Գրքեր

Տեսանելին ժամանակավոր է

Հավատի և քաջության ոգին կրող քրիստոնյան, Պողոս առաքյալի խոսքի համաձայն, չի թուլանում բնավ. «Եթե նույնիսկ մարմնապես հետզհետե քայքայվում ենք, ներքնապես նորոգվում ենք օրեցօր: Ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը արտակարգ և հավիտենական փառք է ապահովում մեզ համար» (Բ Կորնթ. 4:16-17): Ս. Հովհան Ոսկեբերանը սույն հատվածի մեկնության մեջ նշում է, որ առաքյալը, արտաքին մարդ ասելով, նկատի ունի մարմինը, իսկ ներքին մարդ ասելով՝ հոգին: Մարմնապես քայքայվելը, ըստ սրբի, նշանակում է հանուն Քրիստոսի համբերել հալածանքների, չարչարանքների և շատ ուրիշ պատուհասների, որոնց ընթացքում մարդը ներքնապես նորոգվում է օրեցօր, նորոգվում է հավատով, հույսով և ջանասիրությամբ: Իրապես, որքան շատ է տառապում մարմինը, այնքան հոգին լիանում է հույսով և պայծառանում որպես ոսկի՝ փորձությունների կրակի միջով անցած: Այնուհետև առաքյալը, շարունակելով միտքը, նշում է. «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականությունների վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները հավիտենական» (Բ Կորնթ. 4:18): Առաքյալը ներկան հակադրում է ապագային, ժամանակավորը՝ հավիտենականին, հեշտը՝ դժվարին, փորձությունը՝ փառքին, այնուհետև ցույց է տալիս փորձությունների ծանրությունը թեթևացնելու միջոցը՝ տեսանելին ժամանակավոր է, հետևաբար փորձություններն էլ ժամանակավոր են, իսկ ոչ տեսանելին հավիտենական է, հետևաբար պսակներն էլ այդպիսին են: Չի ասում միայն փորձություններն են ժամանակավոր, այլ այն, ինչ տեսանելի է, դա լինի փորձություն, թե ուրախություն: Առաքյալն ամեն ինչ կապում է հույսի հետ և հռոմեացիներին ուղղված իր նամակում այդ մասին ասում է. «Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա»  (Հռոմեացիներ 8:24):

Ս. Հովհան Ոսկեբերանը փորձությունը ոչ թե չարիք, այլ բարիք է համարում. «Այն լավը դարձնում է լավագույն: Դա հնոց է ոսկու հարստացման համար, դա աղաց է ցորենի կարծր հատիկներն աղալու համար: Դա կրակ է, որ ոչնչացնում է փուշն ու տատասկը, որպեսզի հողը դարձնի ընդունակ բարի սերմերն ընդունելու համար»: Մինչ հարությունը և ապագա փառքի վայելումը, մարդն արժանանում է ոչ պակաս հատուցման, երբ փորձությունների միջով անցնելով՝ նորոգում է հոգին՝ ձեռք բերելով համբերություն, իմաստություն և քաջություն: Նման նրանց, ովքեր մարմնական սխրանքներ են գործում և մինչ պարգևի արժանանալը, արդեն իսկ պարգև են ստանում վարժությունների և պայքարի միջոցով. վարժության միջոցով մարմինը դարձնում են առողջ և ամուր՝ խուսափելով հիվանդություններից: Նույնն է իրական կյանքում, նա, ով հանուն Քրիստոսի համբերում է փորձություններին մինչ Երկնքի Արքայությանն արժանանալը, մեծ հատուցում է ստանում. Աստծո առջև ձեռք է բերում համարձակություն, հոգին դառնում է իմաստասեր և ավելի համարձակ՝ փորձությունների դեմ պայքարում:

Օգոստինոս Երանելին նշում է, որ մարդու նորոգությունը սկսվում է նրա հոգևոր ծնունդով՝ մկրտությամբ՝ անցնելով աստիճանական կատարելագործում: Այդ ուղին ոմանք անցնում են շատ արագ, ոմանք՝ դանդաղ: Կարևոր է, որ ճամփորդները համբերություն դրսևորեն, տկարին բարձրացնեն՝ գետին տապալելու փոխարեն: Քանի որ, ըստ երանելու, մարդկային համբերությունը, մեծ բարիք լինելով, արժանի է գովասանքի: Անհամբերը, չցանկանալով չարչարանքներ կրել, չի կարողանում փախչել դրանցից և իրեն դատապարտում է առավել մեծ չարչարանքների: Իսկ համբերատարը, չկորցնելով հոգեկան հավասարակշռությունը, համբերում է չարիքին, որ կարճ է ու անցողիկ, և բաց չի թողնում բարին, որ մնայուն է ու հավիտենական, քանի որ «ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմեացիներ 8:18):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

11.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․