Գրքեր

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի տարեմուտի քարոզը

«Այստեղ օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր ծառաներ, որ գտնվում էք Տիրոջ տանը և մեր Աստծու գավիթներում։ Գիշերը դեպի սրբությո՛ւն պարզեցեք ձեռքերը ձեր, և օրհնեցե՛ք Տիրոջը։ Թող Տերն օրհնի մեզ Սիոնից, Նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սղմ. 134:1-3):

 

Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Փառաբանական աղոթքով սկսեցի տարեմուտի այսօրվա խոսքս և վստահ եմ, որ առ Երկնային Տեր ուղղված ձեր փառաբանություններն էլ միացան Դավիթ մարգարեի օրհնաբանության խնկաբույրին ու որպես անուշաբույր ընծաներ մատուցվեցին Ամենակալի Գահի առջև: Թող այսօր ամենայնի Արարիչ Երնավոր Տերն ընդունի ձեր սրտաբուխ աղոթքներն ու հավիտենության մեջ մասնակից դարձնի ձեզ այն իրական տոնին, որ պատրաստել է Իր հավատարիմ զավակների համար:

Սիրելինե՛ր, փա՜ռք Ամենակալին, որ հնարավորություն ունենք այժմ այստեղ՝ այս Սուրբ հարկի ներքո գտնվելու և նոր տարին սկսելու առ Աստված ուղղված մեր աղոթքներով: Քանզի Աստծո կողմից սրբագործվում է յուրաքանչյուր գործ, որ սկսվում և ուղեկցվում է աղոթքով:

Չգիտեմ, թե ինչպիսին է ձեզ համար եղել անցնող տարին, ինչ եք թողել այնտեղ և ինչ եք ձեզ հետ վերցրել որպես ուղեկից նոր տարում: Չգիտեմ, կշարունակվե՞ն արդյոք այն խնդությունները, որ ունեցել եք արդեն անցյալ տարում, կչորանա՞ն այն արցունքները, որ դառնությունների ու փորձությունների արտացոլումն են եղել: Մեզանից և ոչ ոք չգիտե, թե վաղն ինչ ընտրություն է ինքը կատարելու, չգիտե, թե իր կյանքի որ պատմությունն է գրելու այս նոր տարում, բայց սրտեր քննող Աստված, ամեն պահի մեր կողքին գտնվող Ծնողը հրաշալի է ճանաչում մեզ ու տեսնում է թե՛ մեր կատարելիք հաջորդ քայլը, և թե՛ դրան հաջորդող արդյունքը: Ուստի նոր տարին ճիշտ սկսելու, ճիշտ անցկացնելու և այնքան բաղձալի երջանկությունը գտնելու միջոցները ոչ թե աստղագուշակների ու զանազան սին նշանների մեջ է հարկավոր փնտրել, այլ՝ աղոթքի: Աղոթքի առ Երկնավոր Հայր, որպեսզի շտկի մեր ճանապարհներն ու անսասան պահի մեզ ճշմարտության մեջ: Միասին աղոթենք աստվածահաճո ընթացքի մեջ մեզ անխոտոր պահելու և ճշմարիտ քրիստոնյային վայել կյանք դրսևորելու համար: Աղոթենք համայն աշխարհի և մասնավորապես մեր հայրենիքի խաղաղության համար, մեր այն զինվոր զավակների պահպանության համար, որոնց արիության ու անձնվիրության շնորհիվ անամպ երկինքն ենք վայելում մեր գլխավերևում և այսօր այստեղ խաղաղության մեջ աղոթքի կանգնելու անգին պարգևն ունենք: Չհապաղենք աղոթել մեր հայրենիքի համար իրենց արյունը հեղած փառապանծ զինվորների հոգիների խաղաղության և նրանց հերոս մայրերի մխիթարության համար: Աղոթենք բոլոր հիվանդների ապաքինման համար, որ տկար են մարմնով, բայց աստվածապարգև անմահ հոգի ունեն իրենց շնորհված: Աղոթենք Քրիստոսահիմն եկեղեցու անսասանության համար, որ կոչված է Աստծո Երանելի Արքայության լուրը տարածելու և մոլորյալ ու տառապյալ հոգիներին փրկության ուղին մատնանշելու համար: Եվ վերջապես աղոթենք միմյանց համար, սիրելինե՛ր, որպեսզի Ամենազոր Տերը խափանի մեր չար գործերն ու սխալներն այս նոր տարում և հաստատի մեզ սիրո, բարու և առաքինության մեջ: Աղոթենք հույսով լեցուն հոգիներով և չվախենաք մեզ սպասվող փորձություններից և այն միջոցներից, որոնցով Սիրող Հայրը կշտկի մեզ: Քանզի ինչպես սուրբ Պողոս առաքյալի եբրայեցիներին ուղղված թղթում է ասվում. ««Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու»: Ուստի համբերությա՛մբ ընդունեցեք Աստծո խրատը՝ իմանալով, որ նա ձեզ հետ վարվում է հոր նման: Կա՞ մի որդի, որ իր հորից հանդիմանություն ստացած չլինի: Ընդհակառակը, եթե Աստված ձեզ չհանդիմանի, ինչպես անում է իր բոլոր որդիներին, նշանակում է, թե դուք նրա որդիները չեք և խորթ եք նրան» (Եբր. 12:5-9):

Արդ, մխիթարվեցե՛ք փորձությունների և դժվարությունների մեջ գտնվող որդյակներ, քանզի Բազումողորմ Աստված չի մոռացել ձեր մասին: Թող երանելի առաքյալի խոսքերը սրտապնդեն ձեզ, ավելի ամրացնեն ձեր ունեցած հավատի մեջ և հույս պարգևեն, որ այս նոր տարում, Տիրոջ ողորմածությամբ կհաղթահարեք ձեզ բաժին հասած դժվարություններն ու պատվով դուրս կգաք դրանց միջից՝ ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի:

Խոսքիս սկզբում ասացի արդեն, սիրելի՛ հավատացյալներ, որ չգիտեմ, թե մեզ ինչ է սպասվում վաղը, որ ապագա է: Բայց գիտեմ, որ այսօր կանք, ուստի առանց մեր անգին ժամանակը կորցնելու՝ այսօր սկսենք կերտել մեր վաղվա օրը: Արդեն այսօր, հենց հիմա ընտրենք, թե դեպի ուր ենք գնում՝ դեպի երկի՞նք՝ մեզ անչափ սիրող Երկնավոր Հոր, թե՞ դեպի դժոխք՝ մեզ ատող ոխերիմ թշնամու մոտ: Կարծում եմ տարվա սկիզբը ևս հրաշալի ժամանակ է ընտրություն կատարելու համար: Ինչպես հայտնի գրողներից մեկն է իրավացիորեն նշել, որ. «Ժամանակն իր ընթացքը մատնանշող ոչ մի բաժանարար գիծ կամ նշան չունի: Ո՛չ ամպրոպը, ո՛չ կայծակները, ոչ էլ փողերի թնդյունները չեն ազդարարում Նոր տարվա գալուստը: Նույնիսկ երբ նոր հարյուրամյակ է սկսում, միայն մենք՝ մահկանացուներս ենք զանգեր խփում ու ատրճանակներից կրակում»: Եվ մենք էլ տարեմուտը նշում ենք ինչ-որ նորի ակնկալիքներով, հույսերով ու սրտի թրթիռով և դա հրաշալի է, սակայն եկեք միայն սպասելով ու երազելով չսահմանափակվենք, այլ անտրտունջ կերպով և մեծ խինդով շարունակենք մեր հոգևոր վերելքը՝ աճելով սիրո և աստվածահաճո մեր ընթացքի մեջ: Յուրաքանչյուր նախաձեռնություն սկսենք մեզ սիրող Հորն ուղղված աղոթքով` Նրա օրհնությունն ու օգնությունն աղերսելով և չմոռանանք Նրան փառաբանելու մասին՝ ինչպիսին էլ, որ մեր գործի ընթացքը կամ ավարտը լինի:

Թող Աստված օգնի ամենքիս փոխվելու և հոգեպես նորոգվելու, սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, որովհետև եթե իսկապես ՆՈՐ տարի ենք ուզում, ապա նախ ինքներս պիտի նորանանք, և հիշենք, որ առանց փոխվելու՝ մեր կյանքում էլ ոչ մի նոր բան չի լինի: Միասնաբար Տիրոջ օգնությունը հայցենք այս նոր տարում մեր հոգիներում մանկան անաղարտությունը մշակելու համար, որպեսզի մանուկների պես մեր անձերը խոնարհեցնելով՝ կարողանանք Աստծո Արքայություն մտնել: Թող Ամենակալ Տերն իմաստություն պարգևի ամենքիս, որպեսզի ավետարանական անմիտ հարուստի պես միայն մեզ համար հարստություն չդիզենք, այլ Աստծո աչքին հարստանանք: Թող Աստծուն, Եկեղեցուն և մեր մերձավորին բերած մեր ծառայության հարցում նմանվենք այն այրի կնոջը, որ իր ունեցած վերջին լուման տաճարին նվիրեց՝ անմնացորդ նվիրումի մի վառ օրինակ հանդիսանալով մեզ համար: Թող Բազումողորմ Հոր անսահման ողորմածությունն ու մեր ջանասիրությունն օգնեն մեզ մեր ունեցած մեղքերից գոնե մեկը քրիստոնեական թանկագին առաքինությամբ փոխարինելու և նոր տարի մուտք գործելու դրանով զարդարված:

Թող Ամենակարող Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքներն այս ամանորին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Փրկի և ազատի փորձություններից, գայթակղություններից ու մոլորություններից: Իր անսահման սիրով սրբի մեր հոգիներն ախտերից, որպեսզի այսուհետև աստվածային լույսն ու խինդը բնակվեն մեր մեջ ու դրանց ճառագումը ջերմացնի նաև մեզ շրջապատող մարդկանց սրտերը: Հույսը, հավատը, սերն ու Սուրբ Հոգու մյուս անգին շնորհները թող ուղեկից լինեն ամենքիս նոր տարում և միաբանորեն փառավորենք Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

01.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․