Գրքեր

«Տերը քեզանից ի՞նչ է պահանջում՝ ողորմություն սիրել»

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Սեպտեմբերի 23-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մանուկյան ընտանքին: 31-ամյա Մանուկյան Ալլան, իր տատիկի և երկու զավակների՝ Հրաչյայի (13 տ.) ու Մերիի (11 տ.) հետ միասին բնակվում է Նորաշեն թաղամասի 47/7շ., բն. 2 հասցեում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում է երեք հարկանի շենքի առաջին հարկի մեկ սենյականոց խոնավ բնակարանում, որ նախկինում ավտոտնակ է եղել և ուր շատ հաճախ առնետներ են ներթափանցում: Ընտանիքի մոր՝ Ալլայի համար ամենամեծ ցավը և մտահոգությունն իր դստեր առողջական խնդիրն է: Մերին ծնվել է Վեստի համախտանիշով, որը երեխայի մոտ արտահայտվել է շատ հազվադեպ հանդիպող կերպով՝ գոյացությունն ուղեղի երկու կիսագնդերի միջև է գտնվում: Երեխայի մոտ հիվանդությունը բացահայտել են երեք ամսականում: Մերին երկար տարիներ է, ինչ գամված է սայլակին և չի խոսում: Ալլան նշեց, որ Մերիի վիրահատությունն ու բուժումը հնարավոր է միայն արտերկրում, ինչի գումարն իրենք ի վիճակի չեն վճարելու: Երեխայի հիվանդության պատճառով հայրն ութ տարի առաջ լքել է ընտանիքը և միայն դատարանի միջամտությամբ է սկսել երեխաների համար նվազագույն ալիմենտը վճարել: Մերիին հատկացվող թոշակի և ալիմենտի գումարները չեն բավարարում նրա դեղորյաքի, տակդիրների և ընտանիքի կարիքները հոգալուն:

Ալլան հուզմունքով ասաց, որ այս տարիների ընթացքում չի նվազել իր հավատն ու հույսն առ Աստված, որ Տերը միշտ պահպանում է իր դստերը, ով ծնվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ հունվարի 6-ին:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի անդամ Անահիտ Խաչատրյանի (50 000 դրամ) և ամերիկաբնակ Ալեքսանդր Խոջա-Էյնատյանի (100 ԱՄՆ դոլար) կողմից տրամադրած դրամական օգնությունները:

Միքիա մարգարեն Սբ. Հոգու ներշնչումով ասել է. «Տերը քեզանից ի՞նչ է պահանջում՝ ողորմություն սիրել» (6:8): Ճշմարիտ քրիստոնյան մերձավորի թե՛ ուրախությունը և թե՛ ցավը փորձում է իրենը համարել՝ ուրախակից լինելով նրա ուրախությանը և կարեկից՝ վշտին: Եկեղեցու հայրերից մեկը, ողորմության հետ կապված, կարևորում է մի հանգամանք՝ ասելով, որ եթե քեզ տարօրինակ է թվում սիրել օտարին, անծանոթին՝ քեզ ոչ մի բարիք չբերող, ապա հիշիր, որ քանի անգամներ է Տերը քեզ՝ անարժանիդ, բարիքներ տվել՝ այդ ամենի դիմաց չսպասելով քեզանից ոչինչ, այլ միայն սեր՝ մերձավորի հանդեպ:

 

 

Կարինե Սուգիկյան

23.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․