Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա շնորհավորական խոսքը

Սիրելի՛ եկեղեցանվեր հավատացյալներ, մեր կայքի և էջի հավատարիմ հետևորդներ,

Ձմեռն իր ցրտաշունչ թևերն է փռել, ահա, Հայոց աշխարհի վրա և վաղն արդեն 2020 թվականն իր իրավունքների մեջ կմտնի ու կդառնա իրականություն: Օրացույցի վերջին էջի հետ մենք էլ կփակենք մեր կյանքի այս տարվա վերջին էջն ու կլծվենք նորի արարմանը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք աշխարհը, ապա երկրագունդը մի վիթխարի գրադարան է՝ մարդկային կյանքերի պատմության գրքերով: Դրանք բազմաթիվ ու բազմազան են. հաստ ու բարակ, պատկերազարդ և ոչ այնքան, շքեղ ու անշուք կազմերով: Դրանց բոլորի հեղինակն, իհարկե, մարդ արարածն է, սակայն չափազանց կարևոր է թե ով է համահեղինակը: Եվ այսօր, երբ կեսգիշերին մարդկության մեծամասնությունը սրտի թրթիռով հաշվելու է ժամացույցի զարկերն ու երազանք պահելու, ես մաղթում եմ, որպեսզի ձեր նվիրական երազանքը, սիրելի՛ հավատացյալները, ձեր աղերսը Երկնավոր Բարերարին լինի հրավերը՝ համահեղինակելու ձեր կյանքի գիրքը, քանի որ չկա ավելի մեծ օրհնություն, քան Ողորմած և Գթառատ Հոր առաջնորդությամբ ապրած կյանքը: Ուստի մաղթում եմ, որպեսզի այս տարի ողջամտությունը, խոնարհությունն ու առաքինասիրությունը լինեն ձեր հոգու գլխավոր զարդերը և ձեր կամքն ուղղեն Արարչի սուրբ կամքին հնազանդվելուն: Որպեսզի այս նոր տարում ձեր կյանքի խնկաբույր անուշահոտությամբ ողողված և աստվածային սեր ու կենարար լույս շողարձակող էջին միմիայն աստվածահաճո պատմություն գրվի, որի համար չեք ամաչի և որն այլևս սրբագրելու կարիք չի ունենա:

Մաղթում եմ նաև, որ Տիրոջ ամենահաղթ խաչի նշանը պահպանիչ զրահի պես տարածվի հայոց երկնակամարում՝ խաղաղություն պարգևելով մեր երկրին: Քրիստոսի սերը բոլորիդ միավորի եկեղեցու համայնքից ներս և առաջնորդի ողորմության ու առաքինության գործերի: Տիրոջ անսպառ օրհնությունը լինի ձեր ընտանիքների գլխավոր նվերն այս տարի և նախքան հյուրերի առջև կբացեք ձեր տան դռները, ձեր սրտի դուռը բա՛ց արեք ամենահարազատ ու թանկագին հյուրի՝ Տեր Հիսուս Քրիստոսի առջև, որ դռան առաջ է և բախում է. եթե մեկը ականջ դնի Նրա ձայնին և բաց անի դուռը, կմտնի նրա մոտ և կընթրի նրա հետ:

Շնորհավոր Ամանոր, սիրելինե՛ր, թող Տիրոջ քաղցր ներկայությունը, անհատնում սերն ու Սուրբ Հոգու անսպառ շնորհները ձեր ուղեկիցները լինեն այս տարում:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

31.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․