Գրքեր

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը

«Ծնաւ նոր արքայ Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք, զի վասն մեր մարմնացաւ» (Շարական):

 

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Աստվածապարգև արևաբույր ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս քրիստոնեական կարևորագույն տոներից մեկի՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Ճշմարիտ քրիստոնյաների համար այս տոնը մի առանձնահատուկ քաղցրություն և ջերմություն ունի, քանզի այսօր նշում ենք ծննդյան տոնը Նրա, ով հատուկ մեզ համար ծնվեց: Նա թողեց մարդկային աչքի համար աներևույթ անհուն երկնային բարձունքները, որպեսզի այն երևութականացնի մեզ համար երկրի վրա: Նա մեծագույն շնորհ արեց մեզ՝ մահկանացուներիս, Իր աստվածային էությունը մարդկային մարմնի մեջ պարփակելով, քանզի դրանով անգին հնարավորություն պարգևեց մարդկային ցեղի որդիներին՝ անմիջականորեն հանդիպելու Աստծո մարդացյալ Որդուն: Քրիստոս երկիր եկավ և ծնունդ առավ Սուրբ Աստվածածնից մարդու կյանքն ու նրա հաղորդակցությունը Երկնային Հոր հետ վերանորոգելու համար: Երկու հազար տարի առաջ բեթղեհեմյան երկնակամարում վառ փայլատակող աստղը մոգերին ցույց տվեց այն մսուրը, որտեղ շնորհընկալ սուրբ Կույս Մարիամից ծնվեց Աստծո խոստացած մարդկության Փրկիչը: Այսօր մեր սուրբ եկեղեցիների դեպի երկինք խոյացող գմբեթներից նայող խաչերն էլ համայն մարդկությանը ցույց են տալիս այն վայրը, որտեղ կրկին անգամ ծնունդ է առնում Փրկիչ Մանուկը Իրեն հավատացողների մաքուր ու խոնարհ սրտերում: «Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»,- ասում է Ղուկաս Ավետարանիչը, «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք» (Հով. 10։10),- հավելում է Քրիստոս։ Եվ այս բարի ավետիսն է, որ այսօր միլիոնավոր բուխարիների կրակից էլ առավել ջերմացնում է մեր հոգիները, և սուրբծննդյան տոնից ծնված աննկարագրելի պայծառ ուրախությունն է, որ գալիս է հալեցնելու նույնիսկ ամենասառն ու խիստ սրտերը:

Արդ, թող եկեղեցիների սուրբ հարկի ներքո հնչող սուրբծննդյան աղոթքներն ու շարականները խնկի ծխի թևերով թռչեն դեպի յուրաքանչյուրիդ սրտերը և այնտեղ բացվեն անթառամ ծաղիկների պես՝ Քրիստոսաբույր անուշահամ նեկտարով լցնելով դրանց դատարկությունները: Թող Մանուկ Հիսուսի լուսապսակ կերպարն անասելի ուրախությամբ ու հույսով լցնի բոլոր նրանց հոգիները, ովքեր մեծ սիրով ու երկյուղածությամբ են այդ պատկերը կրում իրենց սրտերում: Թող Բարձրյալն Աստծո անհատնում ողորմածությամբ այս սքանչելի տոնի անհուն խորհուրդը բացվի այն մոլորյալ զավակների հոգիներում, ովքեր դեռևս ճշմարտության փնտրտուքների մեջ են, և Քրիստոսակիր լույսը թող առաջնորդի նրանց դեպի միակ և իրական Ճշմարտություն (Հովհ. 14:6): Մենք էլ մեր օրհնաբանությունները միացնենք քերովբեների, սերովբեների և երկնային մնացյալ բնակիչների փառաբանությանը և մեծ ցնծությամբ ավետենք ի լուր համայն աշխարհի.

 

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

 

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

05.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․