1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա ուղերձը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարի՛մ զավակներ,

Մեզանից շատերն այսօր շտապում են վայրկյան առաջ փակել 2020-ի վերջին էջն ու դրա իրավունքն ունեն:

Ես այսօր մտովի հետ եմ դառնում՝ թերթելով անցնող տարվա էջերը և տեսածս ամենաիսկական աղետ ու ողբերգություն է՝ հայ ազգիս պատուհասած. սուտ, կեղծիք, վախ, տագնապ, վտանգ, անորոշություն, ատելություն, անքուն գիշերներ ու մոլորյալ ժողովուրդ՝ սարսափելի կորուստների առջև շվարած: Ձեզ պես ես էլ շտապում եմ փակել 2020-ի դառնաղետ էջերը, բայց ո՛չ մոռանալու նպատակով. զավակի ու սիրելիի կորուստը, Մայր Հայրենիքի անդամահատումը երբեք մոռանալ չես կարող, այլ փակում եմ էջը՝ աղոթքով ու համոզումով, որ այն այլևս երբեք չպետք է կրկնվի: Ես այսօր հետ եմ նայում ու սարսուռով վերհիշում մեր զավակների անթիվ-անհամար աճյունները, որ չէինք հասցնում մայր հողին հանձնել: Անասելի վշտի տակ կքած որդեկորույս ծնողներին եմ հիշում, որոնց աչքերի մեջ չէինք կարողանում նայել, բայց որոնց համար պետք է մխիթարության խոսքեր գտնեինք: Աչքիս առջև են կանգնում մեր տասնյակ հազարավոր տնանկ դարձած եղբայրներն ու քույրերը, խեղանդամ զինվոր զավակներն ու եղբայրները, որոնց պետք է քաջալերեինք ու հուսադրեինք, բայց այլևս ինքներս էինք քաջալերման կարոտ: Ես հետ եմ նայում ու տեսնում իմ չքնաղ, իմ հրաշք, իմ անչափ սիրելի Հայրենիքը՝ մեր Հայաստան ու Արցախ աշխարհը, մեր Մորը, որ ծնել, սնել ու իր ամեն բարիքով, ամեն քար ու թփով, ծառ ու ծաղկով շոյել ու փայփայել է մեզ: Եվ այսօր սարսափով եմ նայում իմ Մոր, մե՛ր Մոր բզկտված, վիրավոր մարմնին ու ներողություն մրմնջում: Ու այս ողջ ողբերգությունից հետո բարձրացնում եմ աչքերս ու իմ շատ հայրենակիցների մեջ նույն ցավը չեմ տեսնում: Իսկ մարդիկ պիտի ցավ ապրեն, պիտի ցավը զգան, որպեսզի հասկանան, որ հիվանդ են ու սկսեն պայքարել ապաքինվելու համար…

Ես այսօր խորհում եմ իմ անցյալ տարիների, արածիս ու չարածիս մասին, ասածիս ու լռածիս մասին և ապաշխարում եմ: Ես այսօր աղոթում եմ: Աղոթում եմ իմ մեղքերի թողության համար, որ կամա թե ակամա գործում եմ. «Մեղա՜ Քեզ, Տե՛ր: Ողորմի՜ր ինձ՝ բազմամեղիս»: Աղոթում եմ մեր հերոս նահատակների հոգու փրկության համար. «Հանգուցյալների հոգիներին հանգիստ և ողորմություն պարգևիր, Քրիստո՛ս Աստված մեր»: Աղոթում եմ Հայրենիքիս միասնության, զարթոնքի, խաղաղության ու անսասանության համար. «Բարեգո՛ւթ Տեր, ամենզոր Աջովդ վերականգնի՜ր, պահպանիր ու զորացրու մեր հայրենի հողն ու նրա սահմանները և փրկի՜ր երևելի ու աներևույթ թշնամուց»: Աղոթում եմ հայապահպան ու ազգանվեր Մայր Եկեղեցուս շենացման համար. «Ամենախնա՛մ Տեր, մեր սուրբ հայրապետների բարեխոսությամբ կանգո՛ւն պահիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»: Եվ աղոթում եմ այն հայորդիների համար, ովքեր այսօր ոչ միայն ֆիզիկապես են գերության մեջ, այլև հոգով են հայտնվել թշնամու ծուղակում: Այն հայորդիների, ովքեր դեռևս կույր են «աչոք ու մտոք», չեն ուզում սուտը զանազանել ճշմարտությունից և խարխափում են դիվական թմբիրի ու մշուշի մեջ: Թող որ Տերը ողորմի նրանց ու ազատագրի հպարտության, անձնասիրության, մեծամտության, անմտության, ստախոսության, խարդախության, ամբարտավանության, անտարբերության մահացու ախտերից.

Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,

Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,

Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:

Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,

Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,

Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,

Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,

Եվ վերքերը կառողջանան.

Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,

Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,

Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.

Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,

Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,

Հուսահատությունները կհալածվեն,

Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:

Սիրելինե՛ր, ուզում եմ լավատես լինել և մաղթել, որպեսզի 2021 թվականը բոլորիս ապաշխարությամբ, Սրբուհի Աստվածածնի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և մնացյալ սրբերի բարեխոսությամբ խաղաղություն ու կայունություն բերի մեր անգին Հայրենիքին և դառնա ազգանվեր, հայրենասեր, եկեղեցասեր Հայի զարթոնքի ու դարձի տարի՝ փաստելով, որ. «Ինչ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է», և որ նույնիսկ ամենամռայլ գիշերվանից հետո անպայման ծագում է Լո՛ւյսը:

 

Աղոթքով և օրհնությամբ՝

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

31.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․