Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա պատգամը

Թանկագի՛ն հավատացյալ եղբայրներ և քույրեր, մեր կայքի սիրելի՛ ընթերցողներ,

Սրտագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին, և աղոթում առ Երկնավոր Հայր, որպեսզի Բարձրյալի Սուրբ Աջի հովանու ներքո մուտք գործեք նոր տարի և այն պահապան լինի ձեզ ողջ տարվա ընթացքում:

Սիրելինե՛ր, շնորհավորում եմ ամենքիս և գոհաբանությունս հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր անսահման սիրո, երկայնամտության ու ողորմածության համար, որ արժանացրեց մեզ ևս մեկ տարի անցնելու և միասին նորը դիմավորելու: Վստահ եմ բոլորս էլ անցյալ տարի անցել ենք մեծ ու փոքր փորձությունների, նեղությունների ու վշտերի միջով, սակայն դիմացել ենք ի փառս Հիսուս Քրիստոսի: Փորձությունների չարաշունչ հողմերն ի զորու չեղան արմատախիլ անել մեզ, որովհետև Ամենակալի հոգածությամբ, Տիրոջ սուրբ մարմինը հանդիսացող Եկեղեցին իր հաստատուն պատերի ներքո պատսպարեց ու խնամեց մեզ՝ աստվածային ուժն ու զորությունը հաղորդելով մեր հետագա ընթացքի համար: Մեր Ամենախնամ Հայրն Իր մեծագույն սիրով պատեց մեր սրտերն ու միավորեց Իր աշխարհասփյուռ զավակներին անցնող տարում՝ մղելով մեզ միասնաբար բարիք գործելու, որ Աստծո օրհնությամբ միասին իրականացրեցինք մեր կարիքավոր եղբայրներին օգնելու նպատակով ստեղծված սոցիալական ծրագրերի միջոցով: Հայրենասիրության և մերձավորին սիրելու աստվածապատգամ ոգին միավորեց մեզ օգնության ձեռք մեկնելու և մեր աջակցությունը բերելու հայրենիքի սահմանները պաշտպանող քաջարի զինվորներին և նրանց ընտանիքներին: Քրիստոսի սերը համախմբեց մեզ մեր Երկնավոր Հոր Տան բարեկարգման ու շենացման սուրբ գործում և վստահ եմ, որ Զորությունների Տերն Իր օրհնություններ է բերել ու բերելու ամենքիս՝ մեր սրտերում ունեցած նույնիսկ մեկ կաթիլ սիրո համար:

Կրկին անգամ փառաբանում եմ մեր Արարչին ու Փրկչին և Նրա օրհնությունը հայցում՝ մեր հավատքի մեջ միասնական, անսասան ու սիրո մեջ մնալու համար: Թող աստվածային սերն իր խնկաբույր մաքրությունը տարածի ողջ հայ ազգիս, մեր սիրասուն հայրենիքի, դրա սահմանները պաշտպանող մեր զավակների և համայն աշխարհի վրա՝ բարությամբ, խաղաղությամբ ու աստվածային լույսով լցնելով բոլորի հոգիները: Թող ամանորյա մեր մտածումներում առաջնային տեղը գրավի աստվածապարգև առաքինություններով մեր հոգիները զարդարելն ու աստվածային գեղեցկությամբ ու հարստությամբ նոր տարի մտնելը:

Մաղթում եմ, որպեսզի մանկան անկեղծ ուրախությունը, հրաշքներին հավատալու կարողությունը և անշահախնդիր սերն ուղեկից լինեն ամենքիս այս նոր տարում և տարեմուտն ազդարարող զանգերի ներքո բոլորիս հոգիներից ու շուրթերից հնչի քրիստոնյաներիս համար նվիրական ցանկությունը. «Քո Սուրբ կամքը թող լինի, Տե՛ր»: Ամեն:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

31.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․