի խարույկը:

Մինչ խարույկը վառելը ներկաները եկեղեցու բակում դիտեցին Տեառնընդառաջի ավետարանական պատմության բեմադրությունը, որ կազմակերպել էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միություններն ու կիրակնօրյա դպրոցը: Լուսավոր բեմադրության ավարտին լուսավոր հրեշտակները ներկաներին հիշեցրեցին, որ մեր Փրկիչն է Ճշմարտությունը, Լույսը, Կյանքը, Դուռը, Ճանապարհը, Բարի Հովիվը և Ճշմարիտ Որթատունկը:

Ապա Տեր Վահան քահանա Առաքելյանը Ս. Սեղանի կանթեղի լույսով վառեց Տեառնընդառաջի խարույկը և ներկաներին պատգամեց. «Տեառընդառաջի տոնը հրավեր է յուրաքանչյուրիս Տիրոջն ընդառաջ գնալու, ինչպես որ Սիմեոն ծերունին ընդառաջ գնաց քառասնօրյա մանուկ Հիսուսին և գոհություն հայտնեց Աստծուն, որ արժանի դարձրեց իրեն տեսնելու Օծյալին՝ մարդկության Փրկչին, այնպես էլ, այս տոնի խորհրդով զորացած, հարկ է, որ ընդառաջ գնանք մեր Փրկչին և աստվածային օրհնությունը, սերը և լույսն ունենանք մեր կյանքի, հոգու և էության մեջ: Աստվածային լույսով լուսավորված ապրենք մեր կյանքի օրերը՝ հավատարիմ և ճշմարիտ հետևորդը լինելով մեր Փրկչի: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլոր նորապսակներին, քանի որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Մեր սիրելի՛ նորապսակներ, Աստծո օրհնությամբ և հոգածությամբ ապրեք ձեր կյանքի օրերը և ձեր համատեղ կյանքի ընթացքը թող լինի օրհնաբեր, զավակներ ունենաք և փառավորեք Աստծուն գոհությամբ՝ ձևավորելով քրիստոնյա ամուր ընտանիք՝ հիմնված ազգային և հոգևոր արժեքների վրա»:

Ազգային երգ ու պարով համեմվեց լույսի տոնախմբությունը: Տեառնընդառաջի ավանդական խարույկի շուրջ պարեցին Կենտրոն վարչական շրջանի ենթակայության ներքո գործող «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ի «Արմենիա» պարային համույթի սաները, իսկ «Տեառնընդառաջ» երգը կատարեցին և պարեցին Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների երաժշտության դաստիարակները: Կենտրոն վարչական շրջանը, ԱՀԹ-ի հետ համագործակցությամբ, արդեն հինգերորդ տարին է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպում է Տեառնընդառաջին նվիրված տոնակատարություն:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամները, ժողովրդական ավանդույթի համաձայն, ներկաներին բաժանեցին աղանձ և սաղմոսներից մեկական համար: Տիկնանց միությունը կազմակերպել էր նաև ցուցահանդես-վաճառք, որտեղ տիկնայք ներկայացրել էին իրենց կողմից պատրաստված տոնի խորհրդանիշ հուշանվերներ:

Տեառնընդառաջը հոգևոր մեծ ուրախություն պարգևեց յուրաքանչյուրին, քանի որ, ըստ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի՝ մեր Փրկիչը. «Մարդկության կողմից ընծայվեց որպես մարդ, իսկ Աստծո կողմից՝ Աստված: Որեմն, մենք ամեն տարի փառավորում, օրհնում և տոնում ենք Քրիստոսի գալուստը տաճար, քանի որ մեզ համար բարերարություններ և օգտակարություններ արեց: Ազատեց օրենքի ծանրությունից և տկարությունից՝ կոչելով այն կատարյալ ու թեթև օրենք: Որպես բարձրյալ և անդրանիկ զավակ՝ մեզ ընծայեց Հայր Աստծուն և հաշտեցրեց Նրա հետ: Բացեց Երկնքի դուռը, որ փակված էր մեր առաջ, և հրավիրեց մեզ այնտեղ»:

 

Կարինե Սուգիկյան

 

13.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․