Գրքեր

Տեառընդառաջի ժողովրդական սովորությունները

Տերընդեզ, Տրընդեզ, Տերընտաս, Տանդառեջ, Դառդառանջ, Դռնատունչ, Դռդոռաջ, Դոռոնջ, Դառանջ, Տոռոնջ-տոռոնջ, Տառինջ-տառինջ, Տնդալեշ, Մելետ, Մելեմետ-Տերընտաս. Տեառընդառաջ բառի աղավաղված տարբերակներն են, որ հայտնի են եղել հայոց կենցաղում:

Ժամանակին գոյություն են ունեցել Տեառնընդառաջի հետ կապված ազգային սովորույթներ և ավանդույթներ, որոնք այժմ համարյա թե մոռացվել են:

Համաժողովրդական այս տոնն ուներ համընդհանուր արարողակարգ և կատարվում էր փետրվարի 13-14-ին: Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ին երեկոյան ժամերգությունից հետո:

Տոնական խարույկն անտառային շրջաններում հիմնականում պատրաստում էին փայտից և հատկապես՝ ցրտեն, ցիրդ կամ ցրդի (գիհի) կոչված ծառի ճյուղերից (ըստ ավանդության, նորածին Քրիստոսին այդ ծառի ճյուղերով էին բարուրել), իսկ անտառազուրկ վայրերում՝ ծղոտից և ամենատարբեր փշերից: Ինչ վերաբերում է տեղին, ապա խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում (սովորաբար՝ երդիկների վրա), փողոցներում, դաշտերում և այգիներում: Սովորաբար, առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին: Խարույկը առաջինը վառում էր քահանան, ապա՝ երիտասարդները:

Տեառընդառաջի բազմաթիվ սովորությունների մասին տեղեկանում ենք Քաջբերունու «Հայկական սովորություններ» գրքից: Հին Ջուղայում փշե դեզ էին պատրաստում եկեղեցու բակում: Հանդիսակատարության ժամանակ երիտասարդները վառված մոմերը ձեռքերին, շարքով կանգնում էին դեզի առաջ: Երբ քահանան, կարգը կատարելով, իր մոմով առաջինը վառում էր դեզը, նրանից հետո վառում էին նորապսակները: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության, պետք է լինեին յուրաքանչյուրի տան տանիքի վրա: Վառած դեզի վրայով լոք էին տալիս, այսինքն՝ ցատկում էին: Նորապսակ երիտասարդների բարեկամները այդ երեկո նորահարսի համար բերում էին տեսակ-տեսակ ուտելիքներ, որը կոչվում էր խոնչա: Երեկոյան արձակում էին հրացաններ:

Վաղարշապատում և շրջակա գյուղերում նորահարս ունեցող տունը հրավիրում էր աղջիկներին և հարսներին Դըրընդէզի տոնը կատարելու:

Ղազախի գյուղերում դեզը վառվում էր միմիայն եկեղեցու մոտ: Վառելու իրավունքը նույնպես տրված էր նորապսակ երիտասարդներին, որոնցից հետո, սակայն, կարող էր վառել ամեն ոք: Դեզի ծուխի թեքվելը նշան էր այս կամ այն կողմի բերրիության: Բոցը վերջանալուց հետո սկսում էին ցատկել կրակի վրայով: Ապա, մի կիսայրած փայտ դեզից վերցնում տանում էին տները և պահում ապահով մի տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը շատ ձու ածեն, մի կտոր էլ դնում էին խաշի մեջ, որպեսզի հացը առատ լինի:

Նույն սովորությունը կար նաև Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Պոլսում և հայրենի բոլոր գյուղերում:

Երեկոյան ժամերգությունից հետո պատրաստում էին ավանդական խեծաղը (կամ՝ խեծախը), որը նշանված աղջկա ծնողները նվիրում էին փեսացուին, միաժամանակ, չմոռանալով նաև վերջինիս նվերները (սովորաբար՝ գոտի, գդակ, թաշկինակ և այլն): Ընծաները հիմնականում ուղարկում էին երեխաների միջոցով, որոնց նկատմամբ խնամիները հարգալից վերաբերմունք էին ցուցաբերում: Ինչ վերաբերում է խեծաղին, փեսացուն այն բաժանում էր տնեցիներին և ընկերներին:

Գրեթե ամենուր՝ ցորենից, գարուց, կորեկից, ոսպից ու սիսեռից աղանձ (խեծաղ) էին պատրաստում: Հարսնացուի ու փեսացուի անուններով հաճախ խնամիներն աղանձափոխանակություն էին կատարում: Նորապսակներին մատուցված նվերները խորհրդանշական բնույթ ունեին, որոնց նպատակը սերնդաճին նպաստելն էր:

Բարեկամ կանայք ևս պարտավոր էին ընծաներով գնալ և նորահարսներին դուրս հանել՝ «ի տես Տեառնընդառաջի»:

Տոնի առթիվ նորապսակներին տրված ծիսական նվերների այդ համալիրը հայտնի էր «խոնչա» անունով:

Տրընդեզին տարածված էր նաև օժիտ տանելու սովորույթը, հատկապես նոր ամուսնացած հարսի օժիտը, որի տեսականին շատ համեստ էր և սովորաբար ձեռագործ իրեր էին (թևաշոր, թաշկինակ, գլխաշոր, գլխարկ և այլն): Ինչ վերաբերում է օժիտ տանելու արարողակարգին, ապա այն հիմնականում ուղեկցում էր հեղինակավոր կանանցից որևէ մեկը: Վերջինս խնամու տանը ցուցադրաբար ներկայացնում էր օժիտը, ինչպես նաև փեսայի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսված նվերները: Խնամիները ևս, իրենց հերթին, նվերներ էին մատուցում օժիտը բերողներին:

Հայոց կենցաղում մինչև 20-րդ դ. 30-ական թթ. գրեթե ամբողջությամբ պահպանվել էր Տրընդեզի ավանդական ծիսահամալիրը՝ տոնա-ծիսական ուտեստը (աղանձ-խեծաղ, հալվա, չիր և այլն), նորապսակների կապակցությամբ ազգականների փոխայցելություններն ու նվիրատվությունները, բաժինքի կամ օժիտի ավանդույթը և հատկապես՝ ծիսական խարույկի հետ կապված արարողությունները, գուշակությունները, որոնց միջոցով ակնկալվում էր սպասվող բերքի առատություն, անձնական երջանկություն և բոլոր տեսակի հիվանդություններից ձերբազատում:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

13.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․