Գրքեր

«Տերը Իր բարերարությամբ ձեզ կոչ է անում որդեգրվել Նրան»

«Ձեզ հանձնում եմ Աստծուն և Նրա շնորհի խոսքին, Նրան, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ (Գործք 20:32)»:

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Այս ավետարանական խոսքերը վերաբերում են ոչ միայն Սուրբ Պողոս առաքյալին, այլ նաև մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետին, որն իր կենդանության օրոք ջանք չխնայեց մեր ժողովրդի դարձի և փրկության համար, և որի նշխարների գտնվելը տոնում ենք այսօր: Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում հավերժական է և փրկագործ: Նրա շնորհիվ Տերը փրկեց մեր հոգիները դիվապաշտությունից: Այսօր էլ առ Աստված դառնալու Նրա հորդորը շարունակում է արդիական լինել. «Տերը Իր բարերարությամբ ձեզ կոչ է անում որդեգրվել Նրան» (Ագաթանգեղոս 1983, էջ 127):

Աստված Բարի Հայր է և մշտապես գրկաբաց սպասում է մեզ: Ինչպես որ Նա է սիրում մեզ, այնպես էլ մենք պիտի սիրենք Նրան, մեր սրտերը բացենք Նրա առաջ՝ ընդունելու Նրան: Այն մարդիկ, որոնք դեռևս կարծում են, որ այս կյանքում և այս աշխարհում հնարավոր է ապրել առանց Աստծո, չարաչար սխալվում են: Հնարավոր չէ կյանքը կառուցել և երջանկություն որոնել այն ամենի մեջ, ինչ և ում տեսնում են մեր աչքերը՝ միաժամանակ մերժելով Անտեսանելի Աստծուն ու հերքելով Նրա Արարչական գոյությունը: Առանց Աստծո՝ ունայն և դատարկ է ամեն ինչ և իմաստավորվում է ու արժեք է ձեռք բերում միմիայն Աստծով, ինչպես ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս. «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհաննես 6:35): Մարդիկ անվերջ ու անդադար փորձում են փնտրել ու հասնել իրենց երջանկություն բերող տարբեր բաների և շատ դեպքերում անտեսում Աստծո մեջ երջանկություն գտնելու պատվիրանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պայքարում էր իր դարաշրջանի մարդկանց կուռքերի երկրպագությունից հեռացնելու համար, քանի որ մարդիկ անգիտակցաբար դրանով անարգում էին Աստծուն: Այժմ զանազան Աստվածամերժ թվացյալ հումանիստական ուղղություններ, մեզ հրամցնելով «մարդակենտրոն» գաղափարներ, փորձում են դրանով իսկ մեզ հեռացնել Ճշմարիտ Աստծուց, Որի գոյությունը կասկածի տակ է առնվում նրանց կողմից: Գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարում փորձում են մարդկանց համոզել, որ Աստված չկա: Մինչդեռ մենք՝ Լուսավորչի սերունդներս, գիտենք, որ տիեզերքը Աստծո ձեռքի գործն է, որ մենք՝ մարդիկս, և ամեն ինչ, որ կա երկրի վրա և երկնքում, Աստծո արարածներն ենք: Մարդիկ պետք է գիտակցեն, որ այս մոլորակի վրա և առհասարակ տիեզերքում ամեն ինչ պատմում է Աստծո փառքը, միայն պետք է բացել հոգու աչքերը և տեսնել Աստծուն ամենուրեք, որպեսզի չլսենք Տիրոջ դատապարտությունը. ««Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք», քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և Ես էլ բժշկեմ նրանց» (Եսայի 6:9, 10): Այն ամենը, որ այս աշխարհում մեզ երջանկություն է բերում, կրկին Աստծո շնորհն ու պարգևն է մեզ, ի վերջո Տերը ստեղծեց ամեն ինչ ու դրեց մարդու իշխանության տակ, որպեսզի տնօրինի դրանք ու չմոռանա Իր Աստծուն: Սակայն մենք տեսնում ենք հակառակ պատկերը. մարդը, կարծելով, որ ամեն ինչ իր հսկողության ներքո է, մոռանում է Աստծուն մատուցել Նրան արժանի և վայել երկրպագությունն ու փառքը: Ամեն բան, որին մենք կապված ենք և որի միջոցով ձգտում ենք կառուցել մեր կյանքը, մարդու նկատմամբ Աստծո ունեցած անսահման սիրո արտահայտությունն է: Ուստի՝ չի կարելի տեսնել արարածներին ու մոռանալ նրանց Արարչին, չի կարելի Աստծուց ավելի սիրել այս աշխարհը: 

Հիսուս Քրիստոս ոչ միայն մեզ կյանք է պարգևում, այլ նաև լցնում ու լրացնում է մեր կյանքը: Առանց Նրա՝ իզուր են մեր փնտրտուքներն այս կյանքում, մեր կյանքի նպատակներն ու ծրագրերը: Եկեք մշտապես հիշենք մեր Տիրոջը, սիրենք Նրան ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու ամբողջ մտքով, հետևենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորդորին. «Արդ, ճանաչեցե՛ք Նրան, Որը ձեզ խավարից կոչեց Իր փառքի լույսին, մոտեցե՛ք Նրա շնորհների աթոռին և ողորմությո՛ւն գտեք Նրանից, որպեսզի թոթափեք անօրենության ամեն չար աղտ, ձեր անձերը կենդանի ջրով լվաք և արժանի լինեք ձեզ վրա հագնել փառքի լույսի պատմուճանը» (Ագաթանգեղոս 1983, էջ 130-131):

Սիրելինե՛ր, մենք պիտի արթնանանք մեր անտարբերության թմբիրից և հայացքներս հառենք դեպի երկինք տանող սանդուղքները և չշեղենք մեր հայացքը դեպի այլ ուղիներ, քանի որ մեր Տեր Հիսուսն է Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Իր անձնվիրությամբ չխնայեց Իրեն, որպեսզի հայ ժողովրդին փրկության առաջնորդի: Նրա նվիրատվությունը եկեղեցու գանձանակի մեջ իր կյանքն էր. «Թեև արժանի չէի՝ ահավասիկ մշակում եմ ձեր մեջ հոգիների ու մարմինների բժշկությունը, – ասում է նա, – ձեր հոգիների ու մարմինների բժիշկ դարձա՝ ձեզ մատուցելու այն, ինչ որ օգտակար է» (Ագաթանգեղոս 1983, էջ 133): Ուրեմն այսօր եկեք կրկին խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը, որ Նրա միջնորդ բարեխոսությամբ մաքրվեն մեր հոգիները: Այն քարոզի շնորհիվ, որ Նա խոսեց իր ժողովրդին դարձի բերելու համար, նրա լուսավոր ազդեցությամբ մենք ևս բացենք մեր հոգիները Աստվածային լույսի առջև: Ինչպես ասում է Լուսավորիչ հայրապետը, Աստված «Անհաս, Անբավ, Անպարփակ, Անքնին է, Անմատույց ու Անիմանալի է բոլոր արարածների համար, տեսողության համար Աներևույթ է, սակայն, շնորհիվ Իր հոգատարության և գթության, մոտ է բոլորին» (Ագաթանգեղոս 1983, էջ 141):

Այսօր, կարևորելով մեր առաջին հայրապետի հորդորներն ու պատգամները, մաղթում և աղոթում ենք, որ ձգտենք մոտենալու Աստծուն և հարատևենք մեր աղոթքների և մեր գործերի մեջ: Քրիստոնյաներ լինենք՝ սիրելով Աստծուն, սիրելով միմյանց և Երկնային Արքայության տեսլականը մեր աչքի առջև ունենալով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ համար ասում է. «Կանչում է ձեզ Իր փառքին ու անեղծությանը, որպեսզի ժառանգորդ դառնաք հավերժ կենդանության, որը չի անցնելու» (Ագաթանգեղոս 1983, էջ 131): Անտարբեր չլինենք այս կանչին, մեր հայրերի պես դառնանք առ Աստված և սուրբի բարեխոսությամբ արժանանանք Աստվածային օրհնությունների, որոնց արժանացավ մեր ժողովուրդը դեռևս չորրորդ դարում, երբ քրիստոնեությունը հայտարարվեց պետական կրոն: Թող Սուրբի բարեխոսությամբ մեր ժողովրդի բոլոր զավակների սրտերում արձագանք գտնի Երկնքի Արքայություն հրավիրող ձայնը:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

16.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․