22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

«Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար»

Մարդկային ողջ պատմության ընթացքում Տերը ողորմած և համբերատար է գտնվել մարդկության հանդեպ: Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում Տիրոջ համբերատար լինելու մասին. Ելք գրքում կարդում ենք, որ երբ Տերն անցավ Մովսեսի առաջ, ասաց. «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելք 34:6), «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ» (Սաղմոս 102:8-9), «Թող համբերության և ամեն տեսակ քաջալերանք պարգևողը՝ Աստված, շնորհ տա ձեզ» (Հռոմեացիներ 15:5): Աստված Իր մեծագույն ողորմածությամբ համբերում է մարդկանց տկարությունները, թերություններն ու մեղքերը:

Համբերատարության աղբյուրը՝ Աստված, Իր հետևորդներին էլ է կոչ անում համբերատար լինել. «Հետևաբար, եղբայրնե՛ր, համբերո՛ղ եղեք մինչև Տիրոջ Գալուստը: Տեսե՛ք, թե մշակն ինչպես է համբերությամբ սպասում, մինչև որ աշնան ու գարնան անձրևներն իջնեն, և հողը տա իր թանկագին բերքը» (Հակոբոս 5:7-8):

Աստծո համբերատարությունն ուղղակիորեն կապված է Իր կողմից մարդուն շնորհված ազատ կամքի հետ: Հարգելով մեր ազատ կամքը՝ Աստված համբերատարությամբ է մոտենում մեր ընտրությանն ու նրա հետևանքներին, չոչնչացնելով մարդկանց իրենց սխալների համար, հակառակ պարագայում երկիրն անմարդաբնակ կլիներ: Տիրոջ համբերատարությունն ուղղված է մարդկության փրկությանը. «Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեք ձեզ համար» (Բ Պետրոս 3:15):

Մարդկության համար մեծագույն հարստություն է աստվածային համբերատարությունը, իսկ արդյո՞ք այն երբևէ հատել է: Աստվածաշնչի առաջին գրքում ՝ Ծննդոցում, հանդիպում ենք հետևյալ երկու պատմություններին, երբ «Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց Իր հոգու խորքում» (Ծննդոց 6:5-7) և ջրհեղեղով ոչնչացրեց մարդկությանը, բացի արդար Նոյից և նրա ընտանիքից: Հաջորդ պատմությունը, երբ Աստված կրակով և ծծումբով այրեց Սոդոմ և Գոմոր քաղաքները՝ խնայելով միայն Ղովտին և նրա ընտանիքին (Ծննդոց 19): Աստված Նոյի, նրա ընտանիքի և գալիք բոլոր սերունդների հետ հաստատեց հավիտենական ուխտի նշանը՝ ծիածանը, որով խոստացավ համաշխարհային ջրհեղեղով չկործանել աշխարհը: Քանի որ, ինչպես Տերն ասաց. «Մարդկանց չար արարքների համար Ես երկիրն այլևս չեմ անիծի, որովհետև մարդկանց միտքը մանկուց չարի ծառայության մեջ է»  (Ծննդոց 8:21): Համաշխարհային ջրհեղեղը, ըստ Սուրբ Գրքի, նախատիպն է աշխարհի վախճանի: Ինչպես Նոյի ժամանակ Տերը տապանի շինությամբ մարդկանց փրկվելու հնարավորություն էր ընձեռնում, այնպես էլ այսօր, եկեղեցու միջոցով, Տերը մինչև Իր Երկրորդ Գալուստը կամ, ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում, Տիրոջ բարկության և արդար դատաստանի օրը, փրկության հնարավորություն է տալիս Իր արարածներին, քանի որ այդ օրը Աստված հատուցելու է յուրաքանչյուրին՝ ըստ Իր գործերի (Հռոմեացիներ 2:5-6):

«Տերը չի ուշացնում Իր խոստումի կատարումն այնպես, ինչպես ոմանք հասկանում են ուշացումը: Տերը պարզապես համբերություն է ցույց տալիս ձեր հանդեպ, որովհետև չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ բոլորն էլ առիթ ունենան ապաշխարելու»,- ասել է Ս. Պետրոս առաքյալը՝ նշելով նաև, որ Տիրոջ օրն անակնկալ կերպով կգա (Բ Պետրոս 3:9-10):

Եթե մարդը չի օգտվում Տիրոջ համբերությամբ շնորհված փրկարար ժամանակից Իր Արարչի հետ հաշտվելու համար, ապա «իր կարծրությամբ և չզղջացող սրտով բարկություն է դիզելու իր վրա, երբ Աստծո բարկության օրը գա» (Հռոմեացիներ 2:5):

 

 

Կարինե Սուգիկյան

17.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․