13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր

Տեր Դավիթ քհն. Մարգարյանի անդրանիկ քարոզը խոսված Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում

Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո.

 

«Մի՛ երկնչիր, յայսմհետէ զմարդիկ որսասցես ի կեանս»:

«Մի երկնչիր, այսուհետև մարդիկ պիտի որսաս կյանքի համար»:

 

Քրիստոսասե՛ր քույրեր և եղբայրներ,

Աստծո տնտեսության մեջ Արարիչն Աստված և մարդ հարաբերության ժամանակ, երբ մարդն ուղեկից ունենալով ինքնաճանաչողության և ինքնաքննության լույսը, իջնում է իր հոգու խորքերը՝ այնտեղից առավել փառավորությամբ տեսնելով Աստծուն, առավել մեծվայելչությամբ, պարզապես թելադրված իր հոգուց, ստիպված է լինում կանգնելու նրա առջև և կրկնելով Պետրոս առաքյալին ասելու. «Ի բաց գնա յինէն, Տէր, զի այր մեղաւոր եմ ես»:

Այո՛, այդպես եղավ նաև մեր ողջ ուսանողության շրջանը, երբ մուտք գործեցինք Մայր Աթոռի դարպասից ներս, որպես անփորձ և որոնող երիտասարդներ ցանկացանք գնալ Աստծո լույսի ետևից: Եվ այդ ճանապարհին մեր խոկումների և աղոթքների պահին, ի դիմաց կանգնելով Էջմիածնի Մայր Տաճարի Սուրբ խորանին, միայն մեկ նախադասությամբ արտահայտեցինք մեր ողջ զգացումներն ու ապրումները. «Ի բաց գնա՛ յինէն, Տէ՛ր, զի այր մեղաւոր եմ ես»: Այդ մասին կարող են վկայել ներկա հոգևոր եղբայրներս, ովքեր իմ հոգևոր խորհրդատուներն էին և որոնց հետ կիսել եմ կյանքիս լավագոյն պահերը, կիսել եմ և եղել սեղանակից ֆիզիկական հացի, հոգևոր հացի՝ աղոթքի, ինչպես նաև երկարամյա կրթության և հոգևոր ուսումնառության:

Սակայն հազար փառք Աստծո, որ իր Եկեղեցու կանչի և կոչի միջից հնչեցրեց իր քաղցրահունչ ձայնը, թե «Մի՛ երկնչիր, այսուհետև մարդիկ պիտի որսաս կյանքի համար», որի համար կրկին ու կրկին խոնարհվելով նրա փառքի առաջ, ասում ենք՝ «Օրհնյալ ես դու Տեր և օրհնյալ են փառք մեծության Քո», որ մեզ բարձրացրիր և կարգեցիր առաքյալներիդ առաքելակից, հրեշտակներիդ պաշտոնակից ու հավասարակից այս ահեղ և զորեղ խորհրդին:

Հարգելի՛ քրիստոսասեր ժողովուրդ,

Աստծո հայացքի առջև, ի դիմաց մեր հոգևորականաց դասի և հավատացյալ ժողովրդի, նախ ցանկանում եմ գլուխ խոնարհել երջանկահիշատակ Հայրապետների՝ Վազգեն Առաջին, և Գարեգին Առաջին կաթողիկոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց անմահ հոգիներին, ու այս զգացումով, սաղմոսանվագի համաձայն, իմ սրտի խորքերից շնորհակալություն և երախտագիտություն հայտնել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին, որ արժանի համարեց մեզ՝ ինը նորաօծ քահանաներիս քառասուն օրեր առաջ դառնալու սպասավորն Աստծո Սուրբ Սեղանի, Աստծո տան անդաստանի: Նրանք ինչպես մեզ ընկղմեցին Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան այրի մեջ, այնպես էլ բարձրացրեցին Գողգոթայի ամենավսեմ բարձունքը, առանց առաջինի չէր կարող լինել երկրորդը, բայց առանց երկրորդի՝ անորոշության և անիմաստության մեջ կմնար առաջինների տարողությունը:

Այո՛, իրենց հաստատակամ և առաքելադրոշմ Աջի օրհնությամբ և շուրթերից բխած հայրախնամ աղոթքով մեզ միաձուլեցին այդ Բարձունքին՝ դարձնելով ողեգորգ մահվանից դեպի կյանք ճանապարհի, մի փոշեհատիկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու այս հսկայական աստվածակառույց հոգեշենքի մեջ: Եվ այս իսկ պահին ուխտում եմ լինել հավատարիմ զավակը՝ անտրտունջ սպասավորը և որդի-ծառան Մայր Եկեղեցու և նրա գահակալի, որ է հնազանդվել և ծառայել Աստծուն, ընդհանրական և Տիեզերական եկեղեցուն, նրա անցյալի ժառանգությանը և ներկայի միջոցով՝ ապագայի առաքելությանը:

Աղոթեցե՛ք և օրհնեցե՛ք մեզ, նաև դուք, սիրելի՛ հոգևոր եղբայրներ, որ որոշակի ժամանակ առաջ խրատատու և կրթիչ հայրեր էիք, իսկ այժմ՝ խորհրդատու եղբայրներ: Մենք մեկ առաքելության ենք կոչվել՝ մարդկանց «Ի խաւարէ ի լոյս, յանգիտութենէ ի գիտություն ճշմարտության» բերելու, և վստահ եմ, որ յուրաքանչյուրիս էլ տարբեր հոգեվիճակներում լսվել է Տիրոջ ձայնը, թե. «Մի՛ երկնչիր, այսուհետև մարդիկ պիտի որսաս կյանքի համար»: Մեզ համար այդ կյանքն ամբողջանում է ու իմաստ գտնում Հայ Եկեղեցու շրջագծի և ճառագայթման մեջ, որը անհուն և անպարփակ մի տարածություն է, կյանք է ու ապրելու եղանակ: Եթե մեր կյանքի որևէ հատվածում բացակայի այս աստվածային դրվածքը, ապա իզուր ենք ապրել մենք, և անիմաստ է ընթանում մեր կյանքի անիվը:

Սիրելինե՛րս,

Մեզանից յուրաքանչյուրը, որպես իր հոգու և կանչի արտահայտություն, բազում անգամներ է մուտք գործել Եկեղեցու պատերից ներս: Բայց պարտավոր ենք մուտք գործել մտնելով այստեղ, ոչ թե շոշափել-անցնելով, այլ միախառնվելով ու ներծծվելով այս սրբազան քարերին, որոնք հիմնադրվել են Սուրբ Կուսանաց արյան ոռոգումով, մեր սրբահոր՝ բազմերախտ Գրիգոր Լուսավորչի արցունքի ու տառապանքի շաղախով և Տիրոջ կողմից այս ամենի երկնային շողերի գմբեթավորմամբ: Մեր առջև տևական հարցադրում և կյանքի խնդիր պիտի լինի, թե որքանո՞վ ենք արժանի այս ճշմարտությանը, որքանո՞վ ենք իսկապես ծառան այս աստվածադիր կառույցի: Արդյո՞ք մեր կյանքը իսկապես խարսխել ենք Հիսուսի ճշմարիտ եկեղեցու վրա և այդ Եկեղեցու միջի՞ց ենք տեսնում մեր հետագա գործունեությունը կամ մեր հետագա կյանքը, որ է հասնել մի երանական վիճակի՝ անդադար փառավորելով Աստծուն իր ամբողջության և կատարելության մեջ:

Այս եկեղեցի մուտք գործելիս՝ ցանկացած մարմնական գործ մոռացությամբ մեկ կողմ թողնենք՝ մտքի սլաքն ուղղելով դեպի երկինք: Իզուր և թափուր է մեր մուտքն այստեղ, Եթե չկա հոգու խրախճանքը, եթե այն սոսկ մարմնական և արտաքին ձևապաշտություն է: Աստծո փառաբանվող և օրհներգվող անունը ոչ թե լոկ շրթնային և կոկորդային բարբաջանք է, այլ հոգու բոցկլտում, այլապես այն կնմանվի պղնձից արձակված դատարկ հնչյունի:

Մեր հոգու հրճվանքն արտահայտնենք ոչ միայն աղաղակ բարձրացնելով, այլ լուսավառված սրտերով, կյանքի մաքրությամբ և ողորմածությամբ: Եկեղեցին հանդիսավայր ու լսելության տեղիք չէ միայն, այստեղից անհրաժեշտ է դուրս գալ միշտ օգուտ քաղած և աստվածային պատգամներով լցված: Եկեղեցուց հեռանալիս Ձեր այստեղ արթնացած մտքերն ու զգացմունքները Ձեզ հետ տարեք տուն, ձեր երեխաներին և ընտանիքներին, բարեկամներին և հարևաններին որպես բուրումնավետ ծաղիկներ և անուշահամ մրգեր: Եվ այդ ժամանակ է, որ ձեր բնակարանները կդառնան աստվածային գեղեցկագույն պարտեզներ, իսկ կյանքը՝ աստվածային հրաշալի խնջույք:

Մենք, կոչվելով այս սրբազան ծառայության և առաքելության, ամբողջական գիտակցությամբ ու ընկալումով խոսք ենք հղում ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ, լինենք Տիրոջ հավատարիմ ծառաները՝ մշտապես մեր ուղեղների մեջ դրոշմելով, որ այս երկրագնդի վրա գոյություն ունի Աստծո իրավահաջորդը՝ Եկեղեցին, ոչ միայն մեր սրտին հարազատ Հայաստանյայց Եկեղեցին, այլև նրա լույսերի միջից երևացող ընդհանրական եկեղեցին, որ միայն այսօրվա եկեղեցին չէ, այլ անցյալի և ապագայի: Այս հրավերն է ուղղում մեզ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մարգարեի բերանով, թե դարձեք դեպի ինձ, և ես պիտի դառնամ դեպի Ձեզ: Եվ այս ճանապարհով կկարողանանք տեսնել Աստծո լուսավոր դեմքը, քանզի արտաքին ճանապարհը մշտապես խցանված է ու փակ:

Օգտվելով լավագոյն առիթից, ուզում եմ միաժամանակ որդիական շնորհակալությունս հայտնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Հորը, որ արտոնեց այս նվիրական օրով անդրանիկ պատարագ մատուցելու բերկրանքը կիսել Ձեզ բոլորիդ հետ: Ինչպես նաև իմ եղբայրական շնորհակալություններս եմ հայտնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվությանը և քահանայից դասին՝ ի գլուխ ունենալով Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, ով անվարան կերպով հրավիրեց հետին ծառայիս այսօր միասնական աղոթք վերառաքելու առ բարձյալն Աստված: Այո՛, և եկա իմ աղոթքը թաթախելու Ձեր աղոթքի մեջ և ստանալու՝ որպես անդրանիկ պատարագիս վարձատրություն Սուրբ Աստվածածնի զորավոր բարեխոսությունն ու խնամակալությունը իմ ողջ հետագա հոգևոր գործունեության համար:

Հարգելի՛ հավատացյալներ,

Արդարության առջև մեղանչած կլինեմ որպես հոգևոր մշակ, եթե այսօր այս սուրբ սեղանից չհիշենք ու միասնաբար չաղոթենք մեր այն զավակների համար, ովքեր հայրենանվիրության զոհասեղանին դրել են և շարունակում են դնել ամենաթանկը՝ Աստծուց ստացած իրենց եզակի կյանքը, ովքեր սրբորեն և աձնուրացաբար պաշտպանում են մեր հայրենյաց սահմանները՝ դարձնելով դրանք անառիկ: Նրանք իրենց իմաստուն և զգոն ռազմավարությամբ միախառնում են վարդանյան անձնազոհությունն ու վահանյան հնարամտությունը:

Ահա մեր քաջարի սուրբ նահատակների բարեխոսությունն ենք խնդրելով աղաչում, որ Տերն անսասան պահի մեր հայրենյաց ներքին և արտաքին սահմանները, իմաստություն տա հայ ժողովրդին ու նրա առաջնորդներին, զորք ու զորականին, հույս և հավատ՝ մեր առյուծածին մայրերին, հաղթելու և շիջուցանելու չարի յուրաքանչյուր մի որոգայթ և փորձություն:

Բյուր օրհնություն և խունկ, անմահացած մեր բոլոր հերոսների շիրիմներին, որոնց քաջության շնորհիվ այսօր այստեղ խաղաղ կերպով կատարում ենք այս աստվածպաշտական արարողությունը:

Այս իսկ խոհերով և պատգամով. «Հաստատուն մնացե՛ք, մխիթարվեցե՛ք, միաբան եղե՛ք, խաղաղություն արե՛ք և խաղաղության և սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ: Ողջույն տվեք միմյանց սուրբ համբույրով» Հայաստանյայց եկեղեցու տաճարացման հովանու ներքո:

«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո Սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը լինեն Ձեզ հետ» հավիտյանս ամեն:

 

 

Տեր Դավիթ քհն. Մարգարյան

04.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․