Գրքեր

«Տերն է իմ օգնականը, և ես չեմ երկնչի»

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Հին կտակարանի մեջ նկարագրվող հրեա ժողովրդի պատմությունը, Աբրահամի և նրա սերունդների կյանքի ընթացքը, աստվածային օրենքներն ու պատվիրանները, առակներն ու իմաստությունները, մարգարեների կանխասացությունները Մեսիայի գալստյան մասին, Դավիթ թագավորի անզուգական սաղմոսները, ավետարանական պատմությունները, որոնք ավետում են Աստծո Որդու գալուստը, բժշկություններն ու քարոզչությունը Երկնային Թագավորության մասին, այս բոլորը միայն մեկ բան են ազդարարում. Արարիչը միշտ Իր արարածների հետ է, երբեք նրանց անտես չի անում, նրանց չի թողնում աշխարհային փորձության և տագնապների մեջ, այլ միշտ նրանց հետ է, նրանց կողքին, լսում է նրանց աղոթքները, սովորեցնում է ճշմարիտ աստվածպաշտություն և քրիստոնեական կենցաղավարություն, պատվիրանապահություն և հնազանդություն Աստվածային նախախնամությանը, բժշկում է նրանց և փրկում զանազան իրավիճակներում զանազան հոգևոր և մարմնական հիվանդություներից, թշնամիների հարձակումներից և վերջապես պատրաստում է մարդկությանը Երկնայի Արքայության ժառանգներ լինելուն: Օրվա ավետարանական ընթերցումը մեզ հերթական գեղեցիկ առիթն է ընձեռում՝ հասկանալու կամ ընդունելու այն փաստը, որ Հիսուս միշտ մեզ հետ է (Հովհաննես 6:16-21): Քրիստոս քայլում է ծովի վրայով և հիացնում աշակերտներին Իր Աստվածային զորությամբ: Հովհաննես Ավետարանիչը չի պատմում Պետրոս առաքյալի Հիսուսի մոտ գնալու և ծովի վրայով քայլելու դրվագը, որը տեսնում ենք Մատթեոսի նկարագրությամբ: Սակայն այս հատվածը նույնպես չի կորցնում իր գրավչությունը մեզ համար: Իր երկրային կյանքի ընթացքում Տերը ցույց տվեց թե՛ Իր Աստվածային ամենակարողությունը, թե՛ սովորեցրեց հավատարմություն ու հնազանդություն Հոր կամքին: Երբ խաչվում էր Նա, մարդիկ սկսեցին կասկածել Նրա Աստվածային իշխանությանը, սակայն Իր Հարությամբ Նա մեկ անգամ ևս և մեկընդմիշտ բոլոր ժամանակների համար փաստեց Իր Աստվածությունը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր զորությամբ, հրաշագործությամբ և միաժամանակ խոնարհությամբ մարդկանց մեջ հիացմունք և տարակուսանք-զարմանք էր առաջացնում: Մարդ արարածը չէր կարող ընկալել խոնարհության և իշխանության նմանօրինակ դրսևորումը, որ տեսնում էին Քրիստոսի կյանքում, այդ իսկ պատճառով էլ զարմացած հարցնում էին. «Ինչ իշխանությամբ ես այս ամենն անում», կամ՝ «Ուրիշներին ազատեց, թող Ինքն Իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծո ընտրյալ Որդին», բայց Քրիստոս գիտեր երբ ցույց տալ Իր Աստվածությունը և երբ Իր հնազանդությունը Հոր կամքին, այն է՝ խաչվել հանուն մեղավոր ողջ մարդկության: Աստվածորդու գործած հրաշքներն ինքնանպատակ չէին, այլ այդ հրաշքների միջոցով Քրիստոս մարդու համար բացահայտում էր Աստծո զորությունը, ամենակարողությունը, սերը և ուշադրությունը: Քրիստոս մարդկային կյանքի խաղաղությունն է, ինչպես ցույց է տալիս այս պատմությունը: Քրիստոս մարդկային կյանքի ընթացքին խաղաղություն բերողն է, հեռվից հսկողն է և մոտիկից ձեռք մեկնողը: Նա երբեք չի թողնում Իրեն հավատացողներին: Այն որ Պետրոս չկարողացավ աներեր մնալ ծովի վրա և սկսեց խեղդվել, իր մեղավորությունն էր: Քրիստոս նրան քաջալերեց քայլելու, և երբ Պետրոսը սկսեց սուզվել, Քրիստոս նրան ձեռք մեկնեց և բարձրացրեց: Կյանքի փորձությունների ժամանակ բոլորն էլ երբեմն երկմտանքի առաջ են կանգնում. արդյո՞ք Աստված իրենց հետ է: Սա լավ օրինակ է, որ Տերը ոչ միայն տեսնում է ու գիտի մեր կյանքը, մեր ընթացքը, այլև գալիս է օգնության, գալիս է զորավիգ լինելու մեզ ամեն պարագայում: Հացի բազմացումից հետո ծովի խաղաղեցում. միթե սրանք չեն վկայում այն, որ Ամենակարող Աստված հոգում է մեր կարիքները նույնիսկ առանց մեր խնդրելու, առանց մեր գիտակցության: Երկու դեպքում էլ ոչ ոք չէր սպասի խնդրի նման լուծմանը, որ Տերը միանգամից և հրաշափառ կերպով կհագեցնի բազմության քաղցը, կամ ով կսպասեր, որ Տերը կգա, և ծովը կհանդարտվի: Ահա առանց որևէ մեկի գիտակցության Աստված հոգաց մարդկանց կարիքները, ծանր կացության մեջ Իր օգնությունը բերեց նրանց: Մեր Տիրոջ բոլոր հրաշքներն անքննելի են, հոգեցունց և աշակերտների ու մեր բոլորի մտքերը հուզող, բայց միաժամանակ կենարար, ուսուցանող, ոչ ինքնանպատակ կամ մարդկային զանգվածների ուշադրությանն արժանանալու հետամուտ, այլ խորհրդանշական, բովանդակալից, որ իրենց ետևից խորհրդածելու առիթ են թողնում: Նրա հրաշքները միայն մարդկային հոգու և մարմնի փրկությանն են միտված: Քաջալերող են և գոտեպնդիչ: Աշակերտները նոր էին ականատես եղել հացի ու ձկան բազմացմանը, դեռ նրանց մտքերը չէին սթափվել այդ հրաշքից, և ահա տեղի է ունենում նորը, Հիսուս քայլում է ծովի վրայով և գալիս նրանց մոտ, ավետարանիչներն ասում են, որ երբ Նա նավակ է բարձրանում, խաղաղվում է փոթորկոտ ծովը, խաղաղվում են նրանք, անցնում են նրանց հուզմունքն ու վախը բնության տարերքից, բայց գալիս է հուզումնախառն հիացմունքը Աստվածային գործերի և տնօրինության նկատմամբ: Այս հրաշքը ևս մի առիթ է դառնում Քրիստոս Հիսուսին բացահայտելու համար: Իրենց Ուսուցչին հետևելու ողջ ընթացքում աշակերտներն անընդհատ սովորում էին: Նրանք ունեցան իրենց հարցերն ու հարցադրումները Տիրոջը, իրենց անկումներն ու սխալները, և այդ ամենով հանդերձ նրանք անընդհատ ճանաչում էին և սովորում Աստվածային վարդապետությունը, որ վստահվել էր նրանց: Նրանք օրըստօրե ավելի ու ավելի էին մոտենում Աստծուն, մինչև վերջին պահը, մինչև Հոգեգալուստ նրանց համար սովորելու և ընկալելու բազում հնարավորություններ էին տրվում: Սիրելինե՛ր, մենք էլ Հիսուսի աշակերտների նման մեր վայրէջներով ու վերելքներով հետևում ենք Քրիստոսին՝ Նրանից անվերջ ներվելով և անվերջ սովորելով, որ Տերը մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում և երբեք ու երբեք չի թողնում մեզ: Աստված Իր հոգածությունը տարածում է մեզանից յուրաքանչյուրի վրա: «Քաջալերվեցե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք», այս խոսքերը մշտապես զորեղ հավատ են ներշնչում մեզ, ուժ ու կարողություն են տալիս, որով միավորվում ենք մեզ կյանք պարգևող մեր Տեր Աստծո հետ և զգում ենք Նրա ներկայությունը, Նրա օգնությունն ու օրհնությունը մեր գործերում և քայլերում: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

05.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․