Գրքեր

Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի քարոզ

Սիրելի բարեպաշտ հայորդիք,

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անցյալ կիրակի մեծ շուքով տոնեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, որով սկիզբ դրվեցին տարվա հոգևոր տոներն ու ուրախությունները բոլոր հավատացյալների համար: Այսօր, Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է: Համաձայն Գաբրիել հրեշտակապետի պատգամի, որը տեղի էր ունեցել Ավետման օրը, Հովսեփն ու Մարիամը նորածին մանկանը` խաղաղության իշխանին, տանում են տաճար, հրեական օրենքի համաձայն թլպատում Հովհաննես Մկրտչի հոր` Զաքարիայի ձեռքով, և անունն էլ դնում Հիսուս: Հիսուս նշանակում է Փրկիչ, նաև բեկված և կորսված Ադամի բժիշկ: Միևնույն ժամանակ նշանակում է նաև փրկիչ անեծքից, մեղքերից, դժոխքից ու ամեն տեսակ վտանգից, որոնցից էլ մեր Տերը մեզ փրկեց ու խոցոտված մեր խոր վերքերը բուժեց:

Հին Ուխտում ընդունված կարգ էր արու զավակներին թլպատել տալ, որպեսզի նրանք ստանան աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Նույն միջոցին կատարվում էր նրանց անվանակոչությունը: Հրեաների մոտ մանուկներին թլպատում էին նաև այն պատճառով, որ Աբրահամի որդիները զանազանվեին հեթանոսներից, որպեսզի ավելորդ մորթի հատումով ուսուցանվի հատել և դեն գցել մարդկային ավելորդ ցանկությունները, ինչը սրտի թլպատության խորհուրդն ունի, որովհետև սիրտը միայն Աստված է տեսնում: Մանուկ Հիսուսը մեզ համար թլպատվեց, թեև չուներ դրա կարիքը, որովհետև Տերը չունի ո՛չ սկզբնական և ո՛չ էլ ներգործական մեղքեր, այլ անսերմ հղությամբ է կույսի արգանդում մարդացել: Հիսուսի դեպքում ևս այս կարգը կատարվեց հավատքի հոր` Աբրահամի Աստծո ուխտի ճշմարտությունը հաստատելու համար, որպեսզի հավաստի սուրբ հայրերի կողմից տրված ավետիսը: Հիսուսի թլպատությունը ոչ թե անհրաժեշտության, այլ հաստատված օրենքը հարգելու և կատարելու համար էր:

Հիսուս հանձն առավ թլպատվել, այդ հին խորհուրդը կատարեց, որպեսզի չբամբասվի որպես օրինազանց, ու չկարծեն, թե հակառակ է Աստծո օրենքներին, ինչպես հրեաներն ու Նրան խաչողներն ասացին. «Այս մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»:

Այս խորհրդով ցույց տվեց նաև Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ, որպեսզի չկարծեն, թե թվացյալ է մարդացել և պետք էր, որ Իր իսկ կարգած օրենքը Ինքը անձամբ կատարեր ու պատվեր, որպեսզի հավատային, որ Նա է օրենքի սահմանողն ու հայրերի Աստվածը: Եվ Նա է ամեն սրբության պատճառը, դրա համար անհրաժեշտ էր, որ սրբությունն Իր անձում կրի: Եվ իրոք, Ինքն է հավատքի հոր` Աբրահամի ճշմարիտ որդին, ում միջոցով եղավ թլպատության հրամանն ու օրհնյալ զավակի խոստումը, որպեսզի այսպիսով ցույց տա, որ Աստծու խոստումը Իրենով պիտի կատարվի: Հիսուս, սակայն, կրելով թլպատությունն ու օրենքով սահմանված այլ կարգերը, մեզ ազատեց թլպատությունից ու օրենքի ծառայությունից և սրտի թլպատության ու շնորհով փրկվելու ուղին ցույց տվեց, մեզ ծառայությունից ազատեց և երկնքի արքայությանն արժանանալու խոստումը տվեց: Ինչպես Պողոս առաքյալն է ասում` «Քրիստոսն է օրենքի վախճանը: Այսպիսով հինն ամբողջովին կատարեց ու վճարեց և ապա նորի սկիզբը դրեց, այսինքն` սրտի թլպատության, մկրտության ու շնորհի, որպեսզի Ինքը լինի սկիզբն ու վախճանը ոչ միայն ըստ աստվածության, այլև մարդկության»: Ինչպես և ասում է Ավետարանը. «Երբ ութ օրերը լրացան, Նա թլպատվեց»:

Սիրելի հավատացյալներ, Հիսուս մեր մկրտությամբ արգելեց մարմնավոր թլպատությունը` փոխարենը մեզ շնորհեց հոգևոր թլպատություն: Աստված մարմնավոր թլպտությունը ավանդեց Աբրահամին, իսկ հոգևորը` սրտի թլպատությունը` ավանդեց Մովսեսին` ասելով. «Թլպատեցե՛ք ձեր խստասրտությունը»: Սուրբ Հայրերն ասում են, որ Քրիստոս ոչ միայն օրենքի, այլև հոգևոր թլպատությամբ թլպատվեց, թլպատեց նրան Հայր Աստված ծննդյան ժամանակ ազատության սրով, ապա ութերորդ օրը թլպատվեց օրենքի սրով, այնուհետև Ինքն Իրեն թլպատեց խոնարհության սրով: Եվ, վերջապես, Նրան թլպատեցին չարչարանքներով, իսկ Պիղատոսի զինվորները` խաչի սրով:

Աշխարհի թագավորները իշխում են սրով` բռնությամբ, բայց այս նոր թագավորը սուր չունի, անմեղ մի մանուկ է: Սիրով ուզում է իշխել մարդկանց սրտերի վրա` տալով նրանց հոգևոր թլպատություն: Իր թագավորությունը այս աշխարհից չէ, այլ երկնքից, սակայն մարդիկ երբեմն չեն կարող պատկերացնել մի թագավոր առանց զենքի ու բանակի: Այս նոր թագավորը սիրո թագավոր է, աստվածային թագավորությունն է ցանկանում հաստատել երկրի վրա և մարդկանց հոգիներում Իր Սուրբ Եկեղեցու միջոցով: Աստված ցանկանում է մարդկանց մեջ բնակվել ու ապրել նրանց հետ, նմանվել նրանց արտաքինով, որպեսզի նրանք հողեղեն աչքերով տեսնեն ու շոշափեն Իրեն, լսեն Իր սիրո և հավիտենական կյանքի երջանիկ խոսքերը, հավատան, որ իրենք Աստծո որդեգիր զավակներն են, Աստված իրենց երկնավոր հայրն է: Հիսուս աշխարհ բերեց Աստծու հայրական սիրո և մարդկանց եղբայրասիրության, խաղաղության գաղափարը: Բայց ո՞ւր են այդ աստվածային խաղաղությունը և եղբայրական սերը:

Քսան դարեր են անցել Խաղաղության Իշխանի ծննդից ի վեր, ու տակավին մարդկությունը տառապում է խաղաղության ու պատերազմների խնդիրներով: Պատճառն այն է, որ հրեշտակների ավետիսը շատերը սխալ են հասկացել: Այդ խաղաղությունը, որ Հիսուս խոստացավ, ու հրեշտակներն ավետեցին, բռնությամբ պարտադրված չէ մարդկությանը, այլ մարդկային ազատ կամքից կախում ունի: Պետք է մարդիկ իրենց ազատ կամքով ու փափագով ընդունեն Տիրոջ ավետիսը, և մարդկանց սրտից պետք է բխի Տիրոջ փափագը: Մինչև որ Խաղաղության Փրկիչը վերստին չծնվի մարդկանց սրտերում, աշխարհը չի կարող տևական խաղաղություն վայելել: Մարդիկ պետք է նայեն Բեթղեհեմի ծննդյան լուսափայլ աստղին և երբ հետևեն նրան, նաև խոնարհվեն մսուրի մանկացյալ Աստծուն, այդ ժամանակ կարող են հոգեկան խաղաղություն գտնել:

Հայ ժողովուրդն իր անցյալի փառավոր պատմության վերջին երկու հազար տարիները իմաստավորեց Քրիստոսով՝ իրեն փոխանցված ճշմարտությամբ աստվածային եզակի շնորհներով: Ճշմարտության տենչով ապրված կյանքը լուսավոր փարոս է, որով մարդն առաջնորդվում է դեպի հավիտենականություն: Հայ Եկեղեցու հավատացյալ ու հավատավոր զավակները Բեթղեհեմյան լուսապայծառ աստղի մեջ տեսան լուսավոր պայծառ ապագան, և իրենց համար այդ աստղը մնաց միշտ վառ Հայաստան աշխարհի երկնակամարի վրա` հակառակ մութ ու գորշ ամպերի, փոթորիկների, բազում փորձությունների:

Ուրեմն, սիրելի հավատացյալներ, ազգովին մոտենանք խորհրդավոր մսուրին, Սուրբ Մանկանը երկրպագելու եկած մոգերի ու հովիվների լույս հավատով ծնկենք երախտագետ սրտով երկնային արքայի առջև ու աղոթենք հրեշտակների հետ սիրո, խաղաղության և հաճության փառաբանական երգով. «Փառք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

Շնորհք եւ սէր Տեառն մերոյ Հիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանդ. Ամէն:

 

Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի մայր տաճարում, Փրկչի անվանակոչության տոնին  մատուցված ս. Պատարագին, 13 հունվարի 2008 թ.)

 

13.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․